Ինչո՞ւ են ծայրահեղ աջերը Ջորջ Սորոսին համարում չարագործ. BBC-ի անդրադարձը

2206

Ջորջ Սորոս. հրեական ծագումով մուլտիմիլիարդատեր, որն ընդհանուր առմամբ 32 միլիարդ դոլար է նվիրաբերել բարեգործությանը: Ինչո՞ւ են Ամերիկայից Ավստրալիա և Հունգարիայից մինչև Հոնդուրաս ծայրահեղ աջերը վստահ, որ Ջորջ Սորոսը համաշխարհային դավադրության կենտրոնական գործիչն է: Թեմային անդրադառնում է BBC-ի թղթակից Մայք Ռուդինը։ Հոդվածը կրճատումներով թարգմանաբար ներկայացնում ենք ստորև։ 

Անցյալ տարվա հոկտեմբերին կասկածելի խոշոր փաթեթ էր հայտնվել միլիարդատեր-բարերար Սորոսի տան փոստարկղում։

Որպես հետադարձ հասցե ակնհայտ տառասխալով նշված էր «FLORIDS» (Ֆլորիդս): Սորոսի օգնականը, բացելով փաթեթը, այնտեղ գտել էր ռումբի տեսք ունեցող մի սարք։ Այն տանելով մոտակա պուրակ՝ կանչել էր ոստիկանություն:

Հետախուզության դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալները և սակրավորները ծանրոցում հայտնաբերեցին Սորոսի լուսանկարը, որը նշված է կարմիր X-ով, 15 սմ երկարությամբ պլաստիկ խողովակ, փոքր ժամացույցով աշխատող սարք, մարտկոց, լարեր և վառոդ: Սարքը որոշվեց ոչնչացնել տեղում:

Ավելի քան տասնյակ նման փաթեթներ առաքվել են նաև նախկին նախագահ Բարաք Օբամայի, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և հայտնի այլ դեմոկրատների տներ: Պայթուցիկ սարքերից ոչ մեկը չի աշխատել: ՀԴԲ-ն պարզել է, որ ծանրոցները տեղափոխվում են սպիտակ ֆուրգոնով, որի վրա փակցված են պաստառներ՝ ի պաշտպանություն Դոնալդ Թրամփի և Դեմոկրատական կուսակցության դեմ:

Աջական ԶԼՄ-ները շտապեցին հաղորդել, որ սա սադրանք էր՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախօրեին նախագահ Թրամփին և հանրապետականներին սևացնելու նպատակով։ Շուտով ինտերնետում սկսեցին հայտնվել պնդումներ, որ ռումբերի կեղծ պատմությունը կազմակերպել է հենց ինքը՝ Սորոսը:

Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Թրամփը դատապարտեց «սարսափելի արարքը», բայց երբ հյուրերից մեկը գոռաց «Սորո՛ս, նստեցրե՛ք նրան», դա կարծես զվարճացրեց նախագահին։

Դրան հաջորդեց Ֆլորիդայի 56-ամյա բնակիչ Սեզար Սայոկի ձերբակալությունը: Սայոկը իրեն մեղավոր ճանաչեց մեղադրանքի 65 կետերով, ներառյալ՝ պայթուցիկով դիտավորյալ սպանություն կատարելու և խեղում հասցնելու փորձ։ Նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման:

Ինչպե՞ս եղավ, որ շատերը Ջորջ Սորոսին համարում են գլոբալ դավադրության չարամիտ հայր:

Բրիտանիայում շատերը կարծում են, որ Սորոսը «այն մարդն է, որը թալանել է Անգլիայի բանկը» 1992 թ.։ Սորոսը արժույթի մի շարք այլ թրեյդերների հետ միասին գնել էր բրիտանական ֆունտ, այնուհետև միանգամից վաճառել, ինչը ֆունտի փլուզման պատճառ էր դարձել: Արդյունքում, Բրիտանիան ստիպված եղավ լքել եվրոպական դրամավարկային համակարգը, իսկ Սորոսը վաստակեց 1 միլիարդ դոլար:

Ենթադրվում է, որ իր գործունեության ամբողջ ընթացքում Հունգարիայից արտագաղթած, Հոլոքոստը վերապրած և կոմունիստներից փախած էմիգրանտը ֆինանսական շահարկումների արդյունքում վաստակել է մոտ 44 միլիարդ դոլար: Վաստակած գումարները նա ծախսել է հազարավոր կրթական, բժշկական, մարդու իրավունքների և ժողովրդավարական ծրագրերի վրա:

1979 թ. նրա հիմնադրած «Բաց հասարակության հիմնադրամներն» այժմ գործում են աշխարհի ավելի քան 120 երկրներում: Բայց լիբերալ, ժողովրդավարական գործընթացներին բացահայտորեն ցուցաբերած աջակցության շնորհիվ նա դարձել է աջակողմյան գաղափարների կողմնակիցների ամենավատ մղձավանջը:

Ջորջ Սորոսի հետ կապված դավադրության առաջին տեսությունները ի հայտ էին եկել 1990-ականներին, բայց դրանք հայտնվեցին ուշադրության կենտրոնում միայն այն բանից հետո, երբ Սորոսը 2003 թ. դատապարտեց իրաքյան պատերազմը և սկսեց միլիոնավոր դոլարներ նվիրել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանը: Այդ ժամանակից ի վեր ամերիկացի լրագրողներն ու աջակողմյան քաղաքական գործիչները նրա դեմ սկսեցին պայքարել ավելի մեծ կատաղությամբ՝ հաճախ անտեսելով փաստերը:

Բայց Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Սորոսի վրա հարձակումները հասան սարսափելի և վտանգավոր մասշտաբների:

Անցած տարվա աշնանը հարյուր հազարավոր ներգաղթյալներ լքեցին Հոնդուրասը և շարժվեցին ԱՄՆ։ Սորոսը անմիջապես մեղադրվեց ներգաղթյալների այսպես կոչված «քարավանների» համար: Fox News- ը բազմիցս պնդեց, որ Սորոսը հանդես է գալիս բաց սահմանների և դեպի ԱՄՆ անսահմանափակ ներգաղթի օգտին: 

Դոնալդ Թրամփը Թվիթերում տեսանյութ տարածեց, որում, իբր, հոնդուրասցիներին կանխիկ փող են տալիս «ամերիկյան սահմանը գրոհելու համար»: Ակնարկվում էր, որ Սորոսը կարող է կանգնած լինել այս ամենի հետևում:

Սինդի Խերեսանոն, որ Հոնդուրասից ԱՄՆ ուղևորվածների «քարավանից» էր, պատմել է, որ իրեն փող չեն առաջարկել, և որ ինքն անձամբ է որոշում կայացրել Սան Դիեգո մեկնելու համար գրեթե 5 հազար կիլոմետր անցնել։ Ավելին, Թրամփի կիսած տեսանյութը իդեալական չէր։ Լրագրողները արագ պարզեցին, որ այն չի նկարահանվել Հոնդուրասում, ինչպես պնդում էին, այլ՝ հարևան Գվատեմալայում:

2018 թ. հոկտեմբերի 27-ին, ներգաղթյալների «քարավանի» դավադրության տեսության հայտնվելուց 11 օր անց և Սորոսին ուղարկված պայթուցիկ սարքի հայտնաբերումից 5 օր անց, ինքնաձիգով և ատրճանակներով զինված մի սպիտակամորթ մարդ մտավ Պիտսբուրգ քաղաքի սինագոգ և սպանեց 11 հրեայի։ 

Սա ամերիկյան պատմության մեջ հակասեմականության ամենադաժան դրսևորումն էր, և այն իրականացրեց Սորոսի թեմայով խելատարված մարդը:

Դատելով սոցիալական ցանցերում հրապարակումներից, հարձակվողը ՝ Ռոբերտ Բոուերսը, հավատում էր հակասեմական «սպիտակների ցեղասպանություն» կոչվող դավադրության տեսությանը, և որ դրա հետևում կանգնած է Սորոսը:

Ըստ այդ տեսության՝ սպիտակամորթներին փոխարինում են ներգաղթյալներով, որից հետո առաջիններին ոչնչացնելու են: Սա բացատրում է, թե ինչու էին նեոնացիստները վանկարկում «հրեաները մեզ չեն փոխարինի» Շառլոտսվիլում տեղի ունեցող ցույցերին։

Համացանցում կործանարար ազդեցության ուսումնասիրության ինստիտուտի ղեկավար Ջոել Ֆինկելշտեյնը հայտնաբերեց Բոերսի մի հրապարակում, որում նա Սորոսին անվանում է «հրեա, որը հովանավորում է սպիտակամորթների ցեղասպանությունը և վերահսկում մամուլը», ձգտում է ավելի խիստ վերահսկողություն սահմանել հրազենի հարցում և հանդես է գալիս բաց սահմանների օգտին։ 

Ըստ փորձագետի հետազոտությունների, սպիտակ ռասայի գերակայության գաղափարի կողմնակիցները Սորոսին համարում են հրեական գաղափարախոս, որը ղեկավարում է հետնաբեմից: «Այս դաժան խաղացողներն արդարացնում են իրենց բռնությունները ՝ Սորոսին նշելով որպես չարի հիմնական մարմնացում»,- ասել է նա:

«Ստո՛պ, Սորոս»

Սորոսին չարագործ են ներկայացնում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Հայաստանում, Ավստրալիայում, Հոնդուրասում, Ռուսաստանում, Ֆիլիպիններում և շատ այլ երկրներում:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սորոսը հրեական դավադրության առանցքն է, որի նպատակը Թուրքիան և այլ երկրներ տրոհելն ու քայքայելն է: Իտալիայում նախկին փոխվարչապետ Մատեո Սալվինին մեղադրում էր Սորոսին՝ երկիրը գաղթականներով լցնելու ցանկության մեջ, քանի որ նրան դուր են գալիս ստրուկներ: Բրիտանական «Brexit-ի կուսակցության» առաջնորդ Նայջել Ֆարաջը պնդում էր, որ Սորոսը ակտիվորեն հորդորում է ներգաղթյալներին հեղեղել Եվրոպան, և «շատ առումներով հիմնական սպառնալիքն է ողջ արևմտյան աշխարհի համար»:

Սակայն մեկ երկիր և կառավարություն ամենահեռուն գնաց Սորոսի վրա հարձակման գործում։ Դա Հունգարիան է` այն վայրը, որտեղ նա ծնվել է և հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսել դպրոցական երեխաների անվճար սննդի, մարդու իրավունքների պաշտպանության ծրագրերի և նույնիսկ նոր համալսարանի համար:

Վարչապետ Վիկտոր Օրբանը և նրա ազգայնականների պոպուլիստական կառավարությունը պնդում են, որ Սորոսը գաղտնի պլան ունի` Հունգարիան գաղթականներով լցնել և ազգը ոչնչացնել:

«Բաց հասարակության» հիմնադրամի փոխնախագահ Լեոնարդ Բեռնարդոն այդ պնդումներն անվանում է բացահայտ սուտ. «Ո՛չ Ջորջ Սորոսը, ո՛չ էլ Բաց հասարակության հիմնադրամը բաց սահմանների կողմնակից չեն»: 

Բայց դա չխանգարեց, որ Հունգարիայի իշխանությունները 100 միլիոն եվրո ծախսեն լրատվական արշավի վրա՝ հորդորելով ընտրողներին թույլ չտալ, որ Սորոսը «վերջում ծիծաղի»: Նրանք նաև ընդունեցին «Ստո՛պ, Սորոս» օրենքները, որոնք քրեականացնում էին ապօրինի ներգաղթյալներին օգնության տրամադրումը, և նրանց աջակցող կազմակերպությունների վրա հարկային պարտավորություններ դնում։

«Օրբանի կառավարությունը որոշում է կայացրեց Սորոսին վերածել թիվ մեկ թշնամու»,- ասում է Սորոսի հիմնադրած Կենտրոնական Եվրոպայի համալսարանի նախագահ և ռեկտոր Միխայիլ Իգնատևը։

Ինչպես դա պատահեց

Պատասխանը պետք է փնտրել նույն վայրում, ինչ Սորոսի՝ Նյու Յորքի նահանգում գտնվող տունը:

2013 թ. Հունգարիայի ղեկավարին անհրաժեշտ էր խորհրդատվություն՝ վերընտրվելու համար: Նա դիմեց հայտնի քաղաքական խորհրդատու Արթուր Ֆինկելշտեյնին (սա Ջոելի բարեկամը չէ): Վերջինս աշխատում էր Իրվինգթոնում գտնվող մի փոքրիկ գրասենյակում։ Սորոսի նստավայրը ընդամենը 30 կմ հեռավորության վրա էր:

Արթուր Ֆինկելշտեյնը մահացավ 2017 թ.՝ հասցնելով աշխատել Թրամփի, Ջորջ Բուշ Ավագի, Ռոնալդ Ռեյգանի և Ռիչարդ Նիքսոնի համար: Նրա թեթև ձեռքով քաղաքականության մեջ «լիբերալ» բառը վերածվեց անպարկեշտ մի բանի: Ֆինկելշտեյնը հանդես եկավ քաղաքականության նոր ոճով, որն անվանեց Finkel Think, պատմում է Das Magazin շվեյցարական պարբերականի թղթակից Հաննես Գրասեգերը:

«Արթուր Ֆինկելշտեյնը միշտ ասում էր. «Պետք չէ պայքարել թալիբների դեմ, պետք է կռվել Ուսամա բեն Լադենի դեմ: Այսինքն՝ դա անձնավորման խնդիր է: Երբ դուք ընտրել եք կատարյալ թշնամուն, ձեր ամբողջ ուժերը նետեք նրա վրա, որպեսզի մարդիկ վախենան ձեր հակառակորդից: Եվ կարիք չկա խոսել ձեր սեփական թեկնածուի քաղաքական ծրագրի մասին, դա ամենևին էլ կարևոր չէ»»,- ասում է Գրասեգերը։ 

Ֆինկելշտեյնը հասկացավ, որ վերընտրվելու համար Օրբանին նոր թշնամի է պետք։ Նա առաջարկեց Սորոսին, և դա կատարյալ ընտրություն էր: «Ծայրահեղ աջերը նրան ատում էին հրեա լինելու համար, իսկ ծայրահեղ ձախերը ատում էին կապիտալիստ լինելու համար»,- պատմում է BBC-ի լրագրողը:

Հեգնական է այն, որ Արթուր Ֆինկելշտեյնը ինքը հրեա էր: «Հրեական ջենթլմենը ստեղծեց հրեական հրեշի»,- ասում է Գրասեգերը:

Բայց, ըստ երևույթին, Օրբանը ընդունեց Ֆինկելշտեյնի խորհուրդը և ավելի հեռուն գնաց: 2018 թ. նախընտրական ելույթի ժամանակ, Օրբանը հարձակումների տարափ տեղաց Սորոսի վրա և հասավ կարծես ընդհուպ մինչև հակասեմական կարծրատիպերին:

«Մենք պայքարում ենք մի թշնամու դեմ, որը տարբերվում է մեզանից: Նա բացահայտ չէ, այլ թաքնվում է։ Նա ուղղամիտ չէ, այլ խորամանկ: Ոչ թե ազնիվ է, այլ անսկզբունքային: Ոչ թե ազգային, այլ միջազգային: Նա չի հավատում աշխատանքին, այլ փողերի սպեկուլյացիայով է զբաղվում։ Նա հայրենիք չունի, բայց նրան թվում է, որ ամբողջ աշխարհն է իրեն պատկանում», – ասաց Օրբանը:

Վիկտոր Օրբանը մեծ առավելությամբ հաղթանակ տարավ։ Ընտրություններից հետո ակտիվացավ Սորոսի ֆինանսավորմամբ կազմակերպությունների դեմ արշավը: 2018 թ. մայիսին փակվեց Բուդապեշտի «Բաց հասարակության» գրասենյակը:

Միխայիլ Իգնատևը մեծ ջանքեր գործադրեց Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանը փակվելուց փրկելու համար: Նա մտադիր է հակազդել, իր խոսքով, վտանգավոր քարոզչությանը մի երկրում, որտեղ 1944 թ. ընդամենը երկու ամսում նացիստների սպանեցին ավելի քան կես միլիոն հրեա բնակիչների։

Իգնատևը Սորոսի դեմ ուղղված արշավը անվանում է բոլոր այն կարծրատիպերի ճշգրիտ կրկնությունը, որոնք օգտագործվել են 1930-ական թթ. հակասեմական ատելությունը բորբոքելու համար: «Այս ամենը բացարձակ ֆանտազիա է: Սա 21-րդ դարի քաղաքականությունն է. եթե թշնամի չունես, հնարավորինս շուտ հորինիր նրան, և թող նա հնարավորինս հզոր լինի, և հո՛պ, դուք կակտիվացնեք ձեր ընտրազանգվածը և նրա միջոցով կհաղթեք ընտրություններում», – ասում է նա:

Ուսոցչուհի Դեբորա Լիպշտադը, որը բրիտանական դատարանում նշանավոր հաղթանակ է տարել Հոլոքոստը ժխտող մի անձի նկատմամբ, նույնպես անհանգիստ է։ 

«Ինձ սարսափեցնում է այն, որ նման արտահայտությունները, որոնք նախկինում կարելի էր լսել գարեջրատներում և մութ անկյուններում, այժմ հնչում է քաղաքական գործիչների, երկրի ղեկավարների, Իտալիայի փոխվարչապետի, Հունգարիայի վարչապետի շուրթերից։ Նման խոսելաոճը շոկ է առաջացնում»,- ասել է Լիպշտադը։ 

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

ՍիվիլՆեթ