Սամվել Շահրամանյանը՝ Արցախի 6-րդ նախագահ

1772

Արցախի Ազգային ժողովի սեպտեմբերի 9-ի արտահերթ նիստում, գաղտնի քվեարկությամբ, Սամվել Շահրամանյանն ընտրվել է Արցախի նախագահ։ Քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, Շահրամանյանն ընտրվել է ձայների 22 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ։

Արայիկ Հարությունյանը հրաժարական ներկայացրեց սեպտեմբերի 1-ին։ Նրա հրաժարականից հետո Սահմանադրության փոփոխություններով նոր նախագահին Ազգային ժողովն է ընտրում, հաղորդում է Ազատութունը։ 5 խմբակցություններից 4-ի, այդ թվում՝ իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ի նախագահի թեկնածուն նախկին նախագահի վերջին հրամանագրով պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանն էր։

Խմբակցություններից միայն «Միասնական հայրենիք» էր այլ թեկնածու առաջադրել՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար, կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանին, սակայն նրա թեկնածությունը մերժվել էր վերջին տասը տարում Արցախի քաղաքացիության ու մշտական բնակության մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով:

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1978թ. 01 դեկտեմբեր, ԼՂՀ ք. Ստեփանակերտ:

Կրթություն
1995 թվականին ընդունվել է Երևանի Գրիգոր Զոհրապի անվան համալսարանի Միջազգային տնտեսագիտություն ֆակուլտետը: 1998 թվականին տեղափոխվել է ԱրՊՀ Տնտեսագիտություն բաժինը և 1999 թվականին ավարտել այն:

Աշխատանքային գործունեություն
1999-2008թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունում:
2008-2010թթ. աշխատել է ԼՂՀ ԿԱ Հարկային պետական ծառայությունում՝ օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնում:
2010-2013թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ Արդարադատության նախարարությունում, որպես ԼՂՀ Գլխավոր հարկադիր կատարող:
2013 թվականին նշանակվել է ԼՂՀ ԿԱ Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ, այնուհետև՝ քրեական հետախուզության վարչության պետ:
2014-2018 թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունում՝ վարչության պետի պաշտոնում:
2018-2020թթ. զբաղեցրել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը:
2018 թվականի հուլիսի 16-ի Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ:
2020 թվականի մայիսի 29-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
2020 թվականի մայիսի 29-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար:
2021 թվականի հունվարի 18-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ։
2022 թվականի մայիսի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական։
2023 թվականի հունվարի 10-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ։
2023 թվականի հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։
2023 թ․ օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ պետական նախարար։

Այլ տվյալներ
1996-1999թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում:
Զինվորական կոչումը՝ «գեներալ-մայոր»:
Պարգևատրվել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կրծքանշանով, ԱՀ և ՀՀ ոստիկանության պետերի կողմից «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, «Ծովակալ Իսակով», «Իրավակարգի ամրապնդման համար», «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար», «Անվտանգության մարմինների 100-ամյակ», «Մարտական համագործակցության համար» մեդալներով:
2008 թվականին շնորհվել է Սամբո ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի կոչում:
2020 թ. ապրիլի 30-ի ԱՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 3 զավակ: