տուն News Լավրովի (Պուտինի) պլանը՝ տարածքներ միջանկյալ կարգավիճակի դիմաց. հունիս, 2016

Լավրովի (Պուտինի) պլանը՝ տարածքներ միջանկյալ կարգավիճակի դիմաց. հունիս, 2016

3507
Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում Ռուսաստանը նոր առաջարկներ է ներկայացրել, փորձելով համատեղել անհամատեղելին՝ ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները: ՍիվիլՆեթի տաղավարում ռուսական նախաձեռնության շուրջ զրուցում են Դերենիկ Մալխասյանը և Թաթուլ Հակոբյանը:

Պուտինի պլանը. հինգ շրջանի դիմաց՝ Արցախի համար միջանկյալ ամուր կարգավիճակ

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը դիվանագիտական տարբեր աղբյուրներից տեղեկություններ է ստացել այն մասին, որ Ռուսաստանը փորձում է ղարաբաղյան կարգավորման միջանկյալ լուծում գտնել և հորդորել կողմերին, որպեսզի նրանք ընդունեն այդ առաջարկը:

Մասնավորապես, Վլադիմիր Պուտինն ու Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը ծանոթացրել են ռուսական այդ պլանին, որը, ամբողջությամբ նորություն չէ, նոր մոտեցում չէ, բայց որոշակի տարբերություններ ունի նախկինում ներկայացված առաջարկներից: Այդ առաջարկությունը ավելի մոտ է 1997-ի փուլային տարբերակին:

Ղարաբաղյան կարգավորման Պուտինի պլանը ենթադրում է երկու հիմնական փաթեթ.

առաջին. հայկական ուժերը հետ են քաշվում հինգ շրջաններից՝ Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Ղուբաթլու,

երկրորդ. Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ ամուր կարգավիճակ, որը չի ենթադրում վերադարձ Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմ, բայց նաև չի ենթադրում անկախ կարգավիճակ տեսանելի ապագայում՝ կամարտահայտության ճանապարհով:

Մեր տեղեկություններով՝ Մադրիդյան փաստաթղթում և նրանից ածանցյալ Կազանյան առաջարկներում ամրագրված Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը դուրս չի մնացել փաթեթից, սակայն հանրաքվեի, պլեբեսցիտի կամ կամարտահայտություն անցկացումը թողնվում է անորոշ ապագայի:

Ադրբեջանը համաձայն է տարածքների վերադարձ-կարգավիճակի հստակեցում բանաձևին, սակայն շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղը պետք է, թեկուզ ձևական, մնա Ադրբեջանի, ավելի ճիշտ՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, քանի որ չի կարող փոխել Ադրբեջանի սահմանադրությունը: Եթե Ադրբեջանը համաձայնություն տա Կազանի առաջարկներին, ապա նախ պետք է փոխի երկրի սահմանադրությունը, քանի որ, բոլորի համար ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացումը նշանակում է Արցախի անկախություն: Ադրբեջանի այսօրվա սահմանադրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է համարվում:

Այսպիսով, Բաքվի համար անընդունելի է Մադրիդյան փաստաթղթի կամ դրանից ածանցյալ Կազանի առաջարկի այն ձևակերպումը, ըստ որի հանրաքվեի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:

Հայաստանը չի համաձայնվում Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, այդ պատճառով՝ ռուսական կողմը նոր մոտեցում է որդեգրել՝ հինգ շրջանի դիմաց միջանկյալ ավելի ամուր կարգավիճակ, քան ամրագրված է Մադրիդյան փաստաթղթում:

Բացի այդ, Պուտինի առաջարկներում անորոշ ժամանակով մոռացության են տրվում Քարվաճառի և Լաչինի շրջանների վերադարձի մասին ձևակերպումները:

Թաթուլ Հակոբյան

Կարդալ նաև՝

Կազանի փաստաթուղթ (աշխատանքային տարբերակ)

https://www.aniarc.am/2016/04/13/madrid-principals-armenian-text/