Թալիշի գրավված հենակետերը կամ «Օհանյանի պատնեշը»

3278

Ռուսերենով և անգլերենով հրատարակվող oc-media.org կայքը ապրիլի 10-ին տեղադրել է ադրբեջանցի լրագրող Սեյմուր Քազիմովի կարճ տեքստով ֆոտոռեպորտաժը Ադրբեջան-Արցախ շփման գծի այն հենակետերից, որոնք 2016 թվականի Ապրիլյան Քառօրյայի ընթացքում գրավվել են ադրբեջանական զինուժի կողմից։

Լուսանկարչական ռեպորտաժի հետ՝ հենց սկզբում, դրվել է շուրջ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Արցախի քարտեզը և կարմիրով նշվել այն տարածքները, որոնք երկու տարի առաջ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ հարավում՝ Արաքսի ափին՝ Վարազաթումբ կամ Լելեթեփե, և հյուսիսում՝ Թափ Կարակոյունլու-Թալիշ/Մատաղիս հատվածներում։

Ըստ քարտեզի, որը կայքը վերցրել Վիկիմեդիայից, ադրբեջանական ուժերի կողմից 2016-ի քառօրյա պատերազմի ընթացքում գրավված տարածքը ակնհայտորեն ավելին է, քան 800 հեկտարը, որի կորստի մասին պաշտոնապես հայտարարել են Հայաստանի իշխանությունները, մասնավորապես՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

Քարտեզը վերցված է oc-media.org կայքից։

Ակնհայտ է սակայն, որ գոնե Թալիշի հատվածում սխալ կա․ հայկական ուժերը տարածքային կորուստներ կրել են Թալիշից արևելք և մասամբ հյուսիս ընկած հատվածում, բայց ոչ հյուսիսարևմտյան հատվածում, ինչպես կարմիրով նշված է քարտեզում։

Իր լրագրողական գործունեությամբ անկախ, ավելին՝ ընդդիմադիր հայացքներով լրագրող Քազիմովը, որին անձամբ ճանաչում եմ բավական երկար ժամանակ, իր այս լուսանկարային ռեպորտաժը հրատարակել է որպես բրիտանական International Alert կազմակերպության հետ աշխատանքի մաս։

Քազիմովը գրում է, որ Քառօրյայի ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Թալիշին մերձակա, ռազմավարական նշանակությամբ յոթ բարձունքներ, այդ թվում՝ 21 հայկական դիրքեր։

Այս թվերը ևս ճշտման կարիք ունեն։ Հայաստանի ու Արցախի պաշտպանական գերատեսչություններից բացի, որևէ այլ կառույց դժվար թե կարողանա ճշգրիտ տեղեկատվություն փոխանցել։ Ամենաբարձր՝ Սերժ Սարգսյանի մակարդակով 2016-ի մայիսի 17-ին ասվել է, որ հայկական կորուստները «800 հեկտար են և ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն»։

Քազիմովը գրում է, որ Թալիշում ադրբեջանական ուժերի գրաված տարածքները ստացել են «Օհանյանի պատնեշ» անունը։

Շուրջ երկու տասնյակ լուսանկարներից, որոնք արվել են ադրբեջանական զինուժի կողմից գրավյալ հայկական դիրքերում, տպավորություն է ստեղծվում, որ հակառակորդն այդ դիրքերը պահպանում է այն վիճակում, ինչպես եղել է գրավման օրը։ Ադրբեջանը, զուտ քարոզչության ու հոգեբանական նպատակներով, հավանաբար ուզում է ցույց տալ, թե ինչպիսի պայմաններում են եղել հայկական դիրքերը մինչև 2016-ի ապրիլը։

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ