Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի զրույցը (տեքստ և տեսանյութ). ապրիլի 22, 2018, «Արմենիա Մարիոթ»

3126

2018թ ապրիլի 22-ի առավոտյան Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հանդիպեցին վարչապետ Սերժ Սարգսյանը և ընդդիմության առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը։ 

Սերժ Սարգսյան – Նախ ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ բազմաթիվ կոչերին երկխոսելու եւ, անկեղծ ասած, ես մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ ժուռնալիստների, լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել, այնուհանդերձ, ուրախ եմ:

Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ, որ թյուրըմբռնում կա, որովհետեւ, երբ մենք խոսել ենք պարոն Սարգսյանի մասին, ես շատ հստակ արձանագրել եմ մեր դիրքորոշումը, որ խոսքը ոչ թե երկխոսության մասին է` Ձեր առաջարկած, այլ խոսքը մեր առաջարկած օրակարգի մասին է: Ես եկել եմ այստեղ քննարկելու Ձեր հրաժարականի պայմանները եւ իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները..

Սերժ Սարգսյան – Ուրեմն դրանք…

Նիկոլ Փաշինյան – … ստիպողաբար Ձեզ կոչ եմ անում երկխոսություն տերմինը չօգտագործել:

Սերժ Սարգսյան – Դրանք բանակցություններ չեն, դա բանակցություն չի, դա երկխոսություն չի, դա ուղղակի ուլտիմատում է` շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել մարտի մեկից եւ, եթե այդ տոնով պետք է խոսել, ապա ինձ մնում է ձեզ մեկ անգամ եւս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ եւ ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը Ձեր վրա է: Ընտրեք:

Նիկոլ Փաշինյան – Պարոն Սարգսյան, ուրեմն, ես ուզում եմ շատ հստակ լինել, որ ընդհանրապես մեզ հետ որեւէ մեկը չի համարձակվել ու չի կարող համարձակվել սպառնալիքների տոնով խոսել: Ես ասում եմ, որ Դուք չեք պատկերացնում հանրապետությունում իրավիճակը, իրավիճակը հանրապետությունում այնպիսին չէ, ինչպիսին Դուք գիտեք 15-20 օր առաջ: Իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում փոխվել է, Դուք Հայաստանի Հանրապետությունում չունեք այն իշխանությունը, ինչի մասին Ձեզ զեկուցում են: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը:

Սերժ Սարգսյան – Ժողովրդի անունից, ժողովրդի անունից յոթ-ութ տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու, եւ ես այլեւս ցանկություն չունեմ Ձեզ հետ շարունակելու խոսակցությունը…

Նիկո Փաշինյան – Ուրեմն ես Ձեզ ասում եմ…

Սերժ Սարգսյան – Եթե Դուք պետության օրինական պահանջը չեք… Ցտեսություն:

Նիկոլ Փաշինյան – … ես ձեզ ասում եմ, որ գործողությունները օրինական են: Ցտեսություն:

Սերժ Սարգսյան – Պարոնայք լրագրողներ դուք ինքներդ հետեւություն արեք:

Նիկոլ Փաշինյան – Դուք ինքներդ հետեւություն կարող եք անել, ես ուզում եմ արձանագրել, որ…