«Հույս»-ը հասնում է նաև Դավիթ Բեկում հաստատված արցախցի 7 ընտանիքների

983

Տավուշի մարզի՝ Ադրբեջանի հետ սահմանային Բերդավան, Բարեկամավան և Չինարի գյուղերում հաստատված 23 արցախցի բռնի տեղահանված ընտանիքներին օժանդակություն տրամադրելուց հետո «Հույս» ծրագիր (Operation Hope) հասնում է նաև Սյունիքի մարզի սահմանային Դավիթ Բեկ գյուղում հաստատված արցախցի 6 ընտանիքներին:

Առաջիկա երկու-երեք օրերին 7 ընտանիքները՝ կախված անդամների քանակից, կստանան մինչև 500 հազար դրամի օժանդակություն՝ ընտանի կենդանիների տեսքով՝ կով, ոչխար, խոզ, հավ, ճագար, ինչպես նաև բավարար չափով անասնակեր՝ ձմեռը դուրս գալու համար: Առավել կարիքավոր և բազմազավակ ընտանիքները կստանան նաև հավելյալ օգնություն:

«Հույս» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքի հայության նվիրատվություններով՝ բարձր հովանավորությամբ Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոսության, հյուպատոս Պերճ Աբգարյանի և Ֆրեզնոյի բժշկական առաքելության և բժիշկ Վաչե Վասիլյանի գործուն մասնակցության:

Հունվարի 8-ին և 9-ին «Հույս» ծրագրի հայաստանյան համակարգող (կամավոր) Թաթուլ Հակոբյանը այցելել է Կապան համայնքի մաս կազմող Դավիթ Բեկ համայնք, հանդիպել արցախցի 6 ընտանիքներին, զրուցել նրանց հետ, կատարել կարիքների գնահատում:

«Այս ծրագիրը համակարգային օգնություն է արցախցի բռնի տեղահանվածների համար: Ֆրեզնոյի հայերի օգնությամբ արցախահայ այս ընտանիքները կարողանում են հիմնել սեփական փոքր տնտեսությունները, ոտքի կանգնել, կապվել նոր բնակավայրի հետ և ապագայի հույս ունենալ»,- ասել է Հակոբյանը:

Նա կարևորել է այն հանգամանքը, որ Արցախից բռնի տեղահանվածների համար ընտանի կենդանիները գնվում են այն գյուղերից, որտեղ նրանք հաստատվել են, ինչը նշանակում է ուղղակի ներդրումներ այդ բնակավայրերում:

Ֆրեզնոյի բժշկական առաքելությունը վերջին 10 տարիներին անընդմեջ երկու շաբաթով եղել է Հայաստան և Արցախ (մինչև 2020 թվականը) և բժշկական սարքավորումներով, դեղորայքով ու տարբեր մասնագետ բժիշկներով օգտակար եղել Հայրենիքին՝ այցելություններ տալով Գյումրի, Գորիս և բազմաթիվ քաղաքներ ու ավաններ:

Վերջին անգամ պարոն Աբգարյանն ու բժիշկ Վասիլյանը Հայաստանում էին 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին՝ ճիշտ այն օրերին, երբ տեղի էր ունենում Արցախի բռնի տեղահանությունը: Նրանք այցելում էին տարբեր հաստատություններում ժամանակավոր ապաստան գտած արցախցիներին: Վերադառնալով Ֆրեզնո՝ նրանց մոտ միտք ծագեց օգնել սահմանային գյուղերում հաստատված բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև՝ վերաբնակեցնել գյուղերը:

Լուսանկարում՝ 2018 թվականին Ֆրեզնոյի բժշկական առաքելությունը հերթական այցով Հայաստանում՝ ՀՀ-ում ԱՄՆ այն ժամանակ դեսպան Լին Թրեյսիի հետ