Խատիսյանի հանդիպումները ներքին գործերի նախարար Ռեշատ փաշայի հետ. հուլիս, 1920թ, Պոլիս

783

Հատված Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից, գլուխ 12

Հուզմունքով էի մոտենում Պոլսին: Առավոտ էր, հեռադիտակը ձեռքիս նայում էի հեռուն, մինչ շոգենավը անցնում էր Բոսֆորով: Ահա մոտեցանք Գալաթայի նավահանգստին: Առաջին բանը, որ գրավեց իմ ուշադրությունը, առևտրական շոգենավն էր խոշոր հայկական դրոշակով կայմի վրա: Բաթումի և Պոլսի միջև երթևեկող շոգենավ էր, որը պատկանում էր իզմիրցի մի հայ կաթոլիկ վաճառականի:

Քիչ այն կողմ նկատեցի մի նավակ, որի մեջ նստած էին չորս երիտասարդներ: Նրանցից մեկը ձեռքին բռնել էր հայկական եռագույն դրոշը՝ կարմիր-կապույտ-նարնջագույն: Հասկացա, որ եկել էին ինձ դիմավորելու: Մենք հայացքներով գտանք իրար, փոխադարձաբար ողջունեցինք, հետո նրանք արագությամբ ետ դարձան դեպի ափը՝ հայտնելու այնտեղ սպասող ահագին բազմությանը իմ գալու մասին: Անմիջապես ամբոխի մեջ բարձրացան հայկական դրոշակներ և օդում երևացին գլխարկներ ու թաշկինակներ…

Շոգենավը մոտեցավ ափին, իջեցրին սանդուխքը: Ինձ ողջունելու եկան պատրիարքի, մամուլի և զանազան կազմակերպությունների, Հ. Յ. Դաշնակցության, առևտրական դասի ներկայացուցիչները, իմ անձնական բարեկամները և ՀՀ ներկայացուցիչ Ֆերդինանդ Թախթաջյանը: Ամբոխը հավաքվեց մի դահլիճում, և մեկը մյուսի ետևից արտասանեցին ողջույնի ճառեր և մատուցեցին ծաղկեփնջեր: Ճառերում հայտնում էին իրեց ուրախությունը այն հաջողությունների առթիվ, որ ունեցել է Հայաստանը պետական կյանքի բոլոր ճյուղերում, և վստահություն էին հայտնում փոխառության հաջողության մասին:

Ես պատասխանեցի ընդհանուր ճառով, հայտնելով, որ «բերել եմ հայրենիքի ողջույնը բոլոր հայերին»:

Ոգևորված ողջույնների և աղաղակների մեջ հասա Թոքաթլյան հյուրանոցը, որտեղ պատրաստվել էին սենյակներ, պատուհաններից ծածանվում էր հայկական դրոշակը: Դռների մոտ հերթապահության էին նշանակված երկու հատուկ անձինք:

Պոլսում մնացի մեկ շաբաթ: Բայց այդ շաբաթվա ընթացքում ինձ վիճակվեց այնքան շատ խոսել հրապարակայնորեն՝ թատրոնում, եկեղեցում, ժողովներում, փողոցներում, ընդունելությունների ժամանակ, որ բառիս բուն իմաստով կորցրեցի ձայնս: Արթնանում էի վաղ առավոտյան, և պառկում էի շատ ուշ գիշեր, բայց ոչ մի րոպե մենակ էի մնում, ամբողջ ժամանակ ժողովրդի և հասարակական գործիչների հետ էի:

Ժամանակս դասավորվեց այսպես:

Ազգաբնակչության լայն խավերի մեջ փոխառության քարոզչության և Հայաստանի մասին տեղեկություններ լսելու կարոտ անձանց համար ես հինգ անգամ ընդարձակ զեկուցումներ տվեցի Փերայի Ս. Երրորդության եկեղեցում, Սինլլողոս դահլիճում, քաղաքի մի ծայրամասում տեղի ունեցած ժողովում, Փթիթ-Շան և Փերայի թատրոններում՝ հատուկ մի ներկայացումից հետո: Բուրժուազիայի և առևտրական դասի համար զեկուցում տվեցի Հայկական ակումբում, իսկ Ազգային ժողովի համար՝ Ազգային ժողովի պաշտոնական նիստում՝ պատրիարքի և բոլոր անդամների ներկայությամբ: Այդ յոթ ժողովներում նկարագրեցի Հայաստանի կյանքի, նրա ազգաբնակչության, բանակի, ներքին և արտաքին քաղաքական կյանքի ամբողջ պատկերը: Ամեն տեղ ոգևորությունը կատարյալ էր:

Երբ փոխառության գաղափարը և բովանդակությունը բավականաչափ բացատրվել էր հասարակությանը, տեղի ունեցավ Հայկական ակումբի նիստը: Այնտեղ հավաքվել էին հարյուրի չափ ականավոր պոլսահայ վաճառականներ: Ողջույնի խոսքը ասաց ակումբի նախագահ Արսենյանը, հետո խոսեց դոկտոր Թորգոմյանը: Այդ ժողովում ընտրվեց փոխառության հանձնախումբը: Վաճառականները հետաքրքրված էին մեր փոխառությամբ, Հայաստանի տնտեսական հեռանկարներով և եռանդագին հարցեր էին տալիս:

Այսպիսով, իմ առաջին նպատակը լիովին իրագործված էր: Փոխառության գաղափարը ստացավ լայն ժողովրդականացում, ընտրվեց կոմիտե, և գործը առաջ գնաց մեծ թափով. Պատրաստվեց թղթի նկարն ու ձևը և հանձնվեց տպագրության:

Առանձին խոսակցություն ունեցա առաջին հայ հարուստ Իբրանոսյանի հետ, ով ստորագրեց 50 հազար թուրքական լիրայի պարտատոմսեր: Սակայն, երեք ամիս հետո, նա Սոֆիայի մոտ գնացքի խորտակման զոհ դարձավ, իսկ ժառանգները չկատարեցին նրա խոստումը: Խոշոր անախորժություն տեղի ունեցավ. երկու ամիս չթաղեցին նրա դիակը՝ սպասելով, որ ժառանգները կտան խոստացված գումարը, բայց չտվեցին: Իբրանոսյանը, այնուամենայնիվ, թաղվեց:

Այստեղ պետք է ասեմ, որ թե՛ Պոլսում, և թե՛ Եգիպտոսում և այլուր, հավաքված միլիոնները տվեց ժողովուրդը, այսինքն՝ չունևորները և ոչ թե առանձին հարուստներ: Վերջինները ստորագրում էին գումարները ոչ համապատասխան իրենց կարողության: Ընդհանուր առմամբ, Պոլսի հայերը ստորագրեցին 2 միլիոն ֆրանկից ավելի. այս գումարները հետագայում վերադարձվեցին իրենց տերերին մինչև վերջին սանտիմ:

Բացի փոխառությունը, այցելեցի բարձր կոմիսարներին և Պոլսում գտնվող ֆրանսիական և անգլիական նավատորմների հրամանատարներին: Հանդիպեցի ֆրանսիական կոմիսար Դելաֆրանսի հետ: Տեսակցություն ունեցա նաև անգլիական կոմիսար, ծովակալ Դեթոբեկի հետ, ով հետո ահագին օգնություն հասցրեց Հայաստանին, հունական կոմիսար Կոնստանտինեսկուի, ամերիկյան դեր-ծովակալ Բրիստոլի և անգլիական զորքերի հրամանատար, զորավար Միլնի հետ:

Նրանց հետ ունեցած զրույցներից այն տպավորությունը ստացա, որ բարեկամական վերաբերմունք ունեին դեպի մեր շահերը, որովհետև ոչ մի հակասություն չկար Հայաստանի և «դաշնակիցների» շահերի միջև: Ինձ վրա մանավանդ խոր տպավորություն թողեց պատմական զրույցը ամերիկյան դեր-ծովակալ Բրիստոլի հետ: Ասում եմ պատմական, որովհետև նա հակասում էր այն ժամանակի ընդհանրացած տեսակետին Ամերիկայի և նախագահ Վիլսոնի դերի վերաբերմամբ Հայաստանի քաղաքական վիճակի մասին, բայց և այնպես, նրա բոլոր խոսքերը և վստահացումները շատ կարճ ժամանակից հետո միանգամայն արդարացան:

Երբ Բրիստոլին հայտնեցի իմ խորին երախտագիտությունը Ամերիկայի կողմից հայ ժողովրդին ցույց տրվող խոշոր մարդասիրական օգնության համար, նա այդ երախտագիտությունը ընդունեց հաճույքով և ասեց, որ կհաղորդի իր կառավարությանը: Բայց երբ հույս հայտնեցի Ամերիկայի օգնության վրա Հայաստանի քաղաքական կազմակերպության համար, հիշատակելով այդ առթիվ նախագահ Վիլսոնի խոստումը, ծովակալ Բրիստոլը անմիջապես հայտարարաեց հետևյալը. «Վիլսոնը բոլորովին չի արտահայտում իր ժողովրդի կարծիքը. նա ասում է այն, ինչը բոլորովին չի համապատասխանում ամերիկացիների շահերին ու տեսակետներին: Դուք այդ մասին պատրանքներ չպետք է ունենաք»:

Երբ ես պատասխանեցի Բրիստոլին, որ զարմանում եմ, լսելով այդպիսի կարծիք նախագահ Վիլսոնի ներկայացուցչից, նա պատասխանեց, որ Ամերիկայի ժողովուրդը առաջիկա ընտրություններում ցույց կտա իր կամքը և այդ կամքը հայտնապես կլինի ոչ հօգուտ Վիլսոնի գաղափարների, և այդ պատճառով, շարունակեց Բրիստոլը, հայերը պետք է իրենք փնտրեն թուրքերի հետ մերձեցման ճանապարհներ: Նա հարց տվեց ինձ, թե չե՞մ լսել արդյոք Պոլսի հայերից իր մասին այնպիսի կարծիքներ, որ իբր ինքը չի սիրում հայերին և ավելի պաշտպանում է թուրքերին: Պատասխանեցի, որ, այո, լսել եմ: Բրիստոլն ասաց, որ առհասարակ ինքն իր պարտքն է համարում նախազգուշացնել հայ քաղաքական գործիչներին, որ մերձեցում փնտրեն թուրքերի հետ՝ իրենց պահանջները հասցնելով նվազագույնի, հակառակ պարագայում՝ նրանց սպասում է ծանր ապագա: Նրա կարծիքով, ահա իր նման հայտարարություններն են, որ ստեղծել են հայերի հանդեպ թշնամու համբավ:

Արդարությունը պահանջում է մեկ անգամ ևս ասել, որ գրեթե նույնանման խորհուրդ տվեց նաև զորավար Հարբորտը, բայց ավելի մեղմ ձևով:

Ես բուռն ցանկություն ունեի իմանալ, թե ի՞նչ են մտածում այն ժամանկվա թուրք կառավարության անդամները հայկական պահանջների մասին: Թուրք կառավարության հետ խոսելու համար հոգեբանական վայրկյանը հայ ժողովրդի տեսակետից միանգամայն աննպաստ էր. թվում էր, թուրքերը բոլորովին ընկճված էին, Փարիզի վեհաժողովը՝ ամենազոր, իսկ մեր հարցը՝ լավագույն ուղու վրա: Տիրող կարծիքն այն էր, թե թուրքերի հետ խոսելիք չկա:

Այնուամենայնիվ, ես կամեցա տեսնվել թուրք կառավարության ազդեցիկ մի անդամի հետ, բայց բոլորովին գաղտնի և չեզոք հողի վրա: Այդ տեսակցությունը տեղի ունեցավ մի մասնավոր բնակարանում: Իմ խոսակիցը այն ժամանակվա ներքին գործերի նախարար Ռեշատ փաշան էր: Մենք տեսնվեցինք երկու անգամ՝ ամեն անգամ երկուական ժամ: Այդ տեսակցության մասին մեր կողմից Պոլսում գիտեին միայն երկու հոգի՝ իմ մոտ բարեկամները:

Ռեշատ փաշայի առաջ ես պարզեցի մեր բաղձանքները, բացատրեցի, թե որքան ցանկալի է փոխադարձ համաձայնության միջոցով որոշել Միացյալ Հայաստանի սահմանները՝ մտցնելով հայկական հողամասերի մեջ վեց վիլայեթների կարևոր մասը, մի նավահանգիստ և, այսպիսով, լուծել մեր դարավոր վեճը:

Մեր առաջին տեսակցության ընթացքում Ռեշատը ավելի շատ լսում էր: Երկրորդ անգամ, ըստ երևույթին իր ընկերների հետ խորհրդակցություն ունենալուց հետո, նա ավելի գործոն էր կարծիքներ արտահայտելու մեջ, թեև ընդհանրապես սաստիկ վերապահ էր: Նա թղթի վրա գծեց Հայաստանի հնարավոր սահմանները՝ մտցնելով Հայաստանի հողերու մեջ ամբողջ Ռուսական Հայաստանը, Ալաշկերտի և Բասենի հովիտները և իբրև նավահանգիստ՝ Ռիզեն: Այդպիսով, Վանը, Մուշը, Էրզրումը և Տրապիզոնը անցնում էին Թուրքիային:

Ես լիազորություն չունեի նրա հետ որևէ համաձայնություն կնքել: Նա իր կողմից գտնում էր, որ խոսակցության շարունակությունը պետք է տեղի ունենա Փարիզում, որտեղ էին Թուրքիայի պատվիրակները: Նրանք այնտեղ հրավիրվել էին խաղաղության վեհաժողովի կողմից:

Ռեշատ փաշայի հետ ունեցած խոսակցություններից հետո իմ առաքելությունը Պոլսում վերջացած էր: Պատրաստվում էի ճանապարհ ընկնել, երբ ստացա հեռագիր Փարիզից՝ ՀՀ պատվիրակության նախագահ Ահարոնյանից, ով ինձ խնդրում էր նախ և առաջ անցնել Փարիզ: Հետևյալ օրն իսկ Իտալիայի վրայով մեկնեցի Փարիզ: