Օլթին գրաւելով՝ բացւում են Արեւմտեան Հայաստանի ճանապարհները․ 25 Յունիս, 1920

3398

1920 թվականի հունիսին հայկական զորքերը մտան Օլթիի ածխահանքեր, որը, համաձայն օրվա թուրք և որոշ հայ պաշտոնյաների, պատճառ կամ առիթ դարձավ թուրք-հայկական պատերազմի: Այդ պատերազմը 1920-ի աշնանը ավարտվեց Հայաստանի պարտությամբ՝ Կարսի անկումով և Ալեքսանդրապոլի գրավումով: ՀՅԴ Բյուրոյի ՅԱՌԱՋ օրաթերթը 1920թ. հունիս 25-ի համարում Օլթիի ուղղությամբ տարած հաղթանակի առիթով խմբագրական է տպագրել, որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով (քանի որ որոշ տեղերում ընթեռնելի չէ)։

ԱՆԻ կենտրոն

ՓԱՌԱՒՈՐ ՅԱՂԹԱՆԱԿ

Հայ աշխատաւոր ժողովուրդը յանձինս իր հարազատ կառավարութեան և իր զինւած ոյժերի, վերջին երկու ամսույ ընթացքում մի շարք փառաւոր յաղթանակներ տարաւ ներքին ճակատի վրա: Արտաքին թշնամիների և ներքին դաւադիրների համաձայնեցրած դիւային ծրագիրները յօդս ցնդեցին ու չարաչար պարտութիւն կրեցին՝ զարնւելով հուժկու դիմադրութեան:

Յաղթահարելով ներքին ճգնաժամը և հաւաքելով իր ոյժերը՝ մեր ժողովուրդը կազմ ու պատրաստ հանդէս եկաւ նաև արտաքին ճակատների վրա, նոր ապացոյցներ տալով իր անյողդողդ կամքին և վճռականութեան – անպայման և ամէն գնով տէր դառնալու հայրէնի երկրին և հաւաքելու ու ամբողջացնելու հայկական հողերը, սեփական ոյժերով կեանքի մէջ իրականացնելու՝ Միացեալ Հայաստանի ամբողջացման նւիրական գաղափարը:

Վերջին օրերի ընթացքում հանրապետական զօրքերը հատու նշտարով կտրեցին և դէն շպրտեցին Զանգիբասար կոչւած պալարը մեր պետականութեան մարմնից: Եւ հազիւ այդ կազդուրիչ փաստը հաղորդագրւեց ի լուր մեր բարեկամների ու թշնամիների, երբ Կարսի շրջանի զօրամասերի տարած փառաւոր յաղթանակը Օլթիի ուղղութեամբ եկաւ մի նոր ապացոյց տալու մեր քաջարի բանակի և նրա հրամանատարների աներեր վճռականութեան – տէր դառնալու հայրենի երկրին:

Ամսիս 18-ին մեր զօրքերը, պատասխանելով անպատկառ թշնամու յանդուգն առաջխաղացման, առաջ են շարժւել Օլթիի ուղղութեամբ՝ գրաւելու Փենեքի շրջանը, ուր գտնւում են հարուստ ածխահանքեր: Թշնամու խոշոր ոյժերը-բաղկացած տաճկաքրդական կանոնաւոր զօրամասերից՝ զինւած առատօրէն և գտնւելով փորձված սպաների հրամանատարութեան տակ – ցոյց են տւել յամառ դիմադրութիւն և, սակայն, վերջ ի վերջոյ, չարաչար ջաղջախւելով և տալով բազմաթիւ զոհեր, հարկադրւած են եղել փախուստի ճամբան բռնել անասելի խուճապի մատնւելով: Իրաւունք ունի մեր պանծալի զօրամասի հրամանատարը հաղորդագրելու կառավարութեանը, թէ հայ ժողովուրդը պէտք է այդ փաստից այն եզրակացութիւնը անի, որ մեր երիտասարդ բանակի համար ներկայիս բնաւ սարսափելի չեն թիւրքական կայսրութեան հին և փորձւած զորքերն անգամ,- միայն թէ՝ նա, մեր բանակը, լինի կուշտ և հագնւած, ապառազինւած բաւարար չափով:

Այսպէս ահա, Օլթիի ուղղութեամբ և Փենեքի շրջանում մեր զօրքերի տարած փառաւոր յաղթանակը, մեր հրամանատարութեան, սպաների ու զինւորների անձնուրաց և հերոսական կռիւը դարաւոր թշնամու դէմ՝ մի անգամ եւս գալիս է ասելու ամենքին և համոզիչ դարձնելու … որ հայ ժողովուրդը վճռել է և պիտի իրագործի իր իդէալը, որչափ և որպիսի խոչընդոտներ էլ կանգնած լինի նրա յաղթական ընթացքի առաջ:

Օլթիի փառաւոր յաղթանակը նշանակալից է․․․ Օլթիի շրջանը գրաւելով՝ մեր զորքերի առաջ բացւում են Արեմտեան Հայաստանի ճանապարհները: Այսպիսով, Օլթիի օպերացիան ոչ միայն ռազմական, այլ և խոշոր քաղաքական նշանակութիւն է ստանում․․․

ՅԱՌԱՋ օրաթերթ, ՀՅԴ, թիւ 32, ուրբաթ, 25 Յունիս, 1920