«Ես և իմ ընտանիքի որևէ անդամ երբեք «Լիդիանի» բաժնետեր չենք եղել»․ Արմեն Սարգսյան

1280
Արմեն Սարգսյանի «կապը» «Լիդիան Արմենիա»-ի հետ
Հայաստանի նախագահի պաշտոնում ՀՀԿ կողմից թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը՝ Արամ Աբրահամյանին տված հարցազրույցում հերքել է  ընկերության հետ իր բիզնես կապերի մասին տեղեկությունները:

«Ես և իմ ընտանիքի որևէ անդամ երբեք այդ ընկերության բաժնետեր չենք եղել, չենք լինելու և չենք: «Լիդիան» ընկերության կամ Ամուլսարի պատմության հետ վերջին անգամ շփվել եմ հինգ տարի առաջ: «Լիդիան»-ը Կանադայում գրանցված բաց, թափանցիկ աշխատող ընկերություն է: Կանադան՝ լինելով լավագույն տարածքներից մեկը, որտեղ լեռնաարդյունաբերությունը լավ կազմակերպված է, հստակ են բաժնետերերի անունները, կարող են «գուգլ» անել ու կտեսնեն՝ արդյոք ես կամ ինձ հետ կապված որևէ մեկը բաժնետեր եղել են, թե ոչ: Պատասխանը լինելու է՝ ոչ»,- ասել է Սարգսյանը:

«Լիդիան» ընկերության հետ Սարգսյանի հարաբերությունները զարգացել են ի պաշտոնե՝ լինելով Հայաստանի դեսպանը Մեծ Բրիտանիայում, ինքը աջակցել է, օգնել է, որ Հայաստանում ներդրում անեն:

«Իմ հարաբերությունը այդ ընկերության հետ եղել է շատ պարզ։ Եթե կա ընկերություն, որը Հայաստանում հետաքրքրված է ներդրում անելու, ես պատրաստ եմ աջակցել, խորհուրդ տալ, որ գան Հայաստան: Այդպես ստացվեց «Կոկա Կոլա»-ին կամ HSBC բանկին Հայաստան բերելը, որը ծանր աշխատանք էր և տարածաշրջանում Հայաստանը միակն էր, որտեղ եկավ այդ բանկը: Ես հպարտանում եմ այդ ամենով, որովհետև այդ բանկի՝ Հայաստան գալով բանկային համակարգում շատ բան փոխվեց, օրենքներ փոխվեցին: Եթե կա ընկերություն, որ պատրաստ է Հայաստանում ներդրում անել, ես միշտ պատրաստ եմ նրանց հետ հանդիպել, խորհուրդ տալ, աջակցել, որ գան: Այսպիսի օրինակներ շատ կան, բայց դա չի նշանակում, որ դրանցից յուրաքանչյուրի մեջ ես շահաբաժին ունեմ կամ ունեցել եմ: Չունեմ»,- ասել է Սարգսյանը:

«Լիդիան» ընկերության բաժնետերերից մեկը՝ Ջոզեֆ Ուղուրլյանը, ծագումով հայ է և ներկայումս նա Արցախում ՀԷԿ է կառուցում: Սարգսյանի խոսքով, ինքն է Ուղուրլյանին վերադարձրել հայկական արմատներին:

«Ուղուրլյանը ինձ խնդրեց խորհուրդ տալ՝ ինչպես աշխատի «Լիդիան»-ը Հայաստանում և առաջարկեց, եթե հնարավոր է, ես դառնամ ընկերությանը խորհրդատվությամբ օգնեմ: Իմ ֆունկցիան պետք է լիներ խորհուրդներ տալը և ըստ օրենքի, խորհրդատուն չէր կարող բաժնետեր լինել: Սա ևս մեկ պատճառ, որ հերքվում են այդ տեղեկությունները: Այդ խորհուրդի անդամ ես եղել եմ ընդամենը երեք ամիս, որի ժողովներին նույնիսկ չեմ մասնակցել: Իմ կարծիքը առանձին շարադրել եմ ու հրաժարական տվել, դուրս եկել», – ասել է Սարգսյանը:

Վերջինը մեկ այլ պատճառ էլ մատնանշեց, թե ինչու չէր կարող լինել «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետեր. «Նույն ընկերության բաժնետերեր են եղել Համաշխարհային բանկը և Եվրոպական բանկը: Այդ կազմակերպությունները չեն ներդնում ընկերությունների մեջ, որտեղ նախկին կամ ներկայումս գործող պետական ծառայող կա»:

Սարգսյանը իրեն զգում է և’ հայաստանցի, և’ հայ, և, ինչ-որ տեղ նաև՝ սփյուռքահայ
Ես ինձ զգում եմ և’ հայաստանցի, և’ հայ, և, ինչ-որ տեղ նաև սփյուռքահայ, ասել է Սարգսյանը:

Օրենքի խախտում չէ՞ արդյոք, որ նա կարող է լինել նախագահի թեկնածու, այստեղ լեգիտիմության հարց կա՞, Սարգսյանն ասել է, թե հարցը կարելի է շարադրել այլ կերպ՝ արդյո՞ք սահմանադրությունը և օրենքները թույլ են տալիս, որ «իմ նման մեկը, ով իր կյանքի պատմությամբ կանգնած է ձեր առջև, լինի նախագահի թեկնածու»:

«Թե ով կարող է լինել հանրապետության նախագահի թեկնածու և ինչ ձևով են հաշվում 6 տարին, շատ հստակ գրված է օրենքում: Կառավարությունը և համապատասխան ծառայությունները կպատասխանեն այդ հարցին։ Հարցը պետք է ուղղել իրենց և ստանալ համապատասխան պատասխան: Ինձ համար շատ պարզ է. եթե պատասխանը այո է, և ես որոշեմ, որ պատրաստ եմ ծառայելու Հայաստանին` նախագահի պաշտոնում, ապա իմ պատասխանը կտամ»,- ասել է Սարգսյանը։

Որդիներս իրենց բրիտանացի են զգում
«Իմ երկու զավակները և՛ բրիտանացի են, այսինքն՝ Բրիտանիայի քաղաքացիություն ունեն, և՛ հայկական քաղաքացիություն: Եվ եթե դուք հարցը տալիս եք բրիտանացի քաղաքացուն՝ արդյոք դու քեզ զգո՞ւմ ես բրիտանացի, Դուք ինչպե՞ս կպատասխանեիք: Գիտեք ինչ՝ ես բրիտանական անձնագիր ունեմ, բայց բրիտանացու նման չեմ մտածում, գիտեք ինչ, ես ռուսական անձնագիր ունեմ,  բայց ես հայ եմ, Ռուսաստանի նման չեմ մտածում: Գիտեք ինչ, ես ֆրանսիացի եմ, բայց ես հայ եմ… կամ հակառակ պատասխաններ՝ ես հայ եմ, բայց հպարտ բրիտանացի եմ: Կարծում եմ՝ իմ կինը ճիշտ է պատասխանել այդպես ասելով: Քանի որ տղաներն իրենց գիտակից կյանքի մեծ մասը՝ փոքր տարիքից Բրիտանիայում են անցկացրել, և քանի որ բրիտանացի են, պատասխանը ճշգրիտ է, որ իրենք իրենց բրիտանացի են զգում, բայց կարծեմ թարգմանությունը մի փոքր սխալ է: Կինս ասել է, որ իրենք հպարտ հայեր են»,- ասել է Սարգսյանը:
Արմեն Սարգսյան-Վազգեն Սարգսյան հարաբերությունները
Արմեն Սարգսյանը ասել է, որ Հայաստանի քաղաքական էլիտայի հետ քաղաքակրթական հակասություններ չունի: Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի հետ ունեցած հակասությունների ու նրա հետ վիճելու մասին վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվող տեղեկություններին, Սարգսյանը ասել է, որ դրանք սուտ լուրեր են, որոնք կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն երկրում ներքին, այլ նաև միջազգային հարաբերությունների վրա:

«Ես քսան տարի չեմ խոսել այդ մասին, որովհետև հեշտ չէ անձնական կյանքը պատմել բոլորին: 1997-ին ծանր հիվանդությամբ հիվանդացա: Սկզբում չէի գիտակցում դրա ծանրությունը: Ես երախտապարտ եմ մի քանի մտերիմների, որոնք ինձ հորդորեցին զբաղվել իմ առողջությամբ: Բժշկի զննությունից հետո պարզվեց լուրջ հիվանդություն ունեմ ու պետք է վիրահատվեմ: ՀՀ նախագահին ասացի այդ մասին, և նա ու շատ գործընկերներ պնդեցին, որ շտապ մեկնեմ վիրահատվելու: Ես երախտապարտ եմ նրանց, որ նրանք ինձ պնդեցին մեկնել Հայաստանից և վիրահատվել արտերկրում: Վիրահատվեցի ու մեկ ու կես տարի շատ ծանր բուժման ճանապարհ եմ անցել: Վստահ եմ, որ եթե նրանք ինձ չհամոզեին մեկնել Հայաստանից, ապա դուք այժմ ուրիշի հետ հարցազրույց կանեիք»,- ասել է Սարգսյանը։

«Ես շատ մարդկանց հետ եմ խոսում, ես շատ հանգիստ եմ խոսում մարդկանց հետ, փորձում եմ համոզել նրանց, լսել, խոսել: Վազգենի հետ բացառվում է, որ նման բան լիներ: Նրա հետ մենք շատ զվարճալի պատմություններ ենք ունեցել: Ես հասկանում եմ, որ եթե Վազգեն Սարգսյանը հրաշքով լիներ մեր կողքին, ու հայտարարեր, որ սուտ է, կլինեին սրամիտներ ու կասեին, որ դա քաղաքական կոնսպիրացիա է: Վազգենի հետ մենք շատ ենք թենիս խաղացել: …Մենք պայմանավորվեցինք, որ եթե ինքը հաղթի զինվորական մեկ դյուժին մեքենա եմ նվիրելու, իսկ եթե ես հաղթեմ, կտա՝ ինչ ցանկանում է: Ես շատ լավ էի խաղում թենիս, բայց ցանկացա էդ պահին ես պարտվեմ, որ նվերը տայի: Ու այդպես էլ եղավ: Երբ արդեն վերադառնում էի Լոնդոն, Վազգենը եկավ ճանապարհելու: Նա չէր հաշտվել թենիսի խաղի արդյունքների հետ ու ասաց, որ ինքն էլ իր նվերն է բերել: Նվերը իհարկե, վազգենական էր՝ բացեցի, տեսա ատրճանակ էր անվանական»,- ասել է Սարգսյանը:

«Հորս կորցրել եմ 10 տարեկանում» 

«Մեծահարուստ չեմ ծնվել: Ապրել եմ, ինչպես`դուք, գուցե ապրել եմ ավելի ծանր մանկություն: Մայրս ինձ ու քրոջս պահելու համար աշխատել է երկու տեղ` առավոտյան 7-ից մինչև երեկոյան 7-ը։ Ընդունելության քննություններին պարապելու համար ես եմ փող վաստակել: Ինչին որ հասել եմ, հասել եմ իմ աշխատանքի միջոցով, դա միակ ձևն է, որ ես հասկանում եմ, և այն օրինակն է, որ ես ստացել եմ: Ես որևէ մեկից որևէ կապիտալ նվեր չեմ ստացել, կյանքիս տարբեր շրջաններում ապրել եմ դժվար, և ելքը գտել եմ աշխատելով, պայքարելով»,- ասել է նա։

Անդրադառնալով երկրում 30 տոկոս աղքատության ցուցանիշին, Սարգսյանը նշել է․ «Չեմ կարծում, որ մեկը կարող է բարեգործությամբ լուծել հարցը: Հարցի լուծման ճանապարհը հստակ է` աշխատանք ունենալ և վարձատրվել այդ աշխատանքի համար, պահել իր արժանապատվությունը, դրանով դուրս գալ աղքատությունից: Եթե առաջադրվեմ և դառնամ ՀՀ նախագահ, իմ բոլոր ջանքերը ներդնելու եմ տնտեսությունը զարգացնելուն, աշխատատեղեր ստեղծելուն: Ներդրումներ ունենալն ինքնանպատակ չէ»:

Արաբական վերջաբան

Արմեն Սարգսյանը հիշեցրել է հին արաբական ասացվածք. «Եթե դու բարձունքին կանգնած ես, ներքևում կանգնած բազմաթիվ մարդիկ վերևից քեզ մրջյուն են թվում, բայց պետք է ուշադիր լինել՝ ներքևից նայող մարդիկ քեզ նույնպես մրջյուն են տեսնում»:

«Ես չեմ կարծում, որ այն ճանապարհը, որ անցել եմ, որևէ օր թույլ կտան, որ ես որևէ անհատի, անկախ նրանից՝ աղքատ է, թե հարուստ, երիտասարդ է, թե ծեր, արհամարհական վերաբերվեմ», – ասել է Սարգսյանը։

Նյութը պատրաստվել է ըստ ԱՅՍՕՐ կայքի
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=i5py8WpI8Ro