Պատերազմ Թուրքիայի հետ, բոլշևիկների հարձակումը և Հայաստանի անկախության անկումը

2928

Հատված Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից, հատված գլուխ 13-ից

Պատերազմ Թուրքիայի հետ, բոլշևիկների հարձակումը և Հայաստանի Հանրապետության անկախության անկումը

(1920 թվի աշունը մինչև 2 դեկտեմբեր)

Ալեքսանդրապոլում ես ստացա առաջին անձնական տպավորությունները ճակատի դրության և ազգաբնակչության տրամադրության մասին: Տպավորություններս տխուր էին: Չկար ոգևորություն: Այն բոլոր անձինք, որ տեսա վարչական շրջաններից և բարձր հրամանատարական կազմից, կարծես չէին հավատում մեր հաղթանակի հնարավորությանը: Մենք լսեցինք Կարս-Ալեքսանդրապոլի շրջանի երկու հրամանատարների զեկուցումները: Նրանք հաղորդեցին, որ Կարսի ուղղությամբ մեր փորձերը՝ հարձակվելու թուրքական ուժերի դեմ՝ հաջողություն չեն ունեցել, և մեր զորքերը նահանջել են:

Մենք շարունակեցինք ճանապարհը դեպի Երևան, որտեղ հասանք հոկտեմբերի 20-ի ուշ երեկոյան: Քաղաքը սովորական տեսք ուներ: Երկաթուղային երթևեկությունը դանդաղեցված էր, որովհետև առաջին հերթը տրվում էր զինվորական գնացքներին:

Հոկտեմբերի 21-ին ես նախ և առաջ հանդիպեցի կառավարության նախագահի հետ,  հաղորդեցի իմ՝ Եվրոպա ճամբորդության արդյունքները: Փոխառության խնդիրը ակամա անցնում էր երկրորդ կարգ: Առաջին տեղում, իհարկե, պատերազմի և ճակատի հարցն էր: Նույն օրն ևեթ պետական գանձարան հանձնեցի իմ բերած բոլոր գումարները և «Ոսկու ֆոնդի» համար հատկացված ոսկին, ստացա բոլոր հանձնածների մասին ստացականներ, որոնք, ի դեպ, այսօր էլ մոտս են: Ժամը 3-ին ներկա գտնվեցի կառավարության նիստին, որին մասնակցում էին նաև զինվորական հրամանատարության ներկայացուցիչները և խորհրդարանի նախագահը. խորհրդակցության նյութը պատերազմական դրությունը և ճակատի վիճակն էր:

Նիստին ներկա էր նաև Կարսից նոր վերադարձած երկրագործության նախարար Սիմոն Վրացյանը: Քննության էր դրված թուրքերի դեմ պատերազմը շարունակելու լավագույն եղանակի խնդիրը: Զորավարներ Նազաբեկյանը և Հախվերդյանը տեղեկացրեցին, որ թեև հոկտեմբերի 14-ի հակագրոհը չէր հաջողվել, բայց հայկական բանակի պաշտպանողական ուժը բավարար է: Վրացյանը Կարսից բերել էր անձնական տպավորություններ, որոնք վկայում էին զորքերի բավական լավ և ամուր տրամադրության, բայց հրամանատարական կազմի թուլության ու ղեկավարող ձեռքի բացակայության մասին:

Երբ կառավարության նախագահը կամեցավ իմանալ իմ կարծիքը, ես նախ թույլտվություն խնդրեցի մի քանի հարցեր ուղղելու նիստին ներկա բարձր հրամանատարության ներկայացուցիչներին: Ես զորավարներ Նազաբեկյանին և Հախվերդյանին հարցրեցի. որքա՞ն ժամանակ, իրենց կարծիքով, կարող է դիմանալ Կարսն իբրև բերդ:

Իրար հետ անմիջապես խորհրդակցելով՝ երկու զորավարները միասին պատասխանեցին. «Մեր կարծիքով, զորքերի ոգին, որ այսօր լավ է, եթե չընկնի, Կարսը կարող է դիմանալ երկու ամիս ևս»:

Հետո զորավարներին հարցրեցի թշնամու զորքերի քանակի և նրա ունեցած ռազմամթերքի մասին: Եվ երբ այդ հարցի պատասխանը ևս ստացա, հայտնեցի այն կարծիքը, որ պետք է շարունակել պատերազմը:

Խորհրդակցությունը հավանություն տվեց մի շարք վարչական կարգադրությունների, որոնցով կառավարությունը ուժեղացնում էր երկրի պաշտպանողական ուժը և ցրվեց բավականին լավ տրամադրությամբ: Կարսի ճակատում հայտնի չափով հանգստություն էր տիրում: Սուրմալուի ճակատում Դրոյի զորամասերը պահում էին թշնամուն, իսկ Կարսի ուղղությամբ թուրքերը կանգնած էին Կարսի առջև գտնված դիրքերում:

Կառավարությունը եռանդով բանակցություններ էր վարում խորհրդային կառավարության հետ՝ աշխատելով մշակել այնպիսի պայմաններ, որոնք ապահովեին Հայաստանի շահերը: Գլխավոր կետերն էին. առաջին՝ Հայաստանի պահանջը անկախության մասին, երկրորդ՝ թուրքական վիլայեթները Հայաստանին կցելու ապահովությունը: Ռուսաստանը Հայաստանի վրայով պահանջում էր ամեն տեսակի տարանցում (տրանզիտ):

Մոսկվայի կողմից բանակցությունները վարում էին Լեգրանը և զինվորական խորհրդական, զորավար Բոբրիշչևը: Հայերի կողմից բանակցությունները շարունակում էր Լևոն Շանթը իր ընկերներ՝ Հովհաննես Տերտերյանի և Լևոն Զարաֆյանի հետ:

Անցավ ևս մեկ շաբաթ: Հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում ես հրապարակային զեկուցում տվեցի փոխառության համար կատարած իմ արտասահմանյան ճանապարհորդության մասին: Ահագին բազմություն էր ներկա: Չորս ժամ տևող զեկուցման մեջ ես նկարագրեցի իմ ուղևորութիւնը և առանձնապես շեշտեցի չորս փաստ.

  1. Որ գաղութներում բոլոր հայ քաղաքական կուսակցությունները հավասարապես տաք կերպով ողջունում են Հայաստանի Հանրապետությունը և արտակարգ ուշադրությամբ ընդունեցին նրա հատուկ լիազորին:
  2. Որ փոխառության գործը, ինչպես երևում էր բոլոր նշաններից, կարող է փայլուն հաջողություն ունենալ:
  3. Որ հայ բուրժուազիան գաղութներում վախենում է կառավարվող կուսակցության ընկերվարական գաղափարներից, մանավանդ, հողային և դրամական տեսակետով:
  4. Որ ռամկավարները բավական ուժ են ներկայացնում գաղութներում, մանավանդ՝ Եգիպտոսում և Փարիզում:

Իմ տված զեկուցումը հայտնի դարձավ գաղութներում և լավ ընդունելություն գտավ: Բայց փոխառության գործը կանգ առավ: Հետագայում, Պոլսում և Եգիպտոսում հավաքված դրամը՝ մոտ 3 միլիոն ֆրանկ, վերադարձվեց փոխառությունը ստորագրողներին:

Մոտենում էր հոկտեմբերի 30-ի ճակատագրական օրը: Բայց նախքան այդ կետին անցնելը՝ ես ինձ թույլ կտամ ամբողջությամբ մեջբերել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Տիգրան Բեկզադյանի 1920 թ. օգոստոսին գրած հուշագիրը, որը շատ ճշգրիտ կերպով նկարագրում էր ընդհանուր կացությունը:

«Հայաստանի Հանրապետություն

Դիվանագիտական ներկայացուցիչ Վրաստանում,

Գաղտնի, օգոստոս, 1920, Թիֆլիս

Արտաքին գործերի նախարարի հրամանով:

Ձերդ գերազանցություն,

Այն իսկ րոպեից, երբ բոլշևիկյան ուժերը գրավեցին Հյուսիսային Կովկասն ու Ադրբեջանը, անդրկովկասյան երկու հանրապետությունների՝ Վրաստանի և Հայաստանի առջև կանգնեց Սովետական Ռուսաստանի, այսուհետև իրենց հարևանի հետ արտաքին հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը: Դրանից առաջ սովետական կառավարությունը Հյուսիսային Կովկասում գտնվող Հայաստանի ներկայացուցիչների, ինչպես նաև Մոսկվայում գտնվող Վրաստանի պատվիրակ Ուրուտաձեի միջոցով, ով հանուն Վրաստանի բանակցություններ էր վարում սովետական կառավարության հետ, շատ անգամ իմաց էր տվել, որ եթե Հայաստանը խաղաղության առաջարկներով իր կողմից դիմի վերոհիշյալ կառավարությանը՝ Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը ընդունելու պայմանով, այդպիսի առաջարկները Մոսկվայում կընդունվեն նպաստավոր կերպով:

Մայիս 5-ին հայկական մի պատվիրակություն գնաց Մոսկվա՝ այդ բանակցությունները սկսելու համար, փաստ, որի մասին իմ կառավարությունը պատիվ է ունեցել հայտնելու ձեզ: Այդ պատվիրակությունը Մոսկվա գալով մայիս 20-ին, լիազորված էր բանակցությունների ընթացքում հիմնվել Սովետական Ռուսաստանի կողմից Հայաստանի անկախության և ինքնիշխանության ճանաչման վրա, ինչպես և այն սկզբունքի վրա, որ Ռուսաստանը չի միջամտի Հայաստանի ներքին և արտաքին գործերին: Մայիսի 28-ից սկսված այդ բանակցությունները մինչեւ օրս ոչ մի վերջնական հետևանք չեն տվել:

Առանց մանրամասնությունների մեջ մտնելու՝ ես ինձ թույլ եմ տալիս, սակայն, ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք փաստերի և իրադարձությունների վրա, որոնք Մոսկվայում, իրենց երկամսյա ներկայության ընթացքում, փաստեր, որոնք մի կողմից պատճառ դարձան բանակցությունների վերջը շարունակ ձգձգելու, և մյուս կողմից՝ երկու շահագրգռված կողմերի կայացրած համաձայնության իրագործումը Հայաստանի կենսական շահերի, ինչպես նաև արևելքում անտանտի պետությունների շահերի համար դարձրին վտանգավոր:

Այդ իրադարձությունները կարելի է բաժանել երկու կարգի՝ քաղաքական խնդիրներ և տնտեսական խնդիրների, որոնք ունեին ընդհանուր հիմք՝ հայտնի թուրք-թաթարական համաձայնությունը, որի գլխավոր մասերն են.

Ա. Թուրքայի և Ադրբեջանի վերաբերյալ

  1. Քեմալականների ձգտումը՝ Հայաստանի միջոցով կապվելով ռուս սովետական ուժերի և Ադրբեջանի հետ՝ ստանալ անհրաժեշտ օգնություն այն պայքարի համար, որ Թուրքիան սկսել է խաղաղության դաշնագրի և անտանտի պետությունների դեմ:
  2. Բոլշևիկյան Ռուսաստանի օգնությամբ հայտարարել խաչակրաց արշավանք ընդդեմ եվրոպական տիրապետության Արևելքի և Ասիայի բոլոր մահմեդական երկրներում:
  3. Խորտակումը անկախ Հայաստանի, իբրև մի պետության, որը խանգարում է վերոհիշյալ կապին և արգելք է՝ ստեղծելու մի միապաղաղ, մահմեդական զանգված Միջերկրականից մինչև Հնդկական օվկիանոսի սահմանները:

Բ. Ռուսաստանի վերաբերյալ

  1. Աշխատել լիովին օգտագործել քեմալական ուժերը՝ նրանց հետ կապ հաստատելուց հետո այն ընդհանուր նպատակների համար, որ Ռուսաստանը հետապնդում է Արևելքում և Ասիայում՝ նպատակ ունենալով տարածել իր ազդեցությունը և պայքարել Եվրոպայի ազդեցության դեմ, ինչպես նաև ճնշում գործադրել Սովետական Ռուսաստանի և համաձայնական պետությունների միջև եղած բանակցությունների ընթացքի վրա:
  2. Բարվոքել նրա տնտեսական վիճակը՝ մտնելով Պարսկաստան Հայաստանի վրայով, և,
  3. Մահացու հարված հասցնել եվրոպական շահերին և եվրոպական կապիտալին՝ կազմակերպելով բոլշևիկյան շարժում Արևելքում և Ասիայում:

Աչքի առաջ ունենալով, որ Հայաստանը ներկայացնում է գլխավոր արգելքը վերոհիշյալ ծրագրերի իրագործման համար, միաժամանակ ակներև է, որ վերջին ժամանակներում որոշ կերպով աչքի են ընկնում ադրբեջանյան թուրքերի ձգտումները մի կողմից և բոլշևիկյանը՝ մյուս կողմից, վերոհիշյալ ծրագրերը իրականացնելու համար:

Այսպիսով, քեմալական և ադրբեջանական զորքերը առանձին կռիվներ վարելով՝ կենտրոնանում են հայկական սահմանների տարածությամբ: Եվ մյուս կողմից՝ ռուս բոլշևիկյան զորքեր՝ պատրվակ բերելով, որ նախազգուշական միջոցներ են ձեռնարկում միջազգային ընդհարումների դեմ Հայաստանի ու Ադրբեջանի իբր թե վիճելի հողերի պատճառով, սկզբում գրավեցին Ղարաբաղի և Զանգեզուրի շրջանները, իսկ այժմ Նախիջևանի շրջանը, որտեղ  քեմալական և ադրբեջանյան զորքեր նույնպես մտան: Բայց երկրի այս վիճակը երկար չտևեց, որովհետև օգոստոսի 5-ին կարմիր զորքերը հետ մղվեցին մեծ կորուստներով: Հետո նրանք օգնություն ստացան Ղարաբաղի սովետական բանակից ու քրտական հեծելազորից Զանգեզուրի հյուսիս-արևելյան կողմից՝ Հաջի Սամլու կոչված մասից: Այս ծանր և միանգամայն աննպաստ պայմաններում հայկական զորքերը հազիվ կարողացան նահանջի ճանապարհ բացել Բազարչայի վրայով դեպի Շարուրի սահմանները, որտեղ նրանք նորից միացյալ հարձակման ենթարկվեցին բոլոր կողմերից՝ կարմիր բանակից, քրդերից, թաթարներից և մոլոկաններից, որոնց դեմ Դրոյի փոքրիկ զորամասը անզոր էր կռվելու:

Միևնույն ժամանակ, Ղազախի կողմերում տեղի էր ունեցել սովետական ուժերի կենտրոնացում, որտեղից նրանք օգոստոս 2-ին, սկսեցին առաջանալ դեպի անվիճելիորեն հայկական շրջաններ՝ գրավելով Աքսիպարա, Թարախլու և ուրիշ գյուղեր: Այս շարժումը սպառնում էր կտրել Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը և միանգամայն չեզոքացնել նրան:

Այս բոլոր փաստերը հաղորդվեցին ի գիտություն Վրաստանի կառավարությանը, և Վրաստանի արտաքին գործերի նախարարը ներկայացրեց իր բողոքը Սովետական Ռուսաստանի հարձակողական քայլերի դեմ Հայաստանի վերաբերմամբ:

Դրդված վերոհիշյալ հանգամանքներից և վախենալով, որ բոլշևիզմը կարող է թափանցել Շարուրի եւ Ղազախի անվիճելիորեն հայ շրջանները՝ հայկական կառավարությունը առաջարկեց իր պատվիրակությունը, որը Թիֆլիսում բանակցություններ էր վարում բոլշևիկների հետ, արագացնել զինադադարի կնքումը: Վերջինները պահանջել էին զինադադար կնքելու համար իբրև նախապայման երեք վիճելի շրջանների գրավումը ռուսական զորքերի կողմից: Հայկական պատվիրակությունը, ուրիշ ընտրություն չունենալով, տվեց իր համաձայնությունը այդ պահանջին, կարողանալով, սակայն, պահել Շահթախթ-Սուլթանբեկ հաղորդակցության գիծը Բազարչայի արևելքում, ինչպես Շահթախթ-Ջուլֆա երկաթուղագծի վարչությունը:

Հայկական պատվիրակությունը ընդգծել էր, որ զինադադարի վերոհիշյալ պայմանների ընդունումը չի որոշում սովետական ուժերից գրավված շրջանների վերջնական բաշխումը և որ Հայաստանը շարունակում է պահանջել այդ շրջանները Ադրբեջանից և իրեն վերապահում է իրավունք պահանջել դրանց այն դաշնագրի մշակման ընթացքում, որը պետք է ստորագրվի Երևանում հայկական կառավարության և Հայաստանի սովետական ներկայացուցիչ Լեգրանի միջև:

Ութ օրից հետո Լեգրանը գնում է Հայաստան: Այդ ընթացքում Մոսկվայից պետք է վերադառնար մեր պատվիրակությունը Լևոն Շանթի նախագահությամբ, և պետք է վերսկսվեին բանակցությունները վերջնական խաղաղության մասին:

Հայաստանը անկարելի է գտնում Ադրբեջանին զիջել հիշյալ շրջանները և հաստատ հույս ունի կարողանալ համաձայնության գալ մյուս կողմի հետ որևէ փոխզիջման միջոցով: Բայց եթե Ադրբեջանը՝ հենվելով իր դաշնակիցների և հովանավորների վրա, ոչ մի զիջում չանի Հայաստանին և զինված ընդհարումը անխուսափելի դառնա, Հայաստանը մեղավոր չի լինի, որ նա վերջին երկու տարիների ընթացքում թշնամական գործողություններից վիրավորված նորից զենք է բարձրացնում պաշտպանելու իր անկախության իրավունքը և իր սահմանների ապահովությունը:

Հայաստանը հույս ունի, որ այդ բանակցությունների ընթացքում իր ժողովուրդը ձեռք կբերի որոշ հանգստություն, որի կարիքն ունի հացահատիկի հունձի շրջանում, և որ հանգստությամբ վերջացնելով իր աշխատանքները, նա կպատասխանի ընդհանուր զորակոչի հրավերին: Այդ նույն ժամանակամիջոցում զորքերը հնարավորութուն կունենան վարժվելու Անգլիայից ստացված զենքերի գործածությանը: Այսպիսով, հայկական բանակը հանգստացած է, լավ զինված և ապահով իր ընտանիքների վիճակի վերաբերյալ, պատրաստ կլինի շարունակել կատարել իր պարտքը հայրենիքի առաջ:

Պետք է, սակայն, հիշատակել այն զուտ հայկական պայմանները, որոնք կարող են ներկայացնել էական և երբեմն անհաղթելի արգելքներ այդ ձգտումների իրագործման համար: Դրանք են՝ 1) ֆինանսական միջոցների պակաս, 2) վառելիքի բացակայություն, և 3) տեղափոխության միջոցների բացակայություն:

Հիշյալ դժվարությունները վերացնել և հարթելու խնդրում, Ձերդ Գերազանցություն, Ձեր կառավարությունը կարող էր կաևոր դեր խաղալ: Ձեր կառավարության կողմից Հայկական Հանրապետությանը տրված մի քանի միլիոն դոլարի փոխառությունը կարող էր փրկել նրան անտանելի կացությունից, որովհետև բարձր քաղաքական նշանակություն ունեցող որևէ գործ ձեռնարկել վճռելուց առաջ պետք էր, թերևս, հանկարծ կանգնեցնել սկսած ձեռնարկը դրամի կամ ուրիշ որևէ անհրաժեշտ միջոցների պակասության պատճառով, մի բան, որ շատ հաճախ է պատահում Հայաստանի Հանրապետությունում:

Իրերի այս վիճակի պատճառով մի քանի անգամ ստեղծվել են այնպիսի դրություններ, որոնք սպառնում էին պետության անվտանգությանն ու գոյությանը: Վառելիքի, վագոնների և շոգեշարժ մեքենաների, ինչպես և տեղափոխության միջոցների բացակայությունը ոչ միայն միակ պատճառն էր սովորական մարդատար գնացքների հաճախակի ընդհատման, մի բան, որ գրեթե թույլատրելի էր, բայց և երբեմն հնարավորություն չէր տալիս փոխադրել օգնական զորք, հաց և ռազմամթերք կռվող զորամասերի համար:

Բնական է, որ այս զուտ հայկական պայմաններում հայկական զորքերի բոլոր հաջողությունները հետևանք են հայկական բանակի և հայ ժողովրդի կողմից ավելի քան երկու տարի ցուցադրած անսահման եռանդի և գերմարդկային մշտական ուժերի լարման: Իմ կառավարությունը, ինչպես և ամբողջ հայ ժողովուրդը, հաստատապես վճռել են բոլոր հնարավոր միջոցներով պահպանել Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը և նրա իրավունքներն անկախ գոյության համար: Այս նպատակով, կառավարությունը հայտարարել է նոր զորակոչ ամբողջ Հայաստանում և ստիպողական միջոցներ է ձեռնարկված բանակը ուժեղացնելու համար:

Հայտնելով վերոհիշյալը ձեզ ի տեղեկություն՝ իմ կառավարությունը խնդրում է ձեզ՝ հաղորդել այս ձեր կառավարությանը և, միևնույն ժամանակ հայտնել, թե ինչպիսի նյութական և դիվանագիտական օգնություն կարող է ձեր կառավարությունը ցույց տալ Հայաստանին նրա կռվում ընդդեմ թուրք-բոլշևիկյան ուժերի, որոնք սպառնում են իր անկախությանը:

Իր կողմից՝ իմ կառավարությունը գտնում է չափազանց անհրաժեշտ, որ դաշնակիցները ճնշում գործ դնեն բոլշևիկյան կառավարության վրա: Իմ կառավարությունը գտնում է նույնպես անհարժեշտ անմիջապես Հայաստան ուղարկել վառելիք և փոխադրության միջոցներ:

Հրավիրում եմ ձեր ուշադրությունն այն բանի վրա, որ վերոհիշյալ բոլոր միջոցները պետք է գործադրել ամենակարճ ժամանակի ընթացքում, քանի որ Հայաստանը մի փոքր երկիր է, որը չի կարող երկար դիմագրավել հարձակվող հարևանների դեմ, որոնք ավելի ուժեղ են թե՛ մարդկանցով և թե՛ ուրիշ միջոցներով:

Սիրում եմ հուսալ, որ դուք կբարեհաճեք ինձ տեղեկացնել, թե ի՞նչ հետևանք ունեցավ այս նամակը, որպեսզի ես հաղորդեմ իմ կառավարությանը:

Տիգրան Բեկզադյան»:

Այս hուշագիրը պարզ արտացոլում է թե՛ երկրի փաստացի վիճակը և թե՛ Հայաստանի կառավարության հույսերը. մի կողմից՝ քեմալական-բոլշևիկյան համաձայնությունը, մյուս կողմից՝ Հայաստանի ինքնապաշտպանությունը եվրոպական օգնության հույսերով: Կառավարության բոլոր նախատեսությունները և վերոհիշյալ համաձայնության ծրագրերի բացումը հետագայում հաստատվեցին, բայց այն ժամանակի համար կարևոր էր միայն մեկ բան՝ ստանալ օգնություն՝ դիվանագիտական կամ քաղաքական: Բայց ոչ մեկ և ոչ մյուսը չեկավ:

Լուսանկարում՝ Երևանի կենտրոնական հրապարակը 20-րդ դարի սկզբին