Հովհաննես Քաջազնունուն նվիրված երեկո Արցախում

8278

Հունվարի 25-ի երեկոյան Ստեփանակերտում՝ Արցախի Ժուռնալիստների միության հետ և նրա հարկի տակ, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը կազմակերպել էր քննարկում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150 և Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։

Երեկոյին բացման խոսք ասաց արձակագիր, լրագրող, Արցախի Ժուռնալիստների միության ղեկավար Կիմ Գաբրիելյանը:

Ապա Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան, ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց Քաջազնունի մարդուն, քաղաքացուն, պետական-կուսակցական գործչին, նրա վարչապետության շրջանում ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության մի քանի ձեռնարկների:

Հակոբյանը ներկայացրեց նաև ինչպես Քաջազնունու, այնպես էլ ԱՆԻ կենտրոնի՝ վերջերս հրատարակած նոր գրքերը՝ Հնչակյան նշանավոր գործիչ Ստեփան Սապահ-Գյուլյանի «Պատասխանատուները» և ՀՅԴ երևելի դեմքերից Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայաստանի Հանրապետությունը» հատորները։

Ապա ծավալվեց քննարկում, հարց ու պատասխան:

Քննարկում-երեկոյին ներկա էին Արցախի խորհրդարանի պատգամավորներ, կառավարության պաշտոնյաներ, կուսակցական-հասարակական գործիչներ, լրագրողներ, փորձագետներ, պատմաբաններ:

Հակոբյանը տեղեկացրեց, որ ԱՆԻ կենտրոնի հաջորդ այսպիսի երեկոն Ստեփանակերտում տեղի կունենա մոտ երկու ամիս անց, երբ տպարանից դուրս կգա ՀՀ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» կոթողային աշխատությունը:

Քաջազնունու ծննդյան 150-ամյակի առիթով ԱՆԻ կենտրոնը նմանօրինակ ձեռնարկներ կկազմակերպի նաև Հայաստանի այլ քաղաքներում, որոնց մասին կտեղեկացվի նախապես։

Քաջազնունին ծնվել է 1868թ. փետրվարի 1-ին, նոր տոմարով՝ 14-ին, Ախալքալակում՝ Ջավախք, Վրաստան: Այսպիսով, 2018-ի փետրվարի 1-ից 14-ը կարելի է համարել առաջին վարչապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը։

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Լուսանկարները՝ Մարութ Վանյանի