«Հայաստանի Հանրապետություն-100, Հովհաննես Քաջազնունի-150». կանգառ Վանաձորում

8557

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը փետրվարի 10-ին Վանաձորում կազմակերպել էր ձեռնարկ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150 և Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։

Միջոցառումը տեղի ունեցավ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում։

Լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան և ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց Քաջազնունի մարդուն, քաղաքացուն, ճարտարապետին, պետական-կուսակցական գործչին, նրա վարչապետության շրջանում ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությունը։

Միջոցառումը նախատեսված մեկ ժամի փոխարեն շարունակվեց երկու ժամ, քանի որ ընթանում էր անկաշկանդ քննարկում և բանավեճ, որի ընթացքում զուգահեռներ էին անցկացվում 1918-1921 թվականների Հայաստանի և 1991-ից անկախացած Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության միջև:

Մարտահրավերները, որոնց դիմակայում էր Հայաստանը մեկ դար առաջ, այսօր էլ կանգնած են հանրապետության առաջ: Ինչպե՞ս հարաբերվել Թուրքիայի (այն ժամանակ՝ Օսմանյան կայսրություն և քեմալականներ) և Ադրբեջանի հետ, արդյոք պե՞տք է հենվել երրորդ ուժի վրա, որ 100 տարի առաջ Մեծ Բրիտանիան ու եվրոպացիներն էին, այսօր Ռուսաստանն է: Ի՞նչ կլինի, եթե մի օր Ռուսաստանը, որից Հայաստանը կախված է բազմաթիվ թելերով ու շղթաներով, հեռանա Կովկասից, ինչպես մեկ դար առաջ հեռացան նույն ռուսներն ու ապա՝ բրիտանացիները:

Զուգահեռներ անցկացվեցին նաև ներքաղաքական խնդիրների շուրջ, այդ թվում՝ 1921 թվականի Փետրվարյան ապստամբությունից մինչև 2016-ի Սասնա ծռերի ըմբոստություն:

Հակոբյանը ներկայացրեց նաև ԱՆԻ կենտրոնի հրատարակությունները, այդ թվում՝ Քաջազնունու երկու գրքերը:

Քաջազնունու ծննդյան 150-ամյակի առիթով ԱՆԻ կենտրոնը նմանօրինակ ձեռնարկներ կկազմակերպի նաև Հայաստանի այլ քաղաքներում, որոնց մասին կտեղեկացվի նախապես։

Քաջազնունին ծնվել է 1868թ. փետրվարի 1-ին, նոր տոմարով՝ 14-ին, Ախալքալակում՝ Ջավախք, Վրաստան: Այսպիսով, 2018-ի փետրվարի 1-ից 14-ը կարելի է համարել առաջին վարչապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը։

Վանաձորի ձեռնարկից առաջ ԱՆԻ կենտրոնը նմանօրինակ միջոցառում  կազմակերպել էր Ստեփանակերտում ՝ հունվարի 25-ին:

Հովհաննես Քաջազնունուն նվիրված երեկո Արցախում

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Լուսանկարները՝ Նարինե Եգանյանի, Վանաձոր