Ծպտյալ հայերը դուրս են գալիս ստվերից

2493

Վերջերս դեպի Թուրքիայի՝ մի ժամանակ հայերին պատկանած արևելյան շրջաններ կատարած ճանապարհորդության ընթացքում, այցելեցինք Դիարբեքիր, որը շրջանի ամենամեծ քաղաքներից մեկն է՝ մոտ 1 մլն բնակչությամբ։

Պատմությունը ցույց է տալիս, որ հայերն ապրել են այստեղ մոտ 4000 տարի առաջ, ընդհուպ մինչև 1915 թ․։ Դիարբեքիրի հին անվանումը Տիգրանակերտ է եղել՝ Տիգրանի քաղաք, ի պատիվ բոլոր ժամանակների հայ մեծագույն թագավորի, ով իր մայրաքաղաքը կառուցել է այս տարածքում (մ․ թ․ առաջին դար)։

Ինձ համար նորություն էր այն, որ Դիարբեքիրի կենտրոնում կա շատ հին միջնաբերդ, որը կառուցվել է մոտ 500 թ․։ Ուղեկցորդը մեզ ասաց, որ քաղաքի միջով անցնող ամրոցի երկարությունը մոտ 7 կմ է։ Դրանք ամենամեծ ու ամենաերկար պաշտպանական պատերն են, որոնք զիջում էին միայն Չինական մեծ պատին։ Այն կառուցվել է Կոստանտին Երկրորդ կայսեր կողմից։

Ես ապշեցի, երբ տեսա այսպես լավ պահպանված կառույց, որը մինչև հիմա էլ կանգուն է մնացել քաղաքի կենտրոնում։ Պատերը կառուցված էին սև քարերով և ունեին 10 մետր բարձրություն։ Այն ուներ 12 աշտարակ՝ ի պատիվ Հիսուսի 12 աշակերտների։ Մեր այցելած գրեթե բոլոր քաղաքներում տեսանք հին բերդեր, բայց նրանցից և ոչ մեկն այսպես լավ պահպանված չէր։

Քաղաքում այժմ կար նաև մի գեղեցիկ հուշարձան, որը տեղադրվել է 2013 թ․՝ ի հիշատակ սպանված կամ աքսորված հայերի ու ասորիների։ Սև մարմարից կերտված հուշարձանն ուներ 6 ոտնաչափ բարձրություն՝ այրվող գրքի տեսքով։ Մի էջում լացող աչք էր պատկերված։ Դա իմաստալից հուշարձան էր։ Ըստ իս, այրվող գիրքը խորհրդանշում է մեր պատմությունը, որն այրվում էր ու անհետանում, իսկ լացող աչքը` մեր տանջանքները։

Հուշարձանի դիմաց ու նրա տարբեր անկյուններում գտնվող նկարները տեսնելուց ու հիանալուց հետո մեքենան մեզ տարավ մի հին շուկայի մոտ, ու մենք իջանք այնտեղ։ Այնուհետև մենք քայլեցինք դեպի մոտ 600 թ․ կառուցված հին հռոմեական եկեղեցի։ Թուրքիայում մզկիթի վերածված բազմաթիվ եկեղեցիներ կան, և այդ եկեղեցին  դրանցից մեկն էր։ Այն սպիտակ քարերով կառուցված բազմաթիվ սյուներով ու իր բյուզանդական ճարտարապետությամբ ապշեցնող բակ ուներ։

Մենք հեռացանք եկեղեցուց և պտտվեցինք շուկայի վաճառակետերով։ Չորացրած մրգերի տեսարանն արժանի է հիշատակման։ Չորացրած պղպեղը շատ տարածված է թուրքական խոհանոցում, և դրանք վաճառվում էին խանութների դիմաց թելաձև կախված վիճակում։ Մանրավաճառները վաճառում էին հատուկ հյութ և զարմացնում գնորդներին՝ մետաղյա բաժակների ծնգոցներով։ Փախլավայի խանութներն իրենց ապրանքը ցուցադրում էին հսկայական սկուտեղների վրա։ Վառ գույներն ու գեղեցիկ ձևավորումները գույների  խճանկար էին ստեղծում մեր աչքի առջև։

Ընթրեցինք շուկայի կենտրոնում գտնվող ռեսորաններից մեկում։ Եղանակը մեղմ էր, բայց ջրի շիթերը շոգը տանելի էին դարձնում։ Սովորական աթոռների փոխարեն` ռեստորանն առաջարկում էր «թախտեր» կամ «դիվաններ»՝ ավանդական մերձավորարևելյան փայտե մահճակալներ, որոնք ծածկված էին գորգերով և ունեին թիկնելու համար նախատեսված բարձեր։

Ցեղասպանության հուշարձանը

Նախատեսված հաջորդ այցն ամենակարևորն էր։ Հաջորդը Դիարբեքիրում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին էր, որը վերակառուցվել էր 2012 թ․, 2․5 մլն դոլարով։ Այնուամենայնիվ, եկեղեցին վնասվել է անցած տարի տեղի ունեցած թուրք-քրդական բախումների հետևանքով։ Ըստ որոշ պատմաբանների, եկեղեցին ամենամեծն է Թուրքիայում և Մերձավոր Արևելքում։

Մեր շրջագայության կազմակերպիչը շատ ջանաց, որ մենք մոտենանք եկեղեցուն, սակայն չհաջողեց, քանի որ եկեղեցին ամբողջովին փակ էր, և դա ոչ միայն շրջակա տարածքի՝ ոստիկաններով շրջափակված լինելու, այլև եկեղեցու՝ թուրք-քրդական բախումների հետևանքով ցավալիորեն վնասված լինելու պատճառով։ Դրա փոխարեն հայկական համայնքի ղեկավարը մեզ համար հանդիպում կազմակերպեց Դիարբեքիրում բնակվող սակավաթիվ հայերի հետ։

Ընթիրքից հետո մենք կանգառեցինք մեր ավտոբուսն ու գնացինք դեպի շրջանի ակումբ՝ հանդիպման։ Մոտ 20 հոգի եկել էին հանդիպան։ Նստեցինք հաստաբուն ծառերի ստվերում տեղադրված երկար սեղանի շուրջ։ Ակումբի մյուս կողմում կարելի էր տեսնել ընտանիքներ, որոնք զվարճանում էին լողավազանում և մի փոքր հանգստանում տապից։

Մենք պատրաստակամ էինք հանդիպել Դիարբեքիրի հայերին, այնպես, ինչպես նրանք էին պատրաստակամ մեզ տեսնել։ Այնտեղ կային նաև Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվածների ժառանգներ։ Նրանցից շատերն ասիմիլացվել էին երկու-երեք սերունդների ընթացքում։

Նրանցից միայն մի քանիսն էին կարողանում խոսել հայերեն, բայց մենք հասկանում էինք միմյանց՝ մի փոքր անգլերեն ու հայերեն խառնելով խոսքին։ Շատ քչերն էին պահպանել իրենց հայկական ինքնությունն ու լեզուն։ Բոլորը հուզվում էին, երբ քննարկում էինք նրանց հայկական ժառանգության կրող լինելու թեման։ Նրանք մեր հայրենակիցներն էին, ում պատմաբանները անվանում են «ծպտյալ կամ իսլամացած հայեր»։ Երբ ես խոսեցի նրանցից մի քանիսի հետ, նրանք բազմաթիվ պատմություններ պատմեցին։

Ես հանդիպեցի Ուդի Երվանդի հետ։ Նա երաժիշտ է և ուդ է նվագում։ Երվանդը կատարյալ հայերեն էր խոսում և ասաց ինձ, որ հաճախ է ճանապարհորդում Թուրքիայից դուրս ու համերգներ տալիս։

Երկրորդ ծպտյալ հայը, ում հանդիպեցի, Արմեն Դեմիրճյանն էր։ Արմենը որևէ գաղափար չի ունեցել իր հայ լինելու մասին մինչև 25 տարեկան։ Սակայն հոր մահից հետո գյուղի ավագները պատմել են նրան ճշմարտությունը։ Դեմիրճյանի հայրը փրկվել էր 4 տարեկան հասակում, երբ մի քուրդ որդեգրել էր նրան։ Արմենը վերցրել է իր պապի ազգանունն ու փոխել իր անունը՝ Աբդուլ Ռահիմ Զորարսլանից դառնալով Արմեն Դեմիրջյան։

50 տարեկանում Դեմիրճյանը շատ ոգևորված էր իր ժառանգությունն հայտնաբերելու ու այն ընդունելու համար։ Նա բավականաչափ հայերեն գիտեր զրուցելու համար։ Նրա կինն ու 6 երեխաները դեռևս շարունակում են հավատարիմ մնալ քրդական ինքնությանը։

Այնուհետև ինձ բախտ վիճակվեց խոսել Ֆաթիմայի (սա նրան իսկական անունը չէ) և նրա որդու հետ։ Նա կառավարության աշխատակից էր և չցանկացավ վտանգի ենթարկել պաշտոնը՝ իր իրական անունը տալով։ Ֆաթիման հայերեն չէր կարողանում խոսել,  բայց նրա 16 տարեկան որդին հիանալի առոգանությամբ անգլերեն էր խոսում։ Նա ասաց, որ անգլերեն խոսել սովորել է համակարգչային խաղեր խաղալու միջոցով։ Նա իմ ճանապարհորդության ընթացքում հանդիպած երկրորդ պատանին էր, ով անգլերեն սովորել էր համակարգչային խաղեր խաղալու շնորհիվ։

Ֆաթիման ասաց, որ իր ծնողները ծպտյալ հայերի երկրորդ սերնդից են եղել, բայց հայերեն չէին խոսում։ Այնուամենայնիվ, ծնողների հայկական ոգին նրան էլ էր փոխանցվել։ Ֆաթիման Դիարբեքիրի հոգևոր երգչախմբի անդամ էր։ Նա մեզ համար  շատ գեղեցիկ հայկական երգ երգեց, որը սովորել էր երգչախմբում։

Իմ փոքրիկ ուսունասիրությունը ցույց տվեց, որ հայերի թիվը Դիարբեքիրում հստակ չէ, այնուամենայնիվ, հազարավոր հայեր՝ ծպտված կամ բացահայտ, հնարավոր է` ապրում են Դիարբեքիրում ու շրջակա գյուղերում։

Չունգուշ գյուղի եկեղեցին

Հետաքրքիրն այն էր, որ հետապնդումից խուսափելու համար իսլամ ընդունած պապերի սերունդները, ովքեր մեծացել են որպես մուսուլման, բացահայտում են իրենց ու դուրս գալիս ստվերների տակից։

Հանդիպումից հետո մենք գնացինք դեպի Չունգուշ գյուղ, որտեղ մինչև 1915 թ․ ապրում էր մոտ 10.000 հայ։ Մենք կանգնեցինք գյուղից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող կիրճի մոտ։ Մեր ուղեկցորդն ասաց, որ սա մի տեղ է եղել, որտեղ գյուղի հայերին հավաքել են ու նետել կատաղի գետի հորձանուտը։ Մաթևոս Կարանյանն իր «Պատմական Հայաստանը 100 տարի անց» գրքում ներկայացնում է կոտորածի այդ սարսափելի տեսարանը։

Ոչ ավել, քան 10 տարեկան երիտասարդ մի հայ աղջիկ կանգնած է եղել մահվան շեմին։ Նա այն խմբից էր, որին տանում էին դեպի կիրճ՝ կոտորելու․ այն օրերից մեկն էր, որը Չունգուշի իր հարևաններն ընտրել էին «արտաքսման» համար։ Այդ աղջիկը գեղեցիկ էր, և գրավել է սպանելու համար հայերին հավաքած թուրք զինվորներից մեկի ուշադրությունը։ Նրա կյանքը խնայել են, ու նա 10 տարեկանում դարձել է այդ զինվորի հարսնացուն։ 5 տարի անց՝ 1920 թ․, նրանց միությունից մի երեխա է ծնվում՝ Ասյա անունով։ Նրան մեծացրել էր Չունգուշում Ցեղասպանությունից փրկված մայրը։ Ասյան կարողացել է ապրել իր ամուսնու տանը՝ որպես գյուղի ծպտյալ հայերից մեկը։

Կարանյանը հանդիպել է Ասյային 2014 թ․՝ դեպի Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության ժամանակ։ Այդ ժամանակ Ասյան 95 տարեկան է եղել ու Չունգուշի փրկված վերջին ծպտյալ հայն էր։ Նա շատերից մեկն էր, որ տանջվում էր լուռ՝ երբեք չփորձելով բացահայտել անցյալը։ Բայց հիմա ամեն բան փոխվել է։

Կարանյանն ասում է, որ երբ նա հարցրել է Ասյային, թե ինչպես է նա զգում իրեն, երբ հանդիպում է Սփյուռքից եկած հայերի, Ասյան պատասխանել է․ «Ես լեռան չափ ուրախանում եմ»։ Սա շատ բան է արտահայտում։

Մենք Չունգուշ ժամանեցինք մայրամուտին՝ մի փոքր ժամանակ թողնելով մինչ մթնելը, հայկական եկեղեցու ավերակները տեսնելու համար։ Չունգուշի պատմական  կարևորությունից բացի, ցանկանում էինք տեսնել այս գյուղը նաև այն պատճառով, որ մեր շրջագայության մասնակիցներից մեկի՝ Լիզայի տատն այդ գյուղում էր ծնվել։

Այդ գիշեր մենք մնացինք Էլյազըղում, որը գտնվում էր մեկ այլ հին հայկական քաղաքի՝ Խարբերդի հարևանությամբ, որն Ուրարտուի թագավորության մաս է եղել։ Խարբերդը բառացի նշանակում է «քարե ամրոց» և գտնվում է ժամանակակից Էլյազըղից 5 կմ հեռավորության վրա։

Խարբերդի ամրոցում վերակառուցման աշխատանքներ էին ընթանում։ Մենք այն կարողացանք տեսնել միայն դրսի կողմից։

Ամենասպասված այցը Վանա լճի Աղթամար կղզի այցն էր, ուր գնացինք հաջորդ օրը։ Այս մասին առավել մանրամասն` իմ հաջորդ հոդվածում։

Քեթրին Եսայան

http://asbarez.com/166153/hidden-armenians-coming-out-of-the-shadows/

Անգլերենից թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net