Արաքսի երկայնքով ճանապարհի վերանորոգման խնդիրը ոչ թե ռուսների, այլ իրանցիների հետ է կապված

2341

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հերքել է լրտվամիջոցներում տարածված այն լուրը, որ Իրանին սահմանակից ավտոճանապարհի վերանորոգումը հնարավոր չի եղել ռուսական սահմանապահ զորամասի պատճառով։

Այսօր կառավարության նիստից հետո Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ասել է, որ խնդիրը ոչ թե ռուս սահմանապահների, այլ իրանական կողմի հետ է կապված։ Նա բացատրել է, որ ափապաշտպան աշխատանքներ են կատարվում, ու Արաքս գետի հունի հետ կապված հարց է, որը ռուսական սահմանապահների հետ կապ չունի, վրիպակ է եղել։

«Ափապաշտպան աշխատանքներ են եղել, գետի հունը փոխվում է ու դրա հետ իրանական կողմն ունի որոշակի առարկություններ, որովհետև գետը թեքվում է դեպի մեր կողմը։ Ռուսական կողմի համաձայնությունն ընդհանրապես կապ չունի այս թեմայի հետ, որոշող կողմը Հայաստանն ու Իրանն են»,- ասել է պաշտոնյան։

Կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի որոշումներից մեկով վերանորոգման գնման պայմանագիրը պետության ու մասնավոր ընկերության միջև դադարեցվել էր։ Որոշման հիմնավորման մեջ նշված էր. «Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար: Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել»:

https://www.aniarc.am/2017/12/14/tatul-hakobyan-civilnet-the-other-side-of-the/