Անկարա-Երևան շփումները Կարսի անկումից մինչև Ալեքսանդրապոլ. 1920-ի հոկտեմբեր-նոյեմբեր

185

Հատված Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից, հատված գլուխ 13-ից

Պատերազմ Թուրքիայի հետ, բոլշևիկների հարձակումը և Հայաստանի Հանրապետության անկախության անկումը

(1920 թվի աշունը մինչև 2 դեկտեմբեր)

Հոկտեմբերի 29-ի երեկոյան կառավարության հրավերով նորից կայացավ խորհրդակություն:

Զեկուցվեց Կարսի բերդի հրամանատար, զորավար Փիրումյանի հեռագիրը այն մասին, թե բերդապահ զորքը և բանակը կպաշտպանեն բերդը մինչև [վերջին] հնարավորություն և որ տրամադրությունը ամուր է:

Հոկտեմբերի 20-ից մինչև 29-ը, գտնվելով Երևանում, ես հնարավորություն ունեի տեսնելու և խոսելու շատ զինվորականների և ճակատ այցելած խորհրդարանի անդամների հետ: Աշխատում էի ինձ համար պարզել, թեկուզ մոտավոր ճշտությամբ, Հայաստանի դեմ գործող թուրքական բանակի թիվը, բայց խոստովանում եմ՝ չկարողացա: Դրոն՝ Սուրմալուի գավառի զորքերի հրամանատարը, ասում էր, որ իր դեմ Երևանի ուղղությամբ [կռվում էր թուրքական] երկու դիվիզիա, ուրեմն՝ մոտ 6-7 հազար թուրք զինվոր, որով բոլոր թուրքական զորքերի թիվը նրա հաշվարկով հասնում էր 30 հազարի: Զորավար Նազարբեկյանն ասում էր, թե թուրքական զորքերի թիվը ինքը հաշվում է ընդամենը մոտ 20 հազար հոգի: Վերջապես, թուրքական զորքերի գլխավոր հրամանատար, զորավար Քյաազիմ Կարաբեքիր փաշան Ալեքսանդրապոլում ինձ ասաց, որ ունի ընդամենը 8 հազար զորք: Իհարկե, հաղթանակից հետո նա ուզում էր իր բանակի քանակը փոքր ցույց տալ և դրանով ավելի բարձրացնել իր պատիվը՝ փոքր ուժերով այդպես մեծ հաջողություն ձեռք բերած լինելու համար:

Ստացած բոլոր տեղեկությունների վրա հենված՝ ես կարծում եմ, սակայն, որ թուրքական ուժերը մոտավորապես 20 հազար էր, բայց նրանք բոլորը մարզված, փորձված և կռիվների մեջ եղած զինվորներ էին:

Հայաստանի կողմից զորակոչը ոտքի հանեց և բանակի մեջ մտցրեց, հին զինվորների հետ միասին, ընդամենը մոտ 40 հազար հոգի. այդ թվի մեջ հաշշվում էին նոր կանչվածները և պահեստի զինվորները:

Բայց բանը միայն թվական քանակի մեջ չէր: Պետք է հիշել, որ Իզմիրի ուղղությամբ 1922 թվին Իսմեթ փաշան, ունենալով մինչև 80 հազար հոգի, ինը օրվա ընթացքում ծովը թափեց գրեթե երկու հարյուր հազարանոց հունական բանակը:

Հոկտեմբերի 30-ին, ժամը երկուսի մոտ էր, երբ նկատեցի, որ Երևանի վրա սլանում է մի սավառնակ: Թռիչքի աղմուկը պարզ լսվում էր քաղաքում: Սավառնակը իջավ գետին: Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ նա բերել է սարսափելի լուր. հոկտեմբերի 30-ի առաոտյան թուրքերը գրավել էին Կարսը:

Ժամը 3-ին ես հրավեր ստացա գնալ կառավարության ժողովին: Երբ մտա դահլիճ, արդեն կար մոտ քսան մարդ՝ նախարարների կազմը, խորհրդարանի նախագահը և անդամներից մի քանիսը ու մի քանի զինվորականներ: Խորը լռություն էր: Բոլորը սաստիկ ընկճած էին:

Նիստը բացելով՝ նախագահը ժողովին զեկուցեց, որ լուր է ստացվել Կարսի անկման մասին: Մանրամասնությունները հայտնի չէին, սավառնակով եկած սպան հայտնում էր միայն, որ ինքն անձամբ տեսել է, թե ինչպես կայարանի կողմից թուրք ասկյարները մտնում էին քաղաք և թե ինչպես էին քաղաքից փախչում հայ զինվորները և ազգաբնակչությունը: Օդաչուն պարտք էր համարել թռչել՝ փրկելու սավառնակը և Երևան հաղորդելու Կարսի անկման մասին:

Մյուս օրը, երբ Կարսի անկման ականատեսները հասան Երևան, պարզվեց, որ թուրքերը քաղաք էին մտել գրեթե առանց գնդակ արձակելու: Կարսը պահպանող զորքերի բարոյալքումը կատարյալ էր:

Ես անձամբ լսեցի Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի պատմությունը Կարսի անկման մասին:

Վաղ առավոտյան նահանգապետ Ղորղանյանը բերդապետ, զորավար Փիրումյանից հրավեր էր ստանցել գնալ խորհրդակցության: Դուրս է գալիս տնից և ոտքով ուղևորվում բերդապետի մոտ: Փողոցում փախչող բնակիչներից իմանում է, որ թուրքերը մտել են քաղաք: Իսկույն տուն է դառնում և ընտանիքով անմիջապես հեռանում քաղաքից. ինքը՝ ձիով, ընտանիքը՝ կառքով: Զորավար Փիրումյանը իր մոտ եղած սպաներով, նախարար Արտաշես Բաբալյանը, մոտ 1500 հայ զինվորներ և 150 հայ սպաներ գերի են ընկնում և տարվում Էրզրում, որտեղ մնաց մեկ տարուց ավելի: Սպաները հետո գերությունից արձակվեցին, իսկ 1500 զինվորներից վերադարձան ընդամենը միայն 300 հոգի:

Կարսում թուրքերը թույլ էին տվել անկարգություններ, սպանություններ և կողոպուտ: Սպանում էին ու կողոպտում գլխավորապես այն ավազակախմբերը, որոնց զորքերը ներս էին թողել քաղաքը գրավելուց հետո: Ինչպես միշտ, նման դեպքերում դժվար է հաշվել սպանվածների թիվը, բայց, ստույգ տեղեկությունների համաձայն, սպանվել են մոտ 3500 հոգի: Քաղաքից փախած բնակչությունը, որը ոտքով, որը կառքով, թողնելով ամբողջ ունեցվածքը, փախել էր դեպի Ալեքսանդրապոլ, Երևան կամ Թիֆլիս: Վրաց կառավարությունը դժվարությամբ էր թողնում Թիֆլիս մտնել՝ վախենալով քաղաքի չափազանց լցվելուց:

Կարսի անկման նախօրյակին, այսինքն՝ հոկտեմբերի 29-ին, ճաշից հետո, տեղի էր ունեցել հետևյալ փաստը. քաջ գնդապետ Մազմանյանը ուզեցել էր հինգ հարյուրով առաջ մղվել հարձակման՝ թուրքերի դեմ, բայց չնայած իր բոլոր ջանքերին և հորդորներին, զինվորները իրենց տեղից չեն շարժվել: Հուսահատությունից, հենց իր զինվորների աչքի առջև, տեղն ու տեղը նա անձնասպան է լինում, իսկ զինվորները վերադառնում են Կարս:

Կարսի անկումը ամեն տեսակետից սարսափելի աղետ եղավ: Իսկապես, այդ օրից սկսած, Հայաստանի անկախության օրերը հաշված էին: Հաշված էին այդ պատճառով, որ զինվորական ուժն այլևս դադարել էր պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը: Մյուս կողմից, Հայաստանը, զրկված Կարսից ու Կարսի նահանգից, նորից ամփոփվում էր նեղ սահմաններում, որտեղ պետք է ապրեին տեղի բնակիչները, փախստականները և նոր կոչված զինվորները, մասամբ էլ՝ հայ գաղութներից: Ես կայարաններում տեսա ամբողջ ընտանիքներ, որոնք, իմ ճառերի ազդեցության տակ, նոր էին եկել Եվրոպայից: Նրանք անօգնական նստած էին իրենց իրերի վրա և չգիտեին, թե ինչ անեն՝ հետ վերադառնա՞ն, թե՞ հաստատվեն նոր վայրերում:

Պետք է ասել, որ երկրի ուժերի լարումը տվել էր այն բոլորը, ինչ որ կարող էր տալ մարդկանցով և միջոցներով: Երկրում խուլ կերպով գործում էր բոլշևիկյան քարոզչությունը, և նրա թույնը պարարատ հող էր գտնում իր համար:

Երբ կառավարության նիստում, հոկտեմբերի 30-ին վարչապետ Օհանջանյանը պաշտոնապես հաղորդեց Կարսի անկման մասին և նկարագրեց ընդհանուր դրությունը, հարց դրեց, թե ի՞նչ պետք է անել: Ներկաները սկսեցին արտահայտվել: Ես ինքս որոշակի հայտնեցի իմ կարծիքը կարճ նախադասությամբ. «Պետք է հաշտություն կնքել Թուրքիայի հետ»:

Կառավարությունը, իր այդ խորհրդակցությունից հետո որոշեց ամեն գնով ամրացնել ճակատը, բարձր պահել ժողովրդի տրամադրությունը և նոր եռանդ մտցնել զորքերում, միևնույն ժամանակ, որոշվեց բանակցություններ սկսել Թուրքիայի հետ զինադադարի, հետո խաղաղության մասին և նոյեմբերի 3-ին գրավոր առաջարկություն արեց Թուրքիային բանակցություններ սկսելու մասին: Թուրք կառավարությունը, իր կողմից, իրեն հաղթող զգալով և իր նպատակներին հասած նկատելով, նոյեմբերի 2-ին նման առաջարկով դիմեց Հայաստանի կառավարությանը: Երկու առաջարկները տեղի էին ունեցել միմյանցից անկախ:

Գրությունների փոխանակությունը տևեց մի քանի օր: Այդ բոլոր գրությունները ժամանակին ամբողջությամբ տպագրվեցան Պոլսի թերթերում: Եղած բանակցությունների մասին վարչապետ Օհանջանյանը մանրամասն զեկուցեց խորհրդարանի նիստում, նոյեմբերի 11-ին՝ կարդալով բոլոր գրությունները:

Ահա Անկարայի կառավարության արտաքին գործերի ժողովրդական գործավար Ահմեդ Մուխթարի գրությունը.

«2 նոյեմբեր, 1920թ., Անկարա, 263

Հայկական Հանրապետության Արտաքին գործերի նախարարին, Երեւան

Այժմ, երբ լիակատար հաղթությունը գալիս է պսակելու մեր արևելյան բանակի ջանքերը, Թուրքիայի Ազգային Մեծ ժողովն ուզում է հայ ժողովուրդին կրկնել իր՝ արդեն առաջներն արած խաղաղության առաջարկը և նորից հավաստիացելու, թե նա չի ձգտել անցյալում ոչնչացնել Հայաստանը, խլել նրանից իր անկախութիւնը և վտանգել որևէ կերպով նրա իրավունքները:

Սակայն մենք կարծում ենք, թե պարտավոր ենք Հայաստանի կառավարությունից պահանջել, որ նա նույն կերպ վարվի մեզ հետ և դադարի բրիտանական իմպերիալիզմի խոնարհ գործիքը լինել Արևելքում:

Մենք համոզված ենք, որ թուրք և հայ ժողովուրդների՝ իրար դեմ վարած երկարատև արյունահեղ կռիվները, մինչև 1918 թվականը գլխավոր պատճառ եղել են ցարիզմի հավակնությունները, որը ձգտում էր իր իշխանությունը տարածել Արևելյան Անատոլիայի վրա: Ցարական ռեժիմի տապալումը առաջ բերեց հանգստության շրջան շնորհիվ այն սառնասրտության, որ ռուսական զորքերի հեռանալուց հետո, Թուրքիան կարողացավ պահել հայկական բանդաների կատարած սոսկալի ջարդերի հանդեպ:

Խաղաղությունը, որ մենք այնքան ջանքերով վերականգնեցինք, նորից խախտվեց, երբ իմպերիալիստ Անգլիան հաղթանակելով, կամեցավ պահել Միջագետքը և ձեռք ձգել Պարսկաստանի ու Բաքվի նավթառատ շրջանները:

Ցարիզմին ծառայելուց հետո Հայաստանն այս անգամ Անգլիայի նպատակներին ծառայեց և մեր դեմ բացեց թշնամության նոր դարաշրջան, որ դեռևս շարունակվում է ի մեծ շահ Լոնդոնի ֆինանտիստների: Թուրք ժողովուրդը, որ գրեթե միայնակ պաշտպանում է Արևելքը Արևմուտքի կապիտալիստների ընչաքաղցության դեմ, չէր կարող թույլ տալ հայերին անընդհատ դավադրել նրա կյանքի դեմ և նրա արևելյան գառավների վրա հարձակում փորձել՝ երկարացնելու Միջագետքի և Պարսկաստանի բրիտանական բանակներին, փչացնելու համար ընդմիշտ դժբախտ Ասիայում դեռևս մնացած մի քիչ ազատությունը և անկախությունը:

Այս նկատումներով և հայ զինվորների անընդհատ հարձակումներն էին, որ մեզ պարտավորեցրին եռանդուն կերպով շարժել մեր երկրի դեմ:

Բայց, ցանկանալով արյունահեղությանը վերջ տալու որևիցե առիթ ձեռքից բաց չթողնել, խնդրում ենք Երևանի կառավարությունից այս հայտագիրը նկատել որպես խաղաղության վերջնական առաջարկ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի կառավարության կողմից: Որպեսզի հաշտությունը կայանա, բավական է, որ Հայաստանը մեզ իրական երաշխիքներ տա, որ այսուհետ մեր դեմ որևիցե ագրեսիվ գաղափար չէ սնուցելու և դադարում է  Արևելքում Անգլիայի կապիտալիստների առաջապահը լինելուց: Մենք պարտավոր ենք հայ ժողովրդին միևնույն տեսակի ապահովություններ տալ եւ խնդրում ենք անմիջապես սկսել խաղաղության բանակցություններ: Հուսալով, որ մեր չափավորությունը և մեր խաղաղասիրական զգացումները կատարելապես պիտի գնահատվեն, խնդրում եմ, պարոն նախարար, ընդունել ամենաբարձր հարգանքներիս հավաստիքը:

Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար՝ Ահմեդ Մուխթար»:

Այս գրությունն առաջ բերեցինք ամբողջությամբ, որովհետև այն բնորոշ է իր ճոռոմաբան ոճով և կեղծությամբ ու պարունակում է այն նախադասությունները, որ թուրքերը սիրում են կրկնել եվրոպացիների առաջ, որոնք նրանց վրա երբեմն տպավորություն են թողնում:

Ինձ հաճախ է պատահել լսելու շատ նշանավոր եվրոպացիներից նույն մտքերը թուրքերի մասին, որոնք արտահայտվել են այս գրության մէջ: Ես կարող եմ բերել, օրինակ, Սորբոնի հանրածանոթ պրոֆեսոր Օլարի անունը, ով մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության գլխավոր կոմիտեի անդամ է և հավատում է թուրքերի վարմունքի այդ դրդապատճառներին:

Վերոհիշյալ գրությանը հայկական կառավարությունը պատասխանեց՝ առաջարկելով սկսել բանակցություններ և նշանակել իրենց ներկայացուցիչներին: Հայ զինվորական հրամանատարությունը ևս նոյեմբերի 5-ին թուրք հրամանատարությանն առաջարկեց զինադադար:

Նոյեմբերի 6-ին թուրք գլխավոր հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշան համաձայնությամբ պատասխանեց զինադադարի [առաջարկին] և իր կողմից ներկայացրեց ծանր պայմաններ, որոնցից գլխավորներն էին Ալեքսանդրապոլի բերդի և կայարանի զինվորական գրավումը, հայկական զորքերի հեռացումը Արփաչայ գետից 15 վերստ, Ալեքսանդրապոլ քաղաքի շուրջը 9 վերստ հեռավորության վրա գտնվող հողամասի գրավումը և այլն: Այս գրությունը պատասխանի համար ժամանակ էր տալիս մինչև նոյեմբերի 7-ի առավոտյան ժամը 8-ը:

Հայկական կառավարությունն ընդունեց այդ պայմանները: Նոյեմբերի 8-ին վարչապետ Օհանջանյանը առանձին գրությամբ Անկարայի կառավարությանը հաղորդեց իր ցանկության մասին՝ ամուր համաձայնությամբ հաստատել բարեկամական հարաբերություններ՝ մատնանշելով, որ հայերը «չէին ծառայում ոչ ցարիզմին, ոչ իմպերալիզմին, այլ միայն ձգտում էին սեփական ազատագրումը»: Հայաստանի կառավարությունը խորհրդաժողովի վայր առաջարկեց Ալեքսանդրապոլը:

Թվում էր, թե ամեն ինչ պատրաստ է խաղաղության բանակցություններ սկսելու համար: Սակայն գործն այլ ընթացք ստացավ: Նոյեմբերի 8-ին թուրք գլխավոր հրամանատար Քյազիմ Քարաբեքիր փաշան փոխեց զինադադարի պայմանները՝ դրանք դարձնելով շատ ավելի ծանր և բացատրելով դա նրանով, որ առաջին պայմաններն ինքն էր մշակել, իսկ այժմ առաջարկված պայմանները թելադրված են Անկարայի կառավարության կողմից: Նոր պայմանները յոթն էին. դրանք պահանջում էին հայկական նոր հողամասերի գրավում և հայ զորքերի նահանջ դեպի Հայաստանի խորքը:

Հայաստանի կառավարությունը հնարավոր չհամարեց ընդունել զինադադարի նոր պայմանները և նոյեմբերի 10-ի գրությամբ առաջարկեց գումարել խաղաղության խորհրդաժողով Ալեքսանդրապոլում այն պայմանների հիմքով, որոնք զինադադարի համար արդեն ընդունվել էին հայկական կառավարության կողմից: Նույն օրը Քյազիմ Կարաբեքիր փաշայից պատասխան ստացվեց. «Քանի որ Հայաստանի կառավարությունը չի ընդունում Անկարայի կառավարության պայմանները, նա ստիպված է վերսկսել պատերազմական գործողությունները»: Նոյեմբերի 11-ին Հայաստանի կառավարությունը պատասխանեց՝ խորին ցավ հայտնելով թուրքերի վերջին գրության առթիվ և, այնուամենայնիվ, հույս հայտնելով, որ մի ելք կգտնվի, որը կբավարարի «երկու ժողովուրդների շահերը և պատիվը»:

Այսպիսով, զինադադարը չկայացավ: Բայց նոյեմբերի 10-ի երեկոյան Երեւանում ստացվեց Անկարայի կառավարության հաղորդագրությունը, որում ներկայացվում էր ոչ թե զինադադարի, այլ Թուրքիայի և Հայաստանի միջև իրենց առաջարկելիք դաշնագրի գլխավոր կետերը:

Գլխավոր կետերի ձևակերպումները Հայաստանի կառավարության համար անընդունելի էին, դրանցով վերջ էր դրվում Հայաստանի անկախ գոյությանը:

Քանի որ այդ պայմանները էական հետաքրքրություն էին ներկայացնում, դրանք մեջբերենք ամբողջությամբ:

Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Ահմեդ Մուխթարի հեռագիրը.

8 նոյեմբեր 1920 թ., Անկարա

Հայկական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

Երևան

  1. Հայ-թուրքական սահմանների հարցը վիճակագրական և հանրաքվեի հարց է լինելու՝ համաձայն նախագահ Վիլսոնի և բոլշևիկների հռչակած ինքնորոշման սկզբունքերի: Բոլոր վիճելի շրջանների ազգությունները պիտի հրավիրվեն որոշելու իրենց քաղաքական ապագան: Նրանք կարող են, առանց որևե մեկից կախում ունենալու, վճռել իրենց անկախ պետության կազմը և կամ հայտնել, թե երկու երկրներից որին են կցվում: Ձեր ժողովրդի կատարյալ ազատությունը ապահովելու համար, մենք ընդունում ենք, որ վիճելի շրջանների պահպանությունը լինի, մինչ այդ, մեր երկրների ժանդարմների մասերով: Այդ հանրաքվեն լինելու է, իհարկե, որքան կարելի է շուտ: Անկարայի կառավարությունը անկեղծ և խոր համոզմունք ունի, որ այսպիսի լուծումը բուն արդարությունն է և համապատասխան բոլոր մարդկության շահերի, այդ թվում՝ հայ և թուրք ժողովուրդների, որոնք ապրում են վիճելի հողամասերում: Սակայն, դժբախտաբար, մենք կարծում ենք, որ Արևմուտքի իմպերիալիստներին, մանավանդ Անգլիային հաճելի լինելու համար, Երևանի կառավարությունը դիմադրում է այս եղանակով լուծմանը, որը մեծ վիրավորանք է հասցնում Ամերիկայի և Ասիայի ժողովուրդներին, Արևմուտքի պաշտպանների կողմից քարոզած և ի գործ դրած քաղաքական վարդապետություններին:
  2. Թուրքիան հանձն է առնում իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները տալ իր հարևաններին, որպեսզի նրանք կարողանան կատարյալ անկախության և ապահովության մեջ զարգանալ:
  3. Մենք մեր միջոցներով կօգնենք Հայաստանի պարենավորման և երկրում տնտեսական նորմալ դրության հաստատմանը:
  4. Երկու կողմերը հանձն են առնում իրենց երկաթուղիներով և հաղորդակցության բոլոր ճանապարհներով ազատ անցք տալ մյուս կողմին պատկանող անձանց և ապրանքներին ու արգելք չեն հարուցելու մյուս կողմին ծովի, ինչպես նաև այլ երկրների միջև եղած տրանզիտի դեմ:
  5. Թուրքիան հանձն է առնում իրենց օջախներում վերաբնակեցնել համաշխարհային պատերազմի պատճառով իրենց հողամասերից գաղթող հայերին և նրանց տալ ամենաքաղաքակրթված երկրներում ազգային փոքրամասնություններին տրված ամենալայն իրավունքները:
  6. Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը նրա ապահովության համար տա պետք եղած երաշխիքները: Մեր պատվիրակները ձեր բանակցողներին սպասում են Ալեքսանդրապոլում: Այս վերջինները պետք է ունենան իրենց հետ բանակցելու և հաշտություն ստորագրելու համար անհրաժեշտ լիազորագրերը:
  7. Հաշտության բանակցությունների ընթացքում թշնամական գործողությունները դադարեցնելու, զինադադարի պայմանները ձեզ կհաղորդվեն մեր Արևելյան ճակատի գլխավոր հրամանատարի կողմից:

Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Ահմեդ Մուխթար»:

Խորհրդարանի նիստում այս պայմանները կարդալուց հետո վարչապետը հայտարարեց, որ «Հայաստանի պատիվը և շահերը» թույլ չեն տալիս ընդունել դրանք:

Ահա Համո Օհանջանյանի արտասանած խոսքերը.

«Դուք տեսնում եք արդեն, թե ինչպես մեր հակառակորդների ասածները և գործերը չեն համապատասխանում իրար: Այն ժամանակ, երբ մենք ընդառաջ ենք գնում իրենց իսկ առաջարկած զինադադարի պայմաններին և անմիջապես գործադրում, նրանք մեջ են բերում նոր պահանջներ, որոնց կատարումով Հայաստանը պիտի կիսվի, զինաթափվի և ինքնապաշտպանության միանգամայն անընդունակ դառնա: Այդ բոլորի հետ նրանք չեն մոռանում ընդգծել, որ Հայաստանը ապահովության երաշխիքներ պիտի տա Թուրքիային: Դա նշանակում է, որ հետագայում ևս պիտի նոր պահանջներ դրվեն և այս անգամ, գուցե Հայաստանի ոչնչացման խնդիրը հրապարակ բերվի, և հենց այդ նպատակով էլ Անկարայի կառավարությունը իր բանակները շարժել է Հայաստանի վրա:

Այսպիսով, հայ ժողովուրդը կանգնած է ծանր փորձության առջև, նա կամ պետք է կռվի կամ անխնա մորթոտվի թուրքերի ձեռքով:

Կառավարությունը, սպառելով բոլոր խաղաղ միջոցները, կրկին փարվել է զենքին, որովհետև երկրի ու ժողովրդի փրկության ուրիշ ելք չկա»:

Խորհրդարանը ծափահարություններով ընդունեց վարչապետի խոսքերը: Պատերազմական գործողությունները վերսկսվեցին, բայց այս անգամ դրանք տևեցին միայն մեկ շաբաթ:

Զինվորական իշխանությունները, զինվորական նախարարը, կառավարությունը, խորհրդարանի անդամները օրը օրին համոզվում էին, որ անօգուտ է ավելի երկար շարունակել պատերազմական գործողությունները: Մեր զորքերի մեջ դիմագրական ոգին ընկած էր, և պետք էր նորից մտածել հաշտության մասին: