Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ Հայաստանի քաղաքականությունը մինչև 1920-ի մայիս. Ռուբէն Տէր Մինասեան

1923

Հատուած Ռուբէն Տէր Մինասեանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ աշխատութիւնից:

Ռուբէն Տէր Մինասեանը եղել է Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Հայաստանի Հանրապետութեան երրորդ ռազմական նախարարը:

________________________

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆԴԷՊ

Հայաստանում խաղաղութիւն կը տիրէր, մի խաղաղութիւն՝ որ յար եւ նման էր ներկայ Հայաստանի խաղաղութեան: Ադրբեջան եւ նրա կողքին Թուրքիան այլեւս սպասելիք չունէին Հայաստանից, նրանք առած էին ամէն ինչ, թէ՛ տնտեսական եւ թէ հողային իրենց ակնկալութիւնները. ամբողջ Ղարաբաղը փաստօրէն եւ իրաւականօրէն Ադրբեջանի մասն էր, Զանգեզուրը դեռ չէր կոչ տուած, նրա համար էլ անպաշտօն պայքար եւ կռիւներ կը մղուէին:

Երեւանի տակից ընդամենը երեք քիլոմետր հեռու եւ Կարսի տակից ընդամէնը 15 քիլոմեթր հեռու, բոլոր իսլամ գիւղերն ու գաւառները՝ փաստօրէն Ադրբեջան եւ Թուրքիա էին, մնում էր  այդ փաստը ծիսակատարութեամբ, իրաւականօրէն էլ հաստատել, եւ այս խնդիրը կ’ուզէին լուծել բարեկամաբար, իբր դրացի: Ի փոխարէն դրան խոստանում էին նաւթ ու հաց տալ, ճամբաները բանալ, Նուխիի եւ այլ շրջանների հայերին չկոտորել եւ թողնել որ Հայաստան անցնին: Յուսահատուցուցիչ էր այսպիսի հարեւանութիւնն ու բարեկամութիւնը, եւ նուաստացուցիչ՝ արժանապատութեան համար: Ի զուր չէր որ շատերը յուզմունքից կը փղձկային եւ այդ խաղաղաութիւնը ոչ միայն Հայաստանի, այլեւ հայ ժողովուրդի «գերեզմանի խաղաղութիւն» կը համարէին:

Որքան որ իրաւացի լինէր այդ ցասումն ու յուզումը մեր ժողովրդի ու մեր ընկերների, բայց «համբերութիւնը» դեռ անհրաժեշտ էր, քանի որ միայն ուժով կարելի էր ելնել գերեզմանից:

Այդ «խաղաղութեան» շրջանում, անհնար եղաւ զսպել պահանջը Կարսի մեր մարմինների (Նորհատեանի ու Գազանճեանի գլխաւորութեամբ) եւ Կարսի շրջանի մեր զինուորականների, որոնք քանիցս պահանջելով կը պնդէին վերացնել Ալեքսանդրապոլի եւ Կարսի միջեւ ընկած, Արգինայից մինչեւ Զաբիւլար տարածող ըմբոստ թրքութիւնը: Այս ժողովրդեան թիւը մեծ չէր, հազիւ 15.000, մօտ 25 գիւղերում տեղաւորուած. նրանք չէին ենթարկուի հայոց իշխանութեան եւ Արգինա կամուրջում՝ թէ՛ երկաթուղու, թէ՛ խճուղու վրայ իրենց պահակներն էին գրած, ինչպէս եւ իրենց սահմանների վրայ: Ալեքսանդրապոլից Կարս ոտքով ու կառքով ճամբորդելն անհնար էր դարձած, իսկ գնացքները՝ թոյլտուութեամբ եւ կամ թէ զրահապատի հսկողութեամբ: Հայոց վարչապետը կամ զօրապետը վագոնի լոյսերը մարած պիտի անցնէին այդ թշնամի դարձած հողերի միջով: Արդար էին բողոքները մեր շարքերի եւ ժողովրդեան, որ Արգինան յիշելով կ’ասէին «հայոց  իշխանութիւն եկաւ»: Այս ընդվզեցուցիչ դրութիւնը գրգռում էր մեր մարմիններին ու ընկերներին եւ աւելի շատ զինուորականներին, որոնք իրենց թիկունքը կտրուած կը համարէին:

Երբ Դաշնակիցների ներկայացուցիչ Հասկէլը եկաւ Հայաստան, նա ցանկութիւն է յայտնում տեսնել Կարսը: Նրան ընկերակցում են իր կինը եւ պետական ու կուսակցական ընկերները: Երբ մօտենում են Արգինային, գնացքը դանդաղում է. գիշեր է արդէն, լոյսերը մարւում են. մթութեան մէջ, կամուրջների վրայ հանգիստ թուրք պահակները դիտում են գնացքը: Բլուրի վրայ պարզ տեսնւում է, գետի հոսանքով, նրանց խրամատները: Գնացողների վախը փորումն է, բայց առանց միջադէպի անցնում է գնացքը: Հարց է տրւում Հասկէլին.

«Այս դրութիւնը եթէ լինէր Ամերիկայում, ի՞նչ պիտի անէինք»:

Հասկէլ պատասխանում է ոչ ուղղակի կերպով.

«Ես Փիլիպեան կղզիներումն էի, այնտեղ երբ այդ դրութիւնն էր տիրում, ես փճացնում էի կարգի եւ օրէնքի անունով»:

Այդ պատասխանը բաւական էր ոգեպնդելու տատանուողներին: Խորհրդարանում «փճացնելու» տրամադրութիւն է ծագում, պատգամաւորներից շատերը յուզուած են, յարձակողական տրամադրութւններով լցուած, եւ կառավարութիւնը, խոհեմութեան ու եղբայրութեան սահմաններից անցած՝ թոյլատրում է արշաւանքը դէպի Զարիշադ եւ Արգինա: Թէեւ ձմեռ է, խոր ձիւնը պատած ամէն տեղ, բայց մեր զօրքերը յաջողութիւն են ունենում: Սիրունեանի զրահապատը մեծ դեր է խաղում, նոյնպէս 4րդ գունդը (մեր կուսակցական մարտական խմբերից միայն մի փոքրիկ մասն է մասնակցում կռիւներին), եւ թէ Զարիշադ գաւառը եւ թէ կամուրջը ազատւում թրքութիւնից: Ուշագրաւ է, որ այդ շրջանի Նովօ Պետրովկա եւ Գրենադերսկայա ռուս գիւղերը աւելի թուրքերի հետ էին քան թէ հայերի: Այդ յաջողութիւնը կազդուրիչ էր. առաջին անգամ լինելով, ինքնավստահութիւնը եւ ուժի պաշտամունքի արժէքը կը զգային թէ՛ զօրքերը եւ թէ մեր շարքերը:

Զարիշադի խնդիրը լուծուած էր, Գրենադինսկիի ծուխը երկինք էր բարձրացած, Կարսի գլխաւոր ճամբան ապահովուած է: Բայց շատերը հայերից դեռ չեն հանգստացած. մանաւանդ պատգամաւորներից եւ զինուորականներից ոմանք (Տէրտէրեան, Վարշամեան, Յովհաննիսեան եւայլն) կը յուզէին մտքերը, սկսուած գործը կիսատ չթողնելու: Այս խնդիրը քննութեան առարկայ է դառնում Զինուորական կոմիսիայում, որտեղ Հախվերդեանը մտերմաբար յայտնում է.

«Զօրքն ու բոլորը ներշնչուած են յանդգնութեամբ, բայց իրօք, դեռ յաղթել կարենալուց շատ հեռու ենք. յաղթութեան որոշ բաժինը, պարտական ենք ձիւնին եւ պանիկային (խուճապին): Աւելի լաւ է այս տպաւորութեան տակ պահել զօրքին ու բոլորին. շարունակելուց կարող ենք յուսախաբուել: Իմ հաշուով դեռ պատրաստ չենք. պիտի սպասենք մինչեւ պատրաստուինք»:

Եւ կարծես ճիշտ էին այդ զինուորական հեղինակութիւն ունեցող մարդու խորհուրդները, քանի որ դեռ առաջին քայլն էր այդ, ուղղուած աւելի տաճիկների [թուրքերի-խմբ. ԱՆԻ] քան Ադրբեջանի դէմ:

Ուստի չնայելով որոշ շրջանակների դժգոհութեան, Զարիշադով բաւականացուեց եւ շարունակեց նորից «համբերութեան եւ նախապատրաստական» քաղաքականութիւնը: Զարիշադի խնդիրը մարսուեց, չնայելով որ Ադրբեջանից բողոքներ եղան, մարսուեց, որովհետեւ մասամբ Հասկէլն էր բարոյապէս պատասխանատու, եւ այդ ժամանակաշրջանում, Դաշնակիցների լիազօր Հասկէլը դեռ մի ոյժ եւ հմայք կը ներկայացնէր Թուրքիայի եւ Ադրբեջանի համար: Նոր կազմակերպուող Միլլին դեռ վաղաժամ էր համարում պատասխան տալը, իսկ նրա պաշտպան եւ շահակից Ադրբեջանի շահերին կողմնակի կերպով կը վերաբերէր Զարիշադի հարցը, ուստի այդ դէպքը մասնաւոր երեւոյթ նկատուեց եւ քիչ աղմուկով խնդիրը փակուեց:

Յիշեալ դէպքի ժամանակ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տեղի կ’ունենային բանակցութիւններ, փոխադարձ բողոքներով Ղարաբաղի եւ Զանգեզուրի հարցերի առթիւ, որոնց մասին կ’անրադառնանք առանձին: Բայց չնայելով այդ դէպքերին, երկուստեք բանակցութիւնները խզելուց եւ բացարձակ թշնամական դիրք բռնելուց կը խուսափէինք. գուցէ ինչպէս մենք, նոյնպէս եւ նոքա, վերջնական վճռի ժամը հասած չէին համարում: Այդ պատճառներով, մենք ներկայացուցիչ ունէինք Ադրբեջանում, նոյնպէս ե՛ւ նրանք մեզ մօտ, որի գործունէութեան պատկերը պարզ է այն 75 գաղտնի հեռագիրներից, որոնցից մի քանիսը ներկայացուցած եմ:

Պիտի մատնանշել հոս, որ մեր ներկայացուցիչը կտրուած լինելով հայկական Գանձակ նահանգից, հնարաւորութիւն չունէր նոյնանման ձեռնարկներ անել Ադրբեջանի հայկական գաւառներում, եւ նրա գործունէութիւնը կը սահմանափակուէր տեղեկութիւններով ու անվերջ բանակցութիւններով: Բանակցութիւնները կը լինէին ե՛ւ Թիֆլիսում, Բեգզադեանի միջոցով (Հայաստանի ներկայացուցիչը Վրաստանում)՝ գլխաւորապէս տարանցիկի, մազուտի, գաղթականների խնդիրների առթիւ եւ հաւանուեցաւ ժողով անել Դեկտեմբեր 2ին Բագւում, լուծելու Ադրբեջան-Հայաստանի վիճելի հարցերը եւ ստանալու նիւթեր եւ նաւթ: Ժողովը ոչ մի արդիւնքի չյանգեց, թէեւ մեր կողմից զիջողութեան տրամադրութիւնները չէին պակասի: Այդ բանակցութիւնների անյաջող վերջանալը մի անգամ եւս ապացուցեց, որ Թեքինսկու, Հախվերդովի հեռագիրները համապատասխան են եղած Ադրբեջանի որոշմանց, որով մեր այնտեղի գաղթականները պատանդ կը նկատուէին. հողային հարցերը անդարձ կերպով վճռուած էին եւ պիտի չստանայինք ոչ նաւթ, ոչ հաց եւ ոչ ճանապարհ առեւտուրի:

Ադրբեջանի յարաբերութիւնները սերտ կերպով կապուած են Տաճկաստանի [քեմալական Թուրքիա-խմբ. ԱՆԻ] հետ, ուստի մի քանի խօսք էլ նրա մասին:

Ե.- ՏԱՃԿԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԷՊ

Տաճկաստանի հետ փոխյարաբերութեանց ստեղծելը ամենից փափուկ եւ ամենակենսական խնդիրը պիտի համարել:

1919ին Թուրքիան թէեւ մահուան ճիրանների մէջ կը տառապէր, թէեւ ջաղջախուած եւ փշրուած էր Դաշնակիցների կողմից, բայց եւ այնպէս իր ձեռքում կը պահէր ամբողջ Տաճկահայաստանը: Ճիշդ է որ նա դատարկած էր Անդրկովկասը, Դաշնակիցների (ի մասնաւորի Անգլիոյ) ստիպման ներքոյ, բայց նրա հեղինակութիւնը դեռեւս մեծ էր Դաղստանում եւ մանաւանդ Ադրբեջանում: Առաջին երկիրը փաստօրէն կը կառավարուէր Քեազիմ Բէյի միջոցով եւ երկրորդը թէեւ Մուսաւաթ կառավարութիւն ունէր, իրականի մէջ կը ղեկավարուէր Նուրի փաշայի թէ՛ բարոյական եւ թէ ֆիզիքական ուժի ներքոյ: Իսկ Հայաստանում գտնուող ըմբոստ կամ ինքնիշխան գաւառները, իրականօրէն թուրք պատուիրակների, սպաների եւ չաւուշների ղեկաւարութեան տակ կը գործէին ընդդէմ Հայաստանի, բայց ոչ թէ Տաճկաստանի, այլ Ադրբեջանի անունով: Այսպէս թէ այնպէս, պարտուած Տաճկաստանը Անդրկովկասում կը ներկայացնէր մի այնպիսի ոյժ, որ համեմատած նորաստեղծ Հայաստանի կարողութեանց հետ, կը գերադասէր նրան: Տաճկաստանի մի խոշոր մասը գրաւուած էր դաշնակից զօրքերի կողմից մայրաքաղաքի հետ միասին, միւս մասը կը գտնուէր ապստամբ միլլիճիների ձեռքը, երկիրը ներքին եւ արտաքին կռիւների մէջ էր, բայց Թուրքիան իր ծրագիրներով, իր ֆիզիքական ուժով դեռեւս փոքրիկ Հայաստանի համար մի խոշոր վտանգ կը ներկայացնէր:

Հայաստանի ղեկավարներից, թէ՛ կուսակցական, թէ պետական շրջանակներում, բացառիկներ էին որ կ’արհամարէին Թուրքիոյ ոյժն ու նրանից հասնելիք վտանգը: Ընդհակառակն, մեծամասնութիւնը եւ մանաւանդ Բիւրոն կը գիտակցէին որ Թուրքիան, ինչքան որ փշրուած լինի, մնում է մեծ վտագ Հայաստանի համար եւ նոյնիսկ կորստաբեր, եթէ Հայաստան եւ Տաճկաստան մէն-մենակ, դէմ դէմի կանգնած լինի իբրեւ հակառակորդներ: Եթէ մի կողմ թողնենք անհատ, բացառիկ միամիտներին, ընդհանուր կարծիքը այս էր Թուրքիոյ վերաբերմամբ, բայց վտանգի առաջն առնելու համար մեծ տարբերութիւն կար կարծիքների, որոնք կարելի է բաժանել երկու գլխաւոր խմբակցութեան: Մինը շատ թոյ էր, անհատների միայն սեփականութիւն և բոլորովին անժողովրդական, միւսը՝ շատ ուժեղ, ամփոփում էր իր մէջ քաղաքական գործիչների մեծամասնութիւնը:

Այն որ թոյլ էր եւ քիչ ժողովրդական, կը տրամաբանէր այնպէս. «Քանի որ Թուրքիան, իր այս ընկած վիճակով՝ աւելի ուժեղ է մեզնից, աւելի լաւ է մտնել բանակցութեան անոր հետ. եթէ այդ միջոցով հնար լինի Միացեալ եւ Անկախ Հայաստանը իրագործել համեստ սահմաններով, բաւականանալ դրանով, որով վերջ պիտի գտնեն ոչ միայն Թուրքիոյ պատճառած վախերը, այլեւ Ադրբեջանի կողմից եղած դաւերը»:

Բայց այսպէս մտածողների առջեւ գրւում էին հարցեր, որոնց պատասխան տալը խիստ էր եւ համարեա անհնարին նախատեսելը 1919ին: Նախ ո՞ր Տաճկաստանի հետ  պիտի բանակցել, Պոլսի՞ թէ միլլիճիների: Եթէ Պոլիսը համաձայնի մեր նուազագոյն պահանջներին, արդեօ՞ք միլլիճիները պիտի չհակառակեն եւ աւելի թշնամանան: Արդեօ՞ք այդ երկուսը կամ երկուսից մէկը կ’ուզէնայ որեւէ բան զիջել: Եւ եթէ զիջեն եւ համաձայնուեն, Դաշնակիցները պիտի չհակառակե՞ն եւ պիտի չվարուի՞ն մեզ հետ որպէս իրենց դէմ ըմբոստացած միլլիճիների բարեկամներ:

Միջազգային խնդիր է դարձած մեր դատը եւ այսօր թէ վաղը պիտի վճռուի «փոքրիկ դաշնակից» Հայաստանի բախտը. այս վերջին պահուն մենք դաւաճանած չե՞նք մեր «դաշնակից» մեծ պետութիւններին, որոնց ձեռքն է այսօր ոչ միայն Թուրքիոյ, այլեւ ամբողջ աշխարհի բախտը: Եթէ մենք բոլորին արհամարենք եւ կարեւորութիւն տանք Պոլսին կամ Միլլի խռովարարներին, ու ենթադրէնք թէ համաձայնութեան եկանք, որո՞նք են այն երաշխիքները որ պիտի մեր դահիճ Թուրքիային ստիպեն յարգել իր պայմանները. ի՞նչ երաշխիք, ի՞նչ գրաւական կայ, որ պիտի չկրկնուի 1915 թուականը եւ կամ Բաթումի Պայմանագրից յետոյ, Ալեքսանդրապոլի վրայ թուրքաց արշաւանքները: Այդ բոլորն էլ ոչինչ: Արդեօ՞ք հայ ժողովուրդը, մի միլիոն զոհեր տալուց յետոյ, պիտի կարողանայ հայ-թուրք բարեկամութիւնը հանդուրժել:

Սրանք հարցեր էին, որոնք ցցւում էին փոքրամասութեան առջեւ, ու պատասխանը լինում էր ոչ փաստացի, ոչ համոզեցուցիչ, հարցերը դրւում էին տրամաբանական, անցեալից եւ ներկայից բխող իրականութիւնից, պատասխանը լինում էր տարտամ եւ գալիս էր զուտ բնազդից ու հաւատքից. այդ չէր կարող լինել քաղաքական հաշիւների հիմք, թէեւ կարող էր ծառայել փորձի եւ քաղաքական բախտախնդրութեան: Այսօրուան հաշուով, յետին թուով, պիտի արդարացնէինք եւ իմաստուն գտնէինք այդ բնազդը, բայց այդ ժամանակները, դա անհաշիւ խելագարութիւն կարող էր համարուել: Այդ պատճառով էլ, թէեւ այն ժամանակները (1918ից յետոյ), այդ փոքրամասնութեան մէջն էի ինքս, չեմ կարող մեղադրել հակառակորդ մեծամասնութիւնը. որովհետեւ եթէ այդ բնազդը ճիշդ էր՝ առանց տուեալների եւ տրամաբանութեան էր, եւ եթէ մեծամասնութեան մէջ ճիշդ բնազդը կը պակսէր, նրա կողմն էին իրականութեան տուեալները եւ հետեւողական տրամաբանութիւնը, որով ընդհանրապէս կառավարւում են մարդիկ եւ ժողովուրդները:

Սխալ են տիրող մեծամասնութեան այն հաւաստիացումները, թէ իր ուղղութիւնը հիմնուած էր հաւատքի վրայ. նա աւելի շուտ տրամաբանում եւ հաշիւներ էր անում՝ որ Դաշնակիցները յաղթած են Թուրքիային, որ նրանք արդէն գրաւած են ոչ միայն Թուրքիան, այլեւ Անդրկովկասը, ինչ որ փաստ եւ իրականութիւն էր. որ Անդրկովկասում եւ Թուրքիայում կան թէ՛ քաղաքական եւ թէ տնտեսական այնպիսի շահագրգիռ խնդիրներ, որ Դաշնակիցները կամ նրանցից մինը պիտի ցանկան, իբր վարձ իրենց յաջողութեան, եթէ ոչ պոկել, գոնէ իրենց հակակշռի տակ առնել Բագուից-Բաթում եւ Բաթումից-Միջերկրական եւ հեռուները: Այս հաշիւների մէջ պիտի մտնէր Հայաստանը, անխուսափելիօրէն, ոչ միայն իբր երախտագիտութիւն իր մատուցած ծառայութեանց եւ տառապանքների, այլեւ իբր քաղաքական ու տնտեսական ազդակ: Եւ դրա վրայ էր հոգատարութեան խնդիրը առաջ քշւում եւ Դաշնակիցներու վրայ յենուելը դառնում քաղաքականութեան առանցք:

Դաշնակիցների վրայ յենուելով, չէր կարելի Թուրքիոյ վրայ եւս յենուել եւ նրա հետ եւս բանակցել առանձին կերպով, քանի որ Թուրքիան ոչ միայն նրանց հակառակորդն էր, այլեւ նրանց յաղթութեան վայելքի առարկան: Բացի դրանից, խելագար կը համարուէին թուրք միլլիճիների փորձերը՝ զէնքի ուժով յետ վանել Դաշնակիցների ախորժակները: Միլլիճիների յենարանները խիստ անկայուն եւ թէական էին, որպէսզի հաշուի մէջ մտնէին իբր գրաւականներ ռեալ ուժերի: Ռուսիան, Թուրքիան՝ 1919ին դիակներ էին, որոնք բաժանման առարկայ կարող էին լինել եւ բնաւ երբեք մեր արտաքին քաղաքականութեան յենարաններ: Այս տրամաբանութեամբ Թուրքիոյ հետ համաձայնութիւնը կը համարուէր անհնարին, վնասակար ու անկարեւոր. միակ միջոցը թուրքի հետ իբրեւ դրացի ապրելու, մնում էր Դաշնակիցների շահերի եւ պարտականութեանց զուգադիպումը. Դաշնակիցների օժանդակութիւնը եւ նրանց հովանաւորումը Հայաստանի ընդլայնման եւ ապահովման միակ գրաւականներն էին:

Որքան այս հաշիւները ընդհանրական եւ ուղիղ լինէին 1919ին, բայց հետագայ փոփոխութիւնները ցոյց տւին որ շինուած տրամաբանական կառուցվածքները պիտի քանդուէին, ժողովուրդների ուժերի նոր դասաւորութեամբ. երբեք չտեսանք ակնկալուած արդիւնքները, եւ, ի վերջոյ, դիակ համարուած Թուրքիան ու Ռուսիան պիտի վանէին Դաշնակիցներին եւ որոշ չափով զիջումների ստիպէին: Սրա համար դժուար է մեղադրել թէ՛ Կառավարութիւնը, թէ Դաշնակցութիւնը, որովհետեւ նրանց մեղադրել կը նշանակէ մեղադրել բանականութիւնը: Միայն թէ մեզ համար աղետաւոր այս յուսախաբութիւնից պիտի սորվինք մի բան՝ որ չի կարելի անվերապահութեամբ վստահիլ տրամաբանութեան եւ քաղաքական հաշիւներուն, քանի որ միշտ քաղաքական վիճակները յարափոփոխ են. երբեմն պիտի չարհամարհել եւ զիջել խենթ, բայց բնական վախի բնազդներին: