Արցախի պատվիրակության վերջին այցը Բաքու, բանակցություններ Ադրբեջանի ղեկավար Մութալիբովի հետ․ հուլիս 20, 1991

21342

1991 թվականի հուլիսի 20-ին արցախյան 6 հոգանոց պատվիրակությունը, որը գլխավորում էր ԼՂԻՄ Մարզխորհրդի նախագահ Լեոնարդ Պետրոսյանը, Ստեփանակերտից օդանավով մեկնեց Բաքու, հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հետ:

Պատվիրակության մյուս անդամներն էին ԼՂԻՄ-ի 4 շրջանների ղեկավարները և Ստեփանակերտի կուսակցական գործիչներից Վալերի Գրիգորյանը, ով երեք շաբաթ անց սպանվեց Ստեփանակերտի կենտրոնում, օրը ցերեկով՝ հայի կողմից արձակված կրակահերթից:

Բաքու մեկնած պատվիրակության մյուս անդամները ևս, այդ թվում՝ Լեոնարդ Պետրոսյանը, մեղադրվում էին Արցախի հարցում միակողմնանի զիջումների գնալու, անգամ՝ դավաճանության մեջ:

Բաքու այցից մի քանի օր առաջ՝ հուլիսի 15-16-ին, Հայաստանի խորհրդարանում տեղի էին ունենում բուռն բանավեճեր այն հարցի շուրջ, թե պե՞տք է Արցախի պատվիրակությունը մեկնի Ադրբեջանի մայրաքաղաք: Հարցը դրվեց քվեարկության: Հայաստանի խորհրդարանի 260 պատգամավորներից միայն 10-ը դեմ արտահայտվեց, իսկ 18-ը՝ ձեռնպահ: Մյուսները, այդ թվում՝ խորհրդարանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, այսօր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և տասնյակ այլ պատգամավորներ կողմ քվեարկեցին այն առաջարկին, որով Արցախի մարզային ղեկավարությունը պատրաստակամություն էր հայտնում “քաղաքական բանակցություններ սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ և փոխզիջումային լուծումներ որոնել Խորհրդային Միության Սահմանադրության և օրենքների շրջանակներում”:

Դա Արցախյան պատվիրակության վերջին այցն էր Բաքու։

Ադրբեջանը և նրա ղեկավար Մութալիբովը ցնծության մեջ էին: Նրանց թվում էր, որ հայերը պատրաստվում են հրաժարվել Արցախի և Հայաստանի միացման գաղափարից:

Եվ ահա այս ծանր վիճակում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը փոխեց պատմության ընթացքը:

1991-ի օգոստոսին ձախողվեց հեղաշրջման փորձը Մոսկվայում, Խորհրդային Միության փլուզման գործընթացն ավելի արագացավ:

Մի քանի օր անց՝ օգոստոսի 30-ին, Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը: Երկու օր անց իր անկախությունը հռչակեց Արցախը: 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց  հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը:

Կանաչ ու սև փաստավավերագրական իրապատումը լրացրեց և հարստացրեց արցախյան գոյամարտի պատմության գանձարանը: Հեղինակին հաջողվել է հակամարտության հենքին ուրվագծել պատերազմի բերած արհավիրքների, զինված առճակատման հանգուցալուծման ուղու որոնումների, դրա հետ կապված միջազգային ջանքերի, մարդկանց հույսերի ու հուսախաբությունների ողջ համայնապատկերը: Հեղինակին հաջողվել է արդար և անկողմնակալ ներկայացնել այս կարեւորագույն խնդիրը, որը հասարակական քննարկումներում հաճախ շահարկումների է ենթարկվել: Գրքի հերոսները միայն հայտնի քաղաքական գործիչներ չեն: Հակամարտությունն անողոք է եղել նաև հազարավոր սովորական մարդկանց ճակատագրերի հանդեպ և նրանց կրած փորձություններն ընդգծում են այն անձանց պատասխանատվությունը, որոնցից կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դրա մասին է մեզ կրկին հիշեցնում հեղինակը, և հենց այդ պատճառով գրքին կարելի է տալ ևս մեկ բնորոշում` փաստավավերագրություն, որն անցել է սրտի միջով:

Փափուկ կազմ, 520 էջ,
լեզուն՝ արևելահայերեն,
երրորդ հրատարակություն,
2011, Երևան, Անտարես,
ISBN 978-9939-51-146-7,

Թեմայի շուրջ ավելի մանրամասն կարդալ՝

Պատմություն և իրականություն. քաղաքական ինչ պայմաններում է տեղի ունեցել Արցախի անկախության հռչակումը

Провозглашении Нагорно-Карабахской Республики: как это было

https://www.aniarc.am/2016/08/30/arf-d-july-1991-leonard-petrosyan-visit-baku/

Լուսանկարում՝ Այազ Մութալիբովը