Հայաստանը իր անկախության հռչակման մասին տեղեկացնում է Իրանին և 8 այլ պետությունների. 13 հունիս, 1918

9688

1918 թվականի մայիսի 30-ին Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը իրեն հռչակեց հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Հայտարարության մեջ չէր օգտագործվել անկախություն և հանրապետություն բառերը:

Առաջին պետությունը, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, Օսմանյան կայսրությունն էր: Բաթումի 1918 թվականի հունիսի 4-ի Հաշտության և բարեկամության պայմանագրով Օսմանյան կայսերական կառավարությունը ճանաչեց Հայաստանը:

Իսկ առաջին պետությունը, որին ծանուցվեց Հայաստանի անկախության մասին, Հայաստանի հարավային հարևան Պարսկաստանն էր, այսօրվա Իրանը:

1918 թվականի հունիսի 13-ին, Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի նախագահի, Հայկական Հանրապետության կառավարության նախագահի, արտաքին գործերի նախարարի և Ազգային խորհրդի քարտուղարի ստորագրությամբ ծանուցում ուղարկվեց Թիֆլիսում պարսից հյուպատոսին, որում ասվում էր.

Ձերդ Գերազանցություն,

Անդրկովկասյան Հանրապետության լուծարման հետևանքով Կովկասի Հայոց ազգային խորհրդի [1918թ] մայիսի 28-ի իր ժողովում, հայ ժողովրդի կողմից իրեն տրված լիազորությունների հիման վրա, որոշեց հռչակել հայկական պետության անկախությունը և հիմնել Հայկական Դեմոկրատական Հանրապետություն:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի այդ մասին հայտնել Ձերդ Գերազանցությանը և խնդրել այդ մասին տեղեկացնել Պարսկական կայսերական կառավարությանը:

Ձերդ Գերազանցությանը խնդրում ենք ընդունել մեր խորին հարգանքների հավաստիքը:

Հայոց Ազգային խորհրդի նախագահ

Հայկական Հանրապետության կառավարության նախագահ

Արտաքին գործերի նախարար

Ազգային խորհրդի քարտուղար

Հաղորդագրությունն ուղղված է՝

Շվեդիայի թագավորական կառավարությանը

Ավստրո-Հունգարիայի կայսերական կառավարությանը

Օսմանյան կայսերական կառավարությանը

Բուլղարիայի թագավորական կառավարությանը

Իսպանիայի թագավորական կառավարությանը

Դանիայի թագավորական կառավարությանը

Հոլանդիայի թագավորական կառավարությանը

Գերմանիայի կայսերական կառավարությանը:

Աղբյուրը՝ ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 23, թ. 166: Պատճեն: Մեքենագիր: Թարգմանություն ֆրանսերենից: Թվարկված պետություններին առանձին-առանձին ուղղված ծանուցումները՝ ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 35, թ. 1-10: «Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը (1918թ. մայիս-հուլիս). փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2009, կազմող՝ Համո Սուքիասյան, էջ 76-77:

Լուսանկարում՝ տեսարան հին Թեհրանից