Վազգեն Մանուկյան vs Լևոն Տեր-Պետրոսյան. 1996-ի սեպտեմբերի 22-ը

5425

1996 թվականի այս օրը՝ սեպտեմբերի 22-ին, Հայաստանում կայացան ընտրություններ, որոնք ժողովրդի հիշողության մեջ մնացին որպես առաջին կեղծված նախագահական ընտրություններ:

Պաշտոնական արդյունքներով Լևոն Տեր-Պետրոսյանը ստացել էր քվեների շուրջ 52, Վազգեն Մանուկյանը` ավելի քան 41, կոմունիստների առաջնորդ Սերգեյ Բադալյանը` մոտ 6, Աշոտ Մանուչարյանը չէր հաղթահարել 1 տոկոսը:

Միավորված ընդդիմության թեկնածու Մանուկյանը վիճարկեց և կասկածի տակ առավ Տեր-Պետրոսյանի վերընտրությունը: Եվրոպական կազմակերպություններն ընդգծեցին, որ ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին:

Ահա գլխավոր այն անձինք, ովքեր ամեն ինչ արեցին, որպեսզի Տեր-Պետրոսյանը մնա նախագահի աթոռին.

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ, սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում՝ ահաբեկչության արդյունքում,

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ, բանտարկությունից և Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի վրեժխնդրությունից խույս տալու նպատակով հեռացել է Հայաստանից 1999-ին․ սպասվում էր, որ 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո կվերադառնա հայրենիք,

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ, մինչև 2018-ի ապրիլի 9-ը զբաղեցնում է Հայաստանի նախագահի աթոռը, իշխանության է եկել Ռոբերտ Քոչարյանի օգնությամբ՝ Մարտի 1-ի ոճրագործության ճանապարհով, 2013-ին մնացել է նախագահի պաշտոնում՝ վիճելի ընտրությունների արդյունքում: Սահմանադրությունը կեղծելուց հետո փորձեց մնալ վարչապետի պաշտոնում. 2018-ի ապրիլի 17-ին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն խորհրդարանում նրան ընտրեցին վարչապետ, սակայն մեկ շաբաթ անց՝ ապրիլի 23-ին, Թավշյա հեղափոխությունը նրան հեռացրեց իշխանությունից,

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ, Մարտի 1-ի ոճրագործությունից հետո չէր զբաղվում ակտիվ քաղաքականությամբ, Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքական վերակենդանացման փորձեր էր անում, այսօր գտնվում է անազատության մեջ,

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ, բանտարկությունից, ապա քաղաքականություն վերադառնալու անհաջող մի քանի փորձերից, ապա կրկին բանտարկությունից հետո, կրկին փորձեր է անում վերադառնալ քաղաքականություն Արցախում։

1996-ի սեպտեմբերի 22-ին փոխվեց Հայաստանի պատմության ընթացքը. թեկնածուն, որ իրականում չէր ստացել ժողովրդի քվեն, ուժային ճանապարհով մնաց իշխանության ղեկին:

Հետագա նախագահական բոլոր ընտրություններում կրկնվեց նույնը և ավելին, եղավ Մարտի 1:

Արխիվային լուսանկար, 1990թ. օգոստոս