Վանաձորի բնակչությունը 1831-2019 թվականներին

7254

Վանաձորը Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքն է, գտնվում է ծովի մակերևույթից 1.325 մետր բարձրության վրա:

Մինչև 1935 թվականի հունվարի 3-ը Վանաձորն ունեցել է Ղարաքիլիսա, թուրքերենից թարգմանաբար՝ Սև եկեղեցի անունը:

Նախախորհրդային և խորհրդային շրջանում, մինչև 1950 թվականը, Հայաստանում Ղարաքիլիսա անունով մի քանի բնակավայր է եղել:

Որպեսզի շփոթ չլինի, ներկայացնենք դրանք՝ նշելով նաև այսօրվա անունները.

Ղարաքիլիսա – Հարթավան, Ապարանի շրջանում,

Ղարաքիլիսա Թուրքի – Ախուրիկ, Ախուրյանի շրջանում,

Ղարաքիլիսա Մեծ – Կիրովական, ապա՝ Վանաձոր,

Ղարաքիլիսա Փոքր– Ազատան, Ախուրյանի շրջանում,

Ղարաքիլիսա 3-րդ – Ձորաշեն, Ղուկասյանի, այսօր՝ Աշոցքի շրջանում:

1935-ից հետո, ողջ խորհրդային շրջանում, Ղարաքիլիսան վերանվանվել է Կիրովական՝ ի հիշատակ հեղափոխական Սերգեյ Միրոնովիչ Կիրովի:

Վանաձորի բնակչությունը 1831-1931 թվականներին (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 494 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 2.017 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 2.686 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 3.917 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 3.545-ը՝ հայ, 57-ը՝ իսլամ, 217-ը՝ պրավոսլավ, 98-ը՝ այլ

1914 թվական – 6.671 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի)

1914 թվական – 4.251 հոգի (ըստ արխիվային նյութերի)

1916 թվական – 6.861 հոգի

1919 թվական – 7.627 հոգի

1922 թվական – 6.427 հոգի, որից 6.305-ը՝ հայ, 116-ը՝ այլ, 6-ը՝ թրքո-թաթար

1926 թվական – 8.640 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 8.462-ը՝ հայ, 36-ը՝ թուրք, 142-ը՝ այլ

1931 թվական – 10.962 հոգի, որից 10.743-ը՝ հայ, 202-ը՝ ռուս, 17-ը՝ թուրքական խումբ:

Վանաձորը խորհրդային տարիներին ունեցել է հետևյալ բնակչությունը.

1939 թվական – 17.607 հոգի

1959 թվական – 49.423 հոգի

1970 թվական – 106.624 հոգի

1979 թվական – 146.036 հոգի

Խորհրդային վերջին տարիներին Վանաձորի՝ Կիրովականի բնակչությունը հասել է 170 հազարի, ապա կտրուկ անկում է ապրել 1988-ի երկրաշարժի և դրան հաջորդող տարիների շարունակական արտագաղթի պատճառով:

2001 թվականի մարդահամարի տվյալներով Վանաձորն ունեցել է 107.394 բնակիչ, 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ 86.199 բնակիչ:

Այսօր Հայաստանի երրորդ քաղաքը ունի 80 հազարից պակաս բնակչություն:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Կարդալ և դիտել նաև՝ 

https://www.aniarc.am/2021/05/25/vanadzor-region-1831-population-villages-korkotian/