Հայաստան-Թուրքիա սահմանների պահպանությունը՝ բարձիթողի վիճակում. 1993-ի փետրվարի 8

6461

Հատված Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը գրքից

—-

1993թ. փետրվարի 8-ին նախագահ Տեր-Պետրոսյանը հրամանագիր է ստորագրում ՙԱրմավիրի շրջանում արտակարգ դրություն հայտարարելու մասին՚:

Հայաստանի նախագահին առընթեր վերահսկողության ծառայությունը, պետ` Կարապետ Ռուբինյան, ուսումնասիրել էր Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում ստեղծված վիճակը, ուսումնասիրության արդյունքում պարզվել` ընդհանուր առմամբ Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանների պահպանությունը բարձիթողի վիճակում է, Ռուսաստանի սահմանապահ զորքերի կողմից իրենց պայմանագրային պարտավորությունները անբավարար են կատարվում, սահմանային խախտումների նկատմամբ դրսևորվում է հանդուրժողական վերաբերմունք, որի պատճառով օրեցօր մեծ ծավալ է ստանում մաքսանենգությունը, մասնավորապես` անասունների վաճառքը:

Սկսած 1992թ. օգոստոսից հազարավոր գլուխ խոշոր և մանր եղջերավոր անասուններ, սահմանապահների թույլտվությամբ, քշվել ու անցկացվել էին Թուրքիա, իսկ 1993թ. փետրվարին տասնյակ հազարավոր անասուններ Հայաստանի ուրիշ շրջաններիրց տեղափոխվել և կուտակվել Արմավիր-Մասիս-Արտաշատ շրջանների սահմանամերձ գոտի` հարմար պահին Թուրքիա անցկացնելու նպատակով:

Առանց սահմանապահների թույլտվության և անմիջական մասնակցության գրեթե բացառված կլինեին անասունների դուրս բերումը և օրստօրե ծավալվող մաքսանենգ առևտուրը:

Հունվարի 23-ին Արմավիրի շրջանի Փշատավան գյուղի սահմանապահ ուղեկալի հատվածում սահմանը խախտելիս ձերբակալվում են Հայաստանի երեք քաղաքացիներ, որոնցից երկուսը` տրանսպորտային ոստիկանության սպաներ:

Վերջին երկու ամսվա ընթացքում սահմանային գոտում ձերբակալվել և Թուրքիայի իշխանություններին էին վերադարձվել շուրջ 30 թուրքահպատակ քաղաքացիներ, նրանց մի մասը ձերբակալվել էր Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր ներթափանցելու և վերադարձի ժամանակ, մինչդեռ իրավապահ մարմինները բացարձակապես չեն հետաքրքրվել ու պարզել, թե ովքեր են նրանց հյուրընկալել:

Ուսումնասիրության մեջ նշվում էր սահմանային առևտրի ու մաքսանենգության կանխման, կազմակերպված հանցագործության բացահայտման գործում ԱԱՊՎ շրջբաժանմունքի և սահմանապահների հանցավոր անտարբերությունը: Հենց այս դեպքերն էին  պատճառ դարձել, որ Հայաստանի նախագահի հրահանգով Արմավիրի շրջանում մտցվել էր արտակարգ դրություն:

Տեր-Պետրոսյանը հրամանագիրը չեղյալ է հայտարարում մի քանի օր անց` 1993-ի փետրվարի 13-ին:

Հրամանագրում ասվում էր, որ ներքգործնախարարության և Ազգային անվտանգության պետական վարչության (ԱԱՊՎ) կողմից, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ իրավիճակը Հայաստան-Թուրքիա սահմանային շրջանում դարձել է վերահսկելի:

Լուսանկարում՝ Արաքսը Բագարան-Երվանդաշատ հատվածում

Լուսանկարի հեղինակ՝ Զորիկ Գալստյան

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: