Հայաստանի նահանգների նոր բաժանումը 1920-ին. Արարատ, Շիրակ, Վանանդ, Սյունիք

4290

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՆՈՐ ԲԱԺԱՆՈՒՄ

Արարատեան նահանգ

Երեւանի, Սուրմալուի, Նոր-Բայազեդի, Դարալագեազի, Շարուրի և Նախիջեւանի գաւառներն ամբողջապէս և Էջմիածնի գաւառն առանց Թալինի շրջանի: Արարատեան նահանգի կենտրոնն է Երեւան քաղաքը:

Շիրակի նահանգ

Էջմիածնի գաւառի Թալինի գաւառամասը, Ալէքսանդրապոլի և Ղարաքիլիսայի գաւառներն ամբողջութեամբ, Ղարսի գավառի 5-րդ գաւառամասն ամբողջութեամբ և առաջին ու երկրորդ գաւառամասերի որոշ մասերն՝ սկսած Չըլդր լճի հարաւային ափի Դաշքեօրփի գիւղից խճուղիով հարաւ ներքին Պարկերտից կտրելով երկաթուղին ուղիղ գծով մինչեւ Դայնալին գիւղը, Ախալքալակի և Բոլչալուի գաւառների հայկական մասերը և Դիլիջանի գաւառը. կենտրոնն է Ալէքսանդրապոլ քաղաքը:

Ծանոթութիւն. Դիլիջանի գաւառը ժամանակաւորապէս զատւում է Շիրակի նահանգից և կազմում է առանձին միաւոր, որ կապ է պահպանում անմիջապէս ներքին գործերի նախարարութեան կենտրոնական հաստատութեան հետ:

Վանանդի նահանգ

Ղարսի նախկին նահանգը և բացի դրանից այն մասերը, որոնք չեն միացուած Շիրակի նահանգին. կենտրոնը Ղարս քաղաքն է:

Սիւնեաց նահանգ

Զանգեզուրը եւ Ղարաբաղի Վարանդայ, Խաչէն, Գիւլիստան, Դիզակ, Ջրաբերդ գաւառները և Գանձակի գաւառի հայկական մասերը:

ՅԱՌԱՋ օրաթերթ, ՀՅԴ, թիւ 126, ուրբաթ, 18 Յունիս, 1920