Մարտի 1-ի մեղադրական եզրակացություն. Արցախից 1000 զինծառայող են բերել Երևան

3267

Մարտի 1-ի անջատված գործի վարույթը երեկ դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրեց և ուղարկվեց Սահմանադրական դատարան։ Այս որոշումը հրապարակվել է Դատալեքս տեղեկատվական համակարգում, որտեղ բացի իրավական հիմնավորվածության կան նաև ուշագրավ տեղեկություններ։ Մեղադրանքում փաստեր են բերվում, որ Արցախից զինծառայողներ են տեղափոխվել Հայաստան։ Որոշման մեջ դրվագներ կան մեղադրանքից, նշվում է, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի շուրջ 1000 պայմանագրային զինծառայողներից և սպաներից կազմված համահավաք գումարտակ է տեղափոխվել Երևան։ Ըստ մեղադրանքի՝ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած, Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել և անցկացվել են քաղաքացիների՝ այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված խաղաղ, առանց զենքի հավաքներ:

Հավաքների դուրս եկած բազմահազար քաղաքացիները պահանջել են անվավեր ճանաչել, իրենց կարծիքով՝ կեղծված ընտրությունները, չեղարկել ընտրական տեղամասերից ստացված արդյունքները: Մասնավորապես որոշման մեջ ասվում է. « 2008 թվականի փետրվարի 23-ի դրությամբ ակնհայտ խաղաղ բնույթ կրող հավաքներ անցկացվելու պայմաններում հիշյալ 0038 հրամանով հանձնարարվել է նշանակված ստորաբաժանումներին հատկացնել զինամթերք, իսկ անձնակազմը հանդերձավորել սաղավարտներով և զրահաբաճկոններով: Նշված ուժերի և միջոցների՝ Երևանի կայազորի պետի ենթակայության տակ անցնելու ժամկետ է սահմանվել 2008 թվականի փետրվարի 24-ի՝ ժամը 11:00-ն: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետին էլ հանձնարարվել է՝ Երևանի կայազորի տարածքում տեղակայվող յուրաքանչյուր ստորաբաժանմանը հատկացնել անհրաժեշտ ուժեր և միջոցներ, ապահովել ժամանող ուժերի և միջոցների ուղեկցումը մինչև նշանակության վայրեր»:

Տեղեկանում ենք, որ փետրվարի 24-ի գիշերն իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ. զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ, զինված և զրահատեխնիկայով համալրված, դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից, այդ թվում՝ սահմանային մարտական հերթափոխ իրականացնող զորամասերից, և տեղափոխվել Երևան քաղաքում կամ մայրաքաղաքի մերձակայքում տեղակայված զորամասեր:

Մասնավորապես, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի համապատասխան զորամասից 111 պայմանագրային զինծառայողներ, դեռևս 2008 թվականի փետրվարի 24-ի գիշերը և փետրվարի 25-ին դուրս են բերվել իրենց մշտական տեղակայման վայրից, տեղափոխվել են Երևանի մերձակայքում տեղակայված հրետանու բրիգադ, որտեղ իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ: Այնուհետև, 2008 թվականի փետրվարի 27-ից 28-ը նշված անձնակազմը տեղափոխվել է Երևան և տեղակայվել Հանրապետության հրապարակում՝ Մելիք-Ադամյան փողոցի երկայնքով:

Նույն կերպ իրենց տեղակայման վայրերից դուրս են բերվել նաև այլ զորամիավորմներ։ Նույն ժամանակահատվածում Երևան քաղաք է տեղափոխվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շուրջ 1000 պայմանագրային զինծառայողներից և սպաներից կազմված համահավաք գումարտակ: Նշված ծառայողների մի մասը տեղակայվել է ՀՀ Կառավարության վարչական շենքի նկուղային տարածքում, իսկ մյուս մասը՝ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում: Երևան քաղաքում տեղակայվելուց հետո, Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայողներին տրամադրվել է ՀՀ ՊՆ համազգեստ, իսկ տրանսպորտային միջոցների «ՊԲ» համարանիշերը փոխարինվել են «ՊՆ» համարանիշերով՝ քողարկելով այդ ուժերի ապօրինի ներգրավման հանգամանքը:

Բացի այդ, Երևան քաղաք են տեղափոխվել և «Հրազդան» հյուրանոցում տեղակայվել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատի շուրջ 20 ծառայողներ:

Երևանի կայազորի ենթակայության տակ ժամանած վերը նշված համահավաք ստորաբաժանումները զինվել են մարտական գործողությունների ժամանակ յուրաքանչյուր զինծառայողին հասանելիք, տարբեր տեսակի հրազեններով և համապատասխան սպառազինությամբ՝ մեկ մարտական հաշվարկով:

2008 թվականի փետրվարին, հիշյալ ստորաբաժանումների՝ Երևան քաղաքում և մերձակա բնակավայրերում գտնվող զորամասերում տեղակայվելուց հետո, Սեյրան Օհանյանն այցելել է այդ զինծառայողներին, տեղում ստուգել է հանրահավաքները ցրելու պարապմունքների ընթացքը, միաժամանակ, արդարացնելով վերջիններիս ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներին՝ անձնակազմերի հետ ունեցել է ոգևորիչ և խրախուսող կոչեր պարունակող ելույթներ: Մասնավորապես, Սեյրան Օհանյանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջն են համախմբել թմրամոլներ, խառնակիչներ ու հանցավոր տարրեր, ովքեր ցանկանում են երկրում հեղաշրջում կատարել: Գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի հրամանն է՝ պահպանել Հայաստանի պետականությունը, բանակի խնդիրն է՝ մնալ գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, թույլ չտալ երկրում իրավիճակի ապակայունացումն և հեղաշրջումը, ապահովել կայունությունը:

***

Մարտի 1-ի ինը զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը մայիսի 13-ին Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից հետո հայտարարեց, որ 2008-ի մարտի 1-ին նախորդող օրերին շուրջ 2000-անոց զորամիավորում է տեղափոխվել Երևան, որի շարքերում միայն զինծառայողներ չեն եղել։ Փաստաբանը հայտնեց, որ նրանք մահաբեր ուժ են գործադրել, և Ռոբերտ Քոչարյանն այդ մասին պետք է որ իմանա։

Գևորգ Թոսունյան

ՍիվիլՆեթ