Մարտակերտի ազատագրումը. հունիս 27, 1993թ

5540

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից

     Վիոլետա Գրիգորյանը պատերազմում կորցրել է ամուսնուն և որդուն: Մյուս որդու հետ նա բնակվում է Մարտակերտում: Վիոլետան առաջիններից էր, ով 1993թ. ամռանը վերադարձավ ազատագրված քաղաք: ՙՄարտակերտն ավերակների մեջ էր: Շատերն այլևս չվերադարձան և մնացին Ռուսաստանում: Հիմա էլ դժվար է այստեղ, բայց շատ բան է փոխվել: Մարտակերտը պետք էր տեսնել 1993-ի ամռանը՚:

     Պատերազմի ընթացքում հայկական կողմի զոհերից յուրաքանչյուր չորրորդը եղել է հենց Մարտակերտի շրջանում, ավերվել է բնակավայրերի ավելի քան 80 տոկոսը: Այսօր էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի այն կողմում են մնացել հայկական մի քանի բնակավայրեր, մի քանիսն էլ շփման գծին հենց մոտ են` ավերված ու չբնակեցված:

    Մարտակերտ քաղաքում, ազատագրումից ավելի քան 17 տարի անց շինությունների մի մասը շարունակում է մնալ կիսավեր ու դատարկ: Տների մեջ թփեր, պտղատու ծառեր են աճել, բերք են տալիս ու ծածկում ավերված տունը: Մարտակերտը միայն անունով է քաղաք: Գրավումից առաջ ավելի քան 13 հազար բնակիչ ուներ, այսօր` ընդամենը երեք հազար:

    Մի քանի տասնյակ հազար մարտակերտցիներ մշտապես ապրում և աշխատում են Ռուսաստանում, այլ երկրներում, նրանց մեծ մասը ստիպված է եղել արտագաղթել 1992թ. ամռանը, երբ մի քանի օրվա ընթացքում ԼՂ-ի հյուսիսն ընկավ ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ և ազատագրեց մոտ մեկ տարի անց: Անցնող տարիներին տեղահանվածների մի մասը շատ դանդաղ սկսեց վերադառնալ ավերված, հայրենի բնակվայրեր, բայց շատերն այդպես էլ չցանկացան տուն գալ` նախընտրելով մնալ Ռուսաստանի տարբեր մարզերում, Հայաստանում, այլուր, բայց ոչ ազատագրված ծննդավայրում:

     Ադրբեջանական ՙ7 օր՚ թերթի հիմնադիր Էմին Էմինբեյլին 1992-ի ամռանը Մարտակերտ է մտել բանակի հետ. ՙՊատերազմի առաջին սարսափներին ես ականատեսը եղա, երբ ադրբեջանական բանակն ազատագրում էր Աղդերե (Մարտակերտ) քաղաքը: Հայերը պաշտպանվում էին և մարտերով թողեցին քաղաքը: Հայ բնակչության մեծ մասը հեռացավ մարտիկների հետ: Այդ ժամանակ նկարահանումներ արեցի մի քանի լքված բնակարաններում: Զուտ մարդկայնորեն այդ ամենին դժվար էր նայել: Պատկերացրեք, տան մի անկյունում հավաքված է ուտելիքի ձմեռվա պաշարը, մյուսում՝ պարանին փռած օրորոցի երեխայի սպիտակեղենը: Սալօջախի վրա դրված թեյնիկն անգամ դեռ տաք էր: Հինգ րոպեում նրանք զրկվեցին ջերմ օջախից, որը տարիներով ստեղծել էին՚:

    Այս պատմությունը շատ հասկանալի կարող է լինել բոլոր այն ադրբեջանցիների համար, ովքեր պատերազմի տարիներին կորցրել են տունուտեղը, կահկարասին, պարանին թողել երեխայի լվացքը: Բայց 1992թ. հունիս-հուլիս ամիսները պատերազմի ամենածանր և ողբերգական շրջանն էր հենց արցախցիների համար: Մարտակերտը և շրջանը հրի ու սրի էին մատնվում: Ղարաբաղյան ռազմաճակատն ուղղակիորեն քանդվել էր, հրամանատարությունը, իրադրությունը փրկելու նպատակով, Մարտակերտի ճակատ էր ուղարկել խորհրդային բանակում ծառայած փորձառու հայ սպաներին, սակայն նրանք էլ ի վիճակի չէին դիմադրել ռուսական բանակի աջակցությամբ գրոհող ադրբեջանական ուժերին: Քելբաջար-Մարտակերտ-Միր Բաշիր մայրուղին անցել էր հակառակորդի վերահսկողության տակ, բնակչությունը խուճապի մեջ էր, ինչն ուղղակիորեն անդրադառնում էր նաև զորքի մարտունակության վրա: Խուճապն ուղեկցվում էր դասալքության դեպքերով:

    Այս ծանր օրերին Մարտակերտ էր գործուղվել Սամվել Բաբայանը երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ վաշտերով: Մի քանի շաբաթ անհաջող գրոհներից և տասնյակ զոհերից հետո 27-ամյա Բաբայանը, ով շուտով պիտի նշանակվեր ղարաբաղյան ուժերի ընդհանուր հրամանատար` փոխարինելով Տեր-Թադևոսյանին, հասկացավ, որ Մարտակերտի ուղղությամբ սխալ մարտավարություն է տարվում. ՙՄարտակերտը հետ գրավելու համար մենք պետք է նախ ազատագրեինք Քելբաջարը: Առանց Քելբաջարը ազատագրելու մենք փորձել ենք հետ գրավել Մարտակերտը: Այդտեղ մենք մեծ սխալ ենք թույլ տվել: Որպես ռազմական ղեկավար` ես ինձ վրա մեղք եմ զգացել, քանի որ ճիշտ չեմ կողմնորոշվել՚:

     Ուժերի մի մասը տեղափոխելով Լաչինի ուղղություն` Բաբայանը Մարտակերտի ճակատը վստահեց և պատասխանատու նշանակեց Սամվել Կարապետյանին: Ղարաբաղյան ուժերը Կարապետյանի ղեկավարությամբ կարողացան վերականգնել և պահել ճակատային գիծը, իսկ Լաչին տեղափոխված ուժերին հաջողվեց հասնել որոշակի հաջողությունների:

     Սփյուռքահայ ամենահայտնի կամավորներից Ժիրայր Սէֆիլյանը Բաբայանի ամենամեծ ներդրումը պատերազմում համարում է պատասխանատվության` ԼՂ բանակի հրամանատարության ստանձնումը 1992թ. ծանր շրջանում: ՙԵթե այդ օրերին Բաբայանը չվերցներ պատասխանատվություն, կարող էր պատերազմում այլ պատկեր լինել: 1992թ. ամառն էր, Շահումյանի և Մարտակերտի կորուստ, հասել էինք (հետ քաշվել) մինչև Չլդրան: Այդ օրերին հայերը տարբեր պատճառներով խուճապի մեջ էին: Այդ օրերի հրամանատարությունը չէր արդարացնում, վերջիվերջո մեղքը հրամանատարությանն է: Այդ օրերին էր, որ Սամվելը մեջտեղ եկավ և ասաց՝ չե՞ք կարողանում, վե’րջ, պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Այդ օրերին դժվար թե մեկը պատասխանատվություն վերցներ, որովհետև ամեն օր կորուստ էր՚:

     1993թ. հունիսից Ադրբեջանն ընկղմվեց ներքաղաքական քաոսի մեջ, Մարտակերտից հետո ադրբեջանական ուժերը մեկը մյուսի հետեւից պիտի պարտություններ կրեին և կորցնեին Աղդամը, Ֆիզուլին, Ջեբրայիլը, Ղուբաթլուն, Զանգելանը:

Կանաչ ու սև փաստավավերագրական իրապատումը լրացրեց և հարստացրեց արցախյան գոյամարտի պատմության գանձարանը: Հեղինակին հաջողվել է հակամարտության հենքին ուրվագծել պատերազմի բերած արհավիրքների, զինված առճակատման հանգուցալուծման ուղու որոնումների, դրա հետ կապված միջազգային ջանքերի, մարդկանց հույսերի ու հուսախաբությունների ողջ համայնապատկերը: Հեղինակին հաջողվել է արդար և անկողմնակալ ներկայացնել այս կարեւորագույն խնդիրը, որը հասարակական քննարկումներում հաճախ շահարկումների է ենթարկվել: Գրքի հերոսները միայն հայտնի քաղաքական գործիչներ չեն: Հակամարտությունն անողոք է եղել նաև հազարավոր սովորական մարդկանց ճակատագրերի հանդեպ և նրանց կրած փորձություններն ընդգծում են այն անձանց պատասխանատվությունը, որոնցից կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դրա մասին է մեզ կրկին հիշեցնում հեղինակը, և հենց այդ պատճառով գրքին կարելի է տալ ևս մեկ բնորոշում` փաստավավերագրություն, որն անցել է սրտի միջով: