Այն, ինչ մենք կարող էինք ստանալ 1997-ին, չենք ստանալու այլևս. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 2004-ին

2944

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 2004թ նոյեմբերին մասնավոր այցով մեկնել էր ԱՄՆ: Վերադարձին՝ «Զվարթնոց» օդանավակայանում, նա ոտքի վրա պատասխանեց մի քանի լրագրողների հարցերի: Այդ հարց-պատասխանը ներկայացնում ենք մասնակի՝ կենտրոնանալով միայն Արցախի հարցի վրա:

– Տարիներ առաջ ասել էիք, որ կգա ժամանակը, որ ժողովուրդը ինքը կզգա ձեր անհրաժեշտությունը ու ինքը ձեզ ետ կկանչի մեծ քաղաքականություն..

– Ներեցեք, ես այդպիսի բան չեմ ասել:

– Ասել եք՝ կխնդրեն կգամ:

– Ոչ էլ այդպիսի բան եմ ասել:

– Մոտավորապես:

– Ոչ ել մոտավորապես: Մոտավորապես չկա: Իմ խոսքը ճշգրիտ ասեք: Ուզո՞ւմ եք ասեմ, թե ոնց եմ ասել: Ինձ հարց են տվել՝ հաջորդ ժամկետում առաջադրելո՞ւ եք ձեր թեկնածությունը: Հաջորդը նշանակում էր 2001 թվականին: Ասացի՝ ոչ, Սահմանադրությունը արգելում է… Կտրուկ պատասխանել եմ ոչ: Հետո, արդեն մոռացել եք: Թերթում չի երեւում. հետո ժպտացել, կատակ եմ արել, ասել եմ՝ եթե ազգովի չխնդրեք: Երկրորդ այդ նյուանսը բոլորը մոռացել են: Անգամ եթե կատակով, խոսվել է երրորդ ժամկետի մասին: Այսինքն դա կոնկրետ հարց էր, կոնկրետ պատասխանով: Աղավաղվել, դարձել է լեգենդ:– Ձեր հայտնի հոդվածը՝ «Պատերազմ, թե խաղաղություն» շատ է վերատպվում, եւ դրա վերաբերյալ լուրջ վերլուծություններ են արվում այսօր: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է դա այդքան ակտուալ դարձել:

– Ուրախ եմ, որ սկսել են լուրջ վերաբերվել այդ հոդվածին, ուրախ եմ:

– Ո՞րն է պատճառը:

– Որովհետեւ, իմ կարծիքով այն բաները, ինչ ասված են այդ հոդվածում, ոչ միայն չեն կորցրել իրենց այժմեականությունը, այլ այսօր ավելի ցցուն են դառնում: Ավելի ցցուն են դառնում, որովհետեւ Ղարաբաղի հարցում ոչ միայն որեւէ առաջընթաց չկա, այլ, խոր ցավով եմ ասում, տեսնում եմ տխուր հետեւանքներ: Ցավով եմ ասում սա: Ավելի խորանում, ավելի բարդանում է մեզ համար այդ հարցի լուծումը:

– Տեսնո՞ւմ եք պատերազմի վերսկսման հնարավորություն:

– Չեմ բացառում

– Իսկ հնարավո՞ր է վերադառնալ այնտեղ, որտեղ կիսատ թողեցիք, թե արդեն ետդարձ չկա:

– Ես կարծում եմ չկա: Այն, ինչ մենք կարող էինք ստանալ 1997 թվականին, չենք ստանալու այլեւս:

– Իսկ ձեր վերադառնալու պարագայո՞ւմ:

– Աստված էլ գա հնարավոր չէ: