«Պայթյուն» Լեռնային Ղարաբաղում. 12 փետրվար, 1988, Հադրութ

5090

Գորբաչովյան ՙպերեստրոյկայի՚ ու ՙգլասնոստի՚ շունչը գավառական Հադրութ ավանում փչեց 1985թ. վերջերին, 1986-ին: Այդ տարի Երևանից վերադարձավ և Հադրութի թանգարանի տնօրեն նշանակվեց Արթուր Մկրտչյանը, ով պետք է դառնար Լեռնային Ղարաբաղի առաջին ընտրված ղեկավարը, սակայն երեք ամիս անց` անարդարացիորեն սպանվեր:

Նելլի Կասպարովան այնպես է խոսում անարդարություններից, ասես ողջ աշխարհի անարդարությունների դեմ պայքարի հոգսը դրված է նրա փխրուն ուսերին: Խորհրդային Միության հերոս, օդաչու Աշոտ Կասպարովի դուստրը կյանքի ավելի քան երեսուն տարիները տվել է երեխաների կրթությանը: Նա Հադրութի դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհին է և շուրջ երկու տասնամյակ առաջ եղել է շրջանի երիտասարդ մտավորականների խմբում, որոնք ազգային հարցերով նամակներ էին գրում Կրեմլ` Գորբաչովին:

Տիկին Նելլիի հմայիչ ու նույնքան հուսահատ ժպիտն առավել ընդգծում էր անարդարությունների դեմ պայքարում նրա անզորությունը: Հադրութում 2008թ. փետրվարյան ցուրտ երեկոյան նա և Գագիկ Ավանեսյանը սեղանի շուրջ հերթով վերհիշում էին օրերը, երբ ստորագրահավաքով էին պայքարում ԼՂ-ն Հայաստանի հետ վերամիավորելու համար: Երբ խոսք բացվեց Արթուր Մկրտչյանից, Գագիկի դեմքին գրվեց ափսոսանք, իսկ տիկին Նելլին անմիջապես վերջ տվեց պայծառ ժպիտին, գլուխը պահեց նուրբ ձեռքերի մեջ և սկսեց հեկեկալ:

Առաջինը ստորագրահավաքը սկսվեց Հադրութում, հավանաբար որովհետև Շարժման առաջին դեմքերն արմատներով կամ ծնունդով հենց այդ շրջանից էին` տնտեսագետ Իգոր Մուրադյան, պատմաբան Արթուր Մկրտչյան, ճարտարապետ Մանվել Սարգսյան, նկարիչ Էմիլ Աբրահամյան: Կարճ ժամանակ անց միացան Գրիշա Հայրապետյանը, Գագիկ Ավանեսյանը, Նելլի Կասպարովան, մյուսները: Տեղի կոմունիստ ղեկավարները մտահոգված էին, որ Բաքվի իրենց վերադասը կիմանա ու իրենց կազատի աշխատանքից, այդ պատճառով ճնշում էին Շարժման ակտիվիստներին, երբեմն` պարզապես աչք փակում, թե տեղյակ չեն կատարվողին:

1985թ. նոյեմբերին Էմիլ Աբրահամյանը 23-ամյա Գագիկ Ավանեսյանին առաջարկում է օգնել ստորագրահավաքի հարցում: Ցանկություն կար Հադրութում տեղադրել ալեհավաք, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ որսալ Հայաստանի հեռուստատեսությունը: Ալեհավաքն այդպես էլ չտեղադրվեց, փոխարենը Հադրութում նվիրյալների խումբն արդեն որսացել էր ՙպերեստրոյկայի՚ շունչը: Ավանեսյանը պատմում է. ՙԱլեհավաքի տեղադրման ստորագրահավաքը շատ դժվար էր: Մի քանի ամսվա ընթացքում միայն 250 ստորագրություն հավաքվեց, օրերով համոզում էինք մարդկանց, որ հակախորհրդային կամ նացիոնալիստական բան չկա: Մեկուկես տարի հետո Հադրութ եկավ Իգոր Մուրադյանը: Մեզ նրա հետ Մանվել Սարգսյանը ծանոթացրեց: Մենք Իգորի մասին լսել էինք, գիտեինք, որ Հեյդար Ալիևին է դատի տվել հակահայկական քաղաքականություն վարելու մեղադրանքով: Այսպես, սկսեցինք մեկ այլ` ԼՂ-ն Հայաստանին միացնելու ստորագրահավաք: Այնքան էլ դժվար չէր արդեն, մարդիկ ավելի շուտ էին համոզվում, քանի որ նախորդ ստորագրահավաքի ժամանակ ոչ ոք չէր պատժվել՚:

Երեք-չորս ժամվա զրույցի ընթացքում տիկին Նելլին ոչինչ չասաց այն երանելի օրերից, բայց խնամված տիկնոջ ներկայությունը եւ Գագիկի ոգևորությունը մարդու մտովի տեղափոխում էին անցյալ, երբ հադրութցի երիտասարդների հոգիներում բոցկլտում էր հայրենասիրությունը, ուղեղներում` ԼՂ-ն  Հայաստանի կազմում տեսնելու անուղղելի գաղափարը:

Մարզային ՙՍովետական Ղարաբաղ՚ թերթն արցախյան իրադարձություններին անդրադառնում է միայն 1988թ. փետրվարի 21-ին` առաջին էջում տպագրելով ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ նախորդ օրվա արտահերթ նստաշրջանի որոշումը: Մարզի 110 հայ պատգամավորները ՙկողմ՚ են քվեարկում, մինչդեռ 30 ադրբեջանցիները չեն մասնակցում: Հայ պատգամավորները առաջարկում էին ԼՂԻՄ-ը դուրս բերել Ադրբեջանի կազմից և փոխանցել Հայաստանին:

Բաքուն փորձում է կանխել ղարաբաղյան շարժման ծավալումը: Ստեփանակերտ են ժամանում Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Վասիլի Կոնովալովը, այլ պաշտոնյաներ: Դեռ փետրվարի 11-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի էր ունենեցել մարզկոմի բյուրոյի նիստը, որտեղ որոշվել էր մարզկենտրոնում և շրջաններում անցկացնել կուսակցական, տնտեսական ակտիվի հանդիպումներ եւ դատապարտել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները` ստորագրահավաքը, ղարաբաղյան պատվիրակությունների այցերը Մոսկվա, ԼՂԻՄ-ը Հայաստանին միավորելու մտադրությունները:

Վասիլի Կոնովալովը, մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովը, քաղկոմի առաջին քարտուղար Զավեն Մովսիսյանը փետրվարի 12-ին Ստեփանակերտի կուսակցական և տնտեսական ակտիվի ժողովում դատապարտում են ղարաբաղյան շարժումն ու նրա թիկունքում կանգնած ՙծայրահեղական անջատականներին՚: Մովսիսյանը մարզում տեղի ունեցող իրադարձությունները համարում է ծայրահեղականների ձեռքի գործը: Կևորկովը սպառնում է, թե անջատականները տեղ չունեն Ղարաբաղում, մարզը եղել եւ մնալու է Ադրբեջանի անքակտելի մասը: Կոնովալովը հայտարարում է, որ անուն առ անուն գիտի ծայրահեղականներին և անջատականներին, ովքեր պետք է մեկուսացվեն հասարակությունից:

Սակայն ակտիվի նիստը չի ընթանում այն սցենարով, որը պատկերացնում էին Բաքվում: Ելույթներ են ունենում Ստեփանակերտի ձեռնարկությունների ղեկավարները և դատապարտում Բաքվի` Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տասնամյակներ շարունակվող խտրական քաղաքականությունը: Ստեփանակերտի ավտոշարասյան պետ Մաքսիմ Միրզոյանն իր ելույթում մեղադրում է Կևորկովին ու  Բաքվի քաղաքականությունը, որի նպատակը մարզի հայաթափումն էր: Պրոֆտեխուսումնարանի տնօրեն Վլադիմիր Սարգսյանը պաշտպանում է Միրզոյանին և իր հերթին քննադատում մարզկոմի և քաղկոմի սոցիալ-տնտեսական քայլերը: Մետաքսի կոմբինատի  տնօրեն Ռադիկ Աթայանը, Միրզոյանի նման, առաջարկում է ԼՂԻՄ-ի կարգավիճակի հարցը որոշել հանրաքվեով:

Նկարիչ Էմիլ Աբրահամյանը եւ նրա ընկերները փետրվարի 12-ին այլևս իրենց թիկունքում զգում էին ժողովրդի շունչը: Լեռնային Ղարաբաղի շրջաններ էին մեկնել մարզի տարբեր պաշտոնյաներ` փորձելով տեղերում ՙհանգցնել՚ ժողովրդական ընդվզումը: ՙՄարզխորհրդի գործկոմի նախագահ Վլադիմիր Օսիպովը եկավ Հադրութ: Ակտիվի ժողովը նպատակ ուներ կանգնեցնել Շարժումը, կազմել արձանագրություն, թե անթույլատրելի գործողություններ են տեղի ունենում: Մենք որոշեցինք թույլ չտալ, որովհետև ժողովրդի մեջ կարող էր անվստահություն առաջ գալ, գործընթացները կարող էին այլ ընթացք ստանալ: Այդ օրը մոտ հազար մարդ հավաքվեց, դա Հադրութի համար չլսելու բան էր՚,- հիշում է Աբրահամյանը:

1987թ., մինչևպատվիրակությունների Մոսկվա մեկնելը, բարձրագույն կրթությամբ երիտասարդ մտավորականների Հադրութի խումբը նամակ էր գրել Գորբաչովին, շարադրելով, որ արցախահայության ազգային հարցերին կարող է լուծում տրվել միայն Հայաստանի հետ վերամիավորումով: Այս նամակից հետո մարզային իշխանությունները սկսում են ճնշումները: Արթուր Մկրտչյանին իր մոտ է հրավիրում Հադրութի շրջկոմի քարտուղարը եւ սպառնում, որ կհեռացվի աշխատանքից: ՙՄարզում նոմենկլատուրայի երիտասարդ հատվածը շուտ էր կողմնորոշվում: Տարիքով կուսակցական պաշտոնյաներն ամուր կապված էին Ադրբեջանի իշխանությունների հետ: Բաքուն նրանց համար հարազատ քաղաք էր, նրանց համար ազգային հարցերում շատ ավելի բարդ էր կողմնորոշվելը, և չէին էլ պատկերացնում` ինչի մասին է խոսքը: Օրինակ, փետրվարի 12-ին, երբ Հադրութն ըմբոստացավ, Արմեն Իսագուլովը եկել էր վախեցնելու: Հաջորդ օրը մեզ կանչեց, որպեսզի հասկանա, թե մեր ուզածն ինչ է: Ես ասացի, թե ինչ է մեր ուզածը: Նա ասաց, որ մենք խելագար ենք, հնարավոր չէ նման բաններ իրագործել: Նա չէր կարող մեզ հասկանալ: Այսօր ԼՂ-ում իշխանության մեջ գտնվողների մի մասը այն ժամանակ մեզ հետ չէր: Ես չեմ ասում, թե նրանք հոգեպես դեմ էին, բայց քաղաքական առումով նրանք չէին կարող մեր կողքին լինել՚,- պատմում է Աբրահամյանը:

Փետրվարի 12-ի կուսակցական ակտիվի ժողովները Ստեփանակերտում, Հադրութում և մյուս շրջաններում  տապալվում են: Հադրութում սկսված հանրահավաքը հաջորդ օրը տեղափոխվում է Ստեփանակերտ, շարժումը դառնում է անշրջելի:

Բաքվում, անշուշտ, տեղեկացված էին Լեռնային Ղարաբաղում սկսված իրադարձություններից: Վալերի Աթաջանյանն Ադրբեջանի Կենտկոմում աշխատող ղարաբաղցի չինովնիկներից էր: Հունվարին նա մի քանի օրով վերադարձել էր հայրական տուն. ՙԵս կապ պահում էի եղբորս, Մաքսիմ Միրզոյանի հետ: Երբ տեղեկացա, որ գործողություններն արվում են ընդհատակյա, առաջարկեցի դրանց տալ պաշտոնական բնույթ: Բայց ես կողմ չէի, որ այդ գործողությունների մեջ ներքաշվի Հայաստանը, քանի որ դա արդեն այլ հարթություն էր, հարցը վերածվելու էր վեճի երկու հանրապետությունների միջև: Ես առաջարկում էի նախ լուծել Ադրբեջանի կազմից ԼՂԻՄ-ի դուրս գալու խնդիրը՚:

Վալերիի եղբայրը` Վասիլին, ով ղեկավարում էր Ստեփանակերտի կոշիկի գործարանը, հիշում է. ՙՀենց Աբել Աղանբեկյանը Փարիզում խոսեց Ղարաբաղի մասին, իսկ Գորբաչովը Հարավսլավիայում ընդունեց, որ խորհրդային պատմության մեջ կան սպիտակ բծեր, որոնք անհրաժեշտ է ուղղել, սա ծարավ հողի վրա մի կաթիլ ջուր էր: Երբ եկավ եղբայրս, մենք հավաքվեցինք Մաքսիմ Միրզոյանի բնակարանում, զրույց գնաց, որ ստորագրահավաքն այնքան էլ մեծ արժեք չունի, պետք է հրավիրել նստաշրջան, որովհետև դա տեղավորվում էր խորհրդային սահմանադրության մեջ՚:

Հունվարի վերջերին Վալերի Աթաջանյանը ղարաբաղյան շարժման ակտիվիստներին առաջարկում է նստաշրջան անցկացնելու գաղափարը: ՙՏղաները պատմում էին, որ ստորագրություններ են հավաքում, պատվիրակություններ ուղարկում Մոսկվա: Ես ասացի, որ այդ ամենը լավ է, բայց որպեսզի այդ ջանքերին տրվի իրավական ուղղվածություն, նստաշրջանի որոշումը կարող է դառնալ միակ և գլխավոր փաստաթուղթը: Գորբաչովի նախաձեռնած վերակառուցումը և հրապարակայնությունն իրենց իրավունքների մեջ էին, դրա անվան տակ կարելի էր շատ հեշտությամբ հրավիրել նստաշրջան, ընդունել որոշում՚,- ասում է նա: Մի քանի օր Ստեփանակերտում անցկացնելուց հետո Աթաջանյանը մեկնում է Հյուսիսային Կովկաս` հանգստանալու, ապա վերադառնում է Բաքու:

Արցախցի գրող Վարդան Հակոբյանը պատմում է, որ նստաշրջան անցկացնելու առաջարկներ են արել մարզխորհրդի պատգամավոր Վիգեն Հայրապետյանը, Մոսկվայի պետհամալսարանի դասախոս Հրանտ Եպիսկոպոսյանը, երբ արցախցի մտավորականների պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու խնդրագրով փետրվարի սկզբին մեկնել էր Մոսկվա: ՙՄոսկվայից եկանք եւ ի՞նչ տեսանք. Արցախը ոտքի էր ելել, հրապարակը եռում էր: Մոսկվայից հրապարակ հասած մեր ցանկացած լուր ժողովրդի մեջ նոր ալիք էր բարձրացնում, նրան դարձնում ավելի հաստատակամ իր վճռի մեջ: Արցախում շարժման գլուխ էր անցել Արկադի Մանուչարովը, որի ղեկավարությամբ էլ ստեղծվեց նստաշրջանի անցկացման նախաձեռնող խումբ՚:

Կևորկովը տեղյակ էր իրադարձություններին, շարժման ղեկավարությունն անգամ նրան առաջարկել էր միանալ համաժողովրդական պայքարին: Հանդիպումներից մեկի ժամանակ փետրվարի կեսերին, Կևորկովը հորդորում է վերջ տալ հանրահավաքներին և մարդկանց ուղարկել տները: Կարճ ժամանակում մարզային և հանրապետական իշխանությունները կորցնում են իրավիճակի վերահսկողությունը: Մարզկոմի բյուրոյի նիստում Ադրբեջանի Կենտկոմի աշխատակից Ասադովը զգուշացնում է, որ հարյուր հազար ադրբեջանցիներ պատրաստ են ներխուժել եւ Ղարաբաղում ջարդ կազմակերպել:

Ղարաբաղյան շարժման դեմն առնելու եւ մարզային խորհրդի նստաշրջանի անցկացումը խոչընդոտելու նպատակով փետրվարի 20-ին Ստեփանակերտ է ժամանում Ադրբեջանի կոմկուսի Կենտկոնի առաջին քարտուղար Քյամրան Բաղիրովը: Մինչ Բաղիրովը և նրան աջակցող հայ պաշտոնյաները մարզի պատգամավորներին համոզում էին հետ կանգնել նստաշրջան անցկացնելու քայլից, հրապարակում հավաքված ժողովուրդն անընդհատ գոչում էր` ՙսեսիա, սեսիա՚: Ադրբեջանի ղեկավարը հուսահատ թողնում է դահլիճը:

Վարդան Հակոբյանը շարունակում է. ՙԱյնուհետև մեջտեղ եկավ որոշումն օրինականորեն ձևակերպելու խնդիր, որն առանց մարզգործկոմի նախագահի տեղակալ Շմավոն Պետրոսյանի վճռորոշ դերի ու մասնակցության հնարավոր չէր լինի կազմակերպել, մանավանդ, որ մարզգործկոմի կնիքն իր հետ փախցրել էր նախագահ Օսիպովը: Ուզում էինք ամեն ինչ անել պատշաճ մակարդակով. յուրաքանչյուր հարց իրավաբանորեն ճիշտ մեկնություն էր ստանում Երևանից ժամանած հայտնի իրավաբան Վլադիմիր Նազարյանի խորհուրդներով՚:

ՙՓետրվարի 20-ին տեղի ունեցավ նստաշրջանը, երկու օր անց` Կենտկոմի տեսուչներին` հիմնականում հայ և ռուս, Դեմիչևի ու Կոնովալովի հետ նույն ուղղաթիռով գործուղեցին Ստեփանակերտ, որպեսզի անցկացնենք մարզկոմի նիստ և հեռացնենք Կևորկովին: Ուղղաթիռից մենք տեսնում էինք, որ Ասկերանի մոտակայքում ժողովուրդ է հավաքված, գարեջրի գործարանի մոտ երևում էին այրվող ավտոմեքենաներ: Այդ օրվանից այլևս չվերադարձա Բաքու՚,- ժպտալով պատմում է Վալերի Աթաջանյանը:

Հատված Թաթուլ Հակոբյանի ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ. ԿԱՆԱՉ ու ՍԵՒ գրքից

Հարցրեք այս հատորը՝ Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև. 2020-ի հայկական աղետը» գրքի 4-րդ հրատարակությունը, Երևանի Նոյյան Տապան, Բուկինիստ, Զանգակ և Արթբրիջ գրախանութներում:

Այն կարող եք ձեռք բերել նաև հեղինակից՝ նրա ստորագրությամբ: