Այլազգի ու այլադավան բնիկ երևանցիները՝ բոշաներ. Jam-News

2220

Սա փորձ է՝ պատմելու բնիկ երևանցի բոշաների մասին։ Հայաստանում անհիշելի ժամանակներից ապրում է այլադավան ու այլազգի մարդկանց մի խումբ, որն առանձնանում է իր կենցաղով և յուրահատուկ երանգ է տալիս Հայաստանի մոնոէթնիկ բնակչությանը։

Այս մարդիկ իրենք իրենց հայտարարում են էթնիկ հայեր։ Նրանք վիրավորվում են, երբ իրենց անվանում են բոշա։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ բառն առաջացել է թուրքերենի «բոշ» արմատից, որը նշանակում է դատարկ, զուրկ, աղքատ։

«Գոյություն չունեցող» այս էթնիկ խմբի մասին պահպանվել են փոքրաթիվ պատմագրական աղբյուրներ։ Դրանց և տեղաբնակների վկայությունների օգնությամբ փորձել ենք ներկայացնել բոշաներին։ Իրենց հետ զրուցել մեզ չհաջողվեց։



«Այստեղ բոշաներ չկան»

– Բարև ձեզ, Բոշի թաղ ճի՞շտ ենք գնում, — հարցնում է տեղանքին անծանոթ վարորդը։

– Սխալ եք եկել, այստեղ բոշաներ չկան, — միանգամից ունքերը կիտում է միջին տարիքի տղամարդը։

Ես՝ որպես բնիկ քանաքեռցի, գիտեմ՝ նա ճիշտ է եկել։ Հենց Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցի տանող նեղ փողոցից է սկսվում Բոշի թաղը՝ թաղամասի այն հատվածը, որտեղ ապրում են բոշաները։

Թե  երբ և ինչպես են բոշաները հայտնվել Քանաքեռում, ոչ ոք չի հիշում։

Ովքե՞ր են նրանք

Պատմագրական աղբյուրներում նշվում է, որ բոշաները Հնդկաստանի հյուսիս–արևմտյան շրջաններից գաղթած գնչուներն են։ Ըստ այդ աղբյուրների՝ հստակ տեղեկություններ չկան այն մասին, թե կոնկրետ երբ և ինչ պատճառով են հնդիկ գնչուները ստիպված եղել թողնել իրենց տները և բնակություն հաստատել այլ երկրներում։

Վարկածներից մեկի համաձայն՝ բոշաների գաղթի պատճառը միջկրոնական բախումներն են հանդիսացել, որոնք հաճախակի երևույթ են եղել Հնդկաստանում։

Ըստ նույն աղբյուրների՝ հնդկական «դոմբա» կոչվող կաստայից անջատված մի խումբ, իրանական Ղազնևիների դինաստիայի հնդկական արշավանքների ընթացքում, տեղափոխվել է դեպի Իրան, որտեղից էլ նրանց մի մասը 11-րդ դարի վերջին կամ 12-րդ դարասկզբին անցել է Հայաստանի տարածք։

Իրանում և Մերձավոր արևելքում հաստատված գնչուները դեռևս պահպանել են «դոմբա» ինքնանվանումը, իսկ Հայաստան եկած խումբն իրեն անվանում է «լոմ»։

Հայ–բոշաների ինքնության ֆենոմենը

Ի տարբերություն Մերձավոր Արևելք, իսկ այնտեղից եվրոպական շատ երկրներ տեղափոխված գնչուների՝ Հայաստանում հայտնված խմբերը շատ կարճ ժամանակում հաստատվել են այստեղ՝ որպես առանձին ենթաէթնիկ խումբ։

Նրանք մյուս գնչուների նման չեն տեղափոխվել մի բնակավայրից մյուսը։ Այս խմբերն ընտրել են հայերին միաձուլվելու ճանապարհը՝ աստիճանաբար կորցնելով էթնիկ ինքնագիտակցության երկու կարևորագույն բաղադրիչները՝ լեզուն և կրոնը։

Հայ-բոշաները Հայաստանում բնակվում են հատկապես Երևանում՝ Սարի թաղ, Քանաքեռ (Բոշի թաղ), Նոր Մարաշ թաղամասերում, ինչպես նաև՝ Նոր Խարբերդ գյուղում, Գյումրիում (Բոշի մայլա)։

Չնայած այն հանգամանքին, որ պատմագրական աղբյուրների համաձայն, Հայաստանում հաստատված գնչուների թիվը եղել է մինչև 50 հազար, բոշաները, որպես ազգային փոքրամասնություն, նշվել են միայն 1926 թ․ մարդահամարի ժամանակ՝ մի քանի տասնյակ հոգի։

1989 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով՝ միայն 48 մարդ է իրեն բոշա համարել։ 2001 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն՝ Հայաստանում բոշաներ այլևս չկան։

Հայաստանում հաստատված բոշաներին երբեք հատուկ չեն եղել գնչուական այնպիսի սովորություններ, ինչպիսիք են, օրինակ, բախտագուշակությունը։ Հայ–բոշաների հիմնական զբաղմունքը առևտուրն է։

Քանաքեռում մինչև օրս էլ առավոտյան տնից դուրս եկող և միայն երեկոյան վերադարձող կանանց մասին ասում են «մաղ ծախող»։ Այդպես ակնարկում են տնից տուն ման եկող և  ձեռագործ մաղեր և զամբյուղներ վաճառող բոշա կանանց։ Տղամարդիկ էլ հիմնականում զբաղվում են անասնաբուծությամբ։

Հայ–քրիստոնյա բոշաների ինքնակամ ձուլման պատմությունը

Բոշի թաղում բոշա փնտրող ցանկացած մարդ պետք է հաշտվի այն մտքի հետ, որ իր փորձերն ապարդյուն են։ Զրուցակից գտնելու մեր փորձերը ևս ապարդյուն էին։ Այստեղ մարդիկ իրենց բոշա չեն համարում, այստեղ բոլորը «հայ–քրիստոնյա» են, խոսում են հայերեն, մկրտվում որպես քրիստոնյա, ոչնչով չեն տարբերվում թաղամասում ապրող մյուս մարդկանցից։

Բնիկ քանաքեռցիները պատմում են, որ տասնամյակներ առաջ տարեց բոշաները սովորություն ունեին իրար հետ անծանոթ և անհասկանալի լեզվով խոսելու, բայց գրավոր խոսքի գործածում երբեք չեն նկատել։

Ինչպես նշում են պատմագրական աղբյուրները՝ խոսքը հայ-բոշաների լեզվի՝  լոմավրենի մասին է, որը բաղկացած է եղել հնդիրանական ծագման բառապաշարից և 500-600 բնիկ գնչուական բառերից։ 19-րդ դարում արդեն բոշաների զգալի մասը լոմավրեն չգիտեր, և այն հիմնականում գործածվում էր որպես գաղտնալեզու, որպեսզի ոչ բոշան չհասկանա։ Այսօր բոշաները չեն պահպանել նաև բանավոր լոմավրենը։

Լավ հարևաններ, որոնց աղջիկ չեն տալիս

Չնայած այն հանգամանքին, որ հայ բոշաներն իրենց չեն տարբերակում էթնիկ հայերից, նրանք շարունակում են խմբային, առանձնացված կենցաղ վարել Երևանի մի քանի թաղամասերի առանձին հատվածներում։ Քանաքեռում Բոշի թաղից դուրս ապրող բոշաներին կարելի է մատների վրա հաշվել։ Բոլորը գիտեն, որ Բոշի թաղն ավարտվում է Բոշա Մուկուչի տան մոտ, որը հայտնի էր իր ամենամեծ աղավնատնով։

Չնայած մեկուսի կենցաղին՝ բոշաներն անկաշկանդ շփվում և հարևանություն են անում էթնիկ հայերի հետ։ Տիկին Նունեն ասում է՝ իր հարևան Զոյան բարեկամից էլ մտերիմ է․

«Մենք նույն դասարանում ենք սովորել ու փոքրուց մտերիմ ենք եղել։ Մենք միշտ իմացել ենք, որ Զոյան բոշա է, բայց երբեք դրան որևէ նշանակություն չենք տվել։ Չկա քանաքեռցի, ում դասարանում բոշա երեխա չի եղել, դա մեզ համար շատ սովորական բան էր։ Հիմա էլ Զոյայի հետ մտերիմ ենք, օր չկա, որ իրար հետ սուրճ չխմենք առավոտյան։

Ես երբեք իմ բոշա հարևաններից ոչ մի վատ բան չեմ տեսել․ հասնող են, բարի, բարոյական, հանգիստ, կամեցող։ Իհարկե, ունեն նաև սովորություններ, որ ինձ համար անհասկանալի են, բայց դա էլ նրանց բարքերն են։ Ինձ համար, օրինակ, անընդունելի է կրթության նկատմամբ նրանց անտարբերությունը։ Ընտանիքներում բացարձակ ուշադրություն չեն դարձնում երեխաների սովորելու վրա, դրա համար էլ քանաքեռցիները վատ սովորող երեխաներին ասում են «բոշի երեխա»»։

Պատմում է, որ բոշաներն իրենց համարում են քրիստոնյա, կնքում իրենց երեխաներին Առաքելական եկեղեցում, բայց ունեն սովորույթներ, որոնք հակասում են քրիստոնեական բարքերին․

«Ինձ համար ամենաանընդունելին մոտ բարեկամների միջև ամուսնական կապն է․ իրենց համար դա շատ սովորական է դիտվում, օրինակ՝ հորեղբոր թոռների ամուսնությունը։ Բացի այդ՝ ընդունված է աղջիկներին վաղ տարիքում ամուսնացնելը։

Անգամ, եթե չեն ամուսնացնում 16-17 տարեկանում, ապա նշանում են, որ չափահաս դառնալուց հետո ամուսնացնեն։ Դա մեզ համար, իհարկե, անհասկանալի սովորություն է, բայց, գուցե դրա պատճառներից մեկն էլ այն է, որ ոչ մի քանաքեռցի բոշայի աղջիկ չի տա ու բոշա աղջիկ էլ իր տուն հարս չի բերի»։

Իսկ Բոշի թաղը շարունակում է ապրել իր կյանքով՝ անունից նեղվելով, փակ կենցաղով, սրտաբաց մարդկանցով ու հստակ սահմաններով՝ Սուրբ Հակոբ եկեղեցի տանող նեղ ճանապարհից՝ մինչև Բոշա Մուկուչի մեծ աղավնատուն։

Սոնա Մարտիրոսյան

jam-news