Ասկերան, 1988-ի փետրվարի 12-13․ ինչպես սկսվեց Շարժումը

192

1988 թվականի փետրվարի 11-ին Ստեփանակերտում Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վասիլի Կոնովալովի և Լեռնային Ղարաբաղի առաջնորդ, մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի մասնակցությամբ տեղի ունեցավ մարզկոմի բյուրոյի նիստ, որի ընթացքում որոշվեց ԼՂԻՄ-ի շրջաններում՝ Հադրութում, Ասկերանում, Մարտունիում, Մարտակերտում, ինչպես նաև մարզկենտրոն Ստեփանակերտում փետրվարի 12-ին անցկացնել կուսակցական և տնտեսական ղեկավարների հանդիպումներ, արձանագրություններ կազմելով դատապարտել մարզում տեղի ունեցող իրադարձությունները՝ ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորելու ստորագրահավաքը, ղարաբաղյան պատվիրակությունների այցերը Մոսկվա։

Այդ օրը Ասկերանում՝ տեղի շրջանային կոմիտեի շենքի առաջ, տեղի ունեցավ մարդկանց հավաք։ Հաջորդ օրը մի քանի հարյուր ասկերանցիներ շարժվեցին դեպի մարզկենտրոն Ստեփանակերտ, որտեղ նրանց միացան հարյուրավոր նոր մարդիկ։ Փետրվարի 13-ին Ստեփանակերտի այսօրվա կենտրոնական հրապարակում, որտեղ տեղադրված էր Լենինի արձանը, տեղի ունեցավ մի քանի հազարանոց հանրահավաք։ Ասկերանի շրջանային «Կարմիր դրոշ» թերթի լուսանկարիչ Վալերի Պետրոսյանը լուսանկարել է այդ հանրահավաքը։ Նա, ինչպես նաև Շարժման Ասկերանի ղեկավարներից Սլավիկ Առուշանյանը վերհիշում են 30 տարի առաջ այս օրերին տեղի ունեցած դեպքերն ու իրադարձությունները։ Առուշանյանը նախքան այս դեպքերը Իգոր Մուրադյանի կազմած ղարաբաղյան պատվիրակության կազմում 1988-ի հունվարի սկզբին մեկնել է Մոսկվա, հանդիպումներ ունեցել ԽՍՀՄ պաշտոնյաների հետ։
ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը, Անի Գրիգորյանը, Արմեն Մկրյանը և Գևորգ Հարոյանը այցելել են Ասկերան։