Մոմեր ընտրելիս

253

Մարտի մեկի ողբերգության զոհերի առաջին տարելիցի տխուր առիթով Միացյալ Նահանգներում լույս տեսնող «Արմենիան ռիփորթեր» շաբաթաթերթը 2009 թվականի իր գարնանային առաջին համարում երկու ամբողջական էջ նվիրեց: Թերթի գլխավոր խմբագիր Վինսենթ Լիման ու տողերիս հեղինակը թերթի ընթերցողներին սեղմ ներկայացրեցինք բոլոր զոհերի կյանքի պատմությունը՝ քանի տարեկան էր, քանի որբ երեխա թողեց, և լուսանկարներ, ինչպես նաև մարդկային մեկ պատմություն գրեցինք սպանվածներից մեկի՝ 23-ամյա Տիգրան Խաչատրյանի մասին:Մի քանի դժվար ժամեր անցկացրի Խաչատրյաննների տանը: Երկու էպիզոդ չեմ մոռանում: Առաջին. Սպանվածի մայրը Ալլա Հովհաննիսյանը պատմեց, որ ընտանիքի համար ամենից դժվարը իննամյա դստերը՝ Էվելինային բացատրելն է, թե ինչու իր սիրելի եղբայրը այլևս տուն չի գա:

Մարտյան ողբերգական դեպքերից երեք տարի անց, երե~ք տարի, Հայաստանի նախագահը դատական մարմիններից պահանջեց «նոր թափ և ընդգծված ակտիվացում՝ նշված դեպքերի բացահայտման հարցում», շեշտելով, որ «հարցի նշանակությունը չափազանց մեծ է և´ մեր պետության, և´ մեր հասարակության, և´ նաև տարբեր շահարկումներից խուսափելու համար»: Սա ճիշտ այն դեպքն է, որի համար ասվում է՝ «լավ է ուշ, քան երբեք»: Բայց երեք տարի է՞ր պետք գիտակցելու համար, որ Մարտի մեկը անթույլատրելի է փակված համարել, ինչի մասին ամեն առիթով հայտարարում էին իշխող կուսակցության խոսնակները:

ժամանակը ցույց կտա, թե նախագահ Սարգսյանի այս պահանջը որքանով է թելադրված արդարության հասնելու և արդարադատություն իրականացնելու մղումով:

Այսօր իշխանությունն ու ընդդիմութունը և նրանց սպասարկող լրատվամիջոցները, ինչպես անցնող երեք տարիներին, նոր թափով սկսեցին շահարկել Մարտի մեկի ողբերգությունը: Մի կողմն ասում է, որ Սերժ Սարգսյանը կատարեց Լևոն Տեր-Պետրոսյանի՝ վերջին հանրահավաքում ներկայացրած երեք պահանջներից մեկը, մյուսը հերքում է, ասելով, որ իշխանությունն իր գործն է անում՝ արդարություն իրականացնում:

Եթե երեք տարին բավարար ժամանակ չէր Հայաստանի իշխանությունների համար հասկանալու, որ Մարտի մեկի էջը փակված չէ, եթե իրավամբ երեք տարին բավարար չէր իրավապահ, դատական մարմինների համար՝ իրականացնելու արդարադատություն, ապա երեք տարին գոնե պետք է բավարար լինել հասկանալու, որ Մարտի մեկի զոհերը այս երկրի թշնամիները չեն, ինչպես հետևողականորեն անում էր պաշտոնական քարոզչությունը:

Երկու տարի առաջ Խաչատրյանների տանը ապրած մյուս տխուր էպիզոդը. երբ սպանվածի մորը՝ Ալլա Հովհաննիսյանին հարցրեցի, թե ինչ զգացում ունեցավ, երբ ողբերգական դեպքերից մեկ տարի անց նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի եկեղեցիներից մեկում տասը մոմ վառեց` ի հիշատակ տասը զոհերի, տիկինը կրկնեց, որ այս իշխանությունները մարդասպան են և նրանք են պատասխանատու իր որդու սպանության համար, բայց նաև ավելացրեց. «Մեր երեխաներին հենց սկզբից չցավակցեցին, շատ վատ ձևով ներկայացրեցին: Երբ ես տեսա, որ նախագահ Սարգսյանը մոմ է վառում, ափսոսանք ապրեցի, որ այդ ամենը չեղավ ժամանակին, եղավ մեկ տարի հետո: Բայց ինչ-որ տեղ այդ մեկ մոմը սփոփեց ինձ»:

Քանի դեռ Մարտի մեկի զոհերի ընտանիքները իրենց անդառնալի կորուստների համար Հայաստանի պետությունից գոնե նվազագույն ներողություն ու փոխհատուցում չեն ստացել, ամեն օր սպանված եղբորը սպասող Էվելինան, որդեկորույս մայրերը, ինչպես նաև հազարավոր շարքային հայաստանցիներ հայ ոստիկանին և նրանց վերակացուներին ընկալելու են որպես թշմանի ու մարդասպան:

Թաթուլ Հակոբյան

1 մարտի, 2011թ

Այս հոդվածը լույս է տեսել ՍիվիլՆեթ կայքում