Լևոն Տեր-Պետրոսյանը երևի համարում է, որ երեք տարին բավական է Ղարաբաղը հանձնելու համար․ Սերժ Սարգսյան, 2007թ

2471

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ անցած ուրբաթ օրը Ազատության հրապարակում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին:

Մասնավորապես, նախկին նախագահի հայտարարության մասին, թե Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում ուղիղ երեք տարի հետո «պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից` ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր նախագահ ընտրել», Սերժ Սարգսյանը ասաց. – «Երեւի համարում է, որ երեք տարին բավական է Ղարաբաղը հանձնելու համար»:

«Ինձ համար չափազանց տարօրինակ էր», – շարունակեց վարչապետը: – «Ուղղակի չափազանց տարօրինակ մտքեր հնչեցին այդ ելույթում, բայց մեզնից յուրաքանչյուրը ինքն է որոշում, թե ինչ ասի եւ ինչ առաջարկություններ անի: Որեւէ պերճախոսությամբ հնարավոր չէ մարդկանց աչքին թոզ փչել»:

«Եթե որեւէ մեկը փորձում է ապացուցել անապացուցելին, եթե որեւէ մեկը փորձում է ասել, որ այսօր ավելի վատ ենք ապրում, քան 10 տարի առաջ, դա արդեն իմ պրոբլեմը չէ, այլ այդ մարդու պրոբլեմն է: Որովհետւ ինքը գործ ունի բոլորի հետ. բոլորի աչքերը հո չես կարող փակել», – եզրափակեց Սերժ Սարգսյանը:

Աստղիկ Բեդևյան, 19 նոյեմբեր, 2007թ

Ազատություն ռադիոկայան

Արխիվային լուսանկար