Ադրբեջանի 10 միլիոն բնակչության թիվն ուռճացված է

1111

Ադրբեջանի բնակչությունը պաշտոնապես հատել է 10 միլիոնի շեմը՝ Բաքվում աղջիկ երեխայի ծնունդով: Այս մասին հաղորդել է Ադրբեջանի կառավարության մամլո ծառայությունը: Սակայն անկախ հետազոտողները ակնարկում են, որ Ադրբեջանի իրական բնակչությունը կարող է զգալիորեն փոքր լինել այդ թվից՝ 7 միլիոն: Թեմային Eurasianet.org կայքում անդրադարձ է կատարել Ջոշուա Կուչերան։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Երեխան, որը համարվում է 10-միլիոներորդ ադրբեջանցին, ծնվել է ապրիլի 6-ին, Բաքվում, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ընտանիքում. տարածքներ, որոնք Ադրբեջանը խոստանում է հետ վերցնել: Իբր դա էլ բավականաչափ խորհրդանշական չէր, երեխային տրվել է Մեհրիբան անունը՝ երկրի առաջին տիկին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի պատվին: Նման զուգադիպությունները մի քանիսն են. 2010-ին ծնված 9-միլիոներորդ բնակչին անվանել էին Իլհամ՝ երկրի նախագահի անունով, իսկ 1999-ին ծնված 8-միլիոներորդ բնակչին՝ Հեյդար՝ ի պատիվ Հեյդար Ալիևի։

Ինչպես այս ամենից երևում է, Ադրբեջանի բնակչության աճը խորապես քաղաքականացված է, քանի որ ժողովրդագրությունը Կովկասի տարածաշրջանում զգայուն հարց է: Ադրբեջանի հակառակորդի՝ Հայաստանի բնակչությունն աստիճանաբար նվազում է լայնամասշտաբ միգրացիայի պատճառով, մի փաստ, որ ադրբեջանական լրատվամիջոցները պարբերաբար ներկայացնում են որպես իրենց երկրի գերազանցության վկայություն:

Հայաստանը հասկանում է այդ խնդիրը, և իշխանությունները շարունակաբար ձգտում են կանխել բնակչության թվի անկումը: Մարտի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հրավիրել էր երկրի ժողովրդագրական պատկերը բարելավելուն նվիրված նիստ:

Երկու դեպքում էլ պաշտոնական թվերը հավանաբար զգալիորեն գերազանցում են իրական բնակչության թիվը: Բնակչության իրական թվի որոշումը դժվար է, մասնավորապես` երկու երկրների արտագաղթի բարձր տեմպերի պատճառով: Վերլուծաբան Թորգուլ Վելիևը, որը դիտարկել է բնակչության անուղղակի ցուցանիշները՝ ընտրողների ցուցակներից մինչև էլեկտրաէներգիայի սպառումը և հացի արտադրությունը, գտնում է, որ Ադրբեջանի բնակչությունը, հավանաբար, մոտ 7 միլիոն է, իսկ Հայաստանինը՝ պաշտոնապես հայտարարված 3 միլիոնի փոխարեն 2,5 միլիոն է:

Հրանտ Միքայելյանը ևս (որը մատնացույց է արել այդ երեք անունները կրող այս երեխաներին) մոտավորապես նման եզրակացության է հանգել։  Նման մեթոդների օգտագործմամբ Վելիևը (և այլ վերլուծաբաններ) պարզել են, որ Բաքվի բնակչությունը հավանաբար ավելի մեծ է, քան պաշտոնական ցուցանիշները՝ 2,3 միլիոնի փոխարեն 3,2 միլիոն: (Շատ ադրբեջանցիներ տեղափոխվում են մայրաքաղաք՝ փնտրելով ավելի մեծ տնտեսական հնարավորություններ և շարունակելով պաշտոնապես գրանցված մնալ իրենց նախկին տներում):

Սակայն Ադրբեջանում իշխանությունները թույլ չեն տալիս, որ վիճակագրությունը ստվեր գցի իրենց տոնակատարության վրա։

Սումգայիթում տեղական իշխանությունները «Մենք դարձանք 10 միլիոն» վերտառությամբ տոնական համերգ էին կազմակերպել: «Միջոցառմանը ելույթ ունեցողները նշում էին, որ Ադրբեջանի բնակչության դինամիկ աճը նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ իրականացվող հաջող սոցիալ-տնտեսական քաղաքականության տրամաբանական արդյունք է», – գրում է AzerTag պետական լրատվական գործակալությունը:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

ՍիվիլՆեթ