Մելինե Անումյան․ «Ճանաչում և դատապարտում. երիտթուրքերի դատավարությունները»

1781

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության` Անթիլիասի տպարանը հրատարակել է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող, թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի «Ճանաչում և դատապարտում. երիտթուրքերի դատավարությունները (1919-1921 և 1926 թթ.)» մենագրության անգլերեն թարգմանությունը: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` գրքի թարգմանությունը և հրատարակումը հովանավորել է Բեյրութում գործող «Խաչիկ Պապիկեան հրատարակչական հիմնադրամը»: Գրքի թարգմանիչն է երջանկահիշատակ քաղաքագիտության դոկտոր Արա Գաբրիելյանը, իսկ անգլերեն հրատարակության խմբագիրը` Արևիկ Գաբրիելյանը: Գրքի գրախոսներն են ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը և թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Ավագյանը:

Ստորև ներկայացնում ենք Աշոտ Մելքոնյանի գրախոսությունը.

Մելինե Անումյանի «Ճանաչում և դատապարտումերիտթուրքերի դատավարությունները(1919-1921 և 1926 թթ.)» աշխատության անգլերեն հրատարակության կապակցությամբ

Հայ գիտաքաղաքական շրջանակները Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականության դեմ հետևողական պայքար են մղում երկար տարիներ։ Այդ հարցում հայկական կողմի անզիջում պահվածքը պայմանավորված է թուրքական կեղծարարությունը բացահայտելու, ճշմարտությունը համաշխարհային հանրությանը հասցնելու մտահոգությամբ։ Սակայն տարվող երկարատև ու դժվարին պայքարում հայկական զանազան կառույցներ ակամայից մոռացության տալով Մեծ եղեռնի հետևանքների վերացման, այն է՝ հատուցման հասնելու կենսական խնդիրը՝ ավելի շատ ընթացել են ճանաչման հարցի հետապնդման ճանապարհով, որի կարևորագույն բաղադրամասերից է եղել տարբեր երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության իրողությունը փաստող և դատապարտող բանաձևերի ընդունումը։

Իրականությունն այն է, որ արդեն Առաջին աշխարհամարտի տարիներին հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի իրականացրած ցեղասպանական քաղաքականությունը կասկած չէր հարուցում ժամանակի համաշխարհային հասարակայնության շրջանում։ Պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացի սկիզբը համարվում է Անտանտի երկրների՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից 1915 թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությունը, որում օսմանյան իշխանությունները մեղադրվում էին հայերի նկատմամբ իրականացվող զանգվածային կոտորածների մեջ, և այդ ոճրագործությունը որակվում էր որպես մարդկության ու մարդկայնության դեմ ուղղված հանցագործություն։

Շուտով՝ պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո թուրքական հասարակության շատ շերտեր ևս ձեռնամուխ եղան երիտթուրքերին մեղադրանք ներկայացնելու գործին։ 1919-1921 թուրքական ռազմական ատյանները դատական գործ սկսեցին իթթիհատական կուսակցության պարագլուխների նկատմամբ։ Ի թիվս բազմաթիվ, այդ թվում՝ կայսրությանը պատերազմի մեջ ներքաշելու մեղադրանքների, դատարանները երիտթուրք ամբաստանյալներին մեղադրեցին հայերի և այլազգիների զանգվածային կոտորածներ կազմակերպելու համար։

Պատահական չէ, որ շատ հայ հետազոտողողներ, գիտակցելով օսմանյան վերոհիշյալ ռազմական ատյանների սկսած դատական գործընթացների, դրանց ընդունած վճիռների գիտաճանաչողական կարևորությունը, հաճախ են անդրադարձել այդ խնդրի լուսաբանմանը՝ իրավացիորեն այդ իրադարձությունները գնահատելով որպես թուրքական պաշտոնական շրջանակների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման իրողություն։ Նման հետազոտողների մեջ արդեն իր հաստատուն տեղն ունի երիտասարդ թուրքագետ, շնորհալի պատմաբան Մելինե Անումյանը։

Ուրախալի է, որ կարևորելով հատկապես օտարալեզու ընթերցողի համար խնդրո առարկա նյութի գիտաքաղաքական նշանակությունը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Խաչիկ Պապիկյան» հրատարակչական խորհուրդը ձեռնակել է սույն աշխատության թարգմանությունն ու հրատարակությունը անգլերենով։

Անումյանի գրքի անգլերեն տարբերակի տպագրության առնչությամբ կուզեինք մեր գոհունակությունը հայտնել նաև այն պատճառով, որ սույն աշխատության թարգմանության պատասխանատու և շատ շնորհակալ գործն իրականացրել է մեր վաղեմի բարեկամ, ճանաչված հասարակական-կուսակցական գործիչ, իսկական հայ մարդ, արծարծվող խնդրին քաջատեղյակ Արա Գաբրիելյանը։ Տարիներ առաջ նա առանձնակի ոգևորությամբ էր ձեռնամուխ եղել այս գործի թարգմանությանը. հաճախ էր խոսում մեր համազգային գործերում կատարվող աշխատանքի պահանջվածության մասին։ Նա ամենայն բծախնդրությամբ էր իրանականացնում թարգմանությունը՝ ժամանակի եզրաբանությանը հավատարիմ մնալու, անգլալեզու ընթերցողին հեղինակի ասելիքը ճիշտ հասցնելու, խնդրի էությունը խորապես բացահայտելու մտահոգությամբ։

Ավաղ, Արա Գաբրիելյանին բախտ չվիճակվեց տեսնել այս աշխատության անգլերեն հրատարակությունը։ Աշխատանքի վերջին փուլում կտրվեց նրա կյանքի թելը։ Բայց թարգմանության գործն իր ավարտին հասցրեց ամուսնու հետ սփյուռքում տասնամյակներ շարունակ իր հայապահպան գործունեությամբ աչքի ընկած, Արևմտյան Հայաստան Էրգրի ճամփաներով անցած, իսկական մտավորական Արևիկ Գաբրիելյանը։

Համոզված ենք, որ սույն աշխատության անգլերեն հրատարակությունը կունենա լուրջ ճանաչողական հետևանքներ Հայոց ցեղասպանության խնդիրը համաշխարհային հանրությանը հասցնելու և թուրքական մերժողական քաղաքականության սնանկությունը բացահայտելու հարցում։

Աշոտ Մելքոնյան          

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենպրոֆեսոր