Ադրբեջանցիները՝ Կապանում․ խորհրդային տարիներ

4130

Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի այս հրապարակումը տեղ է գտել մարզային ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿԻՐ տասնօրյա թերթում, թիվ 24-25, 10 սեպտեմբեր, 2008թ: Այս հոդվածը, որ գրվել է ամենայն անկեղծությամբ ու պատմության առաջ պատասխանատվությամբ՝ չխեղաթյուրելով իրականությունը, եթե անգամ դա խորը հակասության մեջ է օրվա նարատիվին, կարող է լինել ևս մեկ հարված այն կեղծարարությանը, որ շրջանառության մեջ են դրել բրիտանացի հեղինակ Թոմաս դե Վաալը և ադրբեջանցի հետազոտող Արիֆ Յունուսովը: Խոսքը Սումգայիթի հայկական ջարդերից առաջ իբր Կապանից ադրբեջանցիների վտարումների մասին է: Ի դեպ, հենց դրանով է ադրեջանական պրոպագանդան փորձում արդարացնել Սումգայիթի հայկական ջարդերը:

—–

Հարևաններին չեն ընտրում: Աստծո կամքով է` համաշխարհային պատմության ընթացքով պայմանավորված: Հարևաններից չես փախչի:

Հայտնի է, որ 11-րդ դարից սկսած՝ Կուր-արաքսյան դաշտավայր թափանցած վաչկատուն անասնապահ ցեղերի՝ սելջուկ թուրքերի, թաթար մոնղոլների և ապա ակ-կոյունլուների, կարա-կոյունլուների հետնորդները, Արաքսի հովտով հորդեցին դեպի արևմուտք՝ նոր արոտներ ձեռք բերելու համար: Արոտավայրերին տիրանալը գլխավոր խնդիրն էր, հետևաբար՝ նրանց չէին կարող չձգել Սյունիքի հարուստ ալպյան մարգագետինները: Աստիճանաբար բինաների և ղշլաղների հիմնադրումով նրանք առաջ գնացին և, ապահովված լինելով ռազմական ուժով, հասան քանակական գերակշռության: Հայ աշխատավոր բնակչությունը նահանջեց, նախարարական տները հեռացան, ոմանք էլ հավատափոխ եղան, ինչպես, օրինակ, Ձագիկյանները՝ դառնալով Զաքիևններ: Հայկական բնակավայրերը նվաճվեցին, նրանց հնագույն դիցական անունները թուրքացվեցին, նոր երանգ ստացան, նոր տեղանուններ կնքվեցին: Ապագա ադրբեջանական գյուղերը ծլեցին՝ կապված անասնապահական զբաղմունքի հետ՝ որպես ամառանոց և ձմեռանոց: Ձմեռանոցներ էին Գեղին, Քիրսը, Քյուրուտը, Գյումարանը, Գեչիկլուն, Քյոլլուն: Վերջինս կոչվում էր նաև Ղշլաղ: Հողագործ բնիկների ազդեցությամբ ադրբեջանցիներն անցան նստակեցության, յուրացրին հովտային, ապա նախալեռնային շրջանները:

Հայերի ու ադրբեջանցիների միջև փոխըմբռնման և մերձեցման գլխավոր խոչընդոտը նրանց վարած տնտեսական կյանքի արմատական տարբերությունն էր՝ երկրագործ հայեր և անասնապահ ադրբեջանցիներ: Քոչվոր անասնապահությունը չափազանց մեծ վնաս էր հասցնում երկրագործությանը: Քոչի պատճառած ավերի պատճառով բախումներ եղել են, սակայն դրանք համատարած բնույթ չեն կրել, ընդհանուր լեզու գտնվել է, կողմերը գնացել են զիջումների, հանդուրժել են միմյանց՝ իրենց և իրենց զավակների համար ապահովելով խաղաղություն: Ադրբեջանցիները երկար ժամանակ պահպանեցին ցեղային կազմակերպչական օրենքներն ու սովորույթները, արթուն էին ցեղային մտածողությունն ու հիշողությունը:

Չնայած հակասություններին ու տարբերություններին (այդ թվում՝ կրոնական)՝ հայերն ու ադրբեջանցիները սկսեցին մերձենալ, ապրել համատեղ կյանքով, այնպես որ «Վեցդարյա համակեցությամբ երկու էթնիկ շերտերը՝ էնդեմիկ՝ հայկականը և վերջնամուտը՝ թուրքականը, իրար այնչափ մոտեցած էին, որ որոշ դեպքերում նրանց իրարից տարբերելը դժվարին էր դարձած» (Ստ. Լիսիցյան, «Զանգեզուրի հայերը», էջ 63):

20-րդ դարասկիզբը մեզ մոտ նշանավորվեց նախադեպը չունեցող ողբերգական իրադարձությամբ՝ հայ-ադրբեջանական ընդհարումներով: Սա դաժան խաղ էր, ահեղ փորձություն: 1906 թվականը Կապանում ջարդերի գագաթնակետն էր. զոհվում էին իրենց գոյությունը մի կերպ քարշ տվող մարդիկ, հրդեհվում, ավերվում, կողոպտվում էին բնակավայրերը:

Մոլեգնող արյունոտ խրախճանքն ավելի մեծ տարածում կունենար, եթե հանդես չգային այս կողմերում հայտնի, զանգվածների մեջ մեծ հեղինակություն ունեցող, սեր ու համակրանք վայելող այնպիսի գործիչներ, ինչպիսիք էին Մեսրոպ Մագիստրոս Տեր-Մովսիսյանը, Սմբատ Մելիք-Ստեփանյանը, վիճակային պրիստավ Հյուսեին Բեկ Մախմուտբեկովը, նույնիսկ Սեբաստացի Մուրադը:

Այս ամենի գլխավոր բեմադրիչը ցարիզմն էր, իշխանությունները և ոչ թե ցեղային-էթնիկական թշնամանքը, կրոնական անհանդուրժողականությունը, ինչպես որ հաճախ ներկայացնում են: Ջարդերին հաջորդում էին գյուղերի հրետակոծությունը, խուզարկությունը, էկզեկուցիան, տուգանքները, կաշառքը, և այդ բոլորը՝ խաղաղություն հաստատելու պատրվակով:

Վատը գնաց, վատթարն եկավ. 1918-1921 թվականներ… Այդ տարիներին տեղի ունեցան գաղթականության շրջափակումն ու կոտորածը Գեղվաձորում (Թաբարիք խալան՝ Գեղվաձորի կոտորածի ականատեսը, պատմում էր, որ իր աչքի առաջ զինված խուժանը, ուղին կորցրած, երկու հազարի չափ կանանց, երեխաների ու անզեն մարդկանց հրացանազարկ արեց ու թրատեց ձորում), Ներքին Հանդ գյուղի հրկիզումը, Գեղվաձորի կռիվը, Վերին ձորի դեպքերը, Ագարակ-Եղվարդի ճակատամարտը, դրաններ, սպանություններ… Ու նաև հանդուրժողականություն, փոխադարձ օգնության, ցավի զգացողության դեպքեր՝ գաղթականության ապահով անցումն ադրբեջանական բնակավայրերով (Անդրանիկը Կապանում չի տարհանել որևէ ադրբեջանական գյուղ), Ագարակից առաջ հայ բնակչությանը հարձակման մասին տեղեկացնելը, Ծավ գյուղացիների կողմից Դալլաքլու գյուղացիների պաշտպանությունը և տեղափոխությունը, փրկության և օգնության, կարեկցանքի, սատար լինելու անթիվ-անհամար փաստեր, որ հատուկ ուսունասիրության նյութ կարող էր լինել:

Հայ-ադրբեջանական «քիրվայությունը»

Այս ամենը խորը հետք թողեցին երկու ժողովուրդների հոգեբանության վրա, փոխադարձ թշնամանք, մեղադրանքներ, ոխ… Եվ այսքանից հետո ապշել կարելի է, որ կարճ ժամանակում ձեռք բերվեց վստահություն, հաստատվեց համերաշխություն: Անշուշտ, վճռական էր խորհրդային իշխանության դերը, սակայն չի կարելի ուրանալ. օգնության էր եկել առողջ բանականությունը: Լավագույն օրինակն էր քիրվայությունը: Եվ իսկապես, ինչպիսի՞ն կլինեին անհանդուրժողականության հետևանքները, եթե չլիներ բարեկամության ու հավատարմության այդ եզակի կառույցը:

1920-ականներին Կապանի և Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի միջև նոր վեճեր էին սահմանների համար: Սահմանագծման հետևանքով Կապանի շրջանը զրկվեց զգալի տարածքներից, սահմանագիծն անցկացվեց քաղաքի մերձակայքով: Անպակաս չէին վեճերն արոտների և քոչի պատճառով:

Արժեր իմանալ, որ երկու ժողովուրդներին միավորել է համատեղ սոցիալական պայքարը: 19-րդ դարի վերջին քառորդին ծավալված սոցիալական պայքարը Ղաչաղ Նեաբիի գլխավորությամբ վայելում էր կապանցիների համակրանքն ու աջակցությունը: Ավելին՝ Ղաչաղի հայտնի զինակիցներն էին կավարտեցի Կոստին և առաջաձորցի Աղան Մելիք-Ստեփանյանը:

Արգելված ու մոռացված թեմա էր երկու ժողովուրդների աշխատավոր, ըմբոստ խավերի համագործակցությունը հակակոլտնտեսային շարժման ժամանակ (բանդիտիզմ): Կապանում 569 ձայնազրկվածներից 129-ը ադրբեջանցիներ էին:

1937թ. երկուսի համար ծանր փորձություն էր նաև Կապանում: 37-ը միանշանակ ցույց է տալիս, եթե ընկերներդ, արյունակիցներդ, ազգակիցներդ սարսափահար երես են թեքել քեզնից, ապա վրա էին հասնում այլազգի և այլակրոն հարևանները: 37-ի արհավիրքին որքան կառույցներ, հարաբերություններ, կապեր չեն դիմացել, փլուզվել են, ցնդել, իսկ ահա հաղթող է դուրս եկել քիրվայությունը: Բազմաթիվ կապանցիներ, էնկավեդեի հետապնդումներից խուսափելով, փրկություն են գտել Բաքվում և Ադրբեջանի մյուս շրջաններում, գնդակահարվածի դուստր Ռոզային փրկության ձեռք են մեկնում ադրբեջանուհիները Զանգելանում: Վերինձորեցի Մուսեիբը համարձակորեն հրաժարվում է կեղծ վկայություն տալ Կարապետ Նարինյանի դեմ, Մողեսի գյուղացիներ Սուրեն և Մուխան Սաֆարյանները փրկում են Ղիասլու գյուղի բնակիչ, քաղաքական աքսորական Աբդուլայի ունեցվածքը՝ արժանանալով մեկը՝ գնդակահարության, մյուսը՝ տուգանային գումարտակի: Առաջաձորցի Դավիթ Ոսկանյանին մեղադրանք է ներկայացվում բեկի որդու հետ ընկերություն անելու համար, արծվանիկցի Խոսրովն ալյուր և ցորենի սերմացու է բաժանում սովյալ ադրբեջանցիներին… 1949թ հունիսի 14-ի Ալթայ ընթացող վագոններում գտնվող կապանցի աքսորակններին ջուր էին հասցնում ադրբեջանական կայարաններում և կիսակայարաններում…

Մեծ հայրենական. ռազմաճակատում և թիկունքում կապանցիները համատեղ անձնվիրության և հերոսության օրինակներ էին ցուցաբերում: Լեռնահանքային արդյունաբերությունում և գյուղատնտեսության մեջ զգալի էր ադրբեջանցիների դերը: Ռազմաճակատում հայտնի դարձան գիրաթաղցիներ՝ կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Թեմուր Բունյաթովը, բժիշկ Նուրալի Բունյաթովը: Սակայն գլխավորը թիկունքում օգնությունը, փոխադարձ կարեկցանքն ու ցավի զգացողությունն էին: Շիշկերտ լեռնային գյուղի կարտոֆիլը ստույգ մահից փրկեց Զանգելանի սովյալններին: Ոմանք նույնիսկ հարկադրված էին բնակություն հաստատել հայկական գյուղերում (Սրաշենում սովից մեռնողներ եղան, սակայն կերակրեցին ու փրկեցին Քյոլլու գյուղացի ծնողազուրկ երեխային):

1988

1988թ. Կապանն ու կապանցինները առնվեցին միջէթնիկական նոր հարաբերությունների հորձանուտում՝ հայտնվելով իրադարձությունների կիզակետում: Սրանք այն ժամանակներն էին, երբ էթնիկական փոխհարաբերություններում տարածված էր հակառակորդի ապամարդկայնացումը (դեհումանիզացիա)՝ հակառակորդին մարդկային գծերից զրկելը: Կապանյան իրականությունն այս տեսակետից. այստեղ միմյանց չեն վերագրվել անմարդկային գծեր: Անմիջական շփումները, ամուր, ավանդական կապերը, երկաթուղու կենսական նշանակությունը հայերի համար, Կապանը որպես արտահանման շուկա  ադրբեջանական շրջանների գյուղատնտեսական արտադրանքի համար, Կապանի արդյունաբերական ձեռնարկությունները որպես աշխատատեղ ադրբեջանցիների համար հիմք էին տալիս լինել հանդուրժող: Վերջապես, սպասողական վիճակը. հետին թվով հեշտ կլինի իմաստուն լինել՝ ո՞վ կհավատար, որ կփլուզվեր Խորհրդային Միությունը:

1988-89 թթ. Հայաստանում թունավորումների ժամանակ, երբ մեղադրում էին ադրբեջանցիներին, նույն պահին պետական ունեցվածքի բարձիթողի վիճակում սահմանամերձ գյուղատնտեսական պետական ձեռնարկություններում աշխատում էին ադրբեջանցիներ: Տագնապալի լուրերը որևէ ազդեցություն չունեցան․ կաթնամթերքի արտադրությունը շարունակում էին իրականացնել ադրբեջանցիները, իսկ շրջանում թունավորման որևէ դեպք չգրանցվեց:

Կապանյան հանրահավաքներում ազգային ինքնագիտակցության և արժանապատվության ձևավորմանը զուգընթաց ադրբեջանցի ժողովրդի հասցեին թշնամական և նվաստացուցիչ որևէ արտահայտություն չի հնչել, ատելության քարոզ չի եղել: Ճշմարտությունն այն է, որ Ղարաբաղից հետո ավելի շատ խոսում էին բնապահպանությունից, սոցիալիստական արդարությունից, կաշառակերներին պատժելուց:

Իրադարձությունների շղթայում չես կարող գտնել որևէ դեպք, երբ բռնություն է իրականացվել ադրբեջանցու նկատմամբ՝ չնայած Ադրբեջանից վրա հասնող ահասարսուռ լուրերին: Հակաադրբեջանական միակ «ելույթը» ատամնաբույժ Ավթանդիլի «Ժիգուլի» ավտոմեքենայի հրկիզումն էր:

Կապանցի ադրբեջանցիները Հայաստանից առաջին հեռացողներից էին, ինչի համար նպաստավոր միջոց էր երկաթուղին: Հեռացածների մի մասը՝ Զանգելանում, մյուսը՝ Բաքվում հայտնվեցին: Հարևան շրջանում գտնվողներին հետ բերելու համար ուղարկվեց մի ամբողջ ավտոշարասյուն (Ադրբեջանում նման փորձ կարվե՞ր): Բաքու հեռացողները սև գործ արեցին՝ տարածելով սուտ ու սադրիչ լուրեր:  Նրանք, ինչպես որ կարծում են, դարձան Սումգայիթի հրահրողները:

Կապանում ազգային խտրականության դեմ բողոքի ձայն բարձրացնելու հող չկար, ինչ մնաց՝ բռնությունների: Շրջանային ժողկրթբաժնի խորհրդակցություններին պատահաբար ներկա լինող օտարը չէր կարող գլխի ընկնել Հայաստանո՞ւմ թե՞ Ադրբեջանում է անցնում խորհրդակցությունը: Առաջին հանրահավաքներին ադրբեջանցիները նույնպես կային: Ընդհանուր առմամբ, Կապանում աշխատավոր ադրբեջանցին ու մտավորականը տարբեր կերպ էին մտածում: Աշխատավոր մարդիկ դժգոհելու առիթ չունեին. ազգակիցների կենսամակարդակը հարևան շրջաններում ցածր էր, տիրում էր պլանտատորական տնտեսություն: Մտավորականությունը շարունակ բողոքողի, դժգոհողի կարգավիճակում էր, քանի որ բարձր դիրք ու պաշտոն չէր ստանում: Մտավորականության մի մասը նացիոնալիզմ էր բորբոքում:

Կապանի ադրբեջանցիների պատմությունից

Եվ, այնուհանդերձ, Կապանի պատմության մեջ եղել են ադրբեջանցիներ, ովքեր ոչ թե զուտ ադրբեջանական-համայնքային, այլ կապանյան ճանաչված դեմքեր էին: 30-ականններին հայտնի էին շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Շխզադեն (գրում-կարդում էր հայերեն, անգիր գիտեր Չարենց), Ալլահվերդի Մամեդովը («Պղնձի համար» թերթի ադրբեջանական բաժնի խմբագիր), ժողկրթբաժնի տեսուչ Բահադուր Իսմայիլովը:

50-ականներից Կապանի հիշողության մեջ մնացել են դատավոր Բաշիր Հասանովը, շրջկոմի հրահանգիչներ Քյարիմ Ալիևը, Ամիր Մամեդովը, շրջկոմի քարտուղար Ժորա Ասադովը, հարհանգիչ Բայլար Մեհտիևը, Սյունիքի ինտերնացիոնալ դպրոցի տնօրեն Համիդ Բաբաևը, «Քաջարանշին» տրեստի կուսկոմիտեի քարտուղար Ջիվանշիր Էֆենդիևը, կրթության բաժնի տեսուչ Նուսրաթ Շխալիևը, բժշկուհի Գյուլիզար Հասանովան, հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներ, արտադրության առաջավորներ:

Կապանում հարգանքի էր արժանացել Գեղիի պետական տնտեսության տնօրեն, շրջկոմի բյուրոյի անդամ Սամանդ Գարաևը: Նա արտադրության ճանաչված ղեկավար էր, մտավորական, նախաձեռնությունների ու գործերի հեղինակ:

Ադրբեջանական մտավորականությունը ղեկավարվում էր Բաքվից:  Ամենատարբեր առիթներով Մոսկվա էին հասնում նամակներ: Դժգոհությունները հիմնականում սոցիալ-տնտեսական էին՝ ճանապարհների (նույն վիճակում էին նաև հայկական գյուղերը), դպրոցաշինության (դպրոցներ կառուցվում էին, իսկ Գեղիի դպրոցը եզակի կառույց էր շրջանում), քաղաքի բնակելիների առաջին հարկերը ադրբեջանցիներով բնակեցնելը (իրականում դրանցում բնակեցվում էր հայ և ազերի ցածր խավը, վերջինս խաղաղ ժամանակներում ներքնահարկերի համար մղված պայքարում ջախջախիչ պարտություն կրեց ունևորներից), գյուղերում արտադրական ձեռնարկությունների մասնաճյուղերի  բացակայության հարցերը: Տրիկոտաժի, կոշիկի, ռելեի գործարանների մասնաճյուղեր բացվեցին Գեղիում, որոնք, սակայն, չաշխատեցին: Փոխարենն ադրբեջանական գյուղերից ավտոբուսներով քաղաքի ձեռնարկություններ էին բերվում երիտասարդներ: Թռչնաֆաբրիկայում աշխատողների շուրջ 50 տոկոսն ադրբեջանցիներ էին:

Ադրբեջանցիների մի մասը տիրապետում էր հայերենին և ռուսերենին, սակայն ադրբեջաներենը համառորեն հնչեցնում էին ամենատարբեր պաշտոնական միջոցառումներին (էթնիկական պաշտպանության ֆունկցիա), և երբևէ որևէ մեկի մտքով չէր անցնում հանդես գալ դրա դեմ: Հնչում էին ադրբեջանական երգն ու երաժշտությունը: Կապանի մարզադաշտում ծափահարում-ողջունում էին «Լեռնագործի» ադրբեջանցի ֆուտբոլիստներ Լյուդվիգ Մուրադովին, Յուրի Գաֆարովին, Քյարիմ Մամեդովին, Արամայիս Գուլիևին, թեթևատլետ Թառլանա Թալիբովային, երգչուհի Վալիդային:

Ադրբեջանական ազգայնական տրամադրությունները  

Եվ, այնուամենայնիվ, խիստ ընդգծված ազգայնական տրամադրություններ կային, որոնց արտահայտողներն էին «Սավետ Էրմանիստան» թերթի թղթակից Իբրահիմովը, քաջ հայտնի Իսլամ Բաբևը, Կապանի ադրբեջանական դպրոցի տնօրեն Իսա Իբրահիմովը, ուսումնավար Իսրաֆիլը (խստագույնս արգելել էին խոսել հայերեն, երգել հայկական երգեր): Ի դեպ, Կապանի ադրբեջանական դպրոցն իրեն էր ձգում նաև զանգելանցի դպրոցականներին, որոնց բերում-տանում էր գնացքը:

Կապանում Բաքվից ղեկավարվող կազմակերպություն էր գործում, որը բնական աճը խրախուսելու միջոցով նախապատրաստական աշխատանք էր տանում Զանգեզուրն Ադրբեջանին միացնելու համար: Նույնիսկ անդամավճար էր հավաքվում գյուղերից՝ տարեկան 30 ռուբլի:

Մինչև 1988 թվականը որևէ միադեպ չի գրանցվել: Միակ դեպքը 1965 թվականին Կապանի «Լեռնագործ» և Բաքվի «Դինամո» թիմերի հանդիպման ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքն էր և այնուհետև՝ Կապան-Երևան գնացքի քարկոծումը: Այն ժամանակ սա գնահատվեց որպես միջէթնիկական բախում:

Ադրբեջանցիների զանգվածային հոսքը Կապանից տեղի ունեցավ 1988 թվականի նոյեմբերին և դեկտեմբերի սկզբին: Չէին հեռանում, ծերերն ընդդիմանում էին: Ծնողներին տանելու համար Բաքվից ուղարկվեցին Բաքվի ուսանողները: Վերջին հեռացող ադրբեջանցին հովիվ Օրուջն էր: Մի հոգի մնաց և շարունակում է ապրել այստեղ: Հեռացող ադրբեջանցիներին հրապարակավ ամենատարբեր աջակցություն էին ցուցաբերում, նրանց տանող մարդատարների ու բեռնատարների հետևից բարձրահարկից ջուր էին ցողում:

Ադրբեջանցիների ժողովրդագրությունը Կապանում

Այս տարիներին Կապանում շարունակում էր աճել ադրբեջանական համայնքը: Բնական աճը գերազանցում էր հայերին, հերոսուհի և բազմազավակ մայրերի ցուցակները գլխավորում էին ադրբեջանուհիները:

80-ականներին նկատվում է աճի դանդաղում, որն իր պատճառներն ուներ. ադրբեջանցի երիտասարդները, սովորելով Ադրբեջանի բուհերում և այլ ուսումնական հաստատություններում, չէին վերադառնում, հաճախ իրենց հետևից տանում էին ընտանիքի անդամներին: Բնական աճը ևս դանդաղում էր. Գյարդում երեխա չլինելու պատճառով փակվեց դպրոցը:

Կապանում ծավալված դպրոցաշինությունն ընդգրկեց նաև ադրբեջանական գյուղեր: Եզակի կառույց դարձավ Գեղիի դպրոցը:

Երկրի կենտրոնների հետ կապված Կապանը նոր մտածողություն էր ձևավորել: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ ադրբեջանական համայնքը սոցիալ-տնտեսական պայմաններով, աշխարհայացքով, մտածողությամբ բաժանվում էր երկու խմբի՝ ա) քաղաքային ազատ մտածողության, արդյունաբերության և սպասարկման ոլորտում ընդգրկվածներ, ծառայողներ, երկլեզու և ռուսերենի իմացությամբ (դրսում երեխաները միմյանց հետ խոսում էին հայերեն, նույնիսկ մայրերն իրենց երեխաներին կանչում էին հայերեն), բ) գյուղական ցեղային մտածողության մնացուկներով, նահապետական սովորույթներով (Շհարջիկի պես քաղաքին մոտ գյուղում պիղծ էին համարում հայի օգտագործած ջրամանը):

Համատեղ կեցություն և ընկալումներ

Համատեղ կեցությունն ուներ թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր. ընդհանուր առմամբ բացասական դիրքորոշումներ, վիրավորանք հասցնող ծայրահեղ գնահատականներ միմյանց դեմ չեն եղել, սակայն երկու ժողովուրդների մեջ առկա էր ներքին անհանգստություն գերակայության, սահմաններում ամուր հաստատվելու համար: Համառորեն չէին ճանաչվում Վարդանասարի (Ներքին Հանդ և Բարթաս գյուղերի միջև) և Քաշունի գետի մերձափնյա հողերի՝ Կապանին պատկանելը, աճում էին կառույցներ ճանապարհներին, սահմանամերձ հատվածներում: Տարածքների ճշգրտումները նոր լարվածություն էին առաջացնում հարաբերություններում:

Իրենց քայլերը կողմերը արդարացնում էին տեսականորեն.

հայեր՝ ա) ադրբեջանցիները եկվոր են, մենք՝ բնիկ, բ) սահմանները գծվել են անարդար, գ) Զանգեզուրը նվաճելու նպատակ կա;

ադրբեջանցիներ՝ ա) հայերը ժամանակավոր են տիրում այստեղ, բ) վաղ թե ուշ Կապանը (Զանգեզուրը) կանցնի Ադրբեջանին, գ) բարձր բնական աճը մեր առավելությունն է, դ) երկաթուղին միջոց է Կապանի վրա ճնշում գործադրելու:

Հայ-ադրբեջանական փխրուն հարաբերություններում ամենազգայունը երկաթուղին էր, որի ամեն առիթով գործունեության դադարեցումով սկիզբ էր դրվում Կապանի շրջափակմանը:

Եվ, այնուամենայնիվ, Կապանը հանդուրժողականության, բարեկամության, հավատարմության, վստահության կղզյակ էր. համատեղ կեցության մեջ դրականն ու բարձը գերակշռում էին: Ապրում էին հաշտ ու խաղաղ, ազգային հողի վրա հանցանք տեղի չի ունեցել, առկա էր փոխադարձ օգնություն տնտեսությունների և անհատների միջև (այստեղ այսօր էլ չի հնչում թշնամի բառը): Շարունակվում էր հոտերի տեղաշարժը Զանգելանից և հարակից շրջաններից Կապանի արոտավայրերը և հակառակը՝ Կապանից Ադրբեջանի հովտային շրջաններ, չնայած Ադրբեջանի կառավարության 1965 թվականի մայիսի 22-ի որոշմանը՝ քոչը միակողմանի դադարեցնելու վերաբերյալ: Դրականն անվերջ կարելի է թվարկել. Կապանում կերակրում ու խնամում էին ադրբեջանցի անճարներին (Սուլի և մյուսներ), Քյոլլու գյուղում հրդեհի ժամանակ առաջինն օգնության են հասնում հայկական գյուղերից, թռչնաֆաբրիկայի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանն ադրբեջանցի երիտասարդների շքեղ հարսանյաց հանդեսներ է կազմակերպում ձեռնարկության միջոցներով, Շիկահողի պետական տնտեսությանը կերպով օգնում է Խորամա Աբասովան, Սպիտակի երկրաշարժի առթիվ Կապանի սահմանամերձ գյուղերում ուրախություն արտահայտող որևէ բան չի նկատվում, տիրում է լռություն…

Գանձասարի պիոներական ճամբարում Ռոբերտ Էջանանցին հատուկ տողան էր անցկացնում ադրբեջանցի երեխաների համար իրենց մայրենի լեզվով՝ փոքրամասնություն կազմող երեխաներին ոգևորելու և թերարժեքության բարդույթը մեղմելու համար (Էջանանցին անգիր արտասանում է Սամեդ Վուրղունի «Ադրբեջան» պոեմը և Խուրշիդ Նաթավանի ստեղծագործությունները): Երկար ժամանակ համատեղ ուխտագնացություններ էին լինում Խուստուփ, Փիրդովդան, Քսաջուր (Մազրա): Գյարդում Նովրուզ Բայրամը ադրբեջանցիներն անցկացնում էին եկեղեցու բակում: Հարցին՝ ինչո՞ւ եք այստեղ անցկացնում, գյարդեցիները պատասխանել են. «Եկեղեցին սուրբ է»:

Ադրբեջանցիները՝ մոլլաներ, պայծառատեսներ, բախտագուշակներ, գրբացներ,- ավելի շատ էին տիրապետում մոգական գաղտնիքներին և արարողություններին: Ավագ սերնդի բազմաթիվ հայեր վկայում են, իրենց ընտանիքներում նորածինների մահը դադարեցրել են ադրբեջանցի մոլլաները: Հայտնի էր բուժակ (սնխչի) մուսալամցի Ջաբրայիլ Մամեդովը:

Հայկական հուշարձանների նկատմամբ Կապանում և հարևան երկու շրջաններում վանդալիզմի դրսևորում մինչև պատերազմը, կարծում ենք, չի եղել: Սակայն հողաշինության պատրվակով հայկական գերեզմանները քանդվել-ոչնչացվել են: Պատերազմի ժամանակ հրետանու համար թիրախ դարձան Սրաշենի և Ղարաբաբայի եկեղեցիները: Փոխարենը, մշակութային արժեքների յուրացման փորձեր արվել են: Քիրսում ընկած խոյակերպ տապանաքարի տեղափոխումը թանգարան առաջ բերեց բնակչության վրդովմունքը, չնայած արձանի կողերին արված խաչ-պատկերներին և հայերեն գրերի առկայությանը:

Կապանի ադրբեջանցիների թեման չի սպառվում նրանց հեռանալուց հետո

Կապանյան ադրբեջանցիների թեման չի սպառվում նրանց հեռանալուց հետո: Պատերազմն իր բոլոր կողմերով (հրթիռակոծություն, հրետակոծություն, ինքնաթիռների ռմբահարություն, պատանդներ, դարանակալություններ) առնչվում է Կապանի հետ, դառնում խոսակցության և մտածողության նոր թեմա: Կապանյան պատերազմական տարեգրության գլխավոր էջերը՝ 1988-91 թթ. միջադեպերը, 1922թ. ապրիլի 24-26-ը, հուլիս-օգոստոսը, սեպտեմբերի 7-ը, նոյեմբերի 9-ը, դեկտեմբերի 10-12-ը, 1993թ. մարտի 23-ը, ապրիլի 10-ը, օգստոսի 18-ը, օգոստոսի 25-ը լի են պատերազմական ժամանակներին հատուկ գործողություններով, նաև՝ բարության առեղծվածներով: Սակայն ադրբեջանցիների արարքներում գերակշռողը դաժանությունն էր. Զանգելանում մինչև անգամ կառափնարան է սարքվել հայ պատանդին մահապատժի ենթարկելու համար, գերվածները որպես կանոն մեծավ մասամբ վերադարձվում էին սպանված և խոշտանգված (էթնիկական սադիզմ):

Կապանցի գեղանկարիչի կտավները

Կապանյան կողմը գերվածին վերադարձնում էր ողջ ու առողջ: Օրինակներ՝ որքան ուզեք, սակայն դրանցից մեկն առանձնանում է. Կապանում ապրում և ստեղծագործում է գեղանկարիչ Ուբակը (Ռուբեն Կոստանդյան)՝ կապանցիների կողմից շատ ընդունված արվեստագետն ու մտավորականը՝ իր գույներով, ներքնաշխարհով, ապրելակերպով: Կապանի Երկրագիտական թանգարանում խնամքով պահպանվում են 1992-ին գեղանկարչի կողմից արված երկու դիմանկարներ՝ հայր ու որդի Գաֆարը և Զարուրը: Գյուղացի, շարքային, խաղաղ այս մարդիկ գերվել ու պահվում էին Կապանի ՆԳ բաժնի նախնական կալանքի մեկուսարանում:

«Գերու, պատանդի հոգեվիճակն ինձ հետաքրքրեց: Անտանելի բան է. հայր ու որդի՝ գերության մեջ»,- ասում է Ուբակը:

Երկու անգամ եղել է մեկուսարանում, կերակրել, արել անհրաժեշտ ամեն բան, մտերմացել… ու ծնվել է երկու դիմանկար: Դրանցից մեզ են նայում հասարակ ծագումով, խաղաղ, սարսափն աչքերին մարդիկ: Նրանց հայացքներն ասում են. «Ոչ մի գնով, ոչ մի դեպքում չպիտի թույլ տալ պատերազմի վերսկսումը»:

Այլ կերպ՝ «Մարդկությունը պիտի ընտրի երկու հնարավոր ուղիներից մեկը՝ կամ ինքնասպան լինի, կամ սովորի ապրել միասնական ընտանիքում»։ Անգլիացի պատմաբան Առնոլդ Թոյնբիի այս խոսքերը սովորական չեն… մարգարեություն են:

Գրիշա Սմբատյան

Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն

ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿԻՐ տասնօրյա թերթ, թիվ 24-25, 10 սեպտեմբեր, 2008թ