Երևանի քարավանատները

1321

Երևանի նահանգում առևտրի կազմակեպումը մինչև 20-րդ դարի սկիզբ քարավանային էր: Գնացքի գիծը Երևան է հասել 1902 թվականին: Առևտրի կազմակերպման համար անհրաժեշտ և կարևորագույն ենթակառուցվածք էին քարավանատները, որոնք գտնվում էին շուկայական հրապարակի շրջակայքում։

Շոպենի վկայությամբ, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու շրջանում Երևանում պահպանվել էին յոթ քարավանատներ՝ Գյուրջի, Ջուղայի, Զարաբ-խանի, Թաղիր, Սուլի, Սուսըզ, Հաջի-Ալի[1], որոնք հավանաբար, գոյություն ունեին XVII—XVIII դարերից[2]։

Ոչ Շոպենը, ոչ Թադևոս Հակոբյանը չեն նշում Օվշարի քարավանատան մասին։

Ավելի ուշ շրջանում, 1893 թվականով թվագրված մի սխեմատիկ հատակագծում նշվում է 13 քարավանատուն։

Ամենամեծը քարավանատունը, ըստ Շոպենի թողած տեղեկության, Հաջի-Ալին էր, որը սակայն բնակեցվել էր Պարսկաստանից Թուրքմենչայի պայմանագրով Երևան գաղթած ամենաչքավոր հայերով[3], որոնք կացարան գտնելու այլ տարբերակ չունեին։

Ամենամեծ քարավանատունը մինչև 20-րդ դարասկիզբ Գյուրջիի քարավանատունն էր։ Այդպես է կոչվել, քանի որ այդտեղ էին հանգրվանում Թիֆլիս գնացող և այնտեղից եկող քարավանները՝ Գյուրջի թյուրքերենից և պարսկերենից նշանակում է «վրացական»։ Այն ուներ 78 կրպակ /ըստ Հակոբյանի՝ 62/ և ևս 24 կրպակներով այսպես կոչված չարսի խանութաշարը։ 19-րդ դարի վերջում-20րդ դարասկզբում պատկանել է Խոսրովյանների կամ ռուսականացված տարբերակով Խոսրոեվների հայտնի ընտանիքին։ Գտնվել է այսօրվա Զաքյան փողոցի և Չարենցի դպրոցի ետնամասի բարձրահարկերի տեղում։ Այս և հարևան քարավանատների պատճառով մոտակայքից սկիզբ առնող փողոցը ցարական շրջանում անվանվեց Քարավանսարայնայա, որն այժմ Եզնիկ Կողբացու փողոցն է։

Սուլի և Սուսըզ քարավանատներն այդպես էին կոչվում, քանի որ համապատասխանաբար առաջինն իր տարածքում ուներ ջրի աղբյուր, իսկ երկրորդը՝ ոչ /թյուրքերեն սու-լը, բառացիորեն՝ «ջրով», «սու-սըզ»՝ անջուր/։

Ջուղայի քարավանատան անվանումը, ինչպես և Գյուրջիի դեպքում, ցույց էր տալիս այդտեղ հանգրվանող քարավանների անցուդարձի աշխարհագրական ուղղությունը։

Թաղիրը հավանաբար անվանվել է քարավանատան տեր հանդիսացող թյուրքական տոհմի անունով։ Հիշատակված 1893 թվականի սխեմատիկ հատակագծում նշված է որպես ոմն Քելբալայի Սադըխ Հաջի Թաղիր օղլիին պատկանող։

[1] Шопен, 879

[2] Հակոբյան, 205

[3] Шопен, նույն տեղում