Հայ-ռուսական ճգնաժամերի պատմությունից

3150
Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների ավելի քան երկու տասնամյակների ընթացքում եղել են անգամ ճգնաժամային իրավիճակներ:

1992թ. հուլիսին, երբ Հայաստանն ընդամենը կես տարվա անկախ պետություն էր, գրանցվեց ամենամեծ ճգնաժամը: Նախկին խորհրդային 7-րդ բանակի (Գյումրիի 102-րդ ռազմակայանը ձևավորվեց դրա հիմքով) մի խումբ ռուս զինվորականներ, առանց Հայաստանի իշխանությունների թույլտվության, փորձեցին Գյումրիից դուրս տանել հատուկ կապի ռազմական կայանքներ: Ռուս զինվորականների և հայ իրավապահների միջև վիճաբանությունը վերածվեց արյունահեղության. օրը ցերեկով Գյումրիում հնչած կրակոցների պատճառով զոհվեցին 5 ռուսներ, 3 հայ իրավապահներ և 3 անցորդներ, եղան վիրավորներ:

Պաշտոնական Մոսկվան, առանց հետաքննության արդյունքներին սպասելու, Երևանից պահանջում էր հրապարակավ ներողություն խնդրել: Հայաստանը ցավ հայտնեց տեղի ունեցածի համար, սակայն ներողություն չխնդրեց:

1993թ. աշնանը հայռուսական հարաբերություններում նոր ճգնաժամ ստեղծվեց: Ղարաբաղյան կարգավորման միջնորդ Վլադիմիր Կազիմիրովին ուղեկցող մեքենաների ուղղությամբ Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի դիրքերից արձակվեցին կրակոցներ: Տեղի էր ունեցել թյուրիմացություն: Կազիմիրովը պետք է Ադրբեջան-Հայաստան սահմանը հատեր այլ վայրից, ինչի մասին իրեն տեղյակ էին պահել:

Արտգործնախարար Անդրեյ Կոզիրևը ոչ դիվանագիտական տոնով բացատրություն պահանջեց: Նրա հայ գործընկեր Վահան Փափազյանը պատասխանեց, որ անընդունելի է ռուսական կողմի օգտագործած բառապաշարը:

Չնայած վերոնշյալ երկու դեպքերին՝ հայռուսական հարաբերություններն առողջ հիմքի վրա էին: Հայաստանը գիտեր իր կշիռը, սակայն մյուս կողմից արժանապատիվ կեցվածք էր ընդունում այն դեպքերում, երբ ռուսները օգտագործում էին կոշտ բառապաշար: Մի կողմից նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Բորիս Ելցինի, մյուս կողմից՝ պաշտպանության նախարարներ Վազգեն Սարգսյանի ու Պավել Գրաչովի միջև հաստատվել էին անձնական ջերմ հարաբերություններ, որից Հայաստանը շահում էր: 1997թ. ստորագրվեց Բարեկամության և համագործակցության հայռուսական Մեծ պայմանագիրը:

Ռոբերտ Քոչարյանը ևս ուներ լավ անձնական հարաբերություններ ինչպես Ելցինի, այնպես էլ Վլադիմիր Պուտինի հետ: Քոչարյանի նախագահության տասը տարիներին հայռուսական հարաբերությունները ևս առողջ հիմքի վրա էին, թեև եղել են նաև անկման որոշակի կարճատև փուլեր: Պետք է նաև նշել, որ հենց այս շրջանում էր, երբ ռուսական ընկերությունները սկսեցին մեկը մյուսի հետևից գնել կամ կառավարման տակ առնել Հայաստանի խոշոր ձեռնարկությունները:

Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ ունի պրոբլեմատիկ անձնական հարաբերություններ, ինչն ուղղակի ազդեցություն է թողնում հայռուսական պետական հարաբերությունների վրա:

Չնայած պաշտոնական Երևանի և Մոսկվայի լռությանը՝ ակնհայտ է, որ այսօր հայռուսական հարաբերություններում տագնապ կա, ինչը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ռուսաստանի երկարաժամկետ շահերից: Կարելի է նշել հիմնական չորս պատճառ, որոնք լարվածություն են մտցրել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում:

Առաջին. ռուսական կողմը շուրջ 1 միլիարդ դոլար արժողությամբ զենք վաճառեց Ադրբեջանին, այդ թվում՝ այնպիսի զինատեսակ, որը նախատեսված է խաղաղ բնակչության ոչնչացման համար: Հասկանալի է, թե Ադրբեջանն ում դեմ կարող է այդ զենքն օգտագործել:

Երկրորդ. ռուսական կողմը թանկացրեց Հայաստան առաքվող գազը՝ հազար խորանարդ մետրը 180-ից հասցնելով 270 դոլարի: Սա նշանակում է առաջին անհրաժեշտության ապրանքների համատարած թանկացում Հայաստանում և Արցախում:

Երրորդ. Հայաստանը բացահայտ կերպով հայտարարում է, որ նոյեմբեր ամսին նախաստորագրելու է Եվրոպական Միության Ասոցացման համաձայնագիրը, ինչը նյարդայնացնում է Ռուսաստանին:

Չորրորդ. Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի անձնական հարաբերությունները, մեղմ ասած, այնքան էլ բարեկամական չեն:

Չնայած վերոնշյալ խնդիրներին՝ հայռուսական հարաբերություններում ընդհանուր շահերն ու մոտեցումները գերակշռում են առկա հակասությունները: Շատ բնական է, երբ ստեղծվում են հակասություններ կամ ճգնաժամային իրավիճակներ ռազմավարական գործընկերների միջև: Անբնականը Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարությունների որդեգրած կեցվածքն է: Առկա խնդիրները համատեղ լուծելու ուղիներ փնտրելու փոխարեն գործի է դրվում նախագահամերձ փորձագիտական հանրության ռեսուրսը, երբ կողմերն արձակում են իշխանամետ լրագրողների, փորձագետների ու քաղաքագետների սանձերը: Սկսվում է քարոզչական պատերազմ լրատվամիջոցներում:

Հայաստանը շատ վտանգավոր խաղ է խաղում, որը կարող է նոր հարվածներ հասցնել հայ-ռուսական հարաբերություններին, հետևաբար՝ Հայաստանին: «Եվ, և» ասելով Ռուսաստանին ու Եվրոպական Միությանը՝ Հայաստանը, իրականում, անվստահություն է մտցնում ինչպես Հայաստան-ԵՄ, այնպես էլ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում:

Թաթուլ Հակոբյան

Այս գրությունը հրապարակվել է ՍիվիլՆեթի կայքում՝ 2013թ հուլիսի 23-ին