Ադրբեջանի անօդաչուների զինանոցում Իսրայելը հեղափոխություն է կատարել. The Jerusalem Post

1453

22 հուլիս, 2020, 16:44, ՍԻՎԻԼՆԵԹ

The Jerusalem Post-ը հարցականի տակ է դնում իսրայելական դրոններ խփելու մասին Հայաստանի պնդումները

Իսրայելական Jerusalem Post թերթն անդրադարձել է հայ-ադրբեջանական վերջին բախումների ժամանակ հայկական կողմից իսրայելական արտադրության ադրբեջանական դրոններ խոցելու թեմային։ Թերթը կասկածի տակ է դնում իսրայելական դրոնները խոցելու հայկական կողմի պնդումները, նշելով, թե Հայաստանը ամբողջ պատմությունը չի պատմում։ Հոդվածը, որը վերնագրված է «Իսրայելը հեղափոխություն է կատարել Ադրբեջանի անօդաչուների զինանոցում։ Արդյոք զենքն աշխատո՞ւմ է», թարգմանաբար ներկայացված է ստորև։ Հոդվածի հեղինակը Սեթ Ֆրանցմանն է (SETH J. FRANTZMAN):

Երեքշաբթի Հայաստանը ցուցահանդես էր կազմակերպել։ Դա այնքան էլ սովորական ցուցահանդես չէր. այն նվիրված էր անօդաչու թռչող սարքերի (դրոններ) այն կտորներին, որոնք, ինչպես ասում է Հայաստանը, խոցել կամ խլել է Ադրբեջանից վերջերս տեղի ունեցած բախման ժամանակ։

Կտորների թվում էին բազմաթիվ դրոններ, որոնցից շատերը սոցիալական ցանցերի օգտատերերը նույնականացնում են որպես իսրայելական։ Դրոնները կարևոր դեր են խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած բախումներում։ Դրանք Ադրբեջանի կողմից օգտագործվել են հայկական դիրքերը թիրախավորելու համար, և դրանցից որոշները կործանվել են երկու կողմում էլ։

Սակայն դրոնների և պաշտպանական ընկերությունների արտահանման ստվերային աշխարհում դժվար խնդիր է որոշելը, թե որտեղից են հայտնվել և որքան են խոցվել դրանք:

Հայաստանն առաջին անգամ չէ, որ հայտարարում է Ադրբեջանի կողմից իսրայելական դրոների օգտագործման մասին: 2016-ին ThunderboltB անօդաչուն ընկել կամ խոցվել էր Լեռնային Ղարաբաղում, հայտնում է Flight Global կայքը։ Այժմ նորությունն այն է, որ վերջին գործողության ընթացքում խփված կամ օգտագործվող դրոնների լուսանկարները հրապարակվում են գրեթե ամեն օր՝ հուլիսի 12-ի բախումների սկզբից ի վեր:

Ադրբեջանն անօդաչու թռչող սարքեր օգտագործել է իր գործողությունները փաստելու համար՝ ցուցադրելով հայկական դիրքերի վրա կատարված գրոհների տեսագրությունները՝ ճախրող դրոնների «աչքով»: Դա նշանակում է, որ Բաքուն դրոնները խորապես ինտեգրել է իր զինված ուժերում։

Հուլիսի 21-ին Հայաստանի ոչնչացրած ադրբեջանական դրոնների ցուցադրումը ազդանշան է Բաքվին և Իսրայելին, որ անօդաչու սարքերը շարունակում են կործանվել: Համենայնդեպս, այդպես երևում է առաջին հայացքից. ԱՄՆ նախկին ծովային հետևակ Ռոբ Լին, ով Twitter-ի իր էջում նշում է, որ Լոնդոնի Թագավորական քոլեջի ռազմական հետազոտությունների ամբիոնի ասպիրանտ է, փաստագրել է դրոնների հայ-ադրբեջանական մարտերը:

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է ադրբեջանական որոշ դրոններ և զինամթերք, որոնք կործանվել կամ ոչնչացվել են մարտերի ընթացքում, այդ թվում՝ իսրայելական արտադրության Thunderbolt, Orbiter 3 և SkyStriker անօդաչուները»,- գրել է նա: Լուսանկարները, կարծես, ցույց են տալիս, որ մի քանի դրոններ առգրավվել են անվնաս, նաև հայտնաբերվել են դրոնների բազմաթիվ կտորներ, հնարավոր է, խփելուց հետո:

Բայց Հայաստանի ցուցադրության հետ խնդիր կա։ Դրոններից մի քանիսը կարծես արդեն օգտագործվել են տարբեր ցուցադրություններում՝ սկսած 2012-ից և 2016-ից: Դրոնների վաճառքի և խոցված անօդաչուների հայտարարությունների պղտոր աշխարհում հնարավոր է, որ ադրբեջանական դրոնների ենթադրյալ ոչնչացումը դեռ այն ամենը չէ, ինչ թվում է։

Սկսենք նրանից, ինչ գիտենք. անօդաչու սարքերի տվյալների բազայի (Drone Databook) ամենավերջին  հրատարակության մեջ, որը կազմել է Բարդ քոլեջի (Bard College) անօդաչու սարքերի ուսումնասիրության կենտրոնը, ասվում է, որ Ադրբեջանն ունի ութ տարբեր տեսակների անօդաչու թռչող սարքեր, որոնք բոլորը ձեռք են բերվել Իսրայելից: Դրանք ներառում են Aerostar-ը, Orbiter 1K-ն և Orbiter 3-ը՝ Aeronautics ընկերությունից։

Orbiter 1K ապարատը հայտնի է որպես «անբան զինամթերք» (loitering munition) կամ կամիկաձե դրոն: Այն թռչում է որպես դրոն, ճախրում է շուրջբոլորը, մինչև գտնում է թիրախ և ապա գահավիժում դեպի այն՝ որպես թևավոր հրթիռ։ 2019-ի փետրվարին իսրայելական Aeronautics ընկերությունը, ըստ լուրերի, ավարտեց իր նոր վաճառքները Ադրբեջանին։ Այդ երկրում իսրայելական կամիկաձե դրոնների տիպի սարքերի սով կա։ Washington Post թերթը 2016-ին հայտնեց, որ Ադրբեջանը Israel Aerospace Industries (IAI) ընկերության  արտադրության Harop դրոններն օգտագործել է հայերի դեմ:

Drone Databook-ի տվյալներով՝ Harop-ը Ադրբեջան է ժամանել 2011-ին Բաքվի գնած այլ անօդաչուների հետ: Դրանց թվում են եղել նույն տարում ձեռք բերված Elbit Systems Hermes 450-ը և Orbiter 1K-ն: Դա նշանակում է, որ դեռ 2011-ին Ադրբեջանը փորձում էր հեղափոխել իր անօդաչուների զինանոցը:

Անօդաչուների օգտագործումը նպատակաուղղված սպանությունների կամ զինված հարձակումների համար համեմատաբար նոր երևույթ է։ ԱՄՆ-ը արագ ավելացրեց հարձակողական անօդաչուների օգտագործումը ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմի ժամանակ։ 2011-ին միայն մի քանի երկիր ուներ հարձակողական անօդաչու թռչող սարք, և փոքր Ադրբեջանը դրանցից մեկն էր։ 2016-ին Ադրբեջանը ձեռք բերեց Orbiter 3 սարքը և Heron TP մեծ անօդաչուն՝ հետախուզության համար: Ըստ Drone Databook-ի՝ 2018-ին Բաքուն ձեռք է բերել նաև իսրայելական Hermes 900 և SkyStriker դրոններ։ SkyStriker-ի վաճառքը, որի մասին 2019-ի հունվարին հայտնել էր ադրբեջանական պաշտպանական կայքը, Բաքվի անօդաչուների զինանոցը նոր մակարդակի է հասցրել:

Drone Databook-ում Ադրբեջանի ձեռք բերած անօդաչուների քանակի վերաբերյալ կա ընդամենը վայրկենական կադր: Ըստ տվյալների այդ շտեմարանի՝ Ադրբեջանում կա 100 Skystraiker և 50 Harop, նաև՝ ավելի մեծ անօդաչու թռչող սարքեր, ինչպիսիք են Hermes 900-ը և Hermes 450-ը: Ադրբեջանը նաև արտոնագրեր է ձեռք բերել Aeronautics-ի դրոնները տեղում արտադրելու համար իր Azad Systems ընկերության միջոցով։

Սա նշանակում է, որ դրանց ընդհանուր քանակը հնարավոր չէ որոշել. դրանցից որոշները ևս ընկել են մարտում։ Հայկական ուժերը պնդում էին, որ մինչև 2018-ը խոցել են առնվազն 22 դրոն։ Այժմ այդ ցուցակն ակնհայտորեն ավելի է։

Առցանց տեղադրված փաստաթղթում իսրայելական Elbit Systems ընկերությունը պնդում է, որ SkyStriker-ը թիրախի շուրջ կարող է ճախրել 5-կիլոգրամանոց մարտագլխիկով և 20 կմ հեռավորության վրա։ FlightGlobal․com կայքը նշում է, որ Orbiter 1K-ն կարող է մի քանի ժամ թռչել 1-2-կիլոգրամանոց մարտագլխիկով: Harop-ը, մինչդեռ, կարող է թռչել շատ ավելի՝ 15- կիլոգրամանոց մարտագլխիկով։

Հուլիսի 12-ից հետո հայկական աղբյուրները համացանցում բազմաթիվ լուսանկարներ են հրապարակել՝ ցույց տալով, որ իսրայելական անօդաչուներ են խփել: Հուլիսի 20-ին ցուցադրվեց ցեխի մեջ ընկած SkyStriker, ևս մեկ ենթադրյալ SkyStriker ցուցադրվեց հուլիսի 17-ին, որի կողքին կանգնած էր երկու տղամարդ: Հուլիսի 18-ին խոտածածկ դաշտում հայտնաբերվել էր Orbiter 3։

Երկու կողմերն էլ օգտագործել են անօդաչուների կադրերը, սակայն ադրբեջանական դրոնների կադրերը շատ ավելի հստակ են, քան հայկականինը: Հայաստանը տեղական արտադրության դրոններ է օգտագործում և, կարծես թե, դրանց տեխնոլոգիական մակարդակը զիջում է Ադրբեջանի ունեցածինին։ Ադրբեջանը պնդում է, որ հուլիսի 16-ին խոցել է հայկական առնվազն մեկ անօդաչու սարք։

Ռոբ Լիի՝ հայկական օբյեկտների վրա հարձակումների ադրբեջանական տեսագրությունների վերլուծության համաձայն՝ այնտեղ օգտագործվում է նաև իսրայելական այլ զենք։ Հուլիսի 15-ի մի տեսանյութ կարծես ցույց է տալիս իսրայելական Rafael ընկերության Spike NLOS սարքը, գրել է նա: Լին հայտնաբերել է մի քանի տեսագրություն, որոնք կարող են արված լինել NLOS հրթիռներից։ Այդ հարվածների մեծ մասը տեղի է ունեցել հուլիսի 15-ին։ Ադրբեջանի կողմից SPIKE ընտանիքի հրթիռների օգտագործումը թվագրվում է առնվազն մինչև 2016, երբ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին դրա կիրառման մասին:

Rafael-ն արտադրում է մեծ քանակությամբ Spike հրթիռներ, որոնք օգտագործվում են 33 երկրների կողմից։ Ընկերությունը պնդում է, որ վաճառել է 30 000 հրթիռ, որոնցից 5 000-ը արձակվել են։ Rafael-ը, սակայն, չի բացահայտում բոլոր հաճախորդների մանրամասները և մեկնաբանություն չի տալիս Ադրբեջանի մասով: NLOS-ի հեռահարությունը 30 կմ է։ Rafael-ը նաև արտադրում է SPIKE ER2 կամ ավելացված հեռահարության հրթիռ՝ մինչև 10 կմ:

Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների ելքը վճռորոշ չէր, բայց լարվածությունը կարծես թե աճում է։ Թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան այժմ որոշակի դեր են խաղում, ինչպես նաև Իրանը, որն առաջարկել է հանդես գալ որպես միջնորդ։ Բոլոր այդ խոշոր երկրները նույնպես ներգրավված են Սիրիայի շուրջ հակամարտությունում։ Դա նշանակում է, որ Կովկասում հակամարտությունը կարող է ավելի լուրջ հետևանքներ ունենալ։ Թուրքիան հայտարարել է, որ ցանկանում է Ադրբեջանին ավելի շատ զենք մատակարարել, այդ թվում՝ սեփական արտադրության Bayraktar դրոնները։ Իսկ Ռուսաստանը կարող է համալրել Հայաստանի զինանոցը։

Իսրայելը նախկինում էլ հայտնվել է Կովկասում հակամարտությունների շուրջ վեճերի կիզակետում։ 2008-ին ռուս-վրացական պատերազմի ժամանակ ռուսական MiG-29 օդանավերը խոցել էին իսրայելական Hermes 450 արտադրության անօդաչու սարքեր՝ ըստ ՄԱԿ-ի 2008-ի զեկույցի:

Վրաստանի կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործումից Ռուսաստանը սերտել է, որ իրեն ավելի շատ սեփական անօդաչուներ են հարկավոր։ 2015-ին Ռուսաստանը ձեռք բերեց իսրայելական IAI Searcher MK II 10 դրոններ՝ ի վերջո դրանք արտադրելով որպես սեփական Forpost դրոններ՝ ըստ ռուսական լրատվամիջոցների: Defense24 կայքը 2016-ին հաղորդել էր, որ Ռուսաստանը դադարելու է իսրայելական արտոնագրով դրոնների արտադրությունը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։

Սակայն Ռուսաստանը, կարծես թե, միևնույն է, շարունակում է դրոնների արտադրությունը, որոնցից մի քանիսը՝ իսրայելական մոդելների հենքի վրա։ 2019-ին ռուսական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Ռուսաստանը կդադարի օգտագործել իսրայելական դետալները, հիմնականում օպտիկան, փոխարենը տեղադրելով իր սեփականը:

Իսրայելի ազդեցությունը հակամարտություններում դրոնների օգտագործման առումով հսկայական է՝ սկսած 1970-ականներից: Այժմ այն, ըստ երևույթին, ստվերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը: Հարցը, որ տալիս են վերլուծաբանները սոցիալական ցանցերում, այն է, թե արդյոք Հայաստանը դրոնների հետ կապված պատմում է ամբողջ պատմությունը, որոնք, ըստ նրա, ինքը խփել է կամ որոնք ընկել են, և արդյոք իսրայելական անօդաչու սարքերն անօգտակար են:

Դրոնները կործանվում են բազմաթիվ պատճառներով, և կամիկաձեները պետք է կործանվեն որպես իրենց նպատակների հաջորդականության մաս: Նրանք նույնիսկ կարող են վերաուղղվել վերջին րոպեին, եթե թիրախը ինչ-ինչ պատճառներով փոխվում է: Դրոնները շարքից դուրս են գալիս նաև այլ պատճառներով, ինչպիսիք են կապի կորուստը։ Դրոններին խփել հնարավոր է, սակայն փորձը վկայում է, որ ՀՕՊ համակարգերի համար շատ բարդ է թիրախավորել փոքր և դանդաղ դրոնները։

Թեև դրոններ որսալու տարբեր համակարգեր կան, պարզ չէ՝ արդյոք կան այդ համակարգերը Հայաստանում։ Կործանված անօդաչուների մասին որոշ պնդումներ նույնպես, ամենայն հավանականությամբ, մեծամասամբ առասպելական պատմություններ են թվում։ Օրինակ, Լիբիայում հայտարարվել էր խփված տասնյակ անօդաչուների մասին, մինչդեռ ընդհանուր թիվը, Drone Wars UK-ի տվյալներով, ապրիլի և մայիսի ընթացքում կազմել է ընդամենը 14:

Քանի որ Իսրայելի իշխանությունները և ընկերությունները չեն մեկնաբանում Ադրբեջանի կողմից իսրայելական անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ օգտագործումը, դժվար է ինչ-որ թափանցիկությամբ դատել, թե որքան արդյունավետ է Բաքուն օգտագործել անօդաչու թռչող սարքերը, և որքանով է Հայաստանն արդյունավետ խոցել դրանք: Սակայն կադրերը միայն ցույց են տալիս, որ Ադրբեջանն արդյունավետ օգտագործել է դրանք հրետանային հարվածներին աջակցելու, ինչպես նաև Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմում իր հնարավորությունները ցուցադրելու համար։

Հոդվածի բնօրինակը՝ 

Israel revolutionized Azerbaijan’s drone arsenal. Are the weapons working?