Խատիսյանը՝ Վրացյանին. թուրքերի պահանջով միաձայն որոշեցինք հրաժարվել Սևրից. 27 նոյեմբեր, 1920թ

6618

Շատ հայ պատմաբաններ և քաղաքական գործիչներ, փորձագետների ու դիվանագետներ հաճախ են խոսում և կարևորում Սևրի դաշնագիրը, այն ներկայացնելով որպես իրավական փաստաթուղթ, որի հիմքով Հայաստանը կարող է տարածքային պահանջներ ներկայացնել Թուրքիայից: Համաշխարհային, մասնավորապես հայոց պատմությունը նաև, ցույց է տալիս, որ միայն իրավական փաստաթղթով հնարավոր չէ հող նվաճել: Այստեղ կարևոր է մեկ այլ իրականություն, որը գիտակցաբար կամ չիմացությունից, հայ պատմաբաններն ու քաղաքական գործիչները, փորձագետներն ու դիվանագետները մոռացության են տալիս:

1920 թվականի վերջերին, երբ թուրք քեմալականներն ու ռուս բոլշևիկները Բաքվից եկող Հայհեղկոմի անդամների հետ իրականացնում էին Հայաստանը խորհրդայնացնելու դավադրությունը, Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին կառավարությունը պաշտոնապես հրաժարվեց Սևրից:

Երբ 1920-ի նոյեմբերի վերջերին հրաժարական տվեց Համո Օհանջանյանի բյուրո-կառավարությունը, երկրի վարչապետ դարձավ Սիմոն Վրացյանը: Այս ընթացքում քեմալականները Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ առաջ էին շարժվում դեպի Հայաստանի խորքը՝ Արարատյան դաշտավայր: Ընկել էր Կարսը, ապա՝ Ալեքսանդրապոլը (Գյումրին): Հայկական կողմը ստիպված է լինում բանակցություններ սկսել Կարաբեքիրի հետ, որոնք կայանում են Ալեքսանդրապոլում, այն շենքում, որում այսօր տեղակայված է Գյումրիի ՀՅԴ գրասենյակը: Այդ շենքը մի քանի տարի եղել է նաև Խորհրդային Հայաստանում Թուրքիայի հյուպատոսությունը, որը գործել է մինչև 1925 թվականը:

Ալեքսանդրապոլի բանակցությունների հենց սկզբում թուրքերը հայերից պահանջում են հրաժարվել Սևրի դաշնագրից: Նոյեմբերի 27-ին Խատիսյանը, ով գլխավորում էր հայկական պատվիրակությունը, հեռախոսով վարչապետ Սիմոն Վրացյանին տեղեկացնում է. “Թուրքերի պահանջով պատվիրակությունը միաձայն որոշեց հրաժարվել Սևրից: Մեր հայտարարությունը թուրքական պատվիրակությունն ընդունեց մեծ գոհունակությամբ և առաջարկեց անցնել սահմանների հարցին: Ես հայտարարեցի, որ մեր հիմնական ցանկությունն է` ելք դեպի ծով Բաթումի և Ռիզեի միջև, ամբողջ Ռուսական Հայաստանը, Վանի վիլայեթը և Բայազետի սանջակը”: Կարաբեքիրը նոյեմբերի 30-ին տեղեկացնում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանագիծ է լինելու Արաքս գետը:

Անուղղակի կերպով, Հայաստանը առնվազն ևս երկու անգամ հրաժարվել է Սևրի դաշնագրից: 1921-ի հոկտեմբերին Խորհրդային Հայաստանը ստորագրեց Կարսի պայմանագիրը և ճանաչեց ժամանակակից Թուրքիայի սահմանները: 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված երկու արձանագրություններով, որոնք, ի դեպ, պայմանագրեր են, Հայաստանի ղեկավարությունը՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ստորագրությամբ և նախագահ Սերժ Սարգսյանի հավանությամբ ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ճանաչում են ժամանակակից Թուրքիայի սահմանները:

Թաթուլ Հակոբյան