Քարվաճառ/Քելբաջարի առումը. 1993 թվական

3563

Հատված Թաթուլ Հակոբյանի ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ գրքից

Քսաներեքերորդ գլուխ

Քելբաջարի առումը

Քելբաջարի 17-ամյա մի բնակիչ ՙՀյումըն ռայթս ուոչի՚ աշխատակիցներին 1994-ի գարնանը պատմել է, որ մեկ տարի առաջ, երբ 25 խաղաղ բնակիչներ ՙԳԱԶ-52՚ բեռնատարով ստիպված լքում էին հարազատ տները, պատրաստվում անցնել Զուլֆուգարլի և Ջոմերդ գյուղերի միջևգտնվող թունելը, ղարաբաղյան ուժերը դուրս են եկել դեմ հանդիման: ՙՄենք չգիտեինք, որ հայերը մոտեցել էին թունելին: Ցերեկ էր, լույս: Մենք չէին տեսնում որևէ հայի, բայց թունելի մուտքի մոտ տեսանք մի զրահամեքենա: Մենք խաղաղ բնակիչներ էինք, բեռնատարում մեր բարեկամներն էին: Հանկարծ սկսվեցին կրակոցներ եւ պայթյուններ, բեռնատարը կանգ առավ: Վարորդը` Ասլան Միրզոեւը, և նրա դուստրը` Աֆաթը, սպանվեցին անմիջապես: Իմ քույրն էլ սպանվեց: Իմ եղբայրներից Իսլամը ծանր վիրավորվեց, հետո մահացավ: Ես ինքս նրան թաղեցի: Երբ հայ զինվորները մոտեցան, ասացին, թե չեն իմացել, որ մենք խաղաղ բնակիչներ ենք: Նրանք մեզ բժշկական օգնություն ցույց տվեցին, ապա տեղափոխեցին Դրմբոն, հետո փոխանակեցին (հայ գերիների հետ)՚:

Հարձակումը սկսելուց մի քանի օր առաջ ղարաբաղյան ուժերը հակառակորդին տեղեկացնում են սպասվող գրոհի մասին: Իրենք` բնակիչները, դա հաստատել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ զրույցներում: Նախապես տեղեկացնելով սպասվող հարձակման մասին, ղարաբաղյան ուժերը մի քանի նպատակներ էին հետապնդում: Նախ, երբ քաղաքացիական բնակչության շրջանում առաջանում է խուճապ, և բնակիչները լքում են իրենց տները, զինվորների մոտ կռվելու ցանկությունը նվազում է, մինչդեռ խաղաղ բնակչության առկայության պայմաններում նույն զինվորները կռվում են մինչևվերջին փամփուշտը, մինչև մահ: Բացի այդ, հակառակորդի մոտ խուճապ առաջացնելն ինքնին նվազեցնում է հնարավոր զոհերի և վիրավորների թիվը ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի շրջանում, քանի որ, ըստ էության, անողոք մարտեր չեն մղվում: Այսպիսի ռազմավարության օրինակ էր Քելբաջարը:

Արդեն փետրվար-մարտ ամիսներին, երբ ղարաբաղյան ուժերը մեկը մյուսի հետեւից ազատագրում էին Մարտակերտի գյուղերը, Քելբաջարը փաստացի շրջափակման մեջ էր: 1936 քառ. կմ տարածքով շրջանն արեւմուտքից սահմանակցում է Հայաստանի Վարդենիսի շրջանին, հարավից` Լաչինին, որը 1992թ. մայիսին անցել էր ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ, հյուսիսից` Օմարի լեռնանցքին, որը ձմռան և վաղ գարնան ամիսներին դառնում է գրեթե անանցանելի: Միակ ճանապարհը` Քելբաջարից Միր Բաշիր և դեպի Ադրբեջանի մյուս մասերը, անցնում էր Մարտակերտի շրջանով, որն արդեն ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ էր: Հակառակորդին մնում էր նահանջել լեռնային շրջանի կածաններով և Օմարով: Ադրբեջանական մոտ 200 հոգանոց զորախումբը փորձում է օգնության հասնել, սակայն Մարտակերտից Քելբաջարի ճակատ է տեղափոխված Սամվել Կարապետյանն իր զինվորներով ջախջախում է հակառակորդին: Քելբաջարի ռազմական գործողությունը` Սամվել Բաբայանի խոսքերով, իրականացվել է 4 ուղղություններով:

ԼՂ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերով՝ ղարաբաղյան ուժերը հնարավորություն ունեին շրջապատել ողջ շրջանը, կտրել բոլոր ճանապարհները և շրջափակման մեջ թողնել ինչպես Ադրբեջանի զինվորական ստորաբաժանումները, այնպես էլ՝ քաղաքական բնակչությանը: ՙՍակայն չարեցինք, քանի որ նպատակ չունեինք վնասելու խաղաղ բնակչությանը: Մենք արեցինք ամեն հնարավորը, որպեսզի խաղաղ բնակչությունը նորմալ կերպով տարհանվեր: Մենք նույնիսկ չէինք հրետակոծում այդ շրջանի տարածքում գտնվող ուղղաթիռները, որովհետև գիտեինք, որ դրանք խաղաղ բնակիչներ են փոխադրում: Թույլ տրվեց նաև լեռնանցքով անցնել մոտ 300 կանանց ու երեխաների այն ժամանակ, երբ մեր զինվորներն արդեն փակել էին լեռնանցքը՚:

Մինչեւ ապրիլի 5-ը վերահսկողության տակ վերցվեց Քելբաջարի շրջանը: Ադրբեջանական բանակը դիմադրություն ցույց չտվեց` հաճախ տարրալուծվելով բնակավայրերը լքող քաղաքացիական բնակչության մեջ: Քելբաջարի շուրջ 60 հազար բնակչության մեծամասնությանը հնարավորություն տրվեց հեռանալ հյուսիսային ուղղությամբ: Գերվեցին  80 բնակիչներ, 150 զինվորներ պատանդ վերցվեցին: Նրանց տեղափոխեցին Ստեփանակերտ` ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերի հետ փոխանակելու նպատակով:4

Քելբաջարի կորուստը խարխլում է Ադրբեջանի նախագահի և Ժողճակատի դիրքերը: Եթե Մութալիբովին իշխանությունից հեռացնելու հարցում Ժողճակատն օգտագործեց Խոջալուի ողբերգությունը, ապա կոմունիստական հին նոմենկլատուրան, որը համախմբվում էր Ալիևի շուրջը, Էլչիբեյին հեռացրեց իշխանությունից` շահարկելով Քելբաջարի կորուստն ու անհաջողությունները Մարտակերտում: Ապրիլի 12-ին Էլչիբեյը երկու ամսով արտակարգ դրություն հաստատելու հրամանագիր ստորագրեց, որով արգելվեցին ցույցերը եւ գործադուլները: Բաքվում հաստատվեց ռազմական դրություն: Էլչիբեյի գրասենյակը ներկայացրեց Քելբաջարի ՙհանձնման հիմնական պատճառները՚. ջոկատները ձախողել և չեն կարողացել կատարել քաղաքը պաշտպանելու զինվորական հրամանատարության առաջադրանքը, բարոյական և ռազմական պատրաստվածության աստիճանը շատ ցածր էր, ռազմական խմբավորումները հնարավոր չի եղել միավորել մեկ միասնական բանակի կազմում:

Պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը հիշում է. ՙԻմ վարչապետությունից հետո, մինչև պաշտպանության նախարար նշանակումը, մի փոքր ջոկատով գնացել էի Մարտակերտ, երբ շրջանը գրավել էին ադրբեջանցիները: Ես ճանապարհին տեսա այն, ինչ պատմել էր պապս, կարդացել էի գրքերում. գաղթի ճանապարհ, անտառներով մեր ժողովուրդը փախչելով հեռացել էր, ծառերի վրա սավաններ, երեխաների խաղալիքներ, չթաղված դիակների հոտ: Ես հասկացա, որ հնարավոր չէ Մարտակերտը պահել, եթե անգամ հետ ես վերցնում, քանի դեռ Քելբաջարը քոնը չէ՚:

Դեռ 1992-ի ամռանը Շահումյանում և Մարտակերտում անհաջողություններից հետո, ղարաբաղյան ուժերը Սամվել Բաբայանի հրամանատարությամբ ռազմական գործողությունները տեղափոխել էին Լաչինի ուղղություն` այդ ընթացքում որոշ չափով վերականգնելով դիրքերը Մարտակերտում. ՙՀակառակորդը սպասում էր, որ կշարունակենք խորանալ Մարտակերտի ուղղությամբ, բայց գործողությունների կենտրոնը տեղափոխեցինք Լաչին-Քելբաջար: Քելբաջարը փայլուն օպերացիա էր՚:

Միջազգային հանրության արձագանքը

Քելբաջարի գործողությունները համընկան Ժնեւում մարտի 31-ից ապրիլի 6-ն ընթացող ՙ5+1՚ ձևաչափով բանակցություններին: Դավիթ Շահնազարյանը հիշում է. ՙԻնձ համար ծանր վիճակ ստեղծվեց, ՙհնգյակն՚ ուզում էր դատապարտել: Բայց բանակցությունները լքեց Ադրբեջանի արտգործնախարարը, չնայած մյուս մասնակիցներն անընդհատ համոզում էին, որ լուրջ սխալ է հեռանալը: Թոֆիկ Ղասիմովը շատ լավ հասկանում էր, որ դա սխալ է, բայց նա հրահանգ էր ստացել Բաքվից՚:

Քելբաջարի գրավմանն առաջինը և ամենակոշտն արձագանքեց Անկարան: Ապրիլի 4-ին Թուրքիան կառավարական որոշումով փակեց Հայաստանի հետ սահմանը: Նախագահ Օզալն ապրիլի 6-ին Տաշքենդից դատապարտեց ՙհայերի ագրեսիան՚` հիշեցնելով, որ Ղարաբաղի հակամարտությունն արդեն վաղուց է դուրս եկել այդ տարածքի շրջանակներից և ՙԱդրբեջանի դեմ Հայաստանի անսքող ագրեսիայի բնույթ ստացել՚: Վարչապետ Դեմիրելը հայտարարեց, որ Թուրքիան ՙերբեք չի համաձայնի Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի մի մասի գրավմանը՚ և մտադիր է իրական քայլեր ձեռնարկել ՙագրեսիան սանձելու համար՚: Միջինասիական երկրներ շրջագայության ավարտին Օզալը ժամանեց Ադրբեջան: Ապրիլի 14-ին Բաքվից նա սպառնաց, որ Հայաստանը պետք է կամավոր զորքերը դուրս բերի Քելբաջարից, հակառակ դեպքում` նրանք ՙայնտեղից դուրս կբերվեն՚: Օզալը հայտարարեց, թե ՙհայերը դասեր չեն քաղել Անատոլիայում տեղի ունեցածից՚:

Թեհրանը պահանջեց, որ ՙհայկական զինված ուժերն ազատեն գրավված ադրբեջանական տարածքները՚: Դեսպան Վահան Բայբուրդյանը Քելբաջարի լուրը ստանում է Իրանի ԱԳՆ-ում. ՙՂարաբաղյան ուժերը վերահսկողության տակ էին վերցրել Քելբաջարը, ամեն ինչ թարմ էր, ինձ դեռ չէին տեղեկացրել: Դիվանագիտական էտիկետի մեջ այսպիսի բան կա. եթե ծանր խոսքեր են ասելու, դեսպանին դիմավորում են խոժոռված դեմքեր: Ինձ դիմավորողների դեմքերից հասկացա, որ ինչ-որ բան է կատարվել: Ինձ ընդունեց արտգործնախարարի տեղակալներից Մալեքին: Քելբաջարի գրավման առիթով բանավոր բողոք ներկայացրեց՚:

Որոշ ժամանակ անց Թեհրանի տարբեր համալսարանների ուսանողներ բողոքի ցույց են կազմակերպում Իրանում Հայաստանի դեսպանության շենքի դիմաց` ՙդատապարտելով հայկական ագրեսիան եւ պահանջելով անհապաղ հայկական ուժերի դուրսբերումն Ադրբեջանի տարածքից՚: Դեսպան Բայբուրդյանը շարունակում է. ՙԱհռելի մի ամբոխ շարժվեց դեպի դեսպանություն: ՙԿորչի հայկական ֆաշիզմը՚, ՙԿորչեք օկուպանտներ՚ և նման կոչերով հանրահավաք կազմակերպվեց: Իրանական ոստիկանությունն անմիջապես ժամանեց, բայց քայլարշավն ու հանրահավաքն այնքան հախուռն և թափով էր, որ ոստիկանությունը գլուխ չհանեց: Ամբոխը սկսեց դեսպանատան վրա քարեր, բենզինով լի շշեր նետել, փորձում էին դեսպանատան դռները ջարդել: Իրանի կառավարությունը բերեց ՙԿոմանդոս՚ տեսակի զորքեր, եւ ամբոխը ցրվեց՚:

Հաջորդ օրը` ապրիլի 14-ին, Վահան Փափազյանն արտգործնախարարություն է հրավիրում Երևանում Իրանի գործերի հավատարմատար Ահմադ Սոբհանիին և միջադեպի կապակցությամբ պահանջում բացատրություն: Դեսպան Բայբուրդյանը խորհրդատվության նպատակով կանչվում է Երևան. ՙՄենք մեկ շաբաթով իջեցրինք դեսպանության դրոշը, ես վերադարձա Երևան: Դրանից հետո Երևանում Իրանի դեսպանությունը խնդրեց, որ վերադառնամ, և միջադեպը համարվեց հարթված՚:

Իրանի կրոնապետ այաթոլլա Ալի Խամենենին 1993թ. հուլիսի վերջերին այցելում է Թավրիզ և  հայտարարում, որ Իրանն անտարբեր չի մնա ադրբեջանական տարածքների հանդեպ հետագա ոտնձգությունների նկատմամբ. ՙՀայաստանի կառավարությունը և Ղարաբաղի հայերը ճնշում են մահմեդականներին, և մենք դատապարտում ենք Ղարաբաղի հայերի վերջին գործողությունները, որոնք վայելում են Հայաստանի կառավարության օժանդակությունը՚:

ԱՄՆ պետքարտուղար Քրիստոֆերն ապրիլի 6-ին հայկական ուժերից պահանջեց ՙանհապաղ և  ամբողջապես հեռանալ Քելբաջարի տարածքից՚: Մոսկվայի արձագանքը շատ ավելի զուսպ էր, սակայն, թվում է, Ռուսաստանը ձգտում էր ղարաբաղյան ուժերի դուրսբերմանը Քելբաջարից: Ապրիլի 8-ին Ելցինը նամակով դիմում է Տեր-Պետրոսյանին և Էլչիբեյին` ղարաբաղյան կարգավորման միջնորդության առաջարկով: Մոսկվայում ապրիլի 10-16-ն Ադրբեջանի, ԼՂ-ի և Հայաստանի ներկայացուցիչների միջևտեղի ունեցան խորհրդատվություններ: Անդրեյ Կոզիրևը կողմերին առաջարկեց ապրիլի 13-ից մեկ շաբաթով դադարեցնել բոլոր հարձակողական գործողությունները: Ստեփանակերտը և Երևանը համաձայնություն տվեցին, Բաքուն մեկ օր ժամանակ խնդրեց, ապա հրաժարվեց կրակի դադարեցումից:

Ջոն Մարեսկան ապրիլի 29-30-ը Մոսկվայում հանդիպում է ռուս և թուրք բանագնացների հետ: Ռուսաստանի նախագահի ապրիլի 8-ի նախաձեռնության հիմքով կողմերին առաջարկվում է ՙԱնհետաձգելի միջոցառումների ժամանակացույց՚, որը ենթադրում էր ռազմական գործողությունների դադարեցում 60 օրով: Ըստ այդ ժամանակացույցի` մինչևմայիսի 7-ը հայկական ուժերը պետք է դուրս բերվեին Քելբաջարից, մայիսի 12-ից կրակը դադարեցվեր 60 օրով, ապա  Ռուսաստանի, Թուրքիայի և  ԱՄՆ-ի հովանավորությամբ Ժնեւում անցկացվեին բանակցություններ, ավելի ուշ` բանակցությունները վերսկսվեին Մինսկի խմբի շրջանակներում:

Կազիմիրովը հետագայում գրեց, որ կողմերը պատրաստվում էին կրակի դադարեցման համաձայնագրի նախագիծ, ինչը թույլ կտար Քելբաջարը վերադարձնել խաղաղ ճանապարհով: Սակայն Բաքուն Մոսկվայից հետ կանչեց Հիքմեթ Հաջիզադեին, թեև վերջինս ուներ Էլչիբեյի գրավոր լիազորությունը:

1997թ. նոյեմբերի 1-ին հայկական թերթերում Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածի հրապարակումից հետո ԼՂՀ ԱԳՆ-ն հարկ համարեց որոշ պարզաբանումներ տալ Հայաստանի նախագահի այն գնահատականներին և մեկնաբանություններին, որոնք անմիջապես շոշափում են ԼՂ ղեկավարության դիրքորոշումը: Մասնավորապես. ՙ1993թ. Հայաստանի կողմից ճնշում է գործադրվել (և այդ մասին ստիպված ենք հայտարարել առաջին անգամ) Քելբաջարից ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումներն անհապաղ դուրս բերելու նպատակով՚:

Սամվել Բաբայանը ևս հաստատում է, որ Երևանից ճնշում, որ հետ տրվի Քելբաջարը` Ադրբեջանի ռազմական գործողությունների դադարեցման դիմաց: ՙԴա եղել է ռուսական կողմի առաջարկը: Գորիսում այդ հարցով տեղի է ունեցել հանդիպում: Գեորգի Պետրոսյանը սեղանի շուրջ համաձայնել է այդ տարբերակին, բայց հետո թաքուն հեռացել: Տեր-Պետրոսյանը դրանից մի քանի օր անց եկավ Արցախ, որին հետևեց Պետրոսյանի հեռացումը: Ես մասնակցել եմ այդ հանդիպմանը և հարցը դրել եմ այսպես. եթե Հայաստանը գտնում է, որ այս փուլում պետք է նման քաղաքական քայլ կատարել, մենք համաձայն ենք, եթե դրանով վերջ կդրվի արյունահեղությանը: Պայման ենք առաջ քաշել, որ ռուսական կողմը մեզ տրամադրի որոշակի քանակությամբ զենք և զինամթերք. այդ քանակը ես եմ ներկայացրել: Մինչդեռ թղթի վրա էին մեզ անվտանգություն խոստանում: Այդ ամենից հետո Քելբաջարի հարցն օրակարգից հանվել է՚:

Պատրա՞ստ էր արդյոք հայկական կողմը հետ տալ Քելբաջարը և ինչի՞ դիմաց:

Ժիրայր Լիպարիտյան. ՙՔելբաջարը բարդ խնդիրների մեջ բաղադրիչներից մեկն էր, հետևաբար` դժվար է այդ հարցը զբաղեցրած մյուս տարածքներից և Ղարաբաղի անվտանգությունից առանձին քննարկել՚:

Դավիթ Շահնազարյան. ՙՔելբաջարից հետո Ադրբեջանում անկայունություն էր, եղավ իշխանափոխություն, այսինքն` չէր էլ կարող նման հարց քննարկվել: Բանակցող չկար, նույնիսկ միջնորդները չգիտեին` այդ պահին ո՞ւմ հետ բանակցել: Քելբաջարից հետո ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունեց թիվ 822 բանաձևը, որում, ինչպես և հետագա բանաձևերում, Հայաստանի նկատմամբ պահանջ չկար, բացի այն, որ Երևանը պետք է օգտագործեր իր ազդեցությունը Ստեփանակերտի վրա: Քելբաջարը լուրջ բեկում մտցրեց, որովհետև Շուշիից և Լաչինից հետո ադրբեջանական բանակին հաջողվել էր զավթել նախկին ԼՂԻՄ-ի տարածքի գրեթե կեսը: Քելբաջարը ռազմական իմաստով չափազանց կարևոր էր, ճակատային գիծն էապես կրճատվեց, ինչը չափազանց կարևոր էր՚:

Վահան Փափազյան. ՙԿասեմ` ոչ, որովհետև դա անվտանգության խնդիր էր թե’ Հայաստանի, թե’ ԼՂ-ի համար: Վերադարձնել Քելբաջարն այն ժամանակ, ինչպես և այսօր, նշանակում էր ուղղակիորեն վտանգել ԼՂ-ի և Հայաստանի ազգաբնակչությանը սահմանակից շրջաններում: Այն ժամանակ բանակցություններում որևէ հարցադրման երբեւէ հայկական կողմը չի ասել կտրուկ ՙոչ՚: ՙՏեսնենք, գուցե, հնարավոր է, չի բացառվում՚,- սա է եղել մոտեցումը: Հնարավոր է` բանակցություններին մասնակցած որևէ մեկն ակնարկների ձևով ասած լինի, որ գուցե չի բացառվում: Բայց դա պրակտիկ քայլերի չէր կարող բերել, որովհետև Քելբաջարի գրավումը մեկ հիմնական նպատակ էր հետապնդում. խլացնել այն կրակակետերը, որտեղից հարվածում էին թե’ Ղարաբաղին, թե’ Հայաստանին՚:

Վլադիմիր Ստուպիշինը իր հուշերում գրում է, որ Տեր-Պետրոսյանը Անկարայից վերադառնալուց հետո, որտեղ մասնակցել էր Օզալի թաղմանը, հանդիպել Դեմիրելի ու Էլչիբեյի հետ, արդեն Երևանում` Հայաստանում հավատարմագրված դեսպանների համար, ամփոփել է բանակցությունների էությունը: ՙԲոլոր հարցերը լուծվում են համալիր` փաթեթով, ընդ որում ո’չ Հայաստանը, ո’չ ԼՂՀ-ն չեն հրաժարվում քննարկել Քելբաջարից ղարաբաղյան զորքերի դուրսբերումը, բայց որոշումը հնարավոր է միայն այլ միջոցառումների հետ միասին, այդ թվում` կրակի դադարեցում, ԼՂ բնակչության անվտանգության միջազգային երաշխիքներ, բոլոր շրջափակումների վերացում, բանակցություններում ԼՂ  ներակայացուցիչների ինքնուրույն մասնակցություն՚:

Քելբաջարը հետ տալու և Ղարաբաղի հարցն ընդհանրապես հետագայում դարձավ Հայաստանում ներքաղաքական շահարկումների առարկա, թեև ինչպես նախագահ Տեր-Պետրոսյանի, այնպես էլ Քոչարյանի ժամանակ միջնորդների ներկայացրած կարգավորման առաջարկություններում հստակ գրված էր, որ Քելբաջարը հինգ այլ շրջանների հետ պետք է վերադարձվեն Ադրբեջանին, և այդ փաստաթղթերը, որպես բանակցությունների հիմք, ընդունելի են եղել Հայաստանի և’ առաջին, և’ հետագա նախագահների համար: Անշուշտ, կարևոր է, թե ինչի՞ դիմաց է վերադարձվում` խաղաղությա՞ն, ԼՂ կարգավիճակի՞, թե՞ այլ խոստման:

Անվտանգության խորհրդի թիվ 822 բանաձևը

1993թ. ապրիլի 30-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունում է ղարաբաղյան հարցով չորս բանաձևերից առաջինը` թիվ 822-ը, որում մտահոգությամբ նշում էր ռազմական գործողությունների ծավալումը, մասնավորապես` ՙտեղական հայկական ուժերի վերջին ներխուժումն Ադրբեջանի Քելբաջարի շրջան, մեծ քանակությամբ քաղաքացիական անձանց տեղահանությունը՚: Բանաձև ը պահանջում էր ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցում, Քելբաջարից ՙտեղական հայկական ուժերի դուրսբերում՚:

Մեկ տարի առաջ, երբ ղարաբաղյան ուժերը վերահսկողության տակ էին առել Լաչինը` ապահովելով Հայաստան-ԼՂ ցամաքային կապը, ՄԱԿ-ը ձեռնպահ էր մնացել բանաձև  ընդունելուց: Ալեքսանդր Արզումանյանն արտառոց բան չի տեսնում. ՄԱԿ-ի ԱԽ երկրները գիտակցում էին, որ ԼՂ ժողովուրդն իր տարածքում ապահով կյանքի իրավունք ունի: ՙԵրբ ռազմական գործողություններն ընթանում էին բուն ԼՂ տարածքում, ԱԽ-ն բանաձև  չէր ընդունում, գիտակցում էր, որ առանց Լաչինի միջանցքի ձևավորման հնարավոր չէ արցախահայության գոյատեւումը: Երբ Ադրբեջանը փորձեց ուժով լուծել հարցը և գրավեց Մարտակերտի զգալի մասը, մենք դիմեցինք ԱԽ, քայլ չարվեց: Տրամաբանությունը հետևյալն էր. հակամարտությունն ընթանում է, որ կողմը հաղթող կլինի, փաստը կընդունվի: Բայց երբ արդեն ծավալվեցին ռազմական գործողությունները և դուրս եկան հակամարտության իրենց պատկերացրած սահմաններից, սկսվեց բանաձևերի հոսքը` Քելբաջար, Աղդամ, Ֆիզուլի, Ղուբաթլու, Ջեբրայիլ, Զանգելան, որոնք չէին ընկալվում հակամարտության անհրաժեշտ գործոններ՚:

Չնայած Ադրբեջանն ինքն էր թիվ 822 բանաձևի ընդունման նախաձեռնողը` հենց Քելբաջարի կորուստի հիմքով, սակայն պարզվեց, որ Բաքվի համար անընդունելի էր դրա ամբողջական իրականացումը: Կազիմիրովն այսպես է բացատրում. ՙՈրովհետեւ Մարեսկայի բանաձևը բավարարում էր ադրբեջանցիներին. հետ ստանալ Քելբաջարը, բայց ոչ թե ռազմական գործողությունների վերջնական դադարեցման դիմաց, այլ ինչ-որ ժամանակավոր դադարի: Իսկ մեր պահանջն էր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը: Դա Ադրբեջանին այնքան էլ չէր բավարարում: Այսինքն, նրանք առանց ռազմական ջանքերի, քաղաքական միջոցներով ուզում էին ստանալ Քելբաջարը՚:

Երբ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան և Մինսկի խորհրդաժողովի նախագահը կողմերին առաջարկեցին հաստատել թիվ 822 բանաձև ի կատարման պատրաստակամությունը, Երևանը և  Ստեփանակերտը դրական արձագանքեցին, իսկ Բաքուն պատասխան չտվեց այն բանաձևի կատարմանը, որը նրա նախաձեռնությամբ էր ընդունվել և որը, թվում էր, նրանց բավարարում էր: ՙՆյու Յորքում բանաձևի ընդունումից մի քանի ժամ առաջ Մոսկվայում Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Թուրքիան համաձայնեցրել էին փոխզիջումային առաջարկություն, որը, Քելբաջարից հայերի հեռանալու դիմաց նախատեսում էր բանակցությունների վերսկսում նախ նեղ` ՙ5+1՚ կազմով, ապա` Մինսկի խմբում, և  ռազմական գործողությունների դադարեցում 60 օրով: Թիվ 822 բանաձևն ավելի արմատական էր. պահանջում է բոլոր ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցում՚,- ասում է Կազիմիրովը:

Անվտանգության խորհուրդը, ինչպես որևէ բազմակողմ դիվանագիտություն իրականացնող կազմակերպություն, չէր կարող հակամարտության մեկ կամ մյուս կողմի համար լիովին ընդունելի բանաձև ներկայացնել: Բանաձևերը լինում են կոնսենսուսային, դրական տարրեր են պարունակում թե’ մեկ, թե’ մյուս կողմի համար: ՙԱյդ տարրերից Ադրբեջանը պատկերացնում էր անհապաղ զորքերի դուրսբերումը: Բանաձևերում դրան նախորդող մի շարք այլ պայմաններ կային` զինադադարի ստորագրում, թշնամական ակտերի դադարեցում, բանակցությունների վերսկսում: Բանաձև ը պետք է իրականացվի կա’մ ամբողջությամբ, կա’մ չի կարող իրականացվել միայն այս կամ այն տարրը՚,- ասում է Արզումանյանը:

Մայիսի կեսերին Մոսկվայում Կազիմիրովը, Մարեսկան, Վուրալը և Ռաֆայելլին կազմում են նոր փաթեթ: Ադրբեջանը և Հայաստանը դրական պատասխան են տալիս, մինչդեռ ԼՂ-ը պնդում է թիվ 822-ի կատարումը:

Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ թեև նորացված փաթեթը տալիս է խաղաղության պայմաններ ստեղծելու առաջին լուրջ հնարավորությունը և հնարավոր դարձնում բանակցությունների միջոցով ԼՂ  հարցի խաղաղ կարգավորումը, մյուս կողմից սակայն ՙնախաձեռնությունը տեղիք է տալիս որոշ մտահոգությունների, որոնք վերաբերում են ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքներին: Հայաստանը լիովին համոզված չէ, որ Ադրբեջանը վերջնականապես հրաժարվել է ԼՂ հարցին ռազմական լուծում տալու իր քաղաքականությունից՚:

Ստեփանակերտը բացասական պատասխան է տալիս, քանի որ ռուս-թուրք-ամերիկյան նախաձեռնությանը չէր ապահովում ԼՂ բնակչության անվտանգությունը: Քոչարյանն ընդգծում է, որ խաղաղության հաստատումը չպետք է իրականացվի Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների ոտնահարման հաշվին:

Հունիսի 3-4-ը Հռոմում Մինսկի խումբը կողմերին փոխանցվում է ՙՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 822 բանաձևի իրականացման անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցը՚: Հակասությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջևակնհայտ էին: Կազիմիրովը պնդում էր` առաջնայինը ոչ թե ժամանակացույցերի, այլ բանաձևի կատարումն է. ՙՄարեսկան կտրականապես դեմ էր: Նա ասում է, թե իբր ԱԽ-ում չեն հասկանում (ղարաբաղյան հարցի մանրամասները), իսկ ես փաստարկում էի ԱԽ-ի հեղինակությունը, լիազորությունները: Նա երկար դիմադրում էր: Այսպիսով` հայտնվում է ՙ822 բանաձև ի կատարման անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցը՚: ՄԱԿ-ի բանաձև ում հստակ դրված է կրակի դադարեցման հարցը, ապա միայն` գրավված տարածքների ազատումը: Ժամանակացույցում հստակություն չկա, որ կրակը դադարեցվում է վերջնական: Ադրբեջանը կողմ էր ժամանակացույցին, ոչ թե` բանաձևին՚:

Տարաձայնություններ Երևանի և Ստեփանակերտի միջեւ

Հրապարակավ Երևանը և Ստեփանակերտը տարբեր դիրքորոշումներ ընդունեցին ժամանակացույցի վերաբերյալ: Սա խա՞ղ էր, թե՞ իրավամբ տարբերություններ կային Հայաստանի և ԼՂ-ի ընկալումներում: Փափազյանը պատասխանում է` երկուսն էլ: Նախնական պայմանավորվածություններ էին լինում Հայաստանի և ԼՂ-ի միջեւ, որ բանակցություններում Ստեփանակերտի դիրքորոշումը կլինի ավելի կոշտ, ինչը շատ բնական է: ՙԲայց կային նաև իրական հակասություններ և չէին կարող չլինել: Մեկ պարզ ձևակերպում կտամ. Հայաստանի որևէ իշխանություն պատասխանատու է Հայաստանի, նրա բնակչության, ԼՂՀ ու նրա բնակչության ու նաև Ջավախքի և  նման համայնքների անվտանգության համար: Մինչդեռ ԼՂ իշխանությունն իրեն պատասխանատու է զգում միայն ԼՂ բնակչության անվտանգության համար: Նա չունի զգացողություն, որ պատասխանատու է նաև Հայաստանի համար: Սա շատ բնական է, այստեղ պետք չէ փնտրել մարդկային տեսակի կամ որակների տարբերություններ: Ժամանակին Միլոշեւիչը պատասխանատու էր Սերբիա-Չեռնոգորիայի, Բոսնիա-Հերցեգովինայի սերբական հատվածի և Կրաինայի սերբերի, իսկ Բոսնիա-Հերցեգովինայի և Կրաինայի սերբերն ամենևին իրենց պատասխանատու չէին զգում Սերբիայի համար՚,- ասում է Փափազյանը:

ՙԲանակցություններում Ղարաբաղի դիրքորոշումների վրա ի՞նչ չափով են ազդում Երևանից, ձեզ վրա ճնշում գործադրվո՞ւմ է՚,- ռուս լրագրողի հարցին Քոչարյանը պատասխանել է. ՙԵթե ճնշում լինում է, ապա հօգուտ զիջումների անհրաժեշտության: Դա որոշ չափով նման է Բելգրադի և Բոսնիայում Սերբիայի Հանրապետության փոխհարաբերություններին: Ես ձգտում եմ հիմնավորված պահպանել մեր գիծը և միաժամանակ բնական հարաբերություններ ունենալ Հայաստանի ղեկավարության հետ: Ոչ միշտ է դա հաջողվում: Բայց ԼՂՀ-ի դեմ իրական պատժամիջոցներն օբյեկտիվորեն են դժվար: Եթե ինչ-ինչ դրդապատճառներով պաշտոնական Երևանն ընդունի նման որոշում, ստիպված կլինի լուրջ պատասխան տալ ժողովրդին՚:

Լիպարիտյանի ասելով` 1992-1993թթ. սկզբունքային հարցերում Երև անի և Ստեփանակերտի միջևկար ընդհանուր համաձայնություն. ՙՈրոշ տարակարծություններ կային մարտավարական հարցերում: Հնարավոր է` մարտավարական հարցերում առկա տարակարծությունները տարբեր մոտեցումների ավելի խորն արտահայտությունն էին: Ստեփանակերտն ուներ օրակարգի մեկ` ԼՂ  հարցը. մյուս բոլոր հարցերում նա պետք է հենվեր Հայաստանի վրա: Երևանն ուներ օրակարգերի ամբողջ ցանկ. նա միջազգայնորեն ճանաչված պետություն էր, պատասխանատվություն էր կրում և’ իր, և’ ԼՂ-ի համար՚:

Դավիթ Շահնազարյանը ՙհակասություններ՚ բառի փոխարեն նախընտրում է օգտագործել ՙդիրքորոշումների տարբերություն՚ ձևակերպումը. ՙՀայաստանի և ԼՂ-ի միջև ռազմավարական հարցերում տարաձայնություններ երբեք չեն եղել, Ստեփանակերտի իշխանություններն ամբողջովին ոչ միայն համաձայն էին, այլև պաշտպանում էին Երևանի քաղաքականությունը՚:

Վարդան Օսկանյանը բանակցություններում հայկական կողմից վետերան դիվանագետն է, ներգրավված է 1993 թվականից: Նա նկատում է, որ մինչև1997թ. ՙփուլային՚ առաջարկությունը, ճիշտ է, կարող էին մոտեցումների տարբերություններ լինել Երևանի ու Ստեփանակերտի միջեւ, բայց դա երբեք չէր կոնկրետացել, չէր սրվել: ՙՄիայն փուլային առաջարկությունից հետո, երբ Հայաստանն ասաց, որ -դա ընդունելի է իր համար, իսկ ԼՂ-ն` որ ընդունելի չէ, այդ ժամանակ էր, որ սրվեցին հարաբերությունները: Ադ հակասություններն Անվտանգության խորհրդի նիստում 1998թ. (հունվար) բախվեցին, և դրա արդյունքում եղավ այն, ինչ որ եղավ: Հրաժարականի պատճառներից մեկն էլ, ենթադրվում է, որ այդ խնդիրն էր: Կարող եմ սխալվել, բայց կուտակված այլ խնդիրներ կային, որոնցից Ղարաբաղը միայն մեկն էր: Ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ միայն ու միայն Ղարաբաղի հարցի պատճառով էր, որ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց՚,- ասում է Օսկանյանը:

Հատված Թաթուլ Հակոբյանի ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ գրքից

Արցախյան օրագիր. Կանաչ ու սևԿանաչ ու սև փաստավավերագրական իրապատումը լրացրեց և հարստացրեց արցախյան գոյամարտի պատմության գանձարանը: Հեղինակին հաջողվել է հակամարտության հենքին ուրվագծել պատերազմի բերած արհավիրքների, զինված առճակատման հանգուցալուծման ուղու որոնումների, դրա հետ կապված միջազգային ջանքերի, մարդկանց հույսերի ու հուսախաբությունների ողջ համայնապատկերը: Հեղինակին հաջողվել է արդար և անկողմնակալ ներկայացնել այս կարեւորագույն խնդիրը, որը հասարակական քննարկումներում հաճախ շահարկումների է ենթարկվել: Գրքի հերոսները միայն հայտնի քաղաքական գործիչներ չեն: Հակամարտությունն անողոք է եղել նաև հազարավոր սովորական մարդկանց ճակատագրերի հանդեպ և նրանց կրած փորձություններն ընդգծում են այն անձանց պատասխանատվությունը, որոնցից կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դրա մասին է մեզ կրկին հիշեցնում հեղինակը, և հենց այդ պատճառով գրքին կարելի է տալ ևս մեկ բնորոշում` փաստավավերագրություն, որն անցել է սրտի միջով:

Փափուկ կազմ, 520 էջ,
լեզուն՝ արևելահայերեն,
երրորդ հրատարակություն,
2011, Երևան, Անտարես,
ISBN 978-9939-51-146-7