Արթուր Մկրտչյան. In Memoriam

14027

Լևոն Տեր-Պետրոսյանը, Գերագույն խորհրդի նախագահությունը և կառավարությունը հայտարարեցին, որ “խոր կսկիծով են ընդունել Արթուր Մկրտչյանի սպանության գույժը”: Կատարվածը որակվում էր “չարանենգ սպանություն”:

Հայաստանում, ԼՂ-ում և Ադրբեջանում 1990-1992թթ. իշխանության էին երեք տարբեր գաղափարախոսություններ կրող ուժեր: Եթե Ադրբեջանում կոմունիստները եւ նախագահ Այազ Մութալիբովը իշխանությունը կարողացան պահել մինչև1992թ. գարունը, ապա Հայաստանում` սկսած 1990թ. օգոստոսից երկրի կառավարումն իրականացնում էր ՀՀՇ-ն: Չճանաչված, սակայն ինքնուրույն ռազմաքաղաքական միավոր ԼՂ-ում վիճակն այլ էր: 1991թ. դեկտեմբերի 28-ին կայացած խորհրդարանական ընտրությունները իշխանության էր բերել Դաշնակցությունը, որի հետ ՀՀՇ-ն և Տեր-Պետրոսյանը ունեին լուրջ տարաձայնություններ: Մինչև 92-ի օգոստոս, ըստ էության, ԼՂ-ում երկիշխանություն էր. Գերագույն խորհրդի նախագահությունը դաշնակցական էր, իսկ գործադիր իշխանությունում նրանք էին, ովքեր համագործակցում էին Երևանի հետ, Տեր-Պետրոսյանի խոսքերով` “ՀՀՇ-ի տեղական ցանցը” (Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան):

1992թ. հունվարի 6-ին տեղի էր ունեցել ԼՂ խորհրդարանի առաջին նիստը, ընդունվել ԼՂՀ պետական անկախության հռչակագիր: Հունվարի 8-ի նիստում Գերագույն խորհրդի նախագահ էր ընտրվել 33-ամյա Արթուր Մկրտչյանը, տեղակալ` Գեորգի Պետրոսյանը: Վարչապետի պաշտոնում հաստատվել էր Օլեգ Եսայանը:

Սամվել Շահմուրադյանի օրագրում կարդում ենք. “Երեկ (հունվարի 7-ին) սկսվեցին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունները: Բոլորն ինքնաբացարկ հայտնեցին, մնացին Լեոնարդ Պետրոսյանը և Արթուր Մկրտչյանը: Արթուրը, շատերի համար անսպասելի, կտրուկ առաջ անցավ և քիչ էր մնում, որ հաղթի: Այսօր (հունվարի 8-ին) մնում են Արթուր Մկրտչյանը, Ռոբերտ Քոչարյանը և Վագիֆ Գալստյանը: Պարզ է, որ հաջորդ փուլ կանցնեն Արթուրն ու Ռոբերտը: Քոչարյանն ասաց, որ քանի որ Հայաստանի ղեկավարության և ՀՅԴ-ի միջև լուրջ հակասություններ կան, Արցախում դաշնակցական նախագահ ընտրելը ցանկալի չէ, Հայաստանի և ԼՂՀ գործողությունները կարող են դառնալ անհամահունչ: Վաղը, ավելացրեց Քոչարյանը, եթե Հայաստանում իշխանության գան դաշնակցականները, ես ինքս, ՀՀՇ վարչության անդամ լինելով՝ առաջինը կոչ կանեմ, որ Արցախում նախագահ ընտրվի դաշնակցության անդամ”:

Մկրտչյանի ընտրությունը շատերի համար անսպասելի էր: Առաջին խորհրդարանի պատգամավորներից Մուրադ Պետրոսյանը հիշում է. “Ոչ ոք կասկածի տակ չէր դնում, որ նախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի Քոչարյանը, որին, ամեն ինչից բացի, աջակցում էր պաշտոնական Երևանը: Բայց Ռոբերտը մինչև նիստն սկսվելը հայտարարում է. “Նախագահի պաշտոնի համար քվեարկվելու է Լեոնարդ Պետրոսյանը”: Ինչքան էլ որ նրան բացատրեցինք, որ “Լեոնարդը չի անցնի”, անօգուտ եղավ: Մեր կանխագուշակումը հաստատվեց. Պետրոսյանն ընդամենը 8 ձայն հավաքեց: Քոչարյանն ու շատերը շոկի մեջ էին ոչ միայն Մկրտչյանի սենսացիոն ընտրությունից: Պարզվեց, որ խորհրդարանի պատգամավորների կեսը Դաշնակցության անդամներ են”:

Նախագահի ընտրությունից հետո եկել էր վարչապետի հարցը: Նիստից առաջ հավաքվում են Պոլյանիչկոյի ժամանակներում ստեղծված և ընդհատակում գործած Համակարգող խորհրդի անդամները. Դաշնակցությունից` Ժաննա Գալստյան, Վալերի Բալայան, Գեորգի Պետրոսյան և Տեր-Պետրոսյանի աջակցությունը վայելող խումբը` Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Մուրադ Պետրոսյան, ինչպես նաև եկեղեցու ներկայացուցիչը` Արցախի թեմի առաջնորդ Պարգև  արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

“Քոչարյանը երբեք չէր գնա նման կոլեգիալ մարմնի ստեղծման, եթե կարիքը չլիներ: Դաշնակցականներն Արցախում 1990թ. վերջից ռազմական ու քաղաքական մեծ ուժ էին ներկայացնում, այս կամ այն հիմնախնդրի վերաբերյալ տարընթերցություններից խուսափելու համար պետք էր մի մարմին, որտեղ նախօրոք քննարկվեին սկզբունքային նշանակություն ունեցող հարցերը… Վարչապետի  պաշտոնի համար Քոչարյանն ու Սարգսյանն առաջարկեցին Եսայանի, ես` Առուշանյանի թեկնածությունը: Դաշնակցականները ողջամիտ եղան, ԼՂ-ում բարձրագույն պաշտոնը “զավթելուց” էյֆորիայի մեջ չընկան և որոշեցին չձգտել իր նշանակությամբ երկրորդ պաշտոնը ձեռք գցելուն` այն թողնելով քոչարյանական թևի հայեցողությանը: Ժաննա Գալստյանը փոխզիջումային տարբերակ առաջարկեց. Եսայանը` վարչապետ, Առուշանյանը` առաջին տեղակալ”,- գրում է Մուրադ Պետրոսյանը:

Գերագույն խորհրդի նախագահությունն ակնհայտ մեծամասնությամբ դաշնակցական է ստացվում: Տեղակալի պաշտոնում ևս ընտրվում է այդ կուսակցության անդամ Գեորգի Պետրոսյանը: ՀՅԴ-ն շատ էր ուզում, որ առաջին տեղակալի աթոռը զբաղեցնի Քոչարյանը: “Նա կտրականապես մերժեց. “Ես երբեք Արթուր Մկրտչյանի տեղակալ չեմ դառնա”: Երկու օր շարունակ Քոչարյանին համոզում էինք, որ բարեհաճի զբաղեցնել նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Մենք մտահոգված էինք Ղարաբաղյան շարժման մեջ միասնության պահպանմամբ, որն արհեստականորեն պառակտում էին ՀՅԴ և ՀՀՇ ղեկավարները` իրենց կուսակցական շահերը հետապնդելով: Այնուամենայնիվ, համատեղ ջանքերով երրորդ օրը Քոչարյանի դիմադրությունը կոտրվեց”:,- գրում է Պետրոսյանը:

Սակայն Գերագույն խորհրդի անդամները Քոչարյանին “դեմ” են քվեարկում: Լեռնային Ղարաբաղի առաջին խորհրդարանի գոյության ամբողջ ժամկետի ընթացքում նախագահի առաջին տեղակալի պաշտոնը մնում է թափուր: 1992-ի ապրիլի 14-ին Արթուր Մկրտչյանի` իր բնակարանում խորհրդավոր պայմաններում ողբերգական մահից (սպանությունից) հետո, քանի որ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալի աթոռը թափուր էր, նախագահի պարտավորությունները ստանձնում է Գեորգի Պետրոսյանը:

Հայաստանի ղեկավարը, Գերագույն խորհրդի նախագահությունը և կառավարությունը հայտարարեցին, որ “խոր կսկիծով են ընդունել Արթուր Մկրտչյանի սպանության գույժը”: Կատարվածը որակվում էր “չարանենգ սպանություն”, որը “նպատակ ունի ջլատել ազգային-ազատագրական պայքարի ելած ժողովրդի ուժերը, խուճապ սերմանե”: Նախագահ Տեր-Պետրոսյանի հրամանագրով ապրիլի 17-ին Հայաստանում սուգ հայտարարվեց: Առաջին անգամ երրորդ հանրապետությունում իջեցվեց պետական դրոշը:

Մկրտչյանի ողբերգական մահվանն անդրադարձան նաև խոշոր պետությունները: Սպանության կապակցությամբ ցավ հայտնեցին Միացյալ Նահանգները և Ֆրանսիան: Ռուսաստանի արտգործնախարարությանն անհանգստացրել էր “անհայտ անձանց” կողմից իրականացված սպանությունը. “Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է այդ տմարդի ակտը, որը նոր ողբերգական օղակ դարձավ ԼՂ ադրբեջանցի և հայազգի բնակչության անմիտ զոհերի շղթայում”:

Արթուր Մկրտչյանի մահից (սպանությունից) հետո ներիշխանական հակասությունները չհարթվեցին:

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ գրքից