Ապրիլյան 4-օրյա պատերազմ. արդյունքներ, դասեր, առասպելներ

3592

Ապրիլյան 4-օրյա պատերազմը, որը սանձազերծեց Բաքուն, նախ և առաջ ողբերգություն էր. հայերն ու ադրբեջանցիները տվեցին հարյուրավոր զոհեր ու վիրավորներ: Հայկական կողմ/երը չեն թաքցնում զոհերի իրական թվերը՝ ավելի քան 100 հոգի: Ադրբեջանական կողմն ակնհայտորեն նվազեցնում է իր կորուստները. եթե պաշտոնապես խոսվում է մոտ չորս տասնյակ զոհերի մասին, ապա ընդդիմադիր Մեյդան TV-ն անուն առ անուն, համապատասխան նկարներով, տվել է ավելի քան 100 սպանվածի մասին տեղեկատվություն: Արցախյան կողմը, մարդկային զոհերից զատ, տվեց նաև տարածքային կորուստներ շփման գծի հյուսիսային և հարավային հատվածներում: Այսպիսով, 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր տեղի ունեցավ, թեև ոչ այնքան էական, ստատուս-քվոյի փոփոխություն:

Արցախյան բանակի դիրքային և տարածքային կորուստները հարավային ուղղությամբ

2016-ի ապրիլ 1-2-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից գրավված Լելե թեփե բարձունքը կամ բլուրը գտնվում է Հորադիզ գյուղի և Հորադիզ կայարանի միջև: 1994-ի զինադադարով և հաստատված շփման գծով Հորադիզ գյուղը մնացել է Արցախի, իսկ Հորադիզ կայարանը՝ Ադրբեջանի կազմում:

Լելե թեփե բլուրը կորցնելու մասին պաշտոնապես առաջինը խոսեց Արցախի պաշտպանության նախարարության օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը ապրիլյան ասուլիսներից մեկում. «Լելե թեփեն չի կարող համարվել ռազմավարական նշանակություն ունեցող, որովհետև լեռան գագաթի տրամագիծը կազմում է 5 մետր: Ընդհանուր լանդշաֆտի համեմատությամբ նրա բարձրությունը կազմում է 20 մետր: Դիրքերի համակարգի մեջ այն էական, թեկուզ մարտավարական նշանակություն չունի: Խոսք չկա ռազմավարական նշանակություն ունենալու մասին»:

Ապա Սերժ Սարգսյանը «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում ասաց, որ «հայկական կողմը մարտերի ընթացքում որոշ տարածքներ է կորցրել», «շատ փոքր հատված» շփման գծի հյուսիսում և հարավում, որոնք չունեին «ռազմավարական կարևորություն» հայկական զինված ուժերի համար, որոնք չեն փորձել հետ բերել դրանք՝ «նոր զոհերից խուսափելու համար»:

Լելե թեփեում Արցախյան բանակը կորցրել է 7 դիրք, որոնք միասին կազմում են 1.5-ից մինչև 2 կիլոմետր երկարություն և 500 մետրից մինչև 1 կիլոմետր խորություն: Ասել, որ սա շատ մեծ կորուստ է, արդարացված չէ: Բայց չի կարելի նաև անդադար հայտարարել, թե Լելե թեփեն կարևոր նշանակություն չունի: Շփման գծի այս հատվածը հիմնականում դաշտավայր է, իսկ նման լանդշաֆտի պայմաններում ամեն մի բարձունք ունի կարևոր նշանակություն:

Ամենից ցավալին ու ողբերգականն այն էր, որ Լելե թեփեի դիրքերում Արցախյան բանակը տվեց մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներ:

Արցախյան բանակի դիրքային և տարածքային կորուստները հյուսիսային ուղղությամբ

Հյուսիսային՝ Թալիշ/Մատաղիս-Թափ Կարակոյունլու ուղղությամբ, արցախյան տարածքային կորուստներն ավելի զգալի էին: Արցախյան բանակը ապրիլ 1-2-ի գիշերը կորցրեց տասնյակ ռազմական դիրքեր, իսկ առաջին գիծը, ինչպես հարավային ուղղությամբ, գրավվեց հակառակորդի կողմից: Մարտերի ընթացքում հայկական կողմին հաջողվեց հետ բերել կորցրած դիրքերի մի մասը:

Այսօրվա դրությամբ Արցախյան բանակը այդ հատվածում ունի 14 կորցված դիրք: Տարածքային առումով՝ ադրբեջանական կողմի գրաված դիրքերի երկարությունը շուրջ 4 կիլոմետր է, խորությունը՝ 1-1.5 կիլոմետր: Այստեղ ադրբեջանական կողմը ստացել է որոշ դիրքային առավելություն, ինչը հնարավորություն է տալիս ուղղակի կրակի տակ պահել Թալիշը կամ գյուղի որոշ հատվածներ:

Թալիշը, ինչպես և Մարտակերտի շրջանի մեծագույն մասը 1992-1994 թվականներին եղել է ադրբեջանական գրավման տակ: Թալիշը ազատագրվել է 1994-ի ապրիլին՝ զինադադարի հաստատումից օրեր առաջ: Երբ թալիշցիների մի մասը վերադարձավ գյուղ, տները ավերված էին: Նրանք նոր կյանք սկսեցին, որը, սակայն, խաթարվեց ապրիլ 1-2-ի գիշերը, երբ ադրբեջանական դիվերսիոն խմբերը մտան գյուղ, իսկ հրետանին ավերեց գրեթե բոլոր տները: Այսօր Թալիշում քաղաքացիական բնակչություն չկա:

Ի՞նչ դասեր պետք է քաղել Ապրիլյան պատերազմից: Ինչպիսի՞ առասպելներ և պատրանքներ  էին հյուսվել մինչև ապրիլ 1-ի կեսգիշերը, երբ Ադրբեջանը դիմեց հերթական դիվերսիային և ապա սկսեց գնդակոծել ու ռմբահարել ինչպես շփման գծի ողջ երկայնքով տեղաբաշված հայկական դիրքերը, այնպես էլ քաղաքացիական բնակավայրերը՝ Թալիշը, Մատաղիսը և Մարտակերտը: Բնական է, Բաքվի ագրեսիային ի պատասխան, արցախյան կողմը հարվածներ հասցրեց ինչպես ադրբեջանական ռազմական հենակետերին, այնպես էլ շփման գծի երկայնքով գտնվող բնակավայրերին:

Դասերը և առասպելները բազմաթիվ են, բայց մենք կանդրադառնանք միայն մի քանիսին:

Դաս առաջին կամ ադրբեջանական հզոր բանակի առասպելը

Հատկապես 2003-ից ի վեր, երբ իշխանությունը հայր Ալիևից ժառանգեց որդին՝ Իլհամը,  Ադրբեջանը զինվում է և ամեն պատեհ ու անպատեհ առիթով հայտարարում, որ հակամարտությունը լուծելու է ռազմական ճանապարհով: Ավելի քան 10 տարիների ընթացքում Ադրբեջանը ռազմական ոլորտի վրա միլիարդավոր դոլարներ է ծախսել և կուտակել ահռելի քանակությամբ զենք ու զինամթերք: Եղել են տարիներ, երբ Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է եղել, քան Հայաստանի և Արցախի ողջ բյուջեները միասին:

Ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքում պարզվեց, ավելի ճիշտ՝ վերահաստատվեց, որ հաղթելու համար ռազմական մեծ բյուջե և ահռելի քանակությամբ սպառազինություն ունենալը դեռ բավարար չէ, ինչպես 1991-1994 թթ. պատերազմում: Ադրբեջանը, մեծ հաշվով, չկարողացավ լուրջ հաջողության հասնել և ստիպված էր բավարարվել Լելե թեփե բլրի և Թալիշի ուղղությամբ գրաված բարձունքի վրա ադրբեջանական դրոշ ծածանելով:

Դաս երկրորդ կամ ՔուռԱրաքսյան միջագետք, մինչև Բաքու հասնելու առասպելը

Տարիներ շարունակ մենք մեզ համոզել էինք, որ հայկական և արցախյան բանակը հզոր է, ադրբեջանական բանակը՝ թույլ, կռվել չգիտի, որ եթե հակառակորդը դիմի ագրեսիայի, ապա հայկական ուժերը ոչ միայն կլռեցնեն հակառակորդին, այլև դուրս կգան Քուռ-Արաքսյան միջագետք, անգամ՝ Բաքու:

Քառօրյա պատերազմը տաքգլուխ հայերի համար պետք է լինի սառը ցնցուղ: Մեծ հաշվով, հայկական բանակը չպարտվեց, իսկ ադրբեջանական բանակը՝ չհաղթեց, սակայն բոլորը հասկացան, որ ադրբեջանական բանակը այն չէ, ինչպիսին էր 1990-ական թվականներին: Ավելին, շատերը հասկացան, որ պետք չէ հակառակորդին թերագնահատել:

Երբ Սերժ Սարգսյանը զբաղեցրած պաշտոններից ազատեց երեք բարձրաստիճան զինվորականների, որոնցից մեկը՝ նախարարի տեղակալ, անուղղակի կերպով հաստատեց, որ հայկական բանակում լուրջ բացթողումներ և խնդիրներ կան, որ հետախուզությունը և կապը լավ չեն աշխատել, որ մատակարարման հարցում առկա են եղել լուրջ թերացումներ:

Դաս երրորդ կամ ո՞ւմ բարեկամն է Ռուսաստանը

Ադրբեջանում, բայց նաև միջազգային հանրության մոտ համոզմունք ու տպավորություն կար, որ Ռուսաստանը կանգնած է Հայաստանի և վերջինիս միջնորդությամբ՝ Արցախի թիկունքին, որ 1991-1994 թթ. պատերազմում Ադրբեջանը կռվել է ոչ թե Արցախի ու նրա ժողովրդի, ոչ անգամ Հայաստանի, այլ Ռուսաստանի դեմ, և որ Ռուսաստանը զենքով ու զինամթերքով օգնել է հայերին՝ ընդդեմ ադրբեջանցիների:

Քառօրյա պատերազմը և դրան նախորդած ժամանակաշրջանը, երբ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք էր վաճառում Ադրբեջանին, ցույց տվեց, որ քաղաքականության մեջ չկան բարեկամներ ու թշնամիներ, որ քաղաքականության մեջ կան շահեր: Մնում է, որ մենք խելքի գանք և Ռուսաստանի հետ հաստատենք գործընկերային հարաբերություններ, այսօրվա վասալայինի փոխարեն: Հասկանանք, որ Ռուսաստանը մեր հովանավորը չէ և չի կարող լինել:

Դաս չորրորդ կամ ո՞ւմ էր պետք ԵՏՄ մտնելը

Երբ Սերժ Սարգսյանը մեկ գիշերվա ընթացքում մտքափոխ եղավ և որոշեց, որ Եվրոպական Միության Ասոցացման համաձայնագրի փոխարեն պետք է մաս կազմել Ռուսաստանի կողմից ստեղծված Եվրասիական տնտեսական միությանը, նրա այդ շրջադարձը պաշտպանողները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, դա առաջին հերթին բացատրում էին Արցախի անվտանգության նկատառումներով: Այսինքն, եթե Սարգսյանը «ոչ» ասի Վլադիմիր Պուտինին, ապա Ռուսաստանը կպատժի Հայաստանին, ինչը կնշանակի նաև պատժել Արցախին:

Ապրիլյան պատերազմն ու Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռազմական մատակարարումների շարունակությունը ապացուցեցին, որ ԵՏՄ մտնելով Հայաստանն իր և Արցախի համար չլուծեց ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ անվտանգության խնդիր:

Դաս հինգերորդ կամ զինվորի բաժինը չի կարելի գողանալ

Երբ իշխանական համակարգը վերից վար կոռումպացված է, բանակը չի կարող զերծ մնալ այդ չարիքից: Քանի որ բանակը նաև փակ կառույց է, ապա դա ստեղծում է կոռուպցիայի, հովանավորչության ու  “ատկատների” ավելի մեծ գայթակղություն ու հնարավորություն, քան մյուս գերատեչություններում:

Ապրիլյան պատերազմի օրերին և հետո բազմաթիվ հրապարակումներ եղան, որ զինվորները անորակ համազգեստ և կոշիկ են հագնում, առաջին գծում կանգնած բոլոր զինվորները չէ, որ ունեն պաշտպանական համապատասխան հանդերձանք, անգամ վաճառքի են հանվել տանկերի մարտկոցները, վաճառվում է դիզվառելիքն ու բենզինը, որ գեներալները վարում են թանկարժեք ջիփեր, կառուցում ճոխ առանձնատներ:

Թդ այդ պնդումների որ մասն է համապատասխանում իրականությանը՝ միանշանակ դժվար է ասել: Ապրիլյան պատերազմը պետք է դաս լինի՝ չի կարելի գողանալ զինվորի բաժինը:

Դաս վեցերորդ և հուսադրող վերջաբան

Այն պնդումը, որ ամեն մի ժողովուրդ արժանի է իր իշխանությանը, Ապրիլյան պատերազմի օրերին կասկածի տակ դրվեց Հայաստանի դեպքում: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը հայոց մերօրյա պատմության մեջ առաջին անգամ, իրավամբ, ցույց տվեց իր կենսունակությունը: Հայաստանի հաջորդական և հատկապես գործող իշխանությունները անասելի անարդարություններ են գործել սեփական ժողովրդի հանդեպ, կեղեքել նրան, պանդխտության ճամփել: Շատերն ասում էին՝ Աստված մի արասցե, պատերազմ լինի, ոչ մեկը զենք չի վերցնի և չի կռվի հանուն Հայրենիքի:

Աստված մի արասցե, որ նոր պատերազմ լինի, բայց ապրիլյան օրերին հայ ժողովուրդը որպես հավաքականություն, դրսևորվեց իր լավագույն որակներով:

Մեր հույսը, գուցե, հենց սա է:

Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ
Լրագրող
Երևան

Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի այս հոդվածը Ապրիլյան դեպքերից շաբաթներ անց գրվել է Ստեփանակերտի ԱՆԱԼԻՏԻԿՈՆ հանդեսի համար