Ռուսները թույլ չեն տվել, որ Հայաստանը Արաքսի երկայնքնով ճանապարհը վերանորոգի

1116

Կառավարությունը դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն է տվել որոշման մի նախագծի, որով պետության ու մասնավոր մի ընկերության միջև գնման պայմանագիրը դադարեցվել է։ Այդ պայմանագրով վերանորոգվելու էր Երևան-Գորիս-Մեղրի-Իրան ճանապարհահատվածի 40 կիլոմետրը, սակայն Իրանի հետ սահմանի ռուսական համապատասխան զորամասից վերանորոգման թույլտվություն Հայաստանը չի ստացել։

Կառավարության որոշման մեջ նշված է. «Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար: Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել»:

Թեմային այսօր խորհրդարանում անդրադարձել է նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ «Կառավարությունը պետք է մեկնաբանի, թե ինչու չենք կարողանում այդ կարևորագույն ճանապարհահատվածը վերանորոգել և ինչ պետք է անենք, որ կարևորագույն ճանապարհահատվածների կախում չունենանք ռուսական կոնկրետ զորամասի քմահաճույքից»,- հայտարարել է պատգամավորը։

https://www.aniarc.am/2017/09/10/tatul-hakobyan-civilnet-the-other-side-of-the/