Հայկական պետության վերածնության նշանակությունը. 1918

917

Թեև հայկական հանրապետության ծնունդը տեղի ունեցավ աննորմալ պայմաններում, թեև հայության արդի քաղաքական դրությունը վերին աստիճանի անմխիթար է, այնուամենայնիվ հայ պետության վերածնությունը ունի և իր խոշոր դրական կողմերը։

Հայ ժողովրդի դարավոր ձգտումը՝ ազատվել օտարի լծից և սեփական բախտը իր ձեռքը վերցնել, այժմ իրականանում է, ճիշտ է, ոչ այն մասշտաբով, ինչպես մեզ համար ցանկալի էր։

Բաթումի հայ-թուրքական դաշնագիրը, որում առաջին անգամ հա ժողովուրդը ճանաչվում է որպես սուվերեն իրավունքներ կրող, այն խոշոր քաղաքական-իրավաբանական նշանակությունը ունի, որ հայկական հանրապետությունը դառնում է միջազգային հարաբերությունների մեջ իրավունքի սուբյեկտ։

Գործնականում սա այն նշանակությունը ունի, որ հայ ժողովուրդը այլևս պետք չէ ունենա երրորդ անձնավորությունների միջոցով գործելու, քանի որ նրա քաղաքական ներկայացուցիչները կարող են հանդես գալ միջազգային նույնիսկ ամենաբարձր ատյաններում՝ հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար։

Հայ պետության առաջ գալը ունի և ուրիշ մի դրական կողմ։ Եթե վերջին տասնամյակների ընթացքում հայ ժողովրդի քաղաքական վերածնության գործը տվեց աղետաբեր հետևանքներ, դա մեծ մասամբ պիտի բացատրել նրանով, որ հայության քաղաքականությունը  կռվում և կոփվում էր պատմական Հայաստանի սահմաններից դուրս։ Միայն այն քաղաքականությունը կարող է համարվել ազգային շահերի տեսակետից նպատակահարմար, որը ստեղծվում և սնուցանվում է տվյալ ժողովրդի գրկում․․․

․․․ Երևանը ունի ամեն տվյալներ՝ դառնալու այդպիսի մի կենտրոն, և այստեղ է որ այսուհետև պիտի ձևակերպություն ստանա հայ քաղաքականությունը․․․

Պետք է աշխատել պահպանել այս քաղաքական նվաճումը, համոզված լինելով, որ հանրապետության սահմանները քարացած չեն և կընդունեն այն ծավալը, որը անհրաժեշտ է հայ ժողովրդին նորմալ կերպով զարգանալու համար։

Սրանից հետո հայկական քաղաքականության մեջ պետք է ղեկավար սկզբունք դառնան հայ մանուկ պետության շահերը, պետականության գաղափարը պետք է ավելի բարձր դասվի, քան Հայաստանի առանձին մասերի կամ դասակարգերի շահերը։ Միայն առաջնորդվելով այս սկզբունքով կարելի է հասնել հայության վաղեմի քաղաքական տենչանքների իրագործմանը։

Ե․ Հարությունյան

«Ժողովուրդ», Հայ ժողովրդական կուսակցության օրգան, թիվ 1, տպագրության Ա տարի, չորեքշաբթի, 14 օգոստոսի, 1918թ․