Քի Վեսթում, 2001-ին, Երևանը համաձայնություն է տվել Շուշի ադրբեջանցիների վերադարձին

10104

Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք․ ի՞նչ է սա նշանակում

Տարածաշրջանային այցով Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են ունեցել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ։

Այս լուրը Հայաստանում շատերին է զարմացրել։ Զարմացրել է անգամ նրանց, ովքեր մոտիկից հետևում են ղարաբաղյան կարգավորման գործընթացին։

Իրականում, որևէ նորություն չկա, առավել ևս՝ զարմանալի բան։ Վերջին ավելի քան 25 տարիներին Մինսկի խումբը Բաքու այցելությունների ընթացում մշտապես հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ։

Ավելին, 1993-1997 թվականներին, երբ բանակցային գործընթացն ընթանում էր եռակողմ ձևաչափով՝ Հայաստան-Արցախ-Ադրբեջան, Բաքվի իշխանությունները իրենց պատվիրակության կազմում բերում էին նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Նիզամի Բահմանովին։ Ստեփանակերտը դեմ էր արտահայտվում նրանց ներկայությանը, ճիշտ այնպես, ինչպես Բաքուն էր դեմ արտահայտվում Լեռնային Ղարաբաղի ներկայությանը բանակցային գործընթացում։

Առաջին անգամ միջազգայնորեն Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը հիշատակվել է 1992 թվականի մարտի 24-ի Հելսինկիի փաստաթղթում։ Այնտեղ, ճիշտ է, օգտագործվում է «Լեռնային Ղարաբաղի այլ ներկայացուցիչներ» ձևակերպումը և նկատի է առնվում Շուշիի գործադիր՝ քաղաքային իշխանությունը։

1992-ի մարտի 24-ին Շուշին դեռևս ադրբեջանցիներով բնակեցված քաղաք էր։ Այդ օրը Հելսինկիում որոշվում էր, թե որ երկրները պետք է մաս կազմեն Մինսկի խորհրդաժողովին։ Այդ խորհրդաժողովը պետք է որոշեր Արցախի ապագա կարգավիճակը։ 11 երկրներից բացի՝ Մինսկում գումարվելիք խորհրդաժողովին հրավեր ստացան «Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները»։ Ընտրված ներկայացուցիչները 1991-ի դեկտեմբերին ձևավորված Արցախի Գերագույն խորհուրդն էր՝ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, իսկ այլը՝ Շուշիի քաղաքապետը։ Մինսկում խորհրդաժողով այդպես էլ չկայացավ, փոխարենը ստեղծվեց աշխատանքային մարմին՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Միջազգային հանրությունը երբեք հավասարության նշան չի դրել Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունների և ադրբեջանական համայնքի միջև։ Այսպես, ԵԱՀԿ-ի կողմից մշակված բոլոր առաջարկները ներկայացվել են Բաքու, Ստեփանակերտ և Երևան, այսինքն՝ ադրբեջանական մեկ և հայկական երկու կողմերին։ Մյուս կողմից, բնական է, որ միջազգային հանրությունը չի անտեսում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, որը 1988 թվականի տվյալներով կազմում էր Արցախի բնակչության 20 տոկոսից ավելին։

Պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ փորձում է շրջանառության մեջ դնել Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքներ ձևակերպումը, այսինքն՝ իբր Լեռնային Ղարաբաղը երկհամայնք միավորում է: Երևանն ու Ստեփանակերտը մերժում են այդ մոտեցումը:

Հիշեցնենք, որ բանակցային գործընթացում և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված գրավոր առաջարկներում ադրբեջանցիների Շուշի վերադարձը եղել է առանցքային 5-6 կետերից մեկը։ Ընդ որում, երբ փաստաթղթերում խոսք է լինում փախստականների մասին, առաջին հերթին և առաջին փուլում նկատի է առնվել ադրբեջանցիների Շուշի վերադառնալու հնարավորությունը։

Այսպես, 2001 թվականին Քի Վեսթում, հայկական կողմը սկզբունքային համաձայնություն է տվել Շուշի ադրբեջանցիների վերադարձին։ Ավելին, քննարկվել է անգամ Ադրբեջանից դեպի Շուշիի միջանցք ստեղծելու հնարավորությունը։ Ճիշտ է, այդ միջանցքը չէր ունենալու այն կարգավիճակը, ինչպիսին ունենալու էին Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապով 8 մետր լայնությամբ միջանցքը (sovereign passage) Արաքսի երկայանքով, առավել ևս՝ Հայաստանն ու Արցախը միմյանց կապող Լաչինի 20 կիլոմետր լայնությամբ միջանցքը։  

Թաթուլ Հակոբյան