Արցախը Պարսկաստանից անցնում է Ռոմանովների Ռուսաստանին. 19-րդ դարի սկիզբ

3829

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ գրքից

Երեսուներեքերորդ գլուխ

Հին պատմություն

Գերմանացի ճանապարհորդ, մոնղոլական բանակում ծառայող Յոհան Շիլթբերգերը 1420թ. ձմեռն անցկացրել է Ղարաբաղի հարթավայրում, հանդիպել հայերի և մահմեդականների: ՙԱնհավատներն իրենց անհավատ լեզվով հարթավայրը կոչում են Ղարավաղ (Karawag): Ամեն բան պատկանում է անհավատներին, սակայն տարածքը Հայաստանի (Ermenia) կազմում է: Գյուղերում բնակվում են հայեր, բայց նրանք պետք է հարկ վճարեն անհավատներին՚:

ՙՂարաբաղ՚ տեղանունը գրավոր առաջին անգամ հիշատակվել է 14-րդ դարում` վրացական պատմությունում` ՙՔարթլիս ցխովրեբայում՚, որտեղ ասվում է, թե ոմն Ուլո խան ուղեւորվել է ձմեռելու Ղարաբաղում: Համդոլլահ Մոսթաուվի Ղազվինին իր ՙՆեհզաթ ալ-ղոլուբ՚ գրքում Ղարաբաղը հիշատակել է ՙԱռանի Ղարաբաղ՚ ձևով: Պարսիկ հեղինակը Առանի (Աղվանք, Ալբանիա) մասին գրում է. ՙԵրկու գետերի` Արաքսի և Կուրի միջևէ գտնվում Առանը՚:

ՙՂարաբաղ՚ անունն ունի թուրք-պարսկական ծագում, ՙղարա՚-ն թուրքերենում սևն է, իսկ ՙբաղը՚` պարսկերենում այգին, պարտեզը, այսինքն` ՙՍև այգի՚: Այն բառացի թարգմանություն է պարսկերենից` ՙԲաղե սիահ՚: Ռուսական կայսրության տիրապետության օրոք Ղարաբաղ անվանն ավելացել է ՙնագորնի՚` լեռնային, ռուսերեն ածականը: Ու չնայած ռուս-թուրք-պարսկական անվանմանը` Ղարաբաղն ու հատկապես նրա լեռնային մասը, հին ժամանակներից մինչևմեր օրերը եղել է և է գերազանցապես հայաբնակ և հայախոս: Դա են վկայել ինչպես հայ, այնպես էլ հույն, պարսիկ, արաբ, վրացի մատենագիրները:

Առաջին անգամ Արցախն ՙՈւրտեխե-Ուրտեխինի՚ ձևերով հիշատակվում է մ. թ. ա. 8-րդ դարում` ուրարտական Սարդուր Երկրորդ (763-734թթ.) արքայի սեպագիր արձանագրությունում: Հույն հեղինակների մոտ օգտագործվում է ՙՕրխիստենե՚ ձևով: Չեչենները Ղարաբաղն անվանում են ՙԱրց՚, շատ նման, ինչպես հայերենում՝ Արցախ: Սարդուր Երկրորդից հետո մի քանի դար Արցախի մասին գրավոր հիշատակումներ չեն պահպանվել:

Առաջին դարի հույն հեղինակ Ստրաբոնը Քուռ (Կիր) գետի աջ ափին գտնվող միալեզու և հայալեզու Արցախն անվանում է Օրխիստենա` Հայաստանի նահանգներից մեկը, որն ամենաշատ ձիավորներն էր տրամադրում: Բոլոր հունահռոմեական և հայ հեղինակները Քուռ գետի աջ ափին գտնվող Արցախը և  նրա հարևան Ուտիքը դրել են Մեծ Հայքի սահմաններում:

Մ. թ. ա. 6-րդ դարում Արցախը Երվանդունիների Հայաստանի կազմում Մարաստանի հպատակության տակ էր, իսկ 550-331թթ.` պարսից Աքեմենյանների: Հայկական Արտաշիսյան հարստության սահմանները հյուսիս-արեւելքում անցնում էին Քուռ գետով: Հայոց Տիգրան Մեծ արքան Արցախում կառուցում է իր անունը կրող չորս քաղաքներից մեկը` Տիգրանակերտը: Այս քաղաքի ավերակները պահպանվել են ներկայիս Աղդամի շրջակայքում:

66-428թթ. Արցախը մաս էր կազմում Արշակունիների թագավորությանը, որի անկումից հետո պարսից արքունիքը Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգներից և Աղվանից թագավորությունից մարզպանություն է կազմում, մարզպանը նստում էր Սոդքում (Ծաւդ-Ծոդ): Անանիա Շիրակացու ՙԱշխարհացոյց՚-ում Արցախը Մեծ Հայքի նահանգներից 10-րդն է` կազմված 12 գավառներից:

Չորրորդ դարի սկզբում Արցախում տարածվում է քրիստոնեությունը: Մեսրոպ Մաշտոցը Ամարասի վանքում է հիմնադրել առաջին հայկական դպրոցը: Հինգերորդ դարում Հայաստանի արեւելյան մասը, այդ թվում և Արցախը, պարսկական տիրապետության տակ էր: Դարի վերջում Արցախը և նրա հարևան ն Ուտիքը միավորվել են Առանշահիկների իշխանության ներքո` Վաչագան Երրորդ Բարեպաշտի (487-510թթ.) գլխավորությամբ:

Ագաթանգեղոսն ու Մովսես Խորենացին իրենց մատյաններում Արցախի համար օգտագործում են ՙԾավդեք՚ և ՙՓոքր Սյունիք՚ անունը: Ագաթանգեղոսը Ծավդեքը դնում է Սյունիքի և Ուտիքի մեջտեղում:

Յոթերորդ դարում հայ Առանշահիկներին փոխարինում է պարսկական ծագում ունեցող Միհրանյանների տոհմը, որոնք խնամիանում են Առանշահիկների հետ, ընդունում են քրիստոնեություն, հայանում:

Իններորդ դարի սկզբներից Արցախում ուժեղանում են Խաչենի ու Դիզակի իշխանական տները:

10-13-րդ դարերում ՙԱրցախ՚-ի փոխարեն օգտագործվել է ՙԽաչեն՚ անունը: Խաչենի ամրոցը Առանշահիկների տոհմից հայ իշխանների նստավայրն է եղել: Առանշահիկները եղել են Աղվանքի թագավորության տերերը: ՙԱռանշահիկ՚ անունը գալիս է պարսկերեն ՙԱռան՚ (Աղվանք) և շահ (թագավոր) անուններից:

11-12-րդ դարերում Խաչենը (Արցախը) ենթարկվում է թուրք-սելջուկյան քոչվոր ցեղերի հարձակումներին, սակայն շարունակում է պահպանել ինքնուրույնությունը: 12-րդ դարի վերջը և 13-րդ դարի առաջին կեսը երկրամասի ծաղկման շրջաններից էր, կառուցվում են միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցներ Հովհաննես Մկրտչի եկեղեցին ու գավիթը` Գանձասարում (1216-1260-ական թթ.), Դադի վանքի եկեղեցին (1214թ.), Գտչավանքի մայր եկեղեցին (1241-1248թթ.):

13-րդ դարի 30-40-ական թվականներին Անդրկովկասը գրավում են թաթար-մոնղոլները, սակայն Խաչեն-Արցախի կառավարիչ Հասան Ջալալ Դոլային հաջողվում է պահել երկրամասի կիսանկախ վիճակը: 15-րդ դարում Խաչեն-Արցախը ենթարկվում է կարա-կոյունլու և ակ-կոյունլու թուրքմենական քոչվոր ցեղերի տիրապետությանը, իսկ 16-րդ դարում մաս կազմում Պարսկաստանին:

Կիսանկախ Արցախ. Խամսայի մելիքությունները

Կիլիկիայի հայոց թագավորության 1375թ. անկումից հետո Հայաստանը իր անկախությունը վերանվաճեց միայն 1918-ին` Արարատի ստորոտում` Արաքսի ձախ ափին մի փոքրիկ հողակտորի վրա հռչակելով Առաջին հանրապետությունը: Ավելի քան 500 տարի անկախությունից զրկված և պատմության դժնդակ ժամանակներով անցած հայ ժողովուրդը տվեց նաև ազատության համար պայքարի հերոսական անմոռաց էջեր: Դրանք կերտվում եւ գրվում էին Սյունիքի ու Արցախի լեռներում, որտեղ հայերին հաջողվեց պահպանել կիսանկախ վիճակը:

Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև Հայաստանի 1555թ. բաժանումից և 1639թ. վերաբաժանումից հետո Արեւմտյան Հայաստանում հայկական կիսանկախ մանր իշխանությունների հետքեր մնացել էին Զեյթունում, Սասունում, Շատախում, Մոկսում, Դիարբեքիրի փաշայության մեջ մտնող Իսյանի լեռնակղզում: Հայաստանի` Իրանին անցած մասում` Արեւելյան Հայաստանում, նման իշխանություններ պահպանվել էին Սյունիքում և Արցախում:

Սյունյաց աշխարհը (Ղարաբաղը) պետք է առաջինը համարել, ուր մելիքները մինչև ռուսաց տիրապետության ժամանակը (1813) պահպանեցին իրենց գոյությունը: Երկրի բնական դիրքը` լեռները և անտառները, նպաստում էին ժողովրդի մեջ վաղեմի քաջազնական ոգու պահպանվելուն: Լեռնային բնությունը ներշնչում էր բնակիչների մեջ արություն և հետեւապես` ձգտում դեպի ազատություն:

Խամսայի մելիքությունները կազմավորվում են 16-րդ դարի վերջերում (արաբերեն ՙխամսա՚` հինգ, ՙմելիք՚` թագավոր): Հյուսիսից հարավ մելիքություններն ունեին հետևյալ դասավորությունը. Գյուլիստանի (Թալիշի) մելիքությունը ղեկավարում էին Մելիք-Բեգլարյանների, Ջրաբերդինը` Մելիք-Իսրայելյանների, Խաչենինը` Հասան-Ջալալյանների, Վարանդայինը` Մելիք-Շահնազարյանների, Դիզակինը` Մելիք-Ավանյանների տոհմերը:

Գյուլիստանի (Թալիշի) մելիքությունը ընդգրկում էր այսօրվա Շահումյանի շրջանը և Մարտակերտի մի մասը, Ջրաբերդը` Քարվաճառն ու Մարտակերտի մեծ մասը (Թարթառ և Խաչեն գետերի միջևընկած տարածքը), Խաչենը` Մարտակերտի հարավը և Ասկերանի մեծ մասը (Խաչեն և Կարկառ գետերի միջևընկած տարածքը), Վարանդան` Մարտունին և Ասկերանի հարավը (Կարկառ գետից միջև Քիրս և  Դիզափայտ լեռներ), Դիզակը` Հադրութի, Ջեբրայիլի և Ֆիզուլու շրջանները (մինչևԱրաքս):

Գյուլիստանի մելիքների նստավայրը համանուն բերդն էր և Հոռեկավանքը, Ջրաբերդինը` Հին Մոխրաթաղի ապարանքը և Մայրաքաղաք բերդավանը, Խաչենինը` Խոխանաբերդն ու Կաչաղակաբերդը, Վարանդայինը` Ավետարանոց բերդավանը, Դիզակինը` Տողում` Գտչավանքի մոտ: Մելիքություներից տարածքով ամենամեծը Դիզակն էր, ապա գալիս էին Ջրաբերդը, Վարանդան, Գյուլիստանը ևւ Խաչենը:

Խամսայի մելիքությունները ներառում էին արեւմուտքում` Քարվաճառից Հակարի գետով մինչև Արաքս, հյուսիսում` մինչև Շահումյանի շրջան, արեւելքում` մոտավորապես այն հատվածով, որով այսօր անցնում է ղարաբաղ-ադրբեջանական շփման գիծը, հարավում` մինչև Արաքս, որի վրա կառուցված Խուդափարինի կամրջով էր իրականացվում կապը Արցախի և Պարսկաստանի միջեւ: Հակարի գետի աջ ափը` Քաշաթաղի շրջանի արևմտյան մասը, չէր մտնում մելիքությունների մեջ:

Սյունիքում և Արցախում մելիքները թեև ընդունել էին նվաճողների գերիշխանությունը, բայց ներքին կառավարման հարցերում ունեին գործելու լիակատար ինքնուրույնություն, նաև` զորք պահելու իրավունք: Մյուս կողմից` Արցախի մելիքները, լինելով պարսից պաշտոնյաներ, իրենց իշխանության մեջ հաստատվել են Իրանի շահերի հրովարտակներով: 1736թ. Նադիր շահը ճանաչել է Արցախի մելիքների ինքնիշխանությունը և վերահաստատել նրանց դաշնային ինքնավարությունը` Խամսայի մելիքություններ անունով: Դիզակի գավառի տիրակալ Մելիք-Եգանը նշանակվել է Խամսայի մելիքությունների ընդհանուր կառավարիչ: Նա ուղղակիորեն ենթարկվում էր շահի եղբայր Իբրահիմ խանին, որը նստում էր Թավրիզում: Մելիք-Եգանի մոտ էին հավաքվում Արցախի հինգ մելիքությունների հարկերը և նրա միջոցով հանձնվում շահական գանձարանին:

Վիպագիր Րաֆֆին գրում է, որ մելիքներն ընդհանուր կապ չունեին միմյանց հետ, իսկ շահերի տարբերությունը շատ անգամ թշնամական հարաբերությունների պատճառ էր դառնում: ՙՄելիքներից ոմանք անկախ դրություն էին պահպանում, իսկ ոմանք ստորադասված էին պարսից խաների իշխանության ներքո: Այս վերջինները իրենց դիրքը չկորցնելու համար ստիպված էին խոնարհվիլ խաների բոլոր պահանջներին, թեև այդ պահանջները լինեին վնաս հայ ժողովրդին: Կային ավելի խղճմտավոր և ազդեցություն ունեցող մելիքներ, որոնք ծառայում էին որպես ամուր պատվար հայ ժողովրդի և խանի միջեւ, հեռու էին պահում նրա անմիջական ազդեցությունը ժողովրդից և պահպանում էին նրան խանի հարստահարություններից՚:

18-րդ դարի 50-ական թթ., օգտվելով մելիքների միջև ծագած ներքին երկպառակություններից, Վարանդայի մելիք Շահնազար Երկրորդի օժանդակությամբ, թուրքալեզու սարըջալլու քոչվոր ցեղերի առաջնորդ Փանահին հաջողվում է հիմնավորվել Շուշիի ամրոցում: Նա Ղարաբաղը հռչակում է խանություն, իր են` խան: Պարսկական արքունիքն աջակցում է Փանահին: Նրա որդին և հաջորդը` Իբրահիմ խանը, ով Վարանդայի Մելիք Շահնազար երկրորդի փեսան էր, 1785թ. իր մոտ է հրավիրում և  սպանում Ջրաբերդի, Գյուլիստանի ու Դիզակի մելիքներին, գրավում Գանձասարի վանքը, բանտարկում կաթողիկոսին, որտեղ էլ նրան թունավորում են:

Թուրքական բանակը 1725թ. փետրվարին հարձակվել էր Արցախի վրա: Շահին, Սալահ և Ալի փաշաների գլխավորած 4700 հոգանոց զորամասը մարտին մտնում է Վարանդա, տեղավորվում գավառի 33 գյուղերում: Հայերը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնում են իրենց տներում տեղավորված թուրքերի մեծ մասին և նրանց երկու հրամանատարներին, իսկ Սալահ փաշային` գերում: Արցախի մելիքների զորախմբերը թուրքական ուժերի դեմ պայքարում մեծապես օժանդակել են Նադիր շահին: Գնահատելով թուրքերի դեմ մղած պայքարում հայերի ծառայությունները` շահը ճանաչում է Խամսայի մելիքությունների ինքնավարությունը:

1605 թ. ի վեր Արարատյան աշխարհ ոտք չկոխած օսմանյան բանակն այստեղ էր հայտնվել 1724թ. հունիսին: Երեքամսյա պաշարումից հետո, սեպտեմբերին թուրքերը գրավեցին Երևանի բերդը: Ավելի վաղ` նույն տարվա հունիսին Կ. Պոլսում կնքվել էր ռուս-թուրքական պայմանագիրը, որի համաձայն, բացառությամբ Դերբենդից Մազանդարան ձգվող մերձկասպյան շրջանների, որոնք 1722-23թթ. արդեն հիմնականում գրավված էին ռուսների կողմից, ամբողջ իրանական Այսրկովկասը ճանաչվեց Օսմանյան կասյրության տարածք:

Արևելահայությունը 1720-ական թթ. դարձել էր օսմանյան ագրեսիայի զոհ` տալով մարդկային և  նյութական ահավոր կորուստներ: 1724-34թթ. ամբողջ Այսրկովկասն ու հյուսիսային Իրանը ռազմակալած օսմանյան բանակների համար միակ աննվաճ ամրոցն էին մնացել հայոց Արցախն ու Սյունիքը, որոնք այդ տարիներին ձեռք էին բերել փաստական անկախություն և հայտնի դարձել պետականության իմաստ պարունակող Հայկական սղնախներ, Հայկական զորք, Հայկական բանակ նոր անվանումներով: Հայկական սղնախները համառորեն արհամարհում էին շաիրաթի սկզբունքային պահանջը` ոչ-մահմեդականների հնազանդությունը մահմեդականներին: Դիմադրություն ցույց տվող արեւելահայերը (ինչպես նաև Իրանի շիաները) ենթարկվում էին զանգվածային ոչնչացման, որն օսմանցիների ավանդական ռազմական քաղաքականությունն էր:

Հայկական զինվորականությունը կենտրոնացվել էր երեք բանակատեղիներում (սղնախներում): Դրանցից առաջինը, որ կոչվում էր Մեծ սղնախ, Մռավի լեռներում էր` Թարթառ գետի մոտ: Երկրորդը` Փոքր սղնախը, Վարանդա գավառի Քիրս լեռներում էր, իսկ երրորդը` Կապան գավառում: Սղնախներն իրենց մեջ կենտրոնացնում են երկրի իշխանությունը: Դա ժողովրդական զինվորություն էր՝ հրամանատարների խորհրդի գլխավորությամբ, որտեղ իր տեղն ու ազդեցությունն ուներ նաև Գանձասարի կաթողիկոսը:

1724-35թթ. դժնդակ տարիներից հետո Արարատյան երկիրը դարձյալ անցնում է պարսկական տիրապետության տակ: 1735թ. սեպտեմբերին պարսկական զորքերը վերատիրացան Երևանին:

Պարսկաստանը հայկական Արցախը զիջում է Ռուսաստանին

Ղաջարների դինաստիայի Աղա Մուհամեդ շահը 85 հազարանոց զորքով 1795թ. ամռանը պաշարում է Շուշիի ամրոցը` փորձելով իրեն ենթարկել Իբրահիմ խանին, ով հրաժարվում էր ընդունել Իրանի շահի գերիշխանությունը: 33-օրյա ապարդյուն պաշարումից հետո Աղա Մուհամեդ շահի զորքերը շարժվում են դեպի Վրաստան: 1795թ. շահը կրկին հարձակվում է Ղարաբաղի խանության վրա, որտեղ տիրում էր սով ու համաճարակ: Իբրահիմ խանը փախչում է Դաղստան: Շուշին գրավելուց կարճ ժամանակ անց Աղա Մուհամեդի ծառաները սպանում են նրան, և պարսից բանակը հեռանում է Ղարաբաղից:

Իբրահիմ խանը փորձում է ստանալ Ռուսաստանի աջակցությունը: 1805թ., երբ ռուսական զորքերը գրավում են Գյանջան (Գանձակ, Ելիզավետպոլ), Իբրահիմ խանն իշխան Ցիցիանովի հետ կնքում է Քյուրեքչայի պայմանագիրը: 1806-ին Շուշիի ռուսական կայազորի հրամանատար Լիսանևիչը, կասկածելով, որ Իբրահիմ խանը կանցնի պարսիկների կողմը, Շուշիի մոտ հարձակվում եւ սպանում է խանին ու նրա գերդաստանի շատ անդամների: Ցարական իշխանությունները, չողջունելով Լիսանևիչի քայլը, Իբրահիմի փոխարեն խան են ճանաչում նրա որդուն` Մեհդի Ղուլիին:

Ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը գրում է. ՙ17-րդ դարի ընթացքում Ղարաբաղը տվեց հայ ազատագրական շարժման ռահվիրաներ, նախակարապետներ, որոնք փորձեցին հրապուրել Ռուսաստանի և մյուս եվրոպական տերությունների միապետներին` ձեռնարկելու խաչակրաց արշավանք` ընդարձակ լեռնաշխարհն ազատագրելու համար: Առաջին ռուսական զորամիավորումները հայտնվեցին 18-րդ դարում, և ի վերջո,19-րդ դարի սկզբին` մահմեդական ամայացնող ասպատակություններից հետո, Ղարաբաղը միացվեց Ռոմանովների կայսրությանը՚:

1804-13թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքում՝ 1813թ. հոկտեմբերի 12-ի Գյուլիստանի պայմանագրի կնքումով, Պարսկաստանը Ռուսաստանին է զիջում գրեթե ողջ Կովկասը, այդ թվում նաև Ղարաբաղի ու Գյանջայի խանությունները: Փաստացի, Ղարաբաղը Ռուսաստանի տիրապետության տակ էր անցել 1805թ.:

1823թ. վերացվում է Փանահի օրոք ստեղծված Շուշիի կամ Ղարաբաղի խանությունը, որի տարածքը միացվում է Կասպիական մարզին: 1827-28թթ. ռուս-պարսկական նոր պատերազմն ավարտվում է փետրվարի 1828թ. 10-ի Թուրքմենչայի պայմանագրով, համաձայն որի Ռուսաստանին էին կցվում նաև Երևանի և Նախիջևանի խանությունները և Օրդուբադի գավառը, որով էլ ավարտվում է Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին:

Ռուսական իշխանության հաստատումը չիրականացրեց հայկական բաղձանքները, քանի որ Ղարաբաղն ինքնավարությունը վերականգնելու փոխարեն հաջորդաբար կուլ գնաց վարչական ավելի խոշոր միավորների և վերջում էլ Ելիզավետպոլի նահանգի մեջ:

1840թ. Անդրկովկասում իրականացվում է վարչական բաժանում. ձևավորվում են Վրաց-իմերեթյան նահանգը` Թիֆլիս և Կասպիական մարզը` Շամախի կենտրոնով: Արեւելահայկական տարածքների մեծ մասն անցնում է Վրաց-իմերեթյան նահանգի կազմի մեջ, իսկ որոշները, այդ թվում նաև Ղարաբաղը` Կասպիական մարզի: 19-րդ դարի 40-ական թթ. երկրորդ կեսին վարչական նոր բաժանումների արդյունքում կազմավորվում են Թիֆլիսի, Քութայիսիի, Շամախու, ինչպես նաև Դերբենդի նահանգները: Արևելահայկական տարածքներն առանձին գավառների կարգավիճակով անցնում են վերոհիշյալ առաջին երեք նահանգների կազմ:

Ռուսաստանի 1867թ.Անդրկովկասը բաժանվում է հինգ նահանգների` Քութայիսի, Թիֆլիս, Երևան, Ելիզավետպոլ եւ Բաքու: Արեւելյան Հայաստանի մի մասը մտնում է Երևանի նահանգի մեջ, իսկ մյուսը` Ելիզավետպոլի եւ Թիֆլիսի: Նախիջևանի գավառը մտնում է Երևանի, Ղարաբաղը` հիմնականում Ելիզավետպոլի նահանգի մեջ: Այսպիսի վարչատարածքային բաժանումն աննշան փոփոխություններով պահպանվում է մինչև1918թ., երբ Հայաստանը և Ադրբեջանը հռչակեցին իրենց անկախությունը:

Ադրբեջանը համոզված էր, որ ռազմավարական առումով Ղարաբաղը նույնքան կենսական էր իր համար, որքան և Հայաստանի: Ադրբեջանին Ելիզավետպոլի նահանգի կապվածությունը պարզորոշ ցույց էր տալիս փաստը, որ գրեթե ամեն մի մայրուղի տանում էր դեպի արեւելք` Բաքու, և ոչ թե արեւմուտք` Երևան: Ղարաբաղի հայերը կախված էին Բաքվից` իրենց մատակարարումների մեծ մասով, և նրանցից հազարավորները Կասպից ծովի այդ արագորեն աճող մայրաքաղաքում կա’մ սեզոնային բանվորներ էին, կա’մ մշտական ծառայողներ` նավթահանքերում ու գրասենյակներում:

Կանաչ ու սև փաստավավերագրական իրապատումը լրացրեց և հարստացրեց արցախյան գոյամարտի պատմության գանձարանը: Հեղինակին հաջողվել է հակամարտության հենքին ուրվագծել պատերազմի բերած արհավիրքների, զինված առճակատման հանգուցալուծման ուղու որոնումների, դրա հետ կապված միջազգային ջանքերի, մարդկանց հույսերի ու հուսախաբությունների ողջ համայնապատկերը: Հեղինակին հաջողվել է արդար և անկողմնակալ ներկայացնել այս կարեւորագույն խնդիրը, որը հասարակական քննարկումներում հաճախ շահարկումների է ենթարկվել: Գրքի հերոսները միայն հայտնի քաղաքական գործիչներ չեն: Հակամարտությունն անողոք է եղել նաև հազարավոր սովորական մարդկանց ճակատագրերի հանդեպ և նրանց կրած փորձություններն ընդգծում են այն անձանց պատասխանատվությունը, որոնցից կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դրա մասին է մեզ կրկին հիշեցնում հեղինակը, և հենց այդ պատճառով գրքին կարելի է տալ ևս մեկ բնորոշում` փաստավավերագրություն, որն անցել է սրտի միջով:

Փափուկ կազմ, 520 էջ,
լեզուն՝ արևելահայերեն,
երրորդ հրատարակություն,
2011, Երևան, Անտարես,
ISBN 978-9939-51-146-7