ԱՆԻ կենտրոնի գործունեությունը 2017-ին

7526

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հիմնադրվել է 2014-ի հոկտեմբերի 31-ին, գործունեությունը սկսել 2015-ի հունվարին:

Անցնող՝ 2017-ի ընթացքում, շնորհիվ մեր բարեկամների նվիրատվությունների, տեղեկատվական ու կազմակերպչական օժանդակության, ԱՆԻ կենտրոնը`իր երկու աշխատողներով (Թաթուլ Հակոբյան, Արմենուհի Մանուկյան), հնարավորություն ունեցավ իրականացնել հետևյալ ձեռնարկները․

Փետրվարին Երևանի Արթբիրջ սրճարան-գրախանութում կենտրոնը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և Հայրենիք» աշխատության վերահրատարակված հատորը:

Մայիսին կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը Շուշիի ազատագրման 25-ամյակի առիթով՝ Արցախյան կարգավորման, Երևան-Անկարա հարաբերությունների, Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերների թեմաներով ելույթներ ունեցավ Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում, ինչպես նաև այցելեց մայրաքաղաք Օտտավա՝ խորհրդարանի շենք, որի պատերից ներս Հայաստանի արտաքին քաղաքականության թեմայով ելույթ ունեցավ մեկ տասնյակից ավելի խորհրդարանականների առաջ:

Հուլիսին Արցախի Ժուռնալիստների միությունում (Ստեփանակերտ) Թաթուլ Հակոբյանը ելույթ ունեցավ «Հայ-թուրքական հարաբերությունները և Ադրբեջանը. 1917-1921 թթ» թեմայով, ինչպես նաև ներկայացրեց Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և հայրենիք» աշխատությունը։

Հուլիսին Կապանում տեղի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնում ԱՆԻ կենտրոնը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և հայրենիք» աշխատության ներկայացումը:

Սեպտեմբերին ԱՆԻ կենտրոնը արևելահայերենով և մեսրոպյան ուղղագրությամբ վերահրատարակեց Ստեփան Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» հատորը։

Հոկտեմբերին կենտրոնը արևմտահայերենով և մեսրոպյան ուղղագրությամբ վերահրատարակեց Ռուբէն Տէր Մինասեանի «Հայաստանի Հանրապետութիւն» աշխատությունը:

Նոյեմբերին Բեյրութում տեղի Հայկազյան համալսարանի Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնը և ԱՆԻ-ին կազմակերպել էին «Հայ քաղաքական մտքի դրսևորումներ» դասախոսական երեկոն, որի ընթացքում Թաթուլ Հակոբյանը Հայկազյան համալսարանի հանդիսասրահում ներկայացրեց Ռուբէն Տէր Մինասեանի «Հայաստանի Հանրապետութիւնը» և Ստեփան Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» գրքերը:  

Նոյեմբերին ԱՆԻ կենտրոնը իր շուրջ մեկ տասնյակ հրատարակություններով մասնակցեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո Անթիլիասի մայրավանքում բացված Հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսին:

Տարվա ընթացքում ԱՆԻ-ի կայքում մաս-մաս հրատարակվել էր Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» աշխատությունը, ինչպես նաև բազմաթիվ հայագիտական, պատմական և լրագրողական հոդվածներ:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

8 հունվար, 2017 թվական

Կարդալ նաև՝ 

Ախալքալակում ներկայացվել է «Հայկազյան հայագիտական հանդես»-ը. տեսանյութ

ԱՆԻ կենտրոնի գործունեությունը 2016-ին