«1987-ի երկրորդ կեսին մարդկանց մի խումբ նախապատրաստում էր Արցախյան պոռթկումը»

3634

Ալեքսան Հակոբյան. «Ղարաբաղ» կոմիտեն բացարձակ կոլեգիալ մարմին էր

Հարց- Արտաքուստ թվում է, թե 88-ի Շարժումը և այն ղեկավարող «Ղարաբաղ» կոմիտեն ձևավորվեցին ոչնչից՝ զրոյից: Հանրությանը քիչ թե շատ հայտնի է փոքրաթիվ այլախոհական խմբերի՝ ԱՄԿի և Հելսինկյան խմբի գործունեությունը: Հետաքրքիր է, թե, բացի վերոնշյալներից, ուրիշ ի՞նչ խմբեր, խմորումներու քննարկումներ կային Հայաստանում մինչև 1988-ը, և արդյո՞ք կապ կա այդ խմբերիքննարկումների և 1988-ից ծավալված Շարժման, հատկապես դրա քաղաքական մարտավարության միջև:

Պատասխան– 88-ից առաջ Մ. Գորբաչովի հայտարարած վերակառուցման շրջանն էր: Բնականաբար, Գորբաչովը մտադիր էր վերակառուցումն իրականացնել լոկ որոշ չափով, սակայն ԽՍՀՄ-ի և հատկապես Հայաստանի հասարակությունն արեց շատ ավելին, ինչը հանգեցրեց ԽՍՀՄ-ի վերացմանը, իսկ դա, անշուշտ, դրական պատմական զարգացման արդյունք էր: Վերակառուցման տարիներին արդեն գոյություն ունեցող հասարակական շարժումներն ակտիվացան: Դրանք կային դեռևս ԽՍՀՄ ճահճացման շրջանում՝ 70-ականների վերջին, 80-ականների սկզբին: Այդ շարժումները բազմաբովանդակ էին. կար բնապահպանական շարժում, կար հայ հասարակության որոշակի շերտի պայքար հայերենի համար և ռուսերենի դեմ, քանի որ ռուսերենը սկսում էր սպառնալ հայերենի և հայ մշակույթի գոյությանը կամ գոնե դրա որակին, կային մայրաքաղաքի կենտրոնի պահպանության շարժումներ, կային երգի-պարի ազգագրական խմբեր, բանահավաքչական խմբեր. այդ ամենի մեջ կար հայ ազգայինի կարևոր տարրը, որը սկիզբ էր առել դեռևս 60-ականներից: Կար նաև սոցիալական շարժում, որն ուղղված էր արդար հասարակություն կառուցելուն, քանի որ շատերը էին ցանկանում, որ կոմունիստական հասարակությունն արդար լինի, բայցև տեսնում էին, որ այդպես չէ: Վերակառուցումը մի քանի անգամ մեծացրեց այս շարժումների թափը: Եթե ոչ 85-ից, ապա՝ 86-ից հայաստանյան հասարակությունում այս բոլոր շարժումները բավական բարձր մակարդակով էին գործում: Հանկարծ իմանում էիր, որ քաղաքի այսինչ տեղում քաղաքի պաշտպաններն են փոքրիկ միտինգ անում, մեկ ուրիշ տեղ ազգագրական խմբի համերգ է, մեկ այլ տեղ՝ բնապահպանական քննարկումներ, և այդ բոլորի կողքին կար նաև Արցախի խնդիրը, որն աստիճանաբար գիտականից դուրս եկավ ոչ գիտական լսարաններ և 86-ին համակեց ողջ հասարակությանը և՛ Հայաստանում, և՛ Արցախում, որտեղ սկսեցին լրջորեն մտածել դրա մասին, ինչ-ինչ փաստաթղթեր կազմել, տարածել բնակչության մեջ, ուղարկել Մոսկվա: Մեզանում շատ հետաքրքիր էին անցնում Արցախի պատմության, Աղվանքի մասին Բաքվում հրատարակվող գրքերի և պաշտպանվող ատենախոսությունների քննարկումները: Քննարկումների այդ հարթակները մինչև 88-ի Շարժումը բավական ակտիվ էին, և այդ բոլորի միախառնումից ծագեց շատ ավելի մեծ շարժում՝ Ղարաբաղյանը, որը 87-ի երկրորդ կեսին ձնագնդի էֆեկտով մեծացավ և 88-ին ուղղակի պայթեց փետրվարյան ամենօրյա մեծ հանրահավաքների ձևով:

Հարց- Դուք անձամբ ինչպե՞ս եք ներգրավված եղել մինչև 1988-ը եղած նշված խմորումներիքննարկումների մեջ:

Պատասխան– Մասնագիտությունից ելնելով՝ ես ավելի շատ գիտական շրջանակներում էի: Խորհրդային Միությունն արհեստական ձևով փորձում էր համահարթեցնել Հայաստանի և Ադրբեջանի պատմությունները: Այն ժամանակ դա ծանր հարց էր, և մեր պատմաբան գիտնականներն անգամ հալածանքների ենթարկվելու կամ իրենց աշխատությունները չհրատարակելու վտանգով փորձում էին առաջ տանել այդ հարցը: Ես դրանով էի զբաղվում թե՛ Պետերբուրգում (այն ժամանակ՝ Լենինգրադում) ասպիրանտուրայում ուսանելիս կապ պահպանելով Հայաստանի հետ, թե՛ առավել ևս ասպիրանտուրան 1981-ին ավարտելուց և Հայաստան վերադառնալուց հետո: Մեր սերնդի ակտիվ մասը, անկախ մասնագիտությունից, վերակառուցումից հետո ուղղակի մխրճվեց այդ շարժումների մեջ, որոնք, ինչպես արդեն նշեցի, խտացան և արձանագրվեցին Ղարաբաղյան շարժման ձևով: Պատահական չէ, որ «Ղարաբաղ» կոմիտեն ստանձնեց նաև այդ բոլոր շարժումների համակարգումը՝ զբաղվելով և՛ բնապահպանական, և՛ մշակութային, և՛ քաղաքի պաշտպանության, և՛ սոցիալական արդարության հարցերով:

Հարց- Մինչև 1988-ը ազգային համարվող կամ առհասարակ՝ քաղաքական հարցերը, օրինակ՝ Ղարաբաղ, Ցեղասպանություն, Նախիջևան, քննարկվու՞մ էին հայաստանյան հասարակության տարբեր շերտերում՝ մտավորականության, պաշտոնյաների և այլոց շրջանում:

Պատասխան– Նախիջևանի հարցը քննարկվում էր հենց երկիր կորցնելու խնդրի հետ կապված: Ցեղասպանության հարցն անընդհատ է քննարկվել. 60-ական թթ.-ից՝ հայրենիքը սիրել՝ նշանակում էր նաև անկեղծորեն տառապել Ցեղասպանության հարցով: Այն ժամանակ ոչ բոլորն էին այդպես, և դա իրոք իրական հայրենասիրության դրսևորում էր՝ իր բոլոր ծայրահեղություններով հանդերձ: Անընդհատ գրվում էր Նախիջևանում ու Արցախում հայ բնակչության, հուշարձանների կորստի մասին, Արևմտյան Հայաստանի կորստի մասին, գեղարվեստական երկեր էին գրվում, հրատարակվում էր նախկինում արգելվածը, ազգագրական երգուպարում արտահայտվում էր Հայաստան երկիրը սիրելու մոտեցումը, բազմաթիվ քննարկումներ էին տեղի ունենում:

Հարց- Իսկ անկախության հարցի նկատմամբ ի՞նչ վերաբերմունք կար, եթե, իհարկե, այդ հարցի մասին ընդհանրապես խոսվում էր:

Պատասխան – Մինչև 88 թիվը մտավորականության լայն շրջանակներում անկախության հարցը չէր քննարկվում: Կարելի է ասել, որ այդ հարցն ինչ-որ առումով բաց քննարկման առարկա էր, օրինակ, պատմագիտության մեջ. իմ ուսուցիչների սերունդն անընդհատ գրում էր դրա մասին: Օրինակ՝ Արամ Տեր-Ղևոնդյանը, արաբական տիրապետության մասին գրելով, բառացի գրում էր Հայաստանի անկախության մասին: Նման մտքերի կարելի էր հանդիպել նաև հայ ժողովրդի պատմության ակադեմիական հատորյակում, անգամ՝ ակադեմիկոս Սուրեն Երեմյանի կողմից. նա արծարծում էր այդ հարցը հնագույն շրջանի, միջնադարի վերաբերյալ, քննարկում էր, թե ինչու այդ ժամանակ հնարավոր չէր անկախության վերականգնումը։ Հատորներում անդրադառնում էին նաև 1918 թվին, որոշ չափով՝ խորհրդային կարգերի հաստատման թերիներին: Այս ամենը կար, բայց գոնե լայն շրջանակներում ուղղակիորեն Հայաստանի անկախության խնդիր չէր դրվում: Մտավորականությունը գիտեր ընդհատակյա անկախական շարժման մասին. Հայկազ Խաչատրյանի, Պարույր Հայրիկյանի, Ստեփան Զատիկյանի և նրանց ընկերների անունները գոնե վերակառուցման տարիներին շատերին էին հայտնի: Հասարակության լայն շրջանակներում անկախությունը հրատապ հարց չէր, բայց կարևոր է այն, որ Հայաստանում այդ տարիներին կար անկախության իրական շարժում, այսինքն՝ իրական պայքար, որի համար երիտասարդ մարդիկ ձերբակալվում էին, աքսորվում և այլն. չդառնալով զանգվածային շարժում՝ անկախական շարժումը կատարում էր իր էական հասարակական դերը:

Հարց – Ասացիք, որ տարբեր շարժումների միախառնումը հանգեցրեց 88-ին, բայց այն ժամանակ Ձեզ համար դա սպասելի՞ էր: Ինչպե՞ս սկսվեց Շարժումը Ձեր անձնական դիտանկյունից: Զարմանքըև ոգևորությունը մե՞ծ էին առաջին մեծ հանրահավաքներից: Ի՞նչ հույսեր կային:

Պատասխան- 1987 թ.-ի ամբողջ երկրորդ կեսին մարդկանց մի խումբ ուղղակի նախապատրաստում էր այդ պոռթկումը: Ինձ բախտ է վիճակվել լինել այդ մարդկանցից մեկը: Սեպտեմբերին ես և համակուրսեցի մոտիկ ընկերս՝ Համբարձում Գալստյանը, ծանոթացանք Իգոր Մուրադյանի հետ, որն արդեն սկսել էր Արցախի հարցով իր գործնական ակտիվությունը. համակարգված տեղեկագրեր պատրաստել, ուղարկել Մոսկվա, տարբեր ինստիտուտներում քննարկումներ կազմակերպել և այլն: Երբ տեսանք, որ Հայաստանում գտնվող արցախցիների մի խմբի մեջ կա այդ շարժումը մինչև Արցախի միացման ուղիղ պահանջ դնելու աստիճան բարձրացնելու կոնկրետ ցանկություն, մենք ուղղակի լծվեցինք այդ գործին: Մի քանի փոքր հանրահավաք անցկացնելու փորձ արեցինք. դրանցից մեկն անցկացրինք, երկուսը՝ ոչ։ Ի վերջո Արցախում տեղական խորհուրդների ժողովի՝ Հայաստանին միանալու խնդրագիրն ընդունելուն զուգահեռ՝ ծրագրվեց և հայտարարվեց փետրվարի 20-ի երևանյան հանրահավաքը:

Թերևս ոչ ոք հույս չուներ, որ միանգամից այդքան շատ մարդ կհավաքվի, և Շարժումն այդքան միանգամից թափ կհավաքի։ Բայց այդպես եղավ, և դա միայն ուրախացնում էր:

Մենք հույս ունեինք, որ կհաջողվի համախմբել Արցախի ժողովրդին, ձևակերպել Խորհրդային Հայաստանին միանալու պահանջը և հասնել նրան, որ Մոսկվան ընդառաջ գնա ու ԼՂ ինքնավար մարզը մտցնի Խորհրդային Հայաստանի կազմի մեջ՝ Բաքվին ևս համոզելով դրանում: Ծրագիրն այդպիսին էր, բայց փոխվեց, երբ հասկանալի դարձավ, որ Մոսկվան այդ հարցը չի լուծի՝ չնայած այդ մոտեցումն օրակարգից միանգամից չհանվեց և զուտ իրավական դաշտում պահպանվեց:

Հարց – Անդրադառնանք բազմամարդ հանրահավաքներին, որ խաղաղ ու կարգապահ բնույթ ունեին: Ըստ Ձեզ՝ դա ի՞նչ հոգեբանական, մշակութային հիմքեր ուներ, և ի՞նչ դեր ունեին դրանում ժողովրդի ինքնակազմակերպումը, ինքնագիտակցությունը և Շարժման ղեկավարությունը:

Պատասխան – Ժողովրդի ինքնակազմակերպումը և Շարժման ղեկավար մարմնի, այսինքն՝ «Ղարաբաղ» կոմիտեի աշխատանքը սերտ կապի մեջ էին: Երկուսն էլ կարևոր էին, և կարծում եմ՝ սահմանագիծ չկա դրանց միջև: Ողջ ժողովուրդը կամ ժողովրդի մեծ մասը զգաց, որ մի լավ, հրաշալի բան է անում, ու սկսեց ապրել դրանով. այն ժամանակ էլ կային Շարժման հակառակորդներ, բայց նրանք կամաց-կամաց ստիպված էին գոնե չխոսել: Ժողովուրդն ամբողջությամբ տրվել էր այդ գաղափարին և դրա իրագործման համար պատրաստ էր ամեն ինչի:

Փետրվարի 20-ի հանրահավաքը կազմակերպել էին մարդիկ, որոնք դարձան ղեկավար մարմնի կորիզը: Իգոր Մուրադյանն այդ խմբի՝ բոլորի կողմից ընդունվող ղեկավարն էր. խմբի անդամներից էինք ես, Մանվել Սարգսյանը, Գագիկ Սաֆարյանը, Վազգեն Մանուկյանը, Համբարձում Գալստյանը, Սամսոն Ղազարյանը: Հիմնական խումբն այս էր և մեզ շատ մոտ կանգնած ընկերները՝ Աշոտ Մանուչարյանը, Սամվել Գևորգյանը, Վանո Սիրադեղյանը, Ռաֆայել Ղազարյանը (հետագայում՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ), ճանաչված մտավորականությունից մի քանի հոգի, ինչպես՝ Սիլվա Կապուտիկյանը, Հենրիկ Իգիթյանը, Արմեն Հովհաննիսյանը, որոնք հետո մտան ղեկավար մարմնի մեջ: Փետրվարի 20-ին՝ օրվա վերջում, արդեն պարզ էր, որ այդ մարմինը պետք է հռչակել ժողովրդի կողմից. 21-ին կազմվեց և 22-ի երեկոյան հանրահավաքում ընթերցվեց ցուցակը (նշածս անուններով՝ գումարած կրակոտ ելույթներով աչքի ընկած Վաչե Սարուխանյանը և էլի 2-3 հոգի), իսկ ժողովուրդն «այո» ասաց այդ ցուցակին: Հետո առանձնացանք Օպերայի կիսանկուղային մասում և առաջին նիստն արեցինք. ներկաների մի մասն իրար շատ լավ էր ճանաչում, մյուսները ճանաչում էին այդ մարդկանցից մի քանիսին: Օրինակ՝ ես ոչ բոլորին էի ճանաչում, և ինձ ոչ բոլորն էին ճանաչում, բայց բոլորս իրար կապված էինք մյուս ընկերներով: Առաջին խումբը սկզբնապես կոչվում էր Արցախի միավորման շարժման հանրահավաքների կազմկոմիտե, որը ժողովուրդը կոչեց «Ղարաբաղ» կոմիտե կամ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե:

Հարց – Դուք նշեցիք հայտնի անուններ, սակայն կա՞ն մարդիկ, որոնց անուններն այդքան էլ հայտնիչեն լայն հասարակությանը, բայց որոնց ներդրումը կարևոր եք համարում:

«Ղարաբաղ» կոմիտեի կողքին կար ակտիվիստների մի մեծ խումբ՝ գուցե հազարից ոչ պակաս: Երբ 11 հոգանոց «Ղարաբաղ» կոմիտեն ձևավորվեց, նրա շուրջ կար 20-30 հոգանոց խումբը, բայց դրա կողքին էլ կար 100-ից ոչ պակաս ակտիվիստների խումբ: Նրանց բոլորի անունները դժվար է հիշել. այդ պատճառով էլ թերևս առիթն օգտագործեմ և հիշեմ միայն մեր երեք յուրահատուկ մեծերին՝ Ռաֆայել Իշխանյանին, Վարագ Առաքելյանին և Խաչիկ Սաֆարյանին: Նրանք թեպետ բանտերում ավելի քիչ էին եղել, քան 1960-70-ականներին հայտնի մյուս անկախականները, բայց անվերապահորեն ընդունվում էին որպես ամենաիմաստուն անկախականներ, իսկ մենք Կոմիտեում նրանց հանդեպ ունեինք հատուկ դրական վերաբերմունք (ցավոք, այդ տարիներին արդեն վատառողջ էր և 89-ի սեպտեմբերին վախճանվեց ԱՄԿ-ի հիմնադիր Հայկազ Խաչատրյանը)։ Նրանցից ոչ ոք չկար «Ղարաբաղ» կոմիտեում, բայց անկախ նրանից՝ մենք կկանչեինք նրանց թե ոչ, անընդհատ մեր կողքին էին: Կարող էին գալ նիստերին, իրենց սուր հարցադրումներն անել, մնալ այնքան երկար, քանի դեռ չէին բավարարվել պատասխաններից. նրանց հետ անընդհատ շփումը մեզ վստահություն էր տալիս՝ մեր քայլերի ճշգրիտ լինելու վերաբերյալ:

Հարց – Մինչ «Ղարաբաղ» կոմիտեի ձևավորմանն ավելի հանգամանալից անդրադառնալը խոսենք առաջին հանրահավաքներում հնչող հայտնի «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսին. դաանկեղծ հույսերի՞, թե՞ որոշակի դիվանագիտության արտահայտում էր:

Մեր և ժողովրդի մի մասի համար այդ կարգախոսը դիվանագիտական նշանակություն ուներ, իսկ մյուս մասն անկեղծորեն դնում էր այդ խնդիրը: Մեզնից ոչ մեկն այդ հայացքների իրական կրողը չէր: 70-ականներին մեր մի մասն իրոք եվրոկոմունիզմի գաղափարների կրողն է եղել։ 1977-78 թթ.-ին ԵՊՀ-ում շատ լուրջ հեղափոխություն եղավ. մենք՝ ուսանողներս՝ Աշոտ Մանուչարյանի գլխավորությամբ, հասանք նրան, որ համալսարանում բոլոր ընտրություններն ընթացան մեր ուզած ուղով, ինչն աննախադեպ բան էր ողջ ԽՍՀՄ-ում: Սակայն դա երկար չտևեց. Մոսկվայից մի լուրջ խումբ եկավ, սկսեցին սուտ հանցանքներ վերագրել, Աշոտ Մանուչարյանին, Աշոտ Բլեյանին և մյուսներին հեռացրին, ընտրությունները չեղյալ հայտարարեցին և նշանակումներ արեցին, իսկ 78-ի աշնանը, երբ «հեղափոխականներիս» հիմնական սերունդն ավարտեց համալսարանը, նոր ժողով արեցին և այլ ղեկավար մարմին ընտրեցին: Դրանից հետո բոլորս հասկացանք, որ սխալ ճանապարհով ենք գնում, և ազնիվ կոմունիզմ կառուցելն անհեթեթություն է: Մենք կարծես թե գտանք ճիշտ ճանապարհը, որն ընդհանուր առմամբ լիբերալիզմն ու արևմտյան ժողովրդավարությունն էր, արժևորեցինք քրիստոնեությունը՝ իբրև գաղափարախոսական-բարոյագիտական համակարգ։ Այսպիսին էին մեր հասարակագիտական պատկերացումները և այդպես էլ մտել էինք Արցախյան շարժման մեջ: Խորհրդային միության դեմոկրատացումը ոչ թե կոմունիստական գաղափարների, այլ լիբերալիզմի ուժեղացման իմաստով մեզ համար լրիվ ընդունելի էր, և մեզնից ոչ մեկը 88-ին սխալ հովեր չուներ: Մենք մտածում էինք, որ միգուցե այդ կարգախոսն աշխատի, բայց, այնուամենայնիվ, լուրջ հույսեր չէինք կապում. գոնե Սումգայիթից ու Երևանում պարետային ժամ մտցնելուց հետո, այսինքն՝ գրեթե հենց սկզբից, մենք բոլորս Մոսկվան ընկալում էինք որպես մեկ՝ ոչ մեր, կողմ:

Հարց – Անդրադառնանք «Ղարաբաղ» կոմիտեի ձևավորմանը. ինչպե՞ս տեղի ունեցավ դա, և Դուք ինչպե՞ս հայտնվեցիք այնտեղ: Կոմիտեից ու՞մ էիք ճանաչում մինչև 1988-ը: Ինչպե՞ս ստացվեց, որ մինչ այդ լայն շրջանակներին ոչ շատ հայտնի մարդիկ դարձան Շարժման առաջնորդներ, հեղինակություն ձեռք բերեցին և ղեկավարեցին զանգվածային շարժումը:

Համբարձում Գալստյանը, ես և մեր համակուրսեցի Մերուժան Կարապետյանը շատ մոտ էինք և խիստ ակտիվ դիրքորոշումներ ունեինք Մոսկվայի ու Պետերբուրգի ասպիրանտուրաներից վերադառնալուց հետո. նյութեր էինք կարդում, փոխանակում, տարբեր միջոցառումների էինք մասնակցում: 1987-ի սեպտեմբերին ծանոթացանք Իգոր Մուրադյանի հետ մեր՝ Կովկասագիտության և բյուզանդագիտության բաժնում (Ակադեմիայի 11-րդ հարկում), որը շարժման շտաբներից մեկը դարձավ: Նա եկավ այստեղ, իր գրածները բերեց, մերին ծանոթացավ, իրար հավանեցինք, և սկսվեց մեր բուն համագործակցությունը: Մենք հոկտեմբերի վերջի փոքրիկ հանրահավաքը նախապատրաստողներից էինք։ Դեկտեմբերին ևս ուզում էինք միտինգ անել, բայց չարեցինք, որովհետև այդ ժամանակ ՀԿԿ կենտկոմում Մոսկվայից նախաձեռնված՝ փոփոխություններ անելու հարց կար, և մեր հանրահավաքը կարող էր այդ իրադարձությունների համատեքստում սխալ ընկալվել ու օգտագործվել: Հենց այդ հանրահավաքը անել-չանելու առիթով էլ ծանոթացանք Վազգեն Մանուկյանի հետ. Իգորը չէր կարողանում համոզել դեկտեմբերի կեսին նախատեսված հանրահավաքն անել և առաջարկեց, որ Համբարձումն ու ես մեկ ուրիշին էլ լսենք: Տասը րոպեում Վազգենը համոզեց՝ բանաձևելով, որ սա մենք անում ենք որպես մերը՝ չնայելով ո՛չ աջ, ո՛չ ձախ. այդ մոտեցումը մեր մեջ էլ կար, թեպետ մենք ավելի շատ էինք դիվանագիտություն անում: Որոշեցինք հանրահավաքն անցկացնել 19-ին, բայց չարեցինք Ես այդպես էլ մինչև վերջ չհասկացա, թե ինչու. Իգորը զանգեց, ասաց, որ Ղարաբաղում ինչ-որ բան են նախաձեռնում: Այդ ծանոթությունից հետո արդեն Վազգենն էլ էր գալիս ընդհանուր հանդիպումներին: Հետո Սամսոնի հետ ծանոթացանք. Բլեյանի դպրոցում էր աշխատում։ Իգորի՝ Քանաքեռի բնակարանի հանդիպումներից ծանոթ էինք արցախցի ամենաակտիվ տղաներին՝ Մանվել Սարգսյանին, Գագիկ Սաֆարյանին, Մուրադ Պետրոսյանին, Էմիլ Աբրահամյանին, Արկադի Կարապետյանին, Հրայր Ուլուբաբյանին, մեր համակուրսեցի Սլավիկ Առուշանյանին, Արթուր Մկրտչյանին, որն իմ ու Համբարձումի համալսարանական (այդ թվում՝ «հեղափոխական») և ասպիրանտական կրտսեր ընկերն էր: Փետրվարի սկզբին էկոլոգիական շարժումն էր ակտիվացել, որի ղեկավարներից մեկը Սամվել Գևորգյանն էր։ Լուրջ արձակագրի համբավով Վանո Սիրադեղյանին ես՝ չէ, բայց մյուս բոլորը ճանաչում էին: Փետրվարի 22-ի կազմկոմիտեի մեջ մտան ապագա «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամները՝ բացի Դավիթ Վարդանյանից, Լևոն Տեր-Պետրոսյանից և Բաբկեն Արարքցյանից, որոնք մեզ միացան մարտ ամսին: Մարտին հիմնականում Վազգեն Մանուկյանի կամ Բաբկեն Արարքցյանի բնակարաններում էինք հավաքվում (Իգորն ասում էր՝ չհավաքվենք, հարգենք Մոսկվայի մտցրած պարետային ժամը) և ինչ-որ կիսաընդհատակյա գործեր էինք անում, փաստաթղթեր պատրաստում (երկու թռուցիկ արդեն «Ղարաբաղյան շարժման հայաստանյան կոմիտեի» անունից էինք հրատարակել)։ Այդ ժամանակ Համբարձումն ու ես բերեցինք Լևոնին, իսկ Դավիթ Վարդանյանին ու Բաբկեն Արարքցյանին Վազգենն առաջարկեց. բոլորս էլ լավ ճանաչում էինք երեքին (Լևոնը, օրինակ, Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահն էր): Մայիսին ավելի սրվեցին մեր հարաբերություններն Իգորի հետ՝ կապված մոսկովյան-ցեկայական խնդիրների հետ. ինքն ասում էր, թե պետք է դրա հետ կապված սուր բաներ անենք՝ Մոսկվայի առաջ վերջնագրեր դնենք։ Մենք համարում էինք դա բոլոր իմաստներով վտանգավոր ծայրահեղություն: Լուրջ քննարկումից հետո որոշեցինք նրան հանել Կոմիտեի կազմից: Նոր ցուցակն ընթերցեցինք մայիսի 21-ի հանրահավաքում, հատուկ բացատրեցինք մեր բաժանման պատճառը: Մարդիկ շատ նորմալ ընդունեցին. աբովյանցիների մի փոքրիկ խումբ նեղվեց, բայց հետո ընկալեց: Ընդ որում՝ մենք ամենևին վատ չէինք զգում նրանից, որ Իգորը Ղարաբաղի ինչ-ինչ խմբերի հետ կապեր էր պահպանում՝ անկախ մեզնից:

Հարց – «Ղարաբաղ» կոմիտեում ինչպե՞ս էին ընդունվում որոշումները, քննարկվում հարցերը ևբաշխվում գործերը:

Պատասխան- «Ղարաբաղ» կոմիտեն բացարձակ կոլեգիալ մարմին էր: Աշխատանքի որոշակի բաժանում կատարվում էր. օրինակ՝ բանտից հետո ես պատասխանատու եմ եղել աղետի գոտու համար, հետո՝ պիկետների համար, հետո՝ Գետաշենի պաշտպանության։ Նույն կերպ՝ մյուսները։ Բայց, միևնույն ժամանակ, յուրաքանչյուրս անում էր նաև այլ բաներ, և դա անում էինք չգրված ձևով: Եթե քննարկման հնարավորություն չկար, ապա մեզնից յուրաքանչյուրը կարող էր նաև կոնկրետ պահի որևէ կոնկրետ հարցի լուծման պատասխանատվությունն ամբողջությամբ իր վրա վերցնել: Ընդհանրապես Կոմիտեն մի մարմին էր, որը պատմական վճռորոշ պահին ուղիղ ձևով, հրապարակավ և անվերապահորեն հռչակեց պատասխանատվությունն իր վրա վերցնելու մասին (իհարկե՝ ընկալելով ժողովրդի դրած պահանջը), որը նաև պատմական կտրվածքով կարելի է ֆենոմենալ, եզակի փաստերի շարքին դասել:

Ղեկավարում՝ որպես այդպիսին, «Ղարաբաղ» կոմիտեում չի եղել (չի եղել «նախագահ», «տեղակալ» և այլն). ես սա ասում եմ, որովհետև Վազգեն Մանուկյանը երբեմն ասում է, թե ինքը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը` դրա տակ հասկանալով ղեկավարը: Բայց դա եղել է իրական կոորդինացիա, որը վերաբերել է ընդամենը մարդկանց հավաքելուն (այսինքն՝ բացարձակապես տեխնիկական գործառույթ), այլ ոչ թե որոշումներ կայացնելուն: Ճիշտ է, կարելի է ասել, որ երեք հոգի` Վազգեն Մանուկյանը, Աշոտ Մանուչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, քննարկումների ժամանակ չգրված ձևով ունեին մի քիչ ավելի բարձր ձայնի կարգավիճակ: Իրենց խոսքը մի քիչ ավելի որպես գիտակի խոսք էր ընկալվում, թեպետ իրենցից ոչ մեկն իրեն ղեկավար չէր համարում, և ոչ էլ որևէ մեկը՝ իրենց:

Բոլորս բոլորին աննկարագրելի չափով հարգում ու սիրում էինք, փոխադարձ նվիրվածության մթնոլորտ կար, իրար համար ուզածդ զոհողության գնալու պատրաստակամություն. այդպես էր երկուսուկես-երեք տարի շարունակ, և այդ ընթացքում ծանր վեճ ասվածը պատկերացնելն իսկ անհնար էր:

Հարց – Իսկ հիմնական քաղաքական գծի շուրջ «Ղարաբաղ» կոմիտեի ներսում կատարյալմիասնությու՞ն էր, թե՞, այնուամենայնիվ, կային որոշ տարաձայնություններ:

Առաջին 2-3 տարվա ընթացքում տարաձայնություններ զարմանալիորեն չկային. հարցերը քննարկվում էին հիմնավոր ու առանց ժամանակային սահմանափակման։ Երբեմն ծայրահեղ կարծիքներ էին հնչում, բայց, միևնույն է, շատ արագ էլ կոնսենսուսի էինք գալիս: Քվեարկություն ասվածը հազվադեպ էր լինում՝ ավելի շատ ընթացքում ինչ-որ բանի հանգելու համար: Ծանր քվեարկությունները սկսվեցին իշխանության գալուց հետո (առաջինը՝ երբ պիտի պարզվեր, թե ով դառնա ԱԺ նախագահ, ով՝ վարչապետ), հատկապես՝ 1991 թ.-ի փետրվարից, երբ, օրինակ, որոշվում էր, թե երբ է պետք նշանակել անկախության հանրաքվեն։ Իշխանության գալուց հետո ինչ-ինչ հարցերում պարբերաբար բարդություններ էին ծագում: «Ղարաբաղ» կոմիտեն մի քանի անգամ 90-ի աշնանը հավաքվեց, մի երկու անգամ էլ՝ 91-ի սկզբին: Վերջին հավաքներից մեկը վերաբերում էր հանրաքվեն հռչակելու օրվան. ծանր քննարկում էր, և որոշեցինք, որ լուծումն ավելի մեծ ֆորմատով քննարկմանը թողնենք (վարչությամբ և պատգամավորական խմբակցությամբ): Այդ ժամանակ արդեն դժվար էինք իրար համոզում, ինչն անսպասելի էր ինձ համար (դա ի վերջո բերեց ԱԺՄ-ի անջատմանը): Մեր մեծամասնությունն ասում էր, որ ճիշտ է Գորբաչովի ստեղծած օրենքով դուրս գալ Սովետական միության կազմից, որովհետև դա նշանակում էր իրավական շատ ամուր հիմք ունենալ։ Ի տարբերություն այլ հանրապետությունների՝ մենք ի վիճակի էինք դա անել, ուրեմն և պիտի անեինք՝ անկախ մեծ ժամկետի ծանրությունից (ինչ ասես կարող էր տեղի ունենալ և իրականում էլ տեղի ունեցավ՝ Գետաշենի, Հադրութի հարավային գյուղերի անկում և այլն, բայց, միևնույն է, դա էր ճիշտը): Դրան հակառակ ասվում էր, օրինակ, որ հանրաքվեն պիտի անենք մինչև մարտի 27-ը, այսինքն՝ ԽՍՀՄ-ի պահպանման մասին անցկացվելիք հանրաքվեից առաջ։ Բացատրում էինք, որ մենք դրանից որևէ բան չենք շահում, որ ի տարբերություն ուրիշների՝ ուժեղ ենք և կարող ենք հանգիստ դիմանալ տագնապալի 6 ամիսը: Ի վերջո, իրական իշխանությունը մեր ձեռքում էր, և շատ կարևոր է, որ մենք օգտագործեցինք առկա իրավական հիմքերը (ամեն ինչից բացի՝ բուն ժողովուրդն ավելի հեշտ դիմացավ վեցամսյա տագնապին), իսկ ԽՍՀՄ-ի քանդվելուց հետո եղանք ԱՊՀ-ի պաշտպաններից ու հիմնադիրներից մեկը:

Հարց – Թվում է, թե «Ղարաբաղ» կոմիտեի քաղաքականության և ազգային հարցերը լուծելու ավանդական պատկերացումների միջև որոշակի խզում կար: Ինչպե՞ս ընդհանրապես հնարավոր եղավ ավանդականից տարբերվող քաղաքական պատկերացումների ձևավորումը, և առավել ևս՝ հասարակության վստահությունը շահելը, որը, թվում էր, ավանդականից բացի այլ քաղաքական մտածելակերպ չի ճանաչում: Մինչև 1988-ը հայաստանյան հասարակության մեջ ինչ-որ նախադրյալներ կայի՞ն նման շրջադարձի համար:

Ֆենոմենալ բան էր. 88-ն այնպիսի պահ էր, երբ հասարակությունն ուղղված էր ճշտին և տրամադրված ու միտված էր դա անելու: Հասարակությունը շատ բարդ բան է, և հասարակական բնականոն ձգտումը ամենևին էլ մեծամասամբ դեպի բացարձակ լավը, կատարյալը չէ. ավելի շատ ինչ-որ միջինացված բան է, եթե ոչ՝ մի փոքր էլ ավելի վատ։ Բայց այդ պահին այդ հեղափոխականությունը, նվիրումը, պայքարելու վճռականությունը հանգեցնում էին դրականի ու կատարյալի հնարավորությանը: Այսօր էլ, ասենք թե, շատ ճիշտ բաներ մտածողներ կան, բայց չի ստացվում հաջողել, որովհետև դա կախված է նաև հասարակական միտումից: Այն ժամանակ մի ֆենոմենալ կատարելության վիճակ էր, որն այդ ղեկավար խումբն օգտագործեց՝ մի կողմից՝ պատվով նպաստելով դրան, մյուս կողմից՝ առավելագույն չափով օգտվելով առկա հնարավորությունից ու չշեղվելով, ամեն ինչ հնարավորինս կատարյալ ձևով իրագործելով: «Ղարաբաղ» կոմիտեի աշխատանքը չափազանց ոգևորիչ և էլի ֆենոմենալ իրողություն էր: Շատ դժվար է դրա մասին գրելը, քանի որ մի կողմից հետագայում ծանր բաժանումներ եղան, իսկ մյուս կողմից՝ Ռ. Քոչարյանի ժամանակ սկիզբ դրված համակարգված հակաքարոզչության պահից այն սկսեց բացասաբար ընկալվել և պարզունակ քաղաքականացվել: Բայց իրականում թե՛ այդ ժամանակի հասարակական շարժումը, թե՛ «Ղարաբաղ» կոմիտեի աշխատանքը մոտ էին կատարյալին: Իմ կարծիքով՝ «Ղարաբաղ» կոմիտեն լոկ 2 սխալ է արել. մեկը եղել է էկոլոգիայի ոլորտում, քանի որ մենք չենք կարողացել նպաստել, որ էկոլոգիական պայքարն ընթանա մաքսիմալ ճիշտ ճանապարհով, մյուսը՝ 88-ի ընթացքում Հյուսիսային Արցախի պաշտպանությունն ամբողջապես Ղարաբաղի տղաներին վստահելու հարցում. բանտից հետո պարզեցինք, որ քիչ բան է արվել (կործանարար հետևանքներով)… և լոկ 89-ի վերջից, 90-ից մենք սկսեցինք զբաղվել:

Հարց – Շարժումը սկսվեց Ղարաբաղի միացման պահանջով, սակայն աստիճանաբար օրակարգի մեջ ներառվեց քաղաքական հարցերի լայն սպեկտր, իսկ ի վերջո՝ նաև անկախության պահանջը: Ինչպե՞ս հասունացավ այն և ինչպե՞ս դարձավ առաջնային: Կոմիտեի ներսում այդ պահանջի հասունացումը ժամանակի ընթացքու՞մ եղավ, թե՞ հենց սկզբից կար պատկերացում մի օր դրան հասնելու մասին:

Պատասխան- Մենք Կոմիտեում անընդհատ քննարկում էինք անկախության խնդիրը. մեզ համար այդ հարցը դրված էր անընդհատ: Իբրև բազային՝ խնդիր էինք դրել Մոսկվայից ստանալ Արցախի միացումը Հայաստանին: Եթե Մոսկվան հրաժարվում է, ի՞նչ ենք անում. ուրեմն՝ պետք է գնանք անկախության և թեկուզ պատերազմով՝ Արցախը միացնենք Հայաստանին։ Սա էր տրամաբանությունը: Այս խնդիրը դրված էր հենց սկզբից, ուղղակի դա բառացիորեն քննարկման դրվեց՝ կապված 1988-ի հունիսի ԳԽ սեսիաների հետ: Ինչ-որ պահ էր, երբ անկախությունը դարձավ Ղարաբաղից ոչ պակաս առաջնահերթ խնդիր և ուղղակիորեն հռչակվեց: 

Դա կապված էր 1988-ի հունիսի 15-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանի որոշման հետ՝ ընդունել Ղարաբաղի խնդրանքը և համաձայնել Ղարաբաղը Հայաստանի կազմի մեջ մտցնելուն: Այդ ժամանակ արդեն լուրեր եկան, որ Մոսկվան չի անելու դա՝ համաձայնելով Բաքվի Գերագույն խորհրդի հակառակ որոշման հետ: Հունիսի 15-ի շատ հայտնի սեսիայից հետո, երբ նորից զորքերը մայրաքաղաք մտցրին, արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու, և ինչ է անելու Մոսկվան: Այդ ժամանակ էլ հստակ որոշեցինք, թե որն է մեր քայլը, ինչ ձևով ենք կարող հասնել մեր նպատակին, եթե Մոսկվան ասում է «ոչ»: Մենք պիտի ինքնուրույն որոշումներ կայացնենք և միակողմանի ձևով Ղարաբաղն ընդունենք Հայաստանի կազմի մեջ, որն էլ իր հերթին նշանակում է անկախություն՝ ընդհուպ մինչև Խորհրդային միության կազմից դուրս գալը: Դրա հնարավորությունը հռչակված էր ԽՍՀՄ Սահմանդրության մեջ, իսկ մեխանիզմն ավելի ուշ Գորբաչովն ընդունեց օրենքի ձևով։ Եվ դա նպաստեց, որ մենք հռչակենք մեր սեպտեմբերյան հանրաքվեի օրը: 88-ի հունիսից սկսած՝ անկախությունը դարձավ մեր վերջնականապես ընկալված խնդիրը, իսկ, կարծեմ, հուլիսի 23-ի հանրահավաքի ժամանակ այն արդեն հռչակվեց որպես կոնկրետ նպատակ:

Հարց – Տարիների հեռանկարից կարող է այնպես թվալ, որ Շարժման ընթացքում իրոք համախմբվել էր ամբողջ հասարակությունը: Հետաքրքիր է, թե ինչպես էր իրականում. ո՞ր խավերն առավել ակտիվորեն արձագանքեցին և ներգրավվեցին Շարժման մեջ, որո՞նք ավելի զգուշավոր եղան, և որո՞նք բաց կամ թաքնված թշնամական վերաբերմունք ունեին: Ինչպիսի՞ փոփոխություն կրեց այդ վերաբերմունքը տարիների ընթացքում, հատկապես՝ երբ, բացի Ղարաբաղի պահանջից, հասունացավ նաև անկախության պահանջը:

Պատասխան– Իհարկե, որպես կանոն, նախկին պաշտոնյաները դեմ էին, և, եթե անգամ կողմ էին, որ Ղարաբաղի հարցը լուծվի, ապա դա որոշ չափով նման էր այսօրվա «անվտանգ» պահանջատիրությանը։ Այնինչ Ղարաբաղի հարց լուծել՝ նշանակում էր գնալ ինչ-ինչ կոնկրետ և ծանր քայլերի, մարդկանց տանել երթերի, գործադուլների, պիկետների, նախապատրաստել գալիք անկախության ու պատերազմի դժվարություններին, իսկ դրան դեմ էին: Նախկին կոմունիստական նոմենկլատուրայի մեծ մասը դեմ էր Շարժման գոնե սուր դրսևորումներին, թեպետ զգուշավոր լուռ էր կամ գոնե շատ ակտիվ չէր պայքարում Շարժման դեմ: Պարզ էր նաև, որ նրանք փոքրամասնություն էին, և եթե մենք ճիշտ հաշվարկած քայլեր կատարեինք, չէին կարողանալու հասնել իրենց կամ գոնե Մոսկվայի նպատակներին: Մենք աշխատում էինք «մերոնց» շատ չքննադատել՝ այնուամենայնիվ փորձելով ըմբռնումով վերաբերվել իրենց առարկայական վիճակին և ապահովել ազգային միասնությունը, թեպետ ժողովուրդն այդ հարցում ավելի անխնա էր, իսկ մենք երբեք լրիվ միասնության վրա հույս չէինք դնում: Մեզ բանտարկելուց անմիջապես հետո նշածս նոմենկլատուրան սկսեց ակտիվանալ, թերթերում վատ բաներ գրել. Համբարձումի «Չուղարկված նամակներում» շատ լավ անդրադարձներ կան դրանց: Այսօր այդպիսի շատ մարդիկ իրենց փորձում են Արցախի հերոս ներկայացնել։ Այս խավը, բնականաբար, մնաց. մեր իշխանության գալու շրջանում՝ 1990-91 թթ.-ին: Հանկարծ տեսանք, որ Մոսկվան սկսեց փողը էժան վարկերի ձևով բաժանել «ժողովրդին». իրականում Գորբաչովն ու Պավլովն այդպես էին անում, որպեսզի սոցիալիստական պետության ողջ շրջանառու միջոցը կուտակվի իրենց, այսինքն՝ հենց կոմունիստական նոմենկլատուրայի ձեռքում: Դրանից օգտվողները, միևնույն է, իրենք էին՝ Արցախյան շարժմանն իրականում չմասնակցածները:

Հարց – Շարժման դեմ հակաքարոզչությունը մոսկովյան և մանավանդ տեղական մակարդակով ինչպե՞ս էր իրականացվում, ու՞մ միջոցով, ինչպիսի՞ թեզերով, տեխնոլոգիաներով: Որքանո՞վ էր տեղական մամուլը տարբերվում կենտրոնականից: Ինչպիսի՞ն էր հասարակության վերաբերմունքը, հակազդեցությունը:

Պատասխան– Հայկական նոմենկլատուրան մինչև մեր ձերբակալությունը հակաքարոզչությանը մասնակցում էր շատ քիչ, ինչն, իհարկե, բխում էր նաև մեր ուժից: Մոսկվան ահավոր քարոզչություն էր տանում հայաստանյան շարժման դեմ, ինչը, սակայն, հանգեցնում էր մեր հասարակության համախմբմանը։ Այսինքն՝ Մոսկվան դրանով լոկ իր հեղինակությունն էր գցում: Մեր՝ բանտից ազատվելուց հետո Հայաստանի իշխանությունը սկսեց ավելի պակաս առաջ տանել Մոսկվայի քարոզչությունը:

Ժողովրդի ամենասիրած լոզունգն էր՝  «ամոթ մամուլին»: Ամեն վատ հոդվածից հետո ժողովուրդը գնում է մամուլի շենքի մոտ՝ գոռալով այդ լոզունգը: Ասելով «ամոթ մամուլին»՝ նկատի ունեինք նախ կենտրոնական մամուլը, թեպետ այնտեղ գրվածը նաև արտատպվում էր մեր պաշտոնական մամուլում: Կազմակերպված կամ «պաշտոնական» հակաքարոզչություն մեզ մոտ, բնականաբար, չի եղել: Փոխարենը միտինգավոր ժողովուրդըառատորեն ստեղծագործում էր սեփական պաստառներով ու ծաղրանկարներով, որ կարելի է համարել «սպոնտան» հակաքարոզչություն (դրա մասին լավ վերլուծություն կա մեր մյուս համակուրսեցի Հարություն Մարությանի մենագրության մեջ):

Հարց – Ինչպիսի՞ն էին Հայաստանի պաշտոնական իշխանության և Շարժման հարաբերությունները: Երկու տարվա ընթացքում ինչպիսի՞ զարգացում ունեցավ պաշտոնական ղեկավարության վերաբերմունքը Շարժման նկատմամբ:

Պատասխան- Պայքարը Ղարաբաղի համար, ինչպես ասացի, իրականում նշանակում էր պայքար շատ կոնկրետ քայլերով՝ ցույցերով, երթերով, գործադուլներով, պատգամավորներին առաջադրվող ծանր պահանջներով, զինված պայքարով և անկախության համար պայքարով (այսինքն՝ ժողովրդի մեջ անընդհատ ուժեղացնելով անկախության գնալու անհրաժեշտության ընկալումը): Ղարաբաղի համար իրական պայքարը սրանում է արտահայտվում: Եվ այդ 2-3 տարիների ընթացքում դա՛ ենք մենք արել «Ղարաբաղ» կոմիտեի գլխավորությամբ: Դրա կողքին կար Ղարաբաղին պարզապես լավ վերաբերվելու, բայց սուր քայլերից խուսափելու միտում: Մամուլը Ղարաբաղի մասին ինչ-որ հումանիտար բնույթի հոդվածներ էր գրում, բայց դա չէր Ղարաբաղի պայքարի էությունը, իրենք ուղղակի դրան էին ընդունակ և դա էին անում: Ինչպես ասացի, մենք փորձում էինք պահպանել ազգային միասնությունը, այսինքն՝ խափանել Մոսկվայի ձգտումը՝ Շարժումը պարտության մատնել ներսի ուժերով: 1990 թ.-ին մեր Շարժման հաղթանակը հաղթանակ էր նաև այս դիրքում:

Հարց – Ինչի՞ շնորհիվ հնարավոր դարձավ Շարժման հաջողությունը. ի՞նչ ներքին և արտաքին հանգամանքներ էին դրան նպաստում:

Պատասխան– Ղարաբաղյան շարժումը հայոց պատմության մի փուլ էր, որը գնահատելու համար պետք է դիտարկենք այլ նմանատիպ երևույթների կողքին: Պատմության մեջ միշտ լինում են բարձունքներ և անկումներ. բարձունքները լինում են շատ բարձր և քիչ բարձր, անկումները՝ լոկ դրամատիկ կամ ողբերգական ու կործանարար, ինչպես մեր Ցեղասպանությունը։ Պարզ է, որ 1988-ին առաջացավ բարձունքի հասնելու մի եզակի հնարավորություն: Գնահատելու համար կարևոր է հասկանալ, թե ինչի հասանք. շա՞տ բանի, թե՞՝ մի քիչ: Ինձ թվում է՝ իմ սերունդը հայոց պատմության մեջ արեց ամենալավ բաներից մեկը և, կարծես թե, հաջողեց շատ բարձր դիրքի հասնել: Եվ դա պետք է հենց այդպես էլ գնահատել՝ դասեր քաղելու, լավն ու վատը տարբերակելու համար: Անկախ նրանից, թե ինչ եղավ հետո, Արցախյան համաժողովրդական շարժումը պետք է գնահատել որպես մեր պատմության մեջ ինչ-որ բանի հասնելու չափազանց հաջողված փորձ:

Հարցազրույցը՝ Ռիմա Գրիգորյանի
http://hambardzum.am/hy/xosq/alexan.html