Հայաստանում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Ալի փաշայի այցը Դիլիջան. 23 սեպտեմբեր, 1918թ

4321

Սեպտեմբերի 23-ի երեկոյան ժամը 4-ին Հայաստանի թուրքական դեսպան Մեհմեդ Ալի փաշան Դիլիջան է գնացել գաղթականության դրության հետ ծանոթանալու:

Այնտեղ նրան ընդունեցին զինվորական պատիվներով և երաժշտությամբ: Իր զրույցների ժամանակ տեղական գործիչների հետ՝ նա միշտ շեշտել է երկու ժողովուրդների՝ հայերի և թուրքերի համերաշխ կենակցության անհրաժեշտությունը:

Ժողովրդին ուղղված իր ճառում նա խոստացավ ամեն միջոց գործ դնել, որքան որ իրենից է կախված՝ ամոքելու թշվառ գաղթականների վիճակը, որովհետև դա նախ և առաջ մարդկային պարտականություն է:

Շուտով գաղթականների համար, փաշայի ասելով, պիտի բաց թողնվի 13 հազար փութ ցորեն և մեծ քանակությամբ աղ:

Մյուս օրը առավոտյան Մեհմեդ Ալի փաշան ծանոթանալով անձամբ գաղթականության դրության հետ, վերադարձավ Երևան: Դիլիջան գնալիս նա նույն նպատակով կանգ է առել Դարաչիչակում և Ելենովկայում:

Ժողովուրդ, թիվ 15, հինգշաբթի, հոկտեմբերի 3, 1918

Ծանոթագրություն ԱՆԻ-ի. Դարաչիչակը Ծաղկաձորն է, Ելենովկան՝ Սևանը: Հայաստանում Օսմանյան կայսրության դեսպանը հատուկ մեկնել էր Դիլիջան՝ հանդիպելու Օսմանյան կայսրությունից և Արևմտյան Հայաստանից նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունում հաստատված արևմտահայ փախստականների հետ: Թուրքական ցորենը, որ ստացավ Հայաստանը 1918-ի կեսերից հետո, այդ փախստականների համար էր: