Արցախում չճանաչված երկրների ֆուտբոլի առաջնություն կազմակերպելու աշխատանք է տարվում

1172

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն հայտարարել է, որ աշխատանքներ են իրականացվում Արցախում ֆուտբոլի առաջնություն անցկացնելու համար, գրում է ՀԵՏՔ-ը։

«Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան եւ ՀՖՖ-ն ամենօրյա հետեւողական աշխատանք են տանում։ Հայաստանի ֆեդերացիայի աջակցությամբ՝ Արցախում ենթակառուցվածքներ են ստեղծվում, եւ նպատակ կա ստեղծել Արցախի թեկուզ փոքր առաջնություն։ Ինչպես գիտեք, Արցախի պատանեկան թիմերը մասնակցում են Հայաստանի առաջնություններին։ Մեր նպատակն է գոնե մեկ-երկու տարիքային առաջնություն ստեղծել Արցախում եւ անցնել հետագա քայլերին»,- ասել է Հայրապետյանը հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում։

Նա նաև նշել է, որ արդեն քայլեր են ձեռնարկվում Արցախում չճանաչված երկրների առաջնություն կազմակերպելու ուղղությամբ։

Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ չի ողջունում ՖԻՖԱ-ի դիրքորոշումը չճանաչված երկրների վերաբերյալ։ Նրանք միջազգային պաշտոնական մրցաշարերին մասնակցելու իրավունք չունեն. «Մարդու իրավունքների տեսանկյունից սա սխալ է։ Ես չեմ կիսում ՖԻՖԱ-ի այս մոտեցումը։ Արցախում մարդիկ են ապրում, որոնք սիրում են ֆուտբոլը, խաղում են ֆուտբոլ, բայց եւ սահմանափակված է նրանց իրավունքը»։