Մայիս 28, 1918. ինչպես են Թիֆլիսում հայ կուսակցությունները քվեարկել Հայաստանը անկախ հռչակելու թուրքական վերջնագրին

4614

1918 թվականի Մայիսի 28-ը թեև համարվում է Հայաստանի անկախության օր, իրականում այդ օրը միայն անուղղակի կապ ունի անկախության հետ:

1918-ի Մայիս 28-ը այն օրն է, երբ Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը՝ բազմակուսակցական մի մարմին, քվեարկությամբ որոշեց ընդունել թուրքերի վերջնագիրը և Բաթում ուղարկել պատվիրակություն, որն էլ հունիսի 4-ին Օսմանյան կայսերական կառավարության հետ կնքեց Հաշտության և բարեկամության պայմանագիր Հայաստանի Հանրապետության անունից:

Թուրքական վերջնագիրը կազմված էր երկու հիմնական կետից` Հայաստանը հռչակել անկախ և բանակցությունների նպատակով պատվիրակություն ուղարկել Բաթում:

Հայկական քաղաքական ուժերը լսել անգամ չէին ուզում անկախության մասին, քանի որ, նախ՝ դա պարտադրում էին թուրքերը, և երկրորդ՝ վախ կար, որ Հայոց ցեղասպանությունը կշարունակվի, այս անգամ՝ Ռուսական Հայաստանում: Իսկ թուրքերը Հայաստանի և Անդրկովկասի անկախությունն էին ուզում, որպեսզի այդ տարածքը պոկվի Ռուսաստանից և դառնա իրենց ու ռուսների միջև բուֆերային գոտի:

Մայիսի 28-ին Հայոց Ազգային խորհուրդն ու օրվա հիմնական քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն, քվեարկությամբ դեմ էին արտահայտվել Հայաստանն անկախ հռչակելու թուրքերի վերջնագրին: ՀՅԴ-ում անկախությանը դեմ էր 8 հոգի, կողմ՝ 2-ը:

Նույն օրը, երբ ՀՅԴ-ականներ Ալեքսանդր Խատիսյանն ու Հովհաննես Քաջազնունին, ովքեր ժամ առաջ էին վերադարձել Բաթումից (որտեղ Անդրկովկասյան պատվիրակության կազմում բանակցություններ էին վարում թուրքերի հետ), հորդորեցին կուսակիցներին, որ Հայաստանի անկախության հռչակումն ու թուրքերի հետ բանակցելու վերջնագիրն ընդունելն այլընտրանք չունեն, կուսակցությունը նոր քվեարկություն կազմակերպեց, որտեղ 9 կողմ և 1 դեմ քվեով ընդունվեց թուրքերի վերջնագիրը:

Ապա տեղի ունեցավ քվեարկություն Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդում, որը հայ քաղաքական-հասարակական կյանքի գերագույն մարմինն էր: 8 կողմ և 6 դեմով ընդունվեց թուրքական վերջնագիրը:

Բազմակուսակցական մարմնում ձայները բաժանվեցին այսպես.

ՀՅԴ՝ 6 կողմ,

Հայ ժողովրդական կուսակցություն՝ 2 կողմ,

Սոցիալ դեմոկրատներ՝ 2 դեմ,

Սոցիալիստ հեղափոխականներ՝ 2 դեմ,

Անկուսակցականներ՝ 2 դեմ:

Ահա այսպես ընդունվեց թուրքական վերջնագիրը, և նույն օրն իսկ Խատիսյանը, Քաջազնունին և ժողովրդական Պապաջանյանը կրկին ուղևորվեցին Բաթում՝ թուրքերի հետ բանակցելու:

Հայաստանի անկախության տեքստը՝ առանց անկախություն և հանրապետություն բառերի, ընդունվեց 1918-ի մայիսի 30-ին:

Հայտարարությունը

Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ, Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել հայոց ազգային կառավարություն, Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար:

Հայոց Ազգային խորհուրդ, 1918թ. մայիս 30, Թիֆլիս

Սիմոն Վրացյանը այս առիթով գրում է. «Հայաստանի անկախության հայտարարության օրը իսկապես պետք է համարվեր մայիսի 30-ը: Հակառակ դրան, համարվում է մայիսի 28-ը, այսինքն, այն օրը, երբ Ազգային խորհուրդը վճռեց հաշտության պատվիրակություն ուղարկել Բաթում: Անուղղակի կերպով, այս օրն էլ կարող է համարվել անկախության սկզբնավորություն, որովհետև հաշտության բանակցություններ վարելու համար նախապայման էր անկախության հայտարարությունը: Ընդունելով թուրքերի այդ պայմանը՝ Ազգային խորհուրդը դրանով իսկ հաստատած էր լինում անկախության փաստը»:

Զորավար Անդրանիկը դատապարտեց Հայաստանի անկախությունը և Բաթումում ստորագրված պայմանագիրը, որով ստեղծվեց 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով հանրապետություն: Զորավարը հայտարարեց, որ «դա թուրքի ձեռքով ստեղծված երկիր է»:

Պատմությունը, սակայն, ցույց տվեց, որ օրվա քաղաքական ուժերը, առաջին հերթին ՀՅԴ-ն ու նրա առաջնորդներից Հովհաննես Քաջազնունին ու Ալեքսանդր Խատիսյանը, ճիշտ որոշում են կայացրել՝ մեկնելով Բաթում և ստորագրելով հայտնի պայմանագիրը:

Ի դեպ, պատմության դասագրքերում հաճախ գրվում է, թե իբր Բաթումում գտնվող հայ բանագնացները տեղյակ չէին, թե ինչ է կատարվում Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում:

Դա այդպես չէ: Ալեքսանդր Խատիսյանի՝ ռուսերենով գրած օրագրությունը կարդալով հասկանալի է դառնում, որ հայ պատվիրակները առնվազն թուրք բանակցողներից՝ Վեհիբ փաշայից և Խալիլ բեյից, պարբերաբար տեղեկացվել են, թե ինչ է կատարվում Արարատյան դաշտում և Լոռիում:

Այդ մասին ևս կգրենք:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ Ավետիք Սահակյան, Ալեքսանդր Խատիսյան, գեներալ Քրիստափոր Արարատյան։ Կանգնած են՝ Նիկոլ Աղբալյան, Աբրահամ Գյուլխանդանյան, Սարգիս Արարատյան: