Անկախության ճանապարհին. ՀՅԴ-ի, ՍԴՀԿ-ի, ՌԱԿ-ի վերապահումներն ու մտահոգությունները

5178

Անկախ այն իրողությունից, թե վերջին 33 տարիներին ինչ տարողությամբ ու պաթոսով է նշվել Անկախության օրը Հայաստանում և կամ Սփյուռքում, անկախ այն իրողությունից, որ հայկական կուսակցությունները, այդ թվում՝ ավանդական, վեր են պարզում անկախության դրոշը, իսկ անկախությունը համարում բացարձակ արժեք, իրականությունն այն է, որ ինչպես Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում, այնպես էլ 1988-90-ական թթ. անկախության նկատմամբ հայ քաղաքական միտքն ունեցել է վերապահումներ, անգամ՝ լուրջ վերապահումներ, ավելին՝ անկախությունը ընկալվել է անգամ մարտահրավեր:

1918-ին չկար որևէ քաղաքական ուժ, որը Հայաստանի անկախությունը համարեր անհրաժեշտություն: Հակառակը, շատերը դեմ էին անկախությանը և փնտրում էին փեշ, որպեսզի բռնեն այն: Այդ փեշը կարող էր լինել ռուսական, ամերիկյան, եվրոպական: 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին հայկական որոշ քաղաքական շրջանակներ կողմ էին հայերի ինքնավարությանը թուրքական, այն է՝ Արևմտյան Հայաստանում: Իսկ երբ 1918-ի մայիսին փլուզվեց Անդրկովկասյան Դաշնությունը, և վրացիներն ու մահմեդականները հռչակեցին Վրաստանն ու Ադրբեջանը, հայերին՝ Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդին, այլ ընտրություն չէր մնում, քան հռչակել անկախություն, թեև ճանաչման ակտում չէին օգտագործվել ո՛չ «անկախություն» և ո՛չ էլ «հանրապետություն» բառերը:

Կարճ ժամանակ անց օրվա իշխող հիմնական ուժը՝ ՀՅԴ-ն, դարձավ անկախության ջատագովն ու դրոշակակիրը, մյուս ավանդական կուսակցությունները ևս չհակադրվեցին անկախությանը, թեև ունեին վերապահումներ:

1980-ական թթ. վերջերին անգամ Խորհրդային Հայաստանում անկախության նկատմամբ հայկական խմբավորումները, և հայ քաղաքական միտքն ընդհանրապես, ունեին լուրջ վերապահումներ: Վերապահություններ ունեին նաև սփյուռքյան կուսակցությունները, որոնք Սառը պատերազմի տարիներին պայքարել էին ընդդեմ խորհրդային բռնատիրության և հանուն անկախ Հայաստանի: 1988-ին, սակայն, նրանք մտահոգ էին: Ոչ միայն նրանից, թե ինչպես կարձագանքեր Մոսկվան հայերի անկախության ձգտումներին, այլև թուրքական վտանգից:

Այսպես, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանը 1988-ի աշնանը ծայրահեղ էր համարում այն ազգային գործիչներին, ովքեր Երևանի փողոցներում Հայաստանի անկախության և Խորհրդային Միությունից անջատվելու պահանջներ էին դնում:

«ՀՅԴ-ն (Հայաստանի) անկախությունը համարում է իր գլխավոր նպատակը: Սակայն կարծում ենք, որ անմիջապես անկախության պահանջ ներկայացնելու հարմար ժամանակը չէ, երբ մեր ժողովուրդը ռուս ժողովրդի օգնության այդքան կարիքն ունի: Սա հասկանալու համար պետք է գնալ Ախուրյանի ափը՝ տեսնելու դիմացը կանգնած թուրք զինվորներին ու Անիի ավերակները»:

Ինչպես կոմունիստական վերնախավի, շարքային հայաստանցիների, այնպես էլ ավանդական կուսակցությունների, հատկապես Դաշնակցության շրջանում գերիշխող և աջակցություն վայելող էր տեսակետը, որ անկախություն ստանալուց հետո Հայաստանը ստիպված կլինի դիմակայել Թուրքիային և պանթուրքիզմին: Չափազանց շատ էին մտահոգությունները, առաջին հերթին՝ թուրքական վտանգն ու սպառնալիքը, ռուսական հնարավոր հարվածը հայերի անկախության ձգտումներին:

1988-ի սեպտեմբերի 29-ին հայ ավանդական երեք կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՌԱԿ-ը և ՍԴՀԿ-ն, որոնք ներկուսակցական լրջագույն հակասություններ ունեին Սփյուռքում, այդ թվում՝ Խորհրդային Միության և Խորհրդային Հայաստանի հանդեպ որդեգրած քաղաքականության հարցերում, շատերի համար զարմանալիորեն համաձայնության եկան մի գրավոր փաստաթղթի շուրջ, որով, ըստ էության, մերժվում էր «Ղարաբաղ» կոմիտեի՝ գործադուլներով, հանրահավաքներով, դասադուլներով և պայքարի այլ միջոցներով Մոսկվային հակադրվելու քաղաքականությունը: «Միացյալ հայտարարության» մեջ կոչ էր ուղղվում նաև Հայաստանի և Ղարաբաղի «արի ժողովրդին, որ խուսափեն ծայրահեղ կեցվածքներից, որոնք խանգարում են մեր հայրենիքի հանրային կյանքի կարգուկանոնը, ծանր կորուստների են ենթարկում մեր երկրի տնտեսական, արդյունաբերական, կրթական, մշակութային կյանքը, վնասում են մեր ժողովրդի վարկը, ինչպես նաև բնականոն հարաբերությունները՝ լինեն խորհրդային բարձրագույն իշխանությունների, թե խորհրդային մյուս հանրապետությունների հետ, եւ ծառայում են մեր ժողովրդի թշնամիների հետին նպատակներին»:

Արցախյան շարժումը, որ արդեն դառնում էր Հայոց համազգային շարժում, այսինքն՝ ՀՀՇ, այդ հայտարարությունը որակեց իբրև Հայաստանի անկախությանը դեմ քայլ, թեև հայտարարույթան մեջ ուղղակիորեն նման բան չէր ասվում:

Դժվար է ասել, թե ինչպես կընթանային իրադարձությունները, եթե 1990թ. խորհրդարանական ընտրություններում հաղթեր ոչ թե ՀՀՇ-ն, այլ Կոմկուսը, մի ուժ, որ կառչած էր Մոսկվային: ՀՀՇ-ն նորաստեղծ խորհրդարանում կազմեց համեմատական մեծամասնություն, իսկ նույն տարվա օգոստոսի 23-ին ընդունեց Անկախության հռչակագիրը՝ հիմքը դնելով Հայաստանի անկախության գործընթացին: Հռչակագրի տակ դրված է Տեր-Պետրոսյանի ստորագրությունը:

Բայց եթե անգամ խորհրդարանական ընտրություններում հաղթեր Կոմկուսը, ապա, միևնույնն է, Հայաստանը մեկ տարի անց կանգնելու էր անկախություն հռչակելու անխուսափելիության առջև, քանի որ փլուզվում էր Խորհրդային Միությունը, և հանրապետություններին այլ բան չէր մնալու, քան հռչակել անկախություն:

Թաթուլ Հակոբյան

Շարքի նախորդ երկու հրապարակումները կարդալ՝ “Գորգիսյանը՝ Ազատության հրապարակում. մայիս 28,1988”, https://www.aniarc.am/2015/09/16/movses-gorgisyan-28-may-1918/

«Ձեռնաշղթաներով Պարույր Հայրիկյանը», կարդալ՝ https://www.aniarc.am/2015/09/11/paruyr-hayrikyan-1987-1988-adis-abeba/